Գրադարանում Արսեն Թորոսյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեդիան համարում է գործիք, որը օգնում է թե՛ հաղորդակցվել հասարակության հետ, թե՛ լռեցնել այն վարկածները, որոնք ապակողմնորոշում են և դրդում սխալ վարքագծի: Իսկ երկրորդն ավելի բարդ է:

«Երբ առաջնորդվում ես ողջամտության վարկածով ու փորձում ես ճիշտն ասել, տեսնում ես, որ տասն անգամ ավելի շատ է սխալ տեղեկությունը»,- ասում է նա:




Նախարարը բժշկական տերմիններով է բնութագրում լրատվական դաշտը, որտեղ անկախ կորոնավիրուսի ժամանակից, գործում է  «հարաբերականորեն առողջ մեդիա, որը հենց ինքն է ջանքեր գործադրում առողջ մնալու» և «ծանր հիվանդ մեդիա, որը դժվար թե փրկվի»:

«Մեդիայի և մեդիայի դեր տանող անհատների սահմանները հիմա շատ աղոտ են… Եվ իմ տպավորությամբ՝ շատերի համար կարծես թեման էական չէ: Այսինքն, այն մարդիկ, որոնք զբաղված էին խառնակչությամբ, սաբոտաժով և ամեն ինչ վարկաբեկելով, նույնը անում են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների դեպքում»,- ասում է նա:

Եվ քանի որ հիմա ամենաարդիականը հենց առողջապահական թեման է, դա էլ դառնում է իշխանության համար պայքարի առիթ.

«Ով չի ալարում, շահարկում է այդ թեման և մեղադրում մեզ համաշխարհային ձախողման մեջ: Որպես կանոն դրանք այն մարդիկ, կազմակերպություններն ու խմբերն են, որոնք ոչ ողջամիտի, միֆերի, պառակտման և դեստրուկցիայի մեջ են եղել միշտ»:

Թորոսյանը բարձր է գնահատում իր թիմի աշխատանքը, հատկապես երբ տեղեկություն էր տարածվում, որ ինչ-որ բան թաքցվում է կամ կան թերացումներ.

«Միգուցե սխալներ եղել են, բայց մարդկային նվիրումի և ինֆորմացիան որքան հնարավոր է մանրամասնությամբ և ժամանակին հասցնելու պատրաստակամությունը բարձր եմ գնահատում»

Բայց խնդրում է հիշել, որ շատ բարդ է դիմանալ «տեղեկատվական հոսքերի, հանձնարարականների՝ վերևից, ներքևից, կողքից, հարցադրումների ու զանգերի տարափին»:

Արսեն Թորոսյանը ինֆորմացիոն պատերազմը համարում է քաղաքական պայքարի մաս.

«Ավելին՝ ինֆորմացիոն պատերազմը ավելի կարևոր է քաղաքական պայքարում, քան ռեալ գործողությունները: Ստացվել է այնպես, որ գործողությունների մեկնաբանումն ավելի մեծ կշիռ ունի, քան բուն գործողությունը»:

Օրինակ, եթե չես կարողանում ակտիվ հաղորդակցվել ու պատմել քո քայլերի մասին, կոպիտ ասած՝ ստացվում է, որ ոչինչ էլ չես արել: Եվ հակառակը, «երբ փոքր հապաղումը, թերացումը կամ սխալը ներկայացվում են որպես համաշխարհային մասշտաբի աղետ»:

Եվ համաձայն է, որ երբ ինֆորմացիոն բաղադրիչն ավելի կարևոր է, քան բուն բովանդակությունը, պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել մեդիայի հետ շփվելիս.

«Բայց կուզեի, որ մեր մեդիա գործընկերները երբեմն իրենց դնեն մեր կոշիկների մեջ և պատկերացնեն մեր լարված ու տարափների տակ աշխատանքը: Չեմ ուզում արդարանալ, բայց հաճախ ակամայից չենք հասցնում բոլոր հարցերին պատասխանել, հարցազրույց տալ ու խոսել լրատվամիջոցների հետ»։

Լինում է, որ ավելի շատ խոսում են, քան անում են: Արսեն Թորոսյանը խոստովանում է, որ երբեմն այդ միտքը ծագում է նաև իր մոտ: Եվ նա փորձում է ավելի քիչ խոսել, հասկանալով, չի ստացվի օրական 3-4 ժամ պատասխանել մեդիայի հարցերին (թեև դա կարևոր է):

Արսեն Թորոսյանը զգում է, որ պետք է անկեղծ ըմբռնումով աշխատաոճ, այլ ոչ թե բախումով, արհամարհանքով ու հետապնդումներով:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *