Ագնես Խերանյանի կարծիքով՝ վիդեո բլոգերը նա է, ով նկարում ու տարածում է ինտերնետում այն, ինչ անում է իրական կյանքում: Սեփական անունից խոսելով, կարողանում ես կապի մեջ մտնել մարդկանց հետ:
«Արձագանքները ինձ շատ են ոգևորում: Ինձ թվում է, որ մարդկանց պետք են դրական, թեթև, ուրախ լիցքերը»,- ասում է նա:
Ագնեսը չի նայում հեռաստացույց, լուրերին հետևում է ոչ պարբերաբար, բայց նկատել է, որ մարդիկ հիմա ավելի շատ Յություբ են դիտում, քան հեռուստացույց, քանի որ այդպես ավեի հեշտ են գտնում իրենց ուզածը:
Եվ ավելացնում է, որ լրագրությունն, իհարկե, կարող է լինել վիդեո բլոգինգի մաս, բայց կարևորը, որ դա չլինի ձանձրալի:
Նա վստահ է, որ եթե լրատվամիջոցները ուզում են լուրջ բան փոխանցել երիտասարդ տարիքի մարդկանց, կարող են դա անել վիդեո բլոգերների միջոցով, որոնք արդեն ունեն իրենց կայուն լսարանը հայկական համացանցային տիրույթում:
Յություբերների համար Հայաստանում բարդ է, քանի որ նորմալ գումար աշխատելը և սեփական արտադրանքը մոնետիզացնելը դժվար է: Ագնես Խերանյանը առաջարկում է չսպասել նվերներին ու փորձել դիմել բոլոր հնարավոր հովանավորներին:
«Վիդեո բլոգինգը ուժ է, քանի որ քեզ կարող են դիտել օրական մի քանի հազար մարդ»,- ասում է նա: Մանավանդ, որ արդեն ձևավորվում է հայաստանցի վիդեոբլոգերների համայնք: Դրան կնպաստի նաև վիդեո բլոգինգի երկրորդ դասընթացը: