Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ ու հանդիպում ունեցավ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցը աշխատանքային էր՝ Թուրքիայի նախագահի հրավերով, և դրանով իսկ աննախադեպ էր: Փաշինյան-Էրդողան հանդիպումը առանց երրորդ կողմի էր, եթե չհաշվենք Ադրբեջանի նախագահին․ Իլհամ Ալիևը Փաշինյան-Էրդողան հանդիպմանը ներկա չէր, բայց միայն ֆիզիկապես։ Նա Թուրքիայում Էրդողանին հանդիպել էր հունիսի 19-ին, ու այդ հանդիպման փաստը, ենթադրվող բովանդակությունն ու սպասելիքները քննարկվում էին Փաշինյան-Էրդողան հանդիպումից և՛ առաջ, և՛ հետո։ Ըստ որոշ մեկնաբանությունների էլ՝ այդ հանդիպումը կոնկրետ ազդեցություն է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքների վրա։ Այդ արդյունքները քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները լրագրողների հետ զրույցներում դժվարանում են թվարկել։
Փաշինյան-Էրդողան հանդիպումը հունիսի 22-ին քննարկվում էր Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճում», որտեղ բանավեճի նշույլ չկար․ բոլոր 4 մասնակիցները՝ Սարգիս Խանդանյանը, Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Էդգար Առաքելյանը, միակարծիք էին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա պատմական նշանակություն ունի։
Բանավեճը վարողներից հատկապես Պետրոս Ղազարյանը պարբերաբար հիշեցնում էր ընդդիմության հակափաստարկները, բայց այդպես էլ չասաց՝ ինչո՞ւ տաղավարում ընդդիմադիր բանախոս չկար՝ հրավիրվել, չէի՞ն եկել, թե՞ չէին էլ հրավիրվել։ Իսկ մասնակիցներից Հովսեփ Խուրշուդյանը բանավեճի ընթացքում ուղիղ ասաց․ «Էն ուժերը, որոնք դեմ են, քննադատում են, էդ ուժերը հակապետական ուժեր են, դրանց պետք է իգնոր անել»։
ՔՊ-ական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Ստամբուլում Էրդողանի և Փաշինյանի միջև «տեղի է ունեցել լավ երկխոսություն»։ Հարցին՝ ինչո՞վ էր երկխոսությունը լավը, պատասխանում է՝ «Մի շարք հարցերում ՀՀ–ի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են, մասնավորապես, որ անվտանգության և տարածաշրջանային հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով»։ Որո՞նք են «մի շարք հարցերը»՝ չի մանրամասնում, ո՞րն է «դիվանագիտական ճանապարհը» երկրների համար, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, էլի պարզ չէ, բայց Խանդանյանը համոզված է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ինստիտուցիոնալացման ճանապարհի պատմական քայլն է։
Ստեփան Սաֆարյանը ստամբուլյան երկկողմ հանդիպումը կարևորում էր որպես հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից առանձնացնելու հնարավորություն։ «Թուրքիա–Հայաստան օրակարգն ամբողջությամբ զավթվել է հայ–ադրբեջանական օրակարգով»,-ասում է Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը ջանում է անվտանգային ռիսկերը կառավարել, իսկ թուրքական գործոնի կառավարումը չափազանց կարևոր դեր ունի ՀՀ–ի համար։
Ի՞նչ օրակարգով էր Նիկոլ Փաշինյանը մեկնում Ստամբուլ, հայտնի չէր․ օրակարգային անորոշությունը սպասումներ էր ձևավորել։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ՍիվիլՆեթի եթերում ասում է․ «Կային հույսեր, թե Ստամբուլում կարող են անսպասելի բաներ լինել, բայց եղավ ընդամենը մեկժամյա հանդիպում՝ առանց արդյունքի»։ Որպես «անսպասելի մի բան»՝ թուրքագետը նշում է, օրինակ, հայտարարությունը կողմերի միջև, որտեղ կետ կլիներ հայ-ադրբեջանական պայմանագրի վերաբերյալ։ Սաֆրաստյանն ասում է՝ Ալիևը խառնեց։ «Կարծում եմ՝ տեղում փոխվեց, որովհետև Թուրքիան հույս ուներ, որ կկարողանա համոզել Ալիևին՝ դրական մոտեցում ցույց տալ։ Թուրքերը սպասում էին, որ հատուկ արձանագրվի հայտարարության մեջ, որ սպասվում է պայմանագրի ստորագրում։ Ալիևը խառնեց, և դա տեղի չունեցավ»։ Վերջում Սաֆրաստյանը հավելում է՝ «բայց սա ենթադրություն է»։
Մեկ այլ թուրքագետ՝ Լիանա Մինասյանը 1in.am-ի եթերում ասում է, թե Ալիևի այցը Թուրքիա կապ չուներ ՀՀ-ի ղեկավարի այցի հետ, այն ավելի վաղուց էր պլանավորած՝ տարվա սկզբին, բայց Ադրբեջանի նախագահի «առանց մեկնաբանությունների ու հապշտապ հեռանալը, այնուամենայնիվ, որոշակի մեսիջներ է փոխանցել»։
«Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ Արա Պապյանը Factor.am-ի հետ զրույցում պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մերժեր Էրդողանի հրավերն ու չգնար Թուրքիա։ Ասում է՝ խոսելուց առաջ պետք էր որոշակի համաձայնության գալ, որպեսզի ցուցադրական հակահայկական քայլեր չլինեին։ Որպես հակահայկական քայլ՝ ԱԺԲ ներկայացուցիչը նշում է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի ընդունած բանաձևերը, որոնցից մեկը վերաբերում է «ներկայիս Հայաստանի տարածքից հայուր-հազարավոր ադրբեջանցիների հարկադրաբար և համակարգված արտաքսմանը»։ Բանաձևով «վերահաստատվում է Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների անօտարելի իրավունքները՝ խաղաղ, ապահով և արժանապատիվ վերադարձ իրենց ծննդավայր»։ ԻՀԿ խորհրդի հերթական նստաշրջանն անցկացվել է Ստամբուլում՝ Փաշինյանի այցից հետո ՝ հունիսի 21-22-ին։
Պապյանը պնդում է, որ Էրդողան-Փաշինյան հանդիպումը արդյունք չի տվել, բայց մտավախություն ունի, որ այն կխանգարի գերիների ազատ արձակմանն ու արցախցիների՝ Արցախ վերադարձին։ Ասում է․ «Կասեն, դե, արդեն երկխոսում եք»։
Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո հայ-թուրքական սահմանը բացելու կամ հայ-ադրբեջանական պայմանագիր ստորագրելու մասին ոչինչ չհայտարարվեց։ Չեղավ նաև որևէ հաղորդագրություն ընդդիմության կանխատեսումների վերաբերյալ՝ Զանգեզուրի միջանցքը կամ Սյունիքը հանձնելու, Սամվել Կարապետյանին վերցված ՀԷՑ-ը Թուրքիային տալու, Ռուսաստանի փոխարեն Թուրքիային տարածաշրջան բերելու վերաբերյալ։ Միակ կոնկրետ բանը, որ ասվում է հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Թուրքիայի նախագահին։ Առանձնացվող դրականը՝ Թուրքիայում Փաշինյանին դիմավորել են հավուր պատշաճի (Ռուբեն Սաֆրաստյան), առանց ճշնող թուրքական սիմվոլիկայի (Լիանա Մինասյան)։