Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կայքից

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Նման հայտարարություն նա էլի էր արել՝ ապրիլի 15-ին՝ Ազգային ժողովի ամբիոնից։ Երեկ տարբեր երկրներից հրավիրված դիվանագետներին վարչապետը նաև վստահեցրեց՝ պատերազմ չի լինելու՝ «ի հեճուկս բոլոր փաստարկների ու սադրանքերի»։  

Նկատի ունե՞ր Փաշինյանը, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության վտանգի մասին՝ պարզ չէ։ Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ասել էր, թե «Վաշինգտոնը փորձում է կանխել Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության պահպանվող ռիսկը»։ 

Փաշինյանը չնշեց՝ որոնք են պատերազմի փաստարկները, ու որտեղից են գալիս սադրանքները, բայց դրանք, սովորաբար, հնչում են Ադրբեջանից՝ սահմանային կրակոցների տեսքով կամ Իլհամ Ալիևի շուրթերից։ Եվ եթե նույնիսկ կան ուրիշ սադրողներ ու հօգուտ պատերազմի փաստարկողներ, միևնույն է՝ երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, երկրորդ կողմը լինելու է Ադրբեջանը, այսինքն, «խաղաղություն լինելու է» Ադրբեջանի հետ, բայց հնարավո՞ր է խաղաղություն՝ «ի հեճուկս» ։  

Փաշինյանի համար «համոզմունք է»՝ խաղաղություն լինելու է, բայց նա ուզում է նաև «համոզվել, որ մենք ու Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, և Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքում հակամարտությունը փակել և արտահանել այն ՀՀ տարածք»։ Խոսքն այս դեպքում «Արևմտյան Ադրբեջանի» մասին է։ Փաշինյանի խոսքով՝ «Վերջին տարիներին Ադրբեջանը Հայաստանի 60%-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», բայց մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ–ի տարածքում»։  

Մենք Ադրբեջանին՝ ծիրան, նրանք մեզ՝ գազ 

Փաշինյանի այս ելույթից մեկ օր անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին բացատրում է, թե ինչու է Ալիևը խոսում «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին։ Ասում է՝ «Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր խորհրդարանի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ կմտնեմ, Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ»։ Նրան, որ մի կողմում քաղաքական որևէ կարգավիճակ չունեցող արցախցիներն են, մյուսում՝ Ալիևը՝ նախագահի կարգավիճակով, Սիմոնյանն ուշադրություն չի դարձնում։  

«Արևմտյան Ադրբեջան»՝ ըստ Փաշինյանի, ՀՀ տարածքում չի կարող լինել, բայց ադրբեջանցիները Հայաստան գալ կարող են՝ ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի։ Նա ասում է․ «Երբ կլինի խաղաղության պայմանագիրը, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը (ենթադրաբար՝ ադրբեջանցիները) կարող են վերադառնալ էն գյուղերը, որտեղ ապրել են Հայաստանի տարածքում․ հիմա ո՞նց են հայերն ապրում Վրաստանում»։ ԱԺ նախագահը համոզված է, որ պայմանագրի կնքումից 5 րոպե անց՝ Հայաստանի ու Ադբեջանի բնակիչներն սկսելու են իրար հետ առևտուր անել, շփվել, կոմունիկացվել։ Ալեն Սիմոնյանը ավելի հեռուն է գնում, ասում է՝ մենք Ադրբեջանից գազ կառնենք, իսկ իրենց ջերմուկ կտանք, ծիրան ու հոսանք»։ 

Աղջկա տանը հարսանիք է, տղայի տանը նշանդրեք էլ չկա 

Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստից խոսում էր այնպես, կարծես խոսեր արդեն ստորագրված պայմանագրի մասին։ Ասում էր՝ այս պայմանագրով նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դառնում են անկախ պետությունների սահմաններ, կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն և չեն կարող ունենալ տարածքային պահանջներ։  

Պայմանագիրն ստորագրումից հետո ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Փաշինյանն ասաց․ «Եթե ՍԴ-ն որոշի, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղ գործընթացն ու պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»։ ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ շանս չկա, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի ակնկալիքները չարդարացվեն, ու մտահոգությունները չփարատվեն։  

Մինչ Նիկոլ Փաշինյանը Yerevan Dialogue-ի հյուրերին ներկայացնում էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունն ու ակնկալիքները դրանից, համացանցը քննարկում էր այն հրավիրյալների անունները, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, ադրբեջանական կողմի հրավերով եղել են Արցախում, հետևաբար, նրանք չպիտի մասնակցեն համաժողովին։  

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասում է՝ ուրախ կլինենք մեր փորձը ձեզ ներկայացնել ԵՄ-ին անդամակցության մասով, իսկ ֆորումի բացմանը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանի՝ խաղաղությանը միտված ջանքերին։ Գրեթե միաժամանակ Հետքի լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքում գրում է․ «Ի վերջո, դիվանագիտությունն ու ռեալպոլիտիկն էլ պիտի հիմնված լինեն ազգային արժանապատվության վրա: Բայց արդեն քանի տարի քաղաքական մուրացկանության ականատեսներ ենք ու դրա հետեւանքների կրողը»: Նա հիշեցնում է, որ Ֆիցոյի կառավարությունը Ադրբեջանին է վաճառել 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 152 մմ տրամաչափի Dana ինքնագնաց հաուբիցներ։ 

Մեկ այլ անցանկալի հրավիրյալի մասին հայտարարություն է տարածում Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Մի շարք իրավապաշտպաններ և ՀԿ–ներ դատապարտում են ՀՀ ԱԳՆ–ի կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Քրեգ Օլիֆանտի այցը Հայաստան։ Օլիֆանտը, «հանդիսանալով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու, այս տարվա ապրիլին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումին»։ Հայտարարությամբ ԱԳՆ–ից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին, ինչպես նաև անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը:  

Օլիֆանտը, սակայն, Երևան չեկավ, բայց ոչ ԱԳՆ–ի պահանջով։ Նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը լրագրողներին ասաց․ «Նա տեղեկացրել է, որ օդանավի տոմսի խնդիր է ունեցել, բաց է թողել օդանավը»։ Կարապետյանը ափսոսանք հայտնեց, որ նա չի մասնակցում համաժողովին: 

Հյուրերից մեկի մասին էլ՝ անունը չնշելով, գրառում էր արել վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը։ Զարմացել էր, թե ինչպես կարելի է «ինչ-որ մեկի մուտքը երկիր արգելել, միջազգային սկանդալ հարուցել ու դրանից մի երկու-երեք տարի անց ոչ միայն նույն անձին հրավիրել գլխավոր դիվանագիտական ֆորումին, այլև բանախոս դարձնել բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ պանելային քննարկմանը»։ Խոսքը փորձագիտական գործունեությամբ հայտնի Ջոշուա Կուչերայի մասին էր։ ԱԳՆ պաշտոնյան ասաց, որ Կուչերայի մուտքը Հայաստան նախկինում ոչ թե արգելվել է Արցախում՝ Ադրբեջանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար, այլ նա հավատարմագրման խնդիր է ունեցել։