Մայիսի 14-ին Ազգային ժողովում քննարկումը «ո՞վ է համբալը» և «ո՞վ է թուրքը» հարցերի շուրջ էր։ Չնայած նախորդ շաբաթ սկսված ԱԺ նիստերի օրակարգում այդ հարցերը չկային, բայց ժամեր շարունակ ՔՊ–ական պատգամավորները այդ մասին էին խոսում, ու կռիվն էլ ընդդիմադիրների հետ դրանց շուրջ էր։
Օրենսդիր մարմնում «համբալի» մասին խոսելու առիթը գալիս էր վարչապետ Նիկոլ Փաշինյանից, իսկ «թուրքի» մասին խոսելու հատուկ առիթ մեզ պետք չէ՝ պատմականորեն։
Լևոն Քոչարյանը «թուրք» էր ասում Նիկոլ Փաշինյանին, Հակոբ Արշակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հորը, Լևոն Քոչարյանը հայհոյում է «պապին թուրք ասողին», Արսեն Թորոսյանն էլ բոլոր նրանց, ովքեր իրենց կասեն «թուրք»։
«Մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք տենց բան չենք ասում էստեղից։ Բայց ասում են,որ հայրը թուրք է,անունն էլ են ասում»,–մայիսի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Նա խոսում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հորը, «թուրք» ասելով էլ նկատի ուներ՝ ադրբեջանցի։
Իրականում, Քոչարյանի հայրը ո՛չ թուրք է, ո՛չ էլ ադրբեջանցի, հայ է։ Արշակյանի ասած «մարդիկ»․ հավանաբար, կարդացել են 2021թվականին համացանցում հայտնված հրապարակումը՝ Քոչարյանի հոր «ադրբեջանցի լինելու» մասին։ Media.am-ը ստուգել էր այդ հրապարակման «ծագումնաբանությունն» ու պարզել, որ այն ապատեղեկատվություն է՝ տարածված ադրբեջանական աղբյուրների կողմից։
Մեր ժողովրդի մեջ ընդունված է մարդուն վիրավորելու նպատակով «թուրք» ասելը, ու այդ լրացուցիչ իմաստը այս բառին տրվել է՝ պայմանավորված ոչ թե հայ–ադրբեջանական, այլ հենց հայ–թուրքական հարաբերությունների բնույթով, որոնք շատ ավելի երկար պատմություն ունեն։ Հակոբ Արշակյանն էլ, վստահաբար, գիտեր, որ խոսքը ոչ թե Թուրքիայում, այլ Ադրբեջանում բնակվող էթնիկ ներկայացուցչի մասին է, բայց ինչպես ընդունված է ժողովրդի մեջ՝ տվեց ընդհանուր «թուրք» անունը։
Դատելով նրա և ՔՊ–ական մյուս պատգամավորների ելույթների ոգուց և տրամաբանությունից, Արշակյանը հիշեց Ռոբերտ Քոչարյանի «թուրք հոր» մասին՝ նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին վիրավորելու, նյարդայնացնելու, «տեղը դնելու» նպատակով։ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Արշակյանի այս ելույթի ժամանակ դահլիճում չէր։ Ավելի ուշ Հանրայինի եթերում անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածին՝ նա ասում է՝ չի կարելի էթնիկ խմբերի անվանումներն օգտագործել որպես հայհոյանք։
Բայց մինչև Հակոբ Արշակյանի ելույթը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էր, որպես պիտակ, գործածել «թուրք» բառը։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ պատգամավորն ասել էր․ «Եթե նկատել եք, նա արդեն այդքան շատ ջղաձգումների մեջ չի հայտնվում, եթե նրան անվանում են «թուրք» կամ դավաճան։ Գուցե հասկանում է, որ պիտակն այնքան է իրեն կպել, որ անիմաստ է պայքարելը»։ Իսկ Արշակյանի ելույթի ժամանակ Լևոն Քոչարյանն արդեն հայհոյեց՝ ով որ իմ պապին ասի թուրք․․․․․․․ Հայհոյեց ու դուրս եկավ դահլիճից։
«Թուրք ասողին» ուղղված հաջորդ հայհոյանքը հնչեց Ազգային ժողովի ամբիոնից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նախ հռետորական հարց հնչեցրեց՝ ոմանք «թուրք» անվանելը դիտարկում են որպես հայհոյա՞նք, ես ճի՞շտ եմ հասկանում։ Հետո հայտարարեց․ «Ես էլ պաշտոնապես հայտարարում եմ բոլոր նախկին ասածներին ու վաղը մեզ «թուրք»՝ որպես հայհոյանք ասողներին․ ով մեզ ասի «թուրք»՝ որպես հայհոյանք, նրա հերն էլ, մերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։
Թորոսյանը շեշտեց, որ իր հիշոցը վերաբերում է նրանց, ովքեր «իրենց կասեն «թուրք»՝ որպես հայհոյանք», ու տպավորություն էր, թե ՔՊ–ական պատգամավորը գիտի դեպքեր, երբ իրենց ասված «թուրքը» կարող է վիրավորանքից կամ հայհոյանքից բացի այլ իմաստ ունենալ։
Վարչապետի «համբալը»՝ կանաչ լույս
Վիրավորանք, հայհոյանք, անպատիվ խոսքեր խորհրդարանի դահլիճում շատ են հնչել։ Տեսել ենք նաև, որ պատգամավորները քաշքշել են իրար, ծեծել են, շիշ են շպրտել․ այս ամենը կարող էին լինել նախադեպային մայիսի 14-ին ԱԺ–ում տեղի ունեցածի համար, եթե դրանից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը դահլիճում «համբալ» բղաված չլիներ։ Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 14–ին, մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բղաված «համբալի» հետևանքն էր։
Օրենսդիր մարմնում երկրի առաջին դեմքի բերանից հնչած «համբալը» հնարավոր դարձրեց, որ Աժ ամբիոնից «պաշտոնապես» նաև հայհոյանք հնչի։ Հայհոյանքը՝ ընդհանրապես և «թուրքը»՝ որպես հայհոյանք, ԱԺ ամբիոնից ինստիտուցիոնալացվեցին։
Նիկոլ Փաշինյանի «համբալն» անպատասխան էր մնացել, 5-6 օր անց պատասխանը տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ հակադարձելով, թե «նայե՞լ եք Նիկոլ Փաշինյանի Մոսկվայի տեսանյութերը, հիմա ո՞վ ա համբալ»։
Քոչարյանի ելույթին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պատասխանում էին այս հարցերին՝ առանց ընդդիմադիրների․ Լևոն Քոչարյանի հայհոյանքից հետո նրանք լքել էին նիստերի դահլիճը։