Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում առաջին սահմանային սյան լուսանկարը։

«Մի նախադասությունով նկարագրվող գործողություն չէ»․ հունվարի 31-ի ասուլիսում այսպես բնորոշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման նոր փուլը, որի մասին հաղորդագրություն ԱԳՆ–ն տարածել էր հունվարի 16-ին։ Համաձայն այդ հաղորդագրության, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկրորդ փուլի աշխատանքները սկսվելու են հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից, և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այսպիսի համաձայնության էին եկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները 11-րդ հանդիպմանը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ 

ԱԳՆ-ի հայտարարությունից՝ հունվարի 16-ից երկու շաբաթ անց՝ սահմանազատման առաջիկա աշխատանքների մասին լրացուցիչ որևէ պաշտոնական ինֆորմացիա չի հայտնվել, ոչ պաշտոնականն էլ ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել։ Բացի սահմանազատվող տարածքի ընդհանուր նկարագրից, որի մասին հայտարարել է ԱԳՆ-ն, պաշտոնապես հայտնի է մեկ էլ այն, որ պարզ չէ, թե երբ են սկսվելու սահմանազատման աշխատանքները։ Դրա մասին հունվարի 31-ի իր ասուլիսում խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները սպասվող սահմանազատման վերաբերյալ,  կարծես, ավելի շատ տեղեկություններ ունեն և դրանք տարածելու հարցում ավելի բաց են։

Օրինակ, «Հրապարակ» օրաթերթը հունվարի 23-ին գրում է, որ սահմանազատումը Տավուշում արդեն սկսվել է։ «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները: Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։ Երեկ մի քանի ժամ կողմերը չափագրման աշխատանքներ են իրականացրել»,- գրում է «Հրապարակը»։ Ովքե՞ր են տեղեկություն հաղորդողները, տեղանքի զննություն կամ չափագրում իրականացնողները,  լրատվամիջոցը չի տեղեկացնում, բայց նշում է, որ «Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել»: Տպավորություն է՝ «Հրապարակը» գիտի, որ սահմանազատումն իրականացվելու է հենց մարզպետի արձակուրդում  եղած օրերին, ու եթե մարզպետը չլիներ արձակուրդում, կարող էր կանխել  սահմանազատման աշխատանքները։  

Իր աղբյուրը չի բացահայտում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա էլ տեղեկություն ունի, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ M4-ը, Ոսկեպար-Կիրանց հատվածում հանձնվելու է ադրբեջանական կողմին։ Նրա խոսքով՝ բազմաթիվ շահարկումներ կան։ «Ասում են, որ սահմանային այդ հատվածը սահմանագծված, սահմանազատված է, և դրա համար իմ հարցը տալիս եմ»։ Հարցը՝ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանին հանձնելու մտադրություն կա՞, թե՞ ոչ, պատգամավորը Ազգային ժողովում ուղղել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Նա պատասխանել էր․ «Հաշվի առնելով հարցի կարևորությունը և զգայունությունը՝ Դուք պարտավոր եք բացահայտել, թե որ աղբյուրից եք ստացել նման տեղեկատվություն»։ Գրիգորյանի խոսքով՝ հարցերը, որոնց շուրջ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, հրապարակվում են, և «եթե Ձեր ասածը հրապարակվածի մեջ չկա, ուրեմն, չկա նման պայմանավորվածություն»։  

Փոխվարչապետի այս խոսքը հունվարի 23-ին 24news.am–ի տաղավարում մեկնաբանում է «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը։ Նա ասում է․ «Այսինքն, Մհեր Գրիգորյանը հավատարիմ է մնում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ պայմանավորվածությանը  ու դավաճանում է իրեն քվե տված ժողովրդին»։ Լրագրողը չի հարցնում, ու պատգամավորը չի խոսում այն մասին, թե ի՞նչ կաներ ընդդիմությունը, եթե փոխվարչապետը պայմանավորվածություն խախտեր ու ասեր՝ այո, Կիրանց–Ոսկեպար ճանապարհի մի հատված հանձնվելու է Ադրբեջանին։  

«Ինձ մնար՝ Հայաստանի սահմանները կսկսեի Խաղաղ օվկիանոսից ու կավարտեի Ատլանտյանով»․ խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ժամանակ ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Բանալի արտահայտությունն «ինձ մնար»–ն է։ Ցավալի է, բայց փաստ՝ որտեղով կանցնեն Հայաստանի սահմանները՝ Հայաստանից կախված չէ, կամ՝ կախված է ոչ միայն Հայաստանից, ու նախարարի ձևակերպումը այդ մասին է։ Իշխանությունը սահմանազատմանը վերաբերող իր արտահայտություններում խիստ զգուշավոր է, մինչդեռ ընդդիմության խոսքում ամեն բան պարզ ու հեշտ է թվում։ Դաշնակցական Արթուր Խաչատրյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցնում է՝ ինչո՞ւ սահմանազատման նոր փուլը չի սկսվում հարավից։ Ասում է․ «Կֆիքսվեր, որ Մեղրիի հատվածում սահմանը մերն էր, և որևէ դեպքում Ադրբեջանը որևէ նկրտում չէր ունենա։ Կբարձրանայինք վերև, որովհետև ադրբեջանցիք տարածք են գրավել Ներքին Հանդում, դուրս կգային, կկարգավորվեր Շուռնուխի ճանապարհի հատվածը, հետո կբարձրանայինք Սև լիճ, հետո կբարձրանայինք Ջերմուկ, թուրքերին էլի դուրս կհրավիրեինք, հետո կբարձրանայինք վերև՝ Շորժա և Արծվաշեն, թուրքերին դուրս կհրավիրեինք, և ամեն ինչ տեղը կընկներ»։ ՀՅԴ–ական պատգամավորի խոսքից կարելի է ենթադրել, թե «թուրքերը»/ադրբեջանցիները Ներքին Հանդից կամ Ջերմուկից դուրս գալու համար մեր հրավերին են սպասում։ Ընդամենը։  

Հայաստանի օկուպացված տարածքների հարցը իշխանությունների օրակարգում էլ կա։ Արարատ Միրզոյանն ասում է․ «Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 240 քառ․ կմ, որոնք, իհարկե, պիտի ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ։ Մենք համարում ենք, որ սահմանազատումը խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ է, հենասյուներից մեկը։ Ե՛վ մեր կողմից է եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից եղել են կառուցողական ջանքեր, եկել ենք համընդհանուր հայտարարի»։

«Նույնիսկ եթե կողմերը խնդիր չունենային, անցած տարվա տեմպերի դեպքում սահմանազատման համար 100 տարի է պետք՝ տարեկան 10 կմ սահմանազատելու, և 10 տարի՝ տարեկան 100 կմ սահմանազատելու համար»․ հունվարի 28-ին «Ազատության» եթերում ասում է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) ավագ գիտաշխատող Լեոնիդ Նեսիսյանը։ Նրա խոսքով՝ հազիվ թե մոտակա մի քանի տարում օկուպացված տարածքներում դելիմիտացիա-դեմարկացիա անելու մասին խոսակցություններ լսենք։ 

Դժվար չէ, սակայն, ենթադրել, որ երբ և որտեղից էլ սկսվեն առաջիկա սահմանազատման աշխատանքները, քաղաքական-հանրային տիրույթում զուգահեռաբար քննարկվելու է նաև 240 քառ․ կմ-ի վերադարձի և Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հարցերը։ Դրանց կարող է ավելանալ ևս մեկը․ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը հունվարի 22-ին 1in.am-ի եթերում ասում էր, որ «Սահմանազատումը Տավուշում մեր օգտին է», ու «Ադրբեջանը Հայաստանին պետք է վերադարձնի 95 քառ․կմ տարածք»։