Բաքվի զինվորական դատարանի շենքը։ Լուսանկարը՝ RFE/RL

2023-ի հոկտեմբերից, երբ Բաքուն կալանավորեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, մենք լուռ, սոսկումով ու դատապարտվածությամբ սպասում էինք հունվարի 17-ին. դատավարության օրը հայտնի դարձավ հունվարի 6-ին։ Չգիտեինք, թե ում՝ ինչպես ենք տեսնելու դատարանի դահլիճում, բայց միայն տեսնելու միտքն արդեն ծանր էր։  Ու չգիտեինք նաև, թե մեր տեսածի ու լսածի որ մասը և ինչպես ենք պատմելու մարդկանց, հանրությանը, հատկապես որ ինֆորմացիայի աղբյուրները միայն ադրբեջանական էին։ Մենք՝  նկատի ունեմ լրագրողները, լրատվամիջոցները, մեդիան։  

Հունվարի 17-ին, ժամը 15.00-ին Բաքվի զինվորական դատարանում մեկնարկեց Ադրբեջանում պահվող 15 գերիների դատավարությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ գերիների ընդհանուր թիվը 23 է։ Դատարանի դահլիճում էին Արցախին նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը,  ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Նաև՝  Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը․ նրանց մեղադրանք է առաջադրվել 2 հազար 548 դրվագով։ 

Դատի մասին տեղեկություններ ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին նիստի ավարտից ժամեր անց, ու դիտարկելով այդ օրը որոշ լրատվամիջոցնրի թողարկումներ, կարելի է արձանագրել, որ նրանք ադրբեջանական աղբյուրների տարածած տեղեկատվության ու այն հրապարակելու հետ խնդիր ունեն, ինչը բնական է։  

Դատավարությունից մեկ օր առաջ ընտանիքը տարածել էր Ռուբեն Վարդանյանի ուղերձը, ու դատավարության մասին պատմող ռեպորտաժները հիմնականում անդրադառնում էին այդ ուղերձի տարբեր դրվագների։ Ընդհանրապես, և՛ դատավարությունից առաջ, և՛ դատավարության օրը, և՛  հետո, Ռուբեն Վարդանյանի մասին նաև առանձին տեսանյութեր են հեռարձակվում՝ այդ թվում միջազգային լրատվամիջոցներով։  

Ինչի մասին էին մեր դիտարկած տեսանյութերը՝ տեղական լրատվամիջոցներով 

Հանրայինի «Լուրերում» Բաքվի դատավարության մասին տեսանյութը թողարկման չորրորդ լուրն էր․ առաջինը Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին էր, երկրորդը՝ Փաշինյանի՝ Փարաքարի դպրոց այցելության, երրորդը՝ ՀՀ-ԱՄՆ կանոնադրությանը ԱԳՆ գնահատականի։ Դատավարության մասին պատմող տեսանյութում ադրբեջանական լրատվամիջոցներից մի քանի կադր էր՝ դատարանի բակից։ Ռեպորտաժը դատավարական կոպտագույն խախտումների, մարդու իրավունքների պաշտպանության մասին էր․ զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն է։  

5-րդ ալիքի լուրերի հիմնական թողարկումն սկսվում էր Բաքվի դատավարության մասին տեսանյութով։ Ո՞վ է դատավորը, քանի՞սն են մեղադրողերը, որտե՞ղ է դատը, ի՞նչ մեքենաներով են բերվել գերիները․ տեսանյութում կան այս բոլոր հարցերի պատասխանները՝ դարձյալ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, բայց բոլոր կադրերը միայն դատարանի բակից են, ներսից ոչ մի կադր չկա։  

«Ազատության» լրատվական կենտրոնը թողարկումն սկսում է Բաքվի դատավարության մասին տեսանյութով: Օրվա կադրերը դատարանի բակից են, մնացածը՝ արխիվային, լրագրողը խոսել է միջազգային ատյաններում ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանի հետ։ Մեկ օր անց «Ազատությունը» էլի մեկ տեսանյութ հրապարակեց, բայց արդեն նոր կադրերով, որոնք ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին դատավարության օրը՝ երեկոյան։  

Դատարան բերված գերիների լուսանկարները «Ազատությունը» չհրապարակեց։ Հարկ եղած դեպքում տեսանյութերում գործածվում են Արցախի ղեկավարների լուսանկարները՝ մինչև գերեվարվելը։  

Հունվարի 17-ի դատավարությունից ադրբեջանական աղբյուրների տարածած լուսանկարները տարածվեցին հայկական օնլայն տիրույթում։  

Գերիների մասին կամ լավը, կամ ոչինչ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հունվաի 17-ին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանի դահլիճում ասել է, թե զղջում է 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար, և որ այդ որոշումը ինքը չի կայացրել։  

Արայիկ Հարությունյանը դատարանի դահլիճում խոսել է․կադրերը կան։ Ինչո՞ւ է խոսել կամ ինչի՞ց հետո՝ չգիտենք, բայց այն, ինչ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նորություն չէ․ դեռ մինչև դատավարությունն էր գրվում, որ Արցախի նախկին նախագահը «ցուցմունք է տալու» Գյանջայի հրթիռակոծության մասին։ Ինչու կամ ինչպես հարցերի պատասխանները, եթե վերաբերում են Բաքվի բանտերում գտնվող գերիներին, ոչինչ չեն փոխում․ այդ ցուցմունքները կարող են կորզված լինել ճնշման ներքո, պարտադրանքով, սպառնալիքով։ Այդ մասին խոսել էր նաև Ռուբեն Վարդանյանը՝ ուղերձով։ Բաքվի դատավարությանը հետևելիս սա պիտի չմոռանանք ու հեռվից չդատենք Բաքվի բանտերում պահվող, Բաքվի դատարանում դատվող մեր հայրենակիցներին։  

Իսկ ովքե՞ր են դատողները 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հունվարի 18-ին Ֆեյսբուքում գրել է․ «Բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին, որպեսզի բարեկրթության կանոները չխախտեմ և չասեմ, թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում»: 

Նա նաև հորդորել է չլինել այնպիսին, «ինչպիսին պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը»․ ո՞վ է այդ հրահրողը՝ չի ասում։ Նրա գրառմանը հաջորդած մեկնաբանություներում, սակայն, սլաքները ուղղվում են իշխանության կողմը։  

Իշխանությունը այս օրերին լուռ էր, եթե չհաշվենք ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի և ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարությունները։  

Վարչապետ, Նախագահ, ԱԺ նախագահ․ նրանցից ոչ ոք որևէ հայտարարությամբ հանդես չեկավ։ Փաշինյանի՝ գերիների մասին ավելի վաղ ասածներից հիշարժան է, թերևս, Ռուբեն Վարդանյանի մասին ասվածը՝ իսկ ո՞վ նրան գործուղեց Արցախ և ի՞նչ նպատակով։  

Եվ նա, և նրա թիմակիցները տարբեր առիթներով վստահեցնում են, թե գերիների վերադարձի ուղղությամբ իրենք աշխատում են, բայց այդ աշխատանքի առանձնահատկությունը պահանջում է դրա մասին չխոսել։ Չխոսել բոլո՞ր դեպքերում, չանե՞լ որևէ հայտարարություն նույնիսկ այն դեպքում, երբ շունչներս պահած սպասում էինք Բաքվից եկող նկարներին ու փորձում չտեսնելու տալ դրանք։ Նշանակո՞ւմ է, որ եթե իշխանությունը լռում է, ուրեմն, գործ է անում․ չգիտենք։ Հերթական ամենածանր պահին իշխանությունը ծպտուն չհանեց․ չգիտե՞ ինչ ասել։