2022.12.26,

Խաչմերուկ

Երբ դեպքի վայրն անհասանելի է. Լաչինի միջանցքի փակումը հայկական մեդիայում

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Դեկտեմբերի 12-ի առավոտյան 10:30-ից մի խումբ էկոլոգ ներկայացող ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը Շուշիի հատվածում և պահանջում են հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանք պնդում են, որ պետք է մտնեն Արցախի տարածք և մոնիտորինգ անցկացնեն Դրնբոն և Կաշեն հանքավայրերում, քանի որ մտահոգ են այնտեղի բնապահպանական իրավիճակով։ 

Ստեղծված շրջափակման արդյունքում կտրվել է Արցախ-Հայաստան կապը, իսկ որոշ համայքները՝ Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր, հայտնվել են շրջափակման մեջ։ 

Վերահրապարակումներ ադրբեջանական աղբյուրներից

Ո՛չ հայաստանյան, ո՛չ արցախյան լրատվամիջոցները չունեն հասանելիություն շրջափակման դեպքի վայրին։ Նյութեր պատրաստելու համար նրանք օգտվում են ադրբեջանական ալիքներով հրապարակվող տեսանյութերից և ուղիղ եթերներից՝ հղում անելով դրանց, երբեմն էլ առանց հղման։ 

Ադրբեջանական մեդիան հաճույքով է հեռարձակում կազմակերպված բողոքի ատրիբուտիկան՝ վրաններ, խարույկներ, ազգային պարեր ու երգեր, զրույցներ ճանապարհին կանգնած ռուսաստանցի զինվորականների հետ. այս ամենը վիզուալ հետաքրքրություն է, որը չի կարելի նկարագրել բառերով։ Տեսանյութերը խոսուն են, անգամ եթե գիտենք, որ դրանք ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ալիքներից են։  

Տեսանյութերի բովանդակությունից հայկական մեդիայում ամենաշատը տարածվեց մուշտակով բնապահպան կնոջ պատմությունը, որի ձեռքում խաղաղության խորհրդանիշ աղավնին  սատկեց ուղիղ եթերում։ Սպանված աղավնին դարձավ մեմերի հերոս, և հայկական տիրույթում օգտագործվեց որպես Ադրբեջանի միտումների կեղծության խորհրդանիշ։ Տարածվեց հատկապես Նվարդ Երկանյանի իլուստրացիան։ 

Ստեղծված իրավիճակում ադրբեջանական նյութերը հայկական մեդիա տիրույթում դառնում են նաև պաշտոնական հայտարարությունների և մեկնաբանությունների առիթ։ 

Օրինակ, դեկտեմբերի 5-ին ադրբեջանական տելեգրամ ալիքներով տարածվեց տեսանյութ ռուս խաղաղապահների հանդիպումից, որտեղ Անդրեյ Վոլկովը խոսեց այն մասին, թե իրենք չունեն Հայաստանից Արցախ ելումուտը հսկելու սարքավորումներ։ Տեսանյութերին արձագանքեց Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարելով, որ անցակետի մասին խոսք չկա։ «Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»,- ասված է հայտարարությունում։ 

Հայկական լրատվամիջոցներ ոչ միայն վերահրապարակում, այլև օգտագործում են ադրբեջանական բովանդակությունը վերլուծությունների համար։ Civilnet-ը՝ օգտվելով դեպքի վայրից ուղիղ հեռարձակումներից, հաստատել է բնապահպան ներկայացողների անձերը և բացահայտել, որ նրանք փոխկապակցված են Ալիևի կլանի հետ՝ փաստերի ստուգման գործիքակազմ օգտագործելով։ Նմանատիպ հոդվածներ են հրապարակել նաև Փաստերի ստուգման հարթակը և Ազատությունը ռադիոկայանը։

Հանրային հեռուստաընկերությունն էլ ռեպորտաժում պատմում է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների, ինֆլուենսերի ու Meydan TV-ի մասին։ 

Արցախցի ինֆլուենսերներ ու պաշտոնական տեղեկատվություն

Լարված իրավիճակի մասին արցախյան վերլուծություններ ևս հասնում են հայկական մամուլ։  Դրանք հիմնականում անհատների սոցցանցերում արված ուղիղ հեռարձակումներ են և վիզուալ նյութեր։ 

Ստեփանակերտից ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը՝ իր ֆեսյբուքյան էջի ուղիղ եթերով դեռ դեկտեմբերի է 10-ին պատմել էր, որ ադրբեջանցի բնապահպանները փորձել են մտնել և մոնիտորինգ անել Արցախի Կաշենի և Դրբոնի հանքավայրերում, սակայն հանդիպել են տեղի բնակչության դիմադրությանը։  Ճանապարհի փակումից ի վեր, Տիգրանի ուղիղ եթերները կոչեր են, իրավիճակից ելք փնտրելու ճանապարհներ, անգամ երթ դեպի ռուսական անցակետ։ Այս տեսանյութերը ևս վերահրապարակվում են հայաստանյան մեդիայում։ 

Արցախից վիզուալ նյութերի հիմնական աղբյուրը լրագրող Մարութ Վանյանն է։ Նա միջանցքի փակման օրը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացած խցանման տեսանյութեր էր հրապարակել թվիթերում։ Իսկ վերջին օրերին նաև նկարներ և տեսանյութեր Ստեփանակերտում դատարկվող շուկաներից և բողոքի ակցիաներից։ 

Արցախի իշխանությունները իրավիճակի մասին նորությունները հայտնում են Ֆեյսբուքում։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանի իր էջում ուղիղ եթերում պատմում է բանակցություններից, ներկա վիճակից, կոչեր է անում բնակչությանը և միջազգային հանրությանը։

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *