2021.10.22,

Խաչմերուկ

Պատերազմի քարտեզները․ ինչպես խուսափել և՛ անեծքից, և՛ ակամա մանիպուլյացնելուց

Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Արցախի նախագահի մամուլի խոսնակն «Արմենպրես»-ին հայտնում է, որ Արցախի հարավում ծանր մարտեր են ընթանում Իշխանաձորի մոտ։ Ինքնաբերաբար, հարց է առաջանում՝ այդ պահին Հայաստանի քանի՞ բնակիչ գիտեր Իշխանաձորի մասին։ Ի՞նչ պետք է աներ ամեն չիմացող այս հաղորդագրությունը կարդալուց հետո. թերևս պետք է փորձեր հասկանալ՝ ի՞նչ է Իշխանաձորը, որտե՞ղ է այն։

Քարտեզ համար 1

Նույն օրվա կեսօրին լրագրող Թաթուլ Հակոբյանը հրապարակում է գրառում, որում բացատրում է՝ եթե մարտերն արդեն Իշխանաձորում են, ապա նախկին Ջաբրայիլի շրջանը՝ 1050 քկմ, արդեն կորսված է։

«Կարող եք բացել քարտեզը և տեսնել»,- նշում էր Հակոբյանը իր տեքստի վերջում։

Թվում է, թե ամեն ինչ տրամաբանության մեջ է։ Ամենապաշտոնական աղբյուրները արդեն հայտնել էին Իշխանաձորի մարտերի մասին, որևէ գաղտնիք չկար։ Բայց հանրության արձագանքը լինում է այնպիսին, որ Հակոբյանը ստիպված փակում է գրառումը։

Բաց թողնենք այդ արձագանքների վիրավորական հատվածները ու նշենք, որ բովանդակային տեղանկյունից քննադատվում էր իրականությունը բացատրելը, մոտավորապես այսպես․

  • գրառումը համարում են կեղծիք,
  • գրառումը համարում են խուճապ տարածող,
  • գրառումը համարում են գաղտնիքի հրապարակում և այլն։

Մինչդեռ Հակոբյանը հղում էր արել պաշտոնական աղբյուրներին, բացատրել էր, թե ինչ իրավիճակ է։ Դրա համար էլ չէին ներել նրան։

Քարտեզ համար 2

Հոկտեմբերի 24-ին իր ամենօրյա երեկոյան բրիֆինգի ժամանակ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն առաջին անգամ ներկայացնում է մարտական գործողությունների քարտեզ։

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է, որ կարմիրով ներկված են այն հատվածները, որոնք «թեկուզ ժամանակավոր» գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նշվում է նաև «դիվերսիոն խմբերի» դեմ մարտերի մասին, որոնց մի մասը, ըստ քարտեզի, Հադրութի թիկունքում են, մյուսներն ավելի արևմուտքում՝ Սյունիքի ուղղությամբ։

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 24-ին (!) ներկայացված քարտեզի գունավորումների համաձայն՝ Հադրութն ադրբեջանցիների վերահսկողության տակ չէ։ Ինչ վերաբերում է Իշխանաձորին, ապա ըստ այս հրապարակման՝ ադրբեջանցիները «հետ են շպրտվել», նրանց վերահսկած կարմիր գոտին էլ գտնվում է գյուղի հարավում՝ կիլոմետրերով հեռու։

Հանրային ոգևորությունը, չնայած մեծ տարածքային կորուստներին, պահպանվում է։ Քարտեզը ներկայացնող պաշտոնական էջերի մեկնաբանություններում մարդիկ ոգևորում են իրար, որ սա ընդամենը նահանջ է։ Փաստացի, մարդիկ կրկնում են պաշտոնական հայտարարությունների թեզերը, ըստ որոնց՝ «նահանջը պարտություն չէ»։

Ի դեպ, կան նաև մեկնաբանություններ, թե «որքանո՞վ է ճիշտ քարտեզի նման հրապարակումը․ չէ՞ որ թշնամին նույնպես տեսնում է»։ Տպավորություն է, որ Ադրբեջանի ԶՈՒ շտաբում չգիտեն, թե որտեղ են առաջխաղացում ունեցել, և Հայաստանի պաշտոնական հայտարարություններից պետք է իմանան այդ մասին։

Քարտեզ համար 3

Ժամեր անց Արծրուն Հովհաննիսյանի ներկայացրած քարտեզը տեղափոխում եմ ռելիեֆային քարտեզի վրա, որպեսզի ավելի հասկանալի լինի իրավիճակը, նախ և առաջ հենց ինձ համար։ Երևում է, որ ըստ պաշտոնական քարտեզի, ադրբեջանցիները վերահսկողություն են հաստատել հարավային, հիմնականում հարթավայրային տարածքներում։

Հրապարակում եմ ֆեյսբուքում․ զգուշությամբ, բառերը ծանր ու թեթև անելով, գրում եմ․ «․․․ հարավում լեռնային տեղանքին հասնելուց հետո ադրբեջանցիները հիմնականում դժվարանում են առաջ գալ»։

Մարդկանց աչքերին ու ականջին գրառումս հասնում է մոտավորապես այսպես․ «Ուռա՜, Ադրբեջանի առաջխաղացումը կանգնել է, հաղթում ենք»։

Քարտեզը տարածվում է և՛ պատկերի ձևով, և՛ ինտերակտիվ տարբերակով։ Լրատվամիջոցներով, տելեգրամյան ալիքներով տարածվելուց հետո Google MyMaps հարթակում այդ օրերին քարտեզը դիտվում է մի քանի տասնյակ հազար անգամ։ Զգացվում է, որ մարդիկ ունեն ինտերակտիվ բովանդակության կարիք, ուզում են մոտեցնել՝ Zoom անել քարտեզը, խորանալ դետալների մեջ։

Բայց դա անում են ծայրաստիճան ոգևորվածությամբ։ Խնամքով ընտրված «դժվարություն» բառը հասկանում են որպես «անհնարինություն», մինչդեռ պատերազմի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն այդ դժվարությունը հաղթահարում են, լեռնային տեղանքով հասնում են մինչև Շուշի։

Ամփոփում

Այս երեք քարտեզների (Թաթուլ Հակոբյանի գրառումը նույնպես համարենք քարտեզ) փորձը ցույց է տալիս, որ մարդիկ իրականում այսպիսի բովանդակության կարիք ունեն։ Բայց դժվարություններ (!) են ունենում դրանք յուրացնելիս։ Դրանք հաղթահարելու ծանրությունը նույնպես ընկնում է լրագրողների վրա․ ներկայացնել այնպես, որ երկիմաստության տեղ չմնա։

Այսպիսի բովանդակության ընդլայնումը, հուսանք, թույլ կտա ավելի մեծ փորձառությամբ մոտենալ խնդրին։ Ընթերցողներին էլ թույլ կտա՝ հեշտությամբ յուրացնել քարտեզները և իրականությունը։

Գարիկ Հարությունյան
լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *