2021.06.04,

Խաչմերուկ

Ինչպե՞ս վարվել իրականության հետ, երբ արկերը պայթում են

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի կեսերին, վերադառնում էինք Հադրութի շրջանի մի գյուղից։ Ճանապարհին զորքերի անկանոն նահանջ էր՝ աջ ու ձախ եզրերով դեպի Ստեփանակերտ էին շտապում պահեստազորայիններն ու կամավորականները, ամբողջ ընթացքում օդում պտտվում էին անօդաչու թռչող սարքերը։ Մեր մեքենան կանգնեցրին երկու երիտասարդ կամավորականներ։

Մտածեցի՝ հարմար առիթ է երթևեկության ընթացքում զրուցել զինծառայողների հետ, տեսագրել ու ևս մեկ տեսանյութ պատրաստել։ Երիտասարդները, որոնք երևանաբնակ էին, մեքենան նստելուն պես սկսեցին զրույցը՝ միանգամից վատ լույսի ներքո ներկայացնելով մարտական գործողությունների ժամանակ ականատես եղածը՝ թիկունքային ապահովումից մինչև հրամանատարական գործողություններ։

«Մենք կամավոր ենք, եկել ենք զոհվելու, բայց մեզ տանում են առաջին «լինյա», ասում ենք՝ որտե՞ղ ենք, ասում են, թե բա առաջնագիծը չի, «բոյ» ա սկսվում, նոր հասկանում ենք, որ մեզնից առաջ թշնամին ա»,- ասաց նրանցից մեկը, իսկ մյուսն էլ պատմեց, որ իր դասակին տեղափոխել են մի գյուղ ու հրամանատարի փոխարեն, իրենց գործողությունները կոորդինացրել է գյուղացիներից մեկը։ Վերջինս զինվորականներին բարձրացրել է մոտակա սարը ու լքել նրանց, սննդի ու ջրի պաշարները սպառելուց հետո միայն զինվորական խումբը որոշել է երկու հոգու ուղարկել գյուղ, նրանք էլ պարզել են, որ ամենևին էլ իմաստ չկար մնալու այդ բարձունքում։

Երիտասարդները ամեն մեկն ուներ իր «ապացույցը», մեկը պնդում էր, որ իրենց առանց սննդի են թողել, սակայն պահեստները լի էին սննդամթերքով, մյուսն էլ պատմում էր, թե հրետանավոր է, իսկ իրեն տարել էին Աղդամի առաջնագիծ, տրամադրել ինքնաձիգն ու հրահանգել մնալ խրամատում, որտեղ բացի արկերից թաքնվելուց ուղիղ 7 օր ոչինչ չի արել։

Մենք չնկարահանեցինք կամավորականներին, անգամ գործընկերս՝ օպերատորը, սկսեց բանավիճել նրանց հետ։ Այդ մասին ես լռեցի նաև հետագայում։

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ստացել եմ տարաբնույթ, մեղմ ասած՝ անհանգստացնող տեղեկություններ, որոնք գալիս էին առաջնագծից, հրամանատարական կետերից կամ թիկունքից։ Որևէ տեղեկություն չեմ հրապարակել, նախ և առաջ համոզմունք ունենալով, որ այդկերպ կվնասեմ պետության շահերին։

Մարտական գործողությունների ժամանակ եղանք մի գյուղում, որն, ըստ պաշտոնական տվյալների, ուներ ավելի քան 700 բնակիչ։ Գյուղի պաշտպանությունը, սակայն, իրականացնում էր 6 տղամարդ, որից մեկը հաշմանդամության խնդրով՝ մեկ ոտքը անդամահատված էր։ Նկարահանեցինք գյուղը, նրա պաշտպաններին, սակայն ես չհայտնեցի որևէ տեղեկություն այն մասին, որ տվյալ դեպքում պահեստազորի հավաք չի իրականացվել և գյուղի պաշտպանությունը չէր կարող արդյունավետ լինել այդքան ուժերով։

Ես իմ առջև հետևյալ խնդիրներն էի դրել՝ հրապարակել տեսանյութեր Ադրբեջանի կողմից կատարած ռազմական հանցագործությունների վերաբերյալ, ներկայացնել պատերազմական գոտում ապրող խաղաղ բնակչությանը և մարտական գործողություններ իրականացնող զինծառայողներին, բայց չէի անում ամենակարևորներից մեկը՝ ցույց տալ իրականությունը։

Դրա համար կային ինչպես ներանձնային, այնպես էլ իրավական արգելքներ։ Խոչընդոտներից մեկն էլ հենց անհանդուրժող հասարակությունն էր, որը չէր ցանկանում լսել բացասական որևէ տեղեկություն, իսկ այդ տեղեկատվության հեղինակներին ամեն կերպ վատաբանում էր։ 

Պատերազմի վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը զբաղվում էր պաշտոնական տեղեկատվության տարածմամբ, սկսեց քարտեզի միջոցով ցուցադրել մարտական գործողությունների ընթացքը։ Կենտրոնի քարտեզներում շատ էին գյուղերը, որոնց անվան դիմաց ինքնաձիգեր էին պատկերված։ Պետական քարոզչամեքենան պնդում էր, որ այդ բնակավայրերում վերջին օրերին ընթանում էին դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ, մինչդեռ իրականությունն այլ էր․ մի քանի անգամ փորձել եմ այդ գյուղերին մոտենալ կամ հավաստիանալ Արցախի պաշտոնյաներից, որ այդ գործողություններն ի վերջո ավարտվել են, սակայն ստացել եմ գրեթե նույնաբովանդակ հուսալքող պատասխանը՝ հակառակորդն արդեն գրավել է այդ գյուղերը։

Նոյեմբերի 9-ի կեսգիշերին, երբ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից», իսկ մենք այն հրապարակեցինք, սոցիալական ցանցերում սկսվեցին հայհոյանքները, խմբագրություն էին աընդհատ զանգահարում քաղաքացիները և պահանջում ջնջել իրենց կարծիքով ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել։ Մտավախություն կար, որ անգամ ՍիվիլՆեթ կներխուժեն կատաղած մարդիկ։ 

Այդ ժամանակ հասկացա, որ հարկավոր էր ասել իրականությունը, ինչքան էլ, որ այն «դառն» էր կամ էլ «պատժելի»։

Գևորգ Թոսունյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *