2014.02.17,

Խաչմերուկ

«Մեդիան կոնֆլիկտի կողմ չպետք է դառնա»

Թեեւ թշնամու կերպարը լռելյայն գոյություն ունի հայաստանյան մեդիայում, այնուամենայնիվ, լրահոսում միտումնավոր հակաադրբեջանական որեւէ բան դժվար է գտնել:

Ընդ որում՝ մեզ մոտ ընդդիմադիր եւ իշխանամետ լրատվամիջոցների լուսաբանման մեջ էլ էական տարբերություններ չկան, ըստ էության, երկուսն էլ նույն մոտեցումն ունեն: Տարբերությունը միայն վերլուծական հոդվածներն են, որոնք ընդդիմադիր լրատվամիջոցների պարագայում կարող են ավելի մեղմ կամ կոշտ լինել՝ կախված քաղաքական համատեքստից եւ նպատակից:

Վերլուծական հոդվածներն առհասարակ խնդիր են հայաստանյան մեդիայում: Դրանք հիմնականում ոչ թե նպատակ ունեն ինչ-որ բան հասկանալու (այդպիսի խնդիր կարծես ոչ մեկը չի ուզում իր առջեւ դնել), այլ ինչ-որ բան համոզելու:

Վերլուծական հոդվածները լի են պիտակներով, քանի որ դրանց հեղինակների պատկերացմամբ՝ պիտակավորելը վերլուծության կարեւոր մասն է՝ անկախ նրանից, թե նյութն ինչ թեմայով է՝ «հրեշավոր» Պուտինի, եվրոպական արժեքների «նվաստացնող» համակարգի, թե «դաժան» ադրբեջանցու: Այստեղ կարեւորը պիտակավորելն է, հակառակ դեպքում վերլուծությունը դառնում է չոր լուրերի մատուցում:

Սակայն մեդիայի գործը պիտակավորելը չէ: Կախված կոնֆլիկտի տեսակից` մեդիան տարբեր դերեր պետք է ստանձնի: Եթե շատ պարզունակ ձեւով կիսենք, ապա կան սառը եւ տաք կոնֆլիկտներ:

Սառը կոնֆլիկտների դեպքում, երբ կողմերից առնվազն մեկը չի ընդունում կոնֆլիկտի գոյության փաստը, մեդիայի դերը պետք է լինի այդ կոնֆլիկտը տաքացնելը՝ գուցե երբեմն չափազանցնելով՝ գույները խտացարած  ներկայացնելով, որպեսզի կողմն արթնանա եւ հասկանա, որ խնդիր կա:

Տաք կոնֆլիկտների դեպքում, երբ կողմերն ընդունում են կոնֆլիկտի գոյությունը, օբյեկտիվ լրատվամիջոցը պետք է կարողանա սառը դատել եւ պարպել թեժ մթնոլորտը՝ խնդիրը օբյեկտիվորեն ներկայացնելով, որպեսզի պրոցեսում ներգրավվածների համար կողմնորոշվելու, լուծումներ գտնելու դաշտ ստեղծվի:

Մեր պարագայում թաքնված կոնլիֆկտ չկա, որը պետք է բացահայտել: Մենք ռեալ գիտենք, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը թշնամական երկրներ են, որ զինվորներ եւ քաղաքացիական անձինք են զոհվում սահմանի վրա, որ կա շրջափակում եւ այլն: Ըստ էության, որեւէ նոր բան չկա ապացուցելու:

Այս պարագայում ավելի կարեւոր է փորձել իսկապես սթափ գնահատել իրավիճակն ու կորուստները, որոնք երկու կողմերն էլ կրում են կոնֆլիկտի ընթացքում:

Կարեւոր է նաեւ որոշակի կարեկցանք արթնացնել, որովհետեւ մենք կոնֆլիկտին սկսել ենք նայել ինչպես մի փաստի, որը կարծես այդպես էլ պետք է լինի, իսկ դա բերում է նրան, որ նույնիսկ սահմանի զոհերը ընկալվում են որպես իրականության նորմալ մաս:

Կարեկցանք չկա ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաեւ մեր զոհված զինվորների նկատմամբ: Մեդիան այդ սպանություններին արձագանքում է կա՛մ շատ չոր, պաշտոնական հաղորդագրությամբ, որը գուցե մեդիայի այսօրվա պրոֆեսիոնալիզմի պայմաններում լավագույն տարբերակն է, կա՛մ, կոպիտ ասած, սպորտային հետաքրքրություն ցուցաբերելով՝ «մի հոգի զոհվեց մեր կողմից, հիմա տեսնենք, թե որն է լինելու մեր արժանի պատասխանը»:

Դա շատ ցավալի է, որովհետեւ մենք մեր գիտակցությունն անջատում ենք ու տրվում ենք էմոցիաներին. լուծման հեռանկարի կամ ադրբեջանական ագրեսիայի մասին ենք խոսում, բայց մարդկային պատմությունների, կոնկրետ կորուստների մասին, որ երկու կողմում էլ կան, չենք գրում:

Այս կոնֆլիկտի պարագայում կարծում եմ՝ մեր մեդիան պետք է փորձի ցույց տալ իրական Ադրբեջանը, որովհետեւ մենք  չգիտենք՝ իրական Ադրբեջանն ինչ է: Իհարկե, դրա համար խոչընդոտներ կան, որովհետեւ ադրբեջանական մամուլն էլ ազատ չէ, եւ դժվար է վերլուծել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Բայց նաեւ պետք չէ արտատպել ադրբեջանական ապատեղեկատվությունը: Եվ ամենակարեւորը՝ մեդիան կոնֆլիկտի կողմ չպետք է դառնա:

Արտակ Կիրակոսյան
կոնֆլիկտաբան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *