Հինգ տարի առաջ այս օրերին՝ հունիսի 14-ին, բազմություն էր հավաքվել գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատան շուրջբոլորը, իսկ ներսում ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում։ Ուղիղ եթերում հետևում էինք, թե ով է մտնում, ով դուրս գալիս, ինչ են ասում․․․Վերջում Ծառուկյանին տարան ԱԱԾ։ Ամեն բան պարզ էր՝ կային Ծառուկյանին վերագրվող հանցագործություններ, որոնց համար պատասխան տալու նպատակով նա ձերբակալվեց, հետո կալանավորվեց։
Գործարար Սամվել Կարապետյանի պարագայում ամեն բան խառն է՝ կա եկեղեցի-Փաշինյան խորացող կոնֆլիկտ, Կարապետյանը եկեղեցու կողմից է, ՌԴ քաղաքացի է ու նրան, ինչպես երեկ գրում էին որոշ լրատվամիջոցներ՝ «փոխոստիկանապետի մեքենան անհայտ ուղղությամբ չէր տարել»։ Եվ ամենակարևորը՝ տանելու պահին հայտնի չէր, թե ինչու են տանում։
Ամեն բան սկսվեց նրանից, երբ լրատվամիջոցը Մայր տաճարի բակում հանդիպեց ռուս գործարար Սամվել Կարապետյանին։ Այդ լրատվամիջոցը կարող է լինել news.am-ը, որովհետև հանդիպման մասին տեսանյութը հենց այս լրատվամիջոցն է տարածել, բայց կարող է և չլինել news.am-ը, որովհետև գործարարին հարց տվող աղջկա դեմքը չի երևում, ձեռքի միկրոֆոնին news.am-ի լոգո չկա, իսկ հանդիպման մասին պատմող տեքստում հատուկ նշված չէ, որ հենց news.am-ն է հանդիպել Սամվել Կարապետյանին, այլ ընդամենը՝ «Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպելով հայտնի գործարար Սամվել Կարապետյանին՝ առիթից օգտվելով հարց ուղղեցինք, խնդրելով արձագանքել իշխանությունների սկսած գրոհին հանդեպ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին»։
Սամվել Կարապետյանը քչախոս կերպար է, տեսախցիկների առաջ ու լրագրողների հետ խոսում է միայն ըստ սեփական անհրաժեշտության, ու եթե այս անգամ դա եղել է ընդամենը պատահական մի հանդիպման ժամանակ ու բախտի բերմամբ՝ հենց news.am-ի հետ, ուրեմն, news.am-ը պետք է որ նշեր՝ բացառիկ մեկնաբանությունը հենց իրենց է տրվել, բայց չի նշում ու չի կոնկրետացնում՝ ով է հանդիպել Կարապետյանին, կամ ովքեր են առիթից օգտվելով նրան հարցեր տվել։
Հունիսի 17-ին տարածված տեսանյութում Կարապետյանը, Մայր տաճարի ֆոնին կանգնած, ասում է․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։ Ավելի ուշ Կարապետյանի փաստաբանները հայտնեցին, որ հենց այս հրապարակային խոսքը հիմք ընդունելով՝ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանություն զավթելու հրապարակային կոչի հոդվածով։
1 րոպե, 13 վայրկյան տևողությամբ տեսանյութում Կարապետյանի խոսքը հազիվ 30 վայրկյան է․ մնացած հատվածում միկրոֆոն պահած աղջիկը հարցն է ձևակերպում։ Այս տեսանյութից սկիզբ առած զարգացումներին հետևելու համար news.am-ը, 24news.am-ը, 168am-ը ավելի քան 9 ժամ մնացին Սամվել Կարապետյանի առանձնատան բակում՝ ուղիղ եթերում լուսաբանելով, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։
Այդ 9 ժամերի հանգուցալուծումը եղավ այն, ինչի մասին մի քանի լրատվամիջոց դեռ դրանից 9 ժամ առաջ գրել էին որպես արդեն կատարված իրադարձություն։ Խոսքը Սամվել Կարապետյանին ձերբակալելու, բերման ենթարկելու կամ պարզապես ոստիկանության բաժին ուղեկցելու մասին է։
Հունիսի 18-ին՝ գիշերը ժամը 3-ի մոտակայքում Սամվել Կարապետյանը եղբոր՝ Կարեն Կարապետյանի հետ և փոխոստիկանապետի ուղեկցությամբ, մեքենայով հեռացավ առանձնատան տարածքից։
Այն, ինչ տեղի ունեցավ Կարապետյաններին մինչև մեքենա ուղեկցելը, ավելի քան հարգալից էր՝ առանց նրա նկատմամբ բռնության որևէ դրսևորման։ Սամվել Կարապետյանը շենքից դուրս գալով ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ կատակ արեց, վստահեցրեց, որ ինքը բոլոր դեպքերում եկեղեցու կողքին է, ասաց, որ «թքած ունի իրանց և իրանց էլեկտրացանցի վրա», հավաքված մարդկանց ասաց, որ նրանցից գոհ է ու պատգամ թողեց՝ «չմոռանաք, մի հատ լավ դաս կտաք սրանց»։ «Իրանց» ու «սրանց» ասելով՝ Կարապետյանը, ենթադրաբար, նկատի ուներ իշխանություններին։
News.am-ը՝ Armlur-ից, Armlur-ը՝ ումի՞ց
Դրանից ժամեր առաջ՝ ժամը 18.05-ին, Armlur․am-ը տեղադրում է լուր՝ «Իրավապահներն առգրավել են Սամվել Կարապետյանի մեքենան, գործողություններ են իրականացնում վերջինիս տանը» վերնագրով։ Տեքստում կա ոչ հստակ, կիսատ մտքերով ու վատ ձևակերպված նախադասություն, որից պարզ չէ՝ ով ում թևերն է ոլոր կամ ուր է տարել։ «Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների շենքի բակում ով փորձել է նկարել նրանց ևս հատուկ նշանակության ջոկատը թևերը ոլորելով տարել է, բնակիչները խուճապահար են»։
Սամվել Կարապետյանին ձերբակալելու մասին այս տեքստում գրված չէ, բայց նույն այս տեքստին հղում տալով 10 րոպե անց՝ 18.18-ին, news.am-ը լուր է տեղադրում «Ձերբակալվել է գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը » վերնագրով։ Տեքստը, գրեթե ամբողջությամբ, Armlur.am-ինն է, նույնիսկ սխալները։ Էական տարբերությունը բանալի նախադասությունն է, որը news.am-ում պահպանվել է ու դարձել վերնագիր, իսկ Armlur․am-ում չկա, իսկ որ ավելի տրամաբանական է, եղել ու հանվել է, երբ պարզվել է, որ Կարապետյանը ձերբակալված չէ։
24news-ն ուղղում է ժամանակները
18.40-ի մոտակայքում 24 news.am-ը սկսում է ուղիղ հեռարձակում Սամվել Կարապետյանի առանձնատան բակից, վերնագիրը՝ «Նիկոլ Փաշինյանը ձերբակալել է Սամվել Կարապետյանին»։ Ժամեր անց, երբ պարզ է դառնում, որ Կարապետյանը ձերբակալված չէ, հեռարձակման վերնագիրը փոփոխվում է՝ անցյալ վաղակատարը դառնում է շարունակական ներկա՝ «Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է Սամվել Կարապետյանին»։
Ո՞ւմ տեղեկություններն էր հաղորդում 5-րդ ալիքը
18.30-ին գործարարի «ձերբակալության» մասին հաղորդում է 5-րդ ալիքը։ Նշում է՝ «մեր տեղեկություններով ձերբակալել են հայտնի գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին»։ Ցուցադրում է նաև 24news-ի կադրերը՝ բացատրելով, որ հատուկ ջոկատայինները քարշակով տեղափոխում են գործարարի մեքենան։ Որևէ կոնկրետացում Կարապետյանի ձերբակալության մասին չի հայտնվում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ մեկնաբանն ասում է, որ ՆԳՆ մամլո խոսնակը չի հստակեցրել՝ Սամվել Կարապետյանը առանձնատան տարածքից բերման ենթարկվածների մեջ է, թե՞ ոչ, թողարկման վերնագիրը չի փոխվում՝ «Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը, հատուկ ջոկատայինները խուզարկում են նրա տունը»։ 20.30-ի թողարկման մեջ «Հայլուրի» մեկնաբանն ասում է, որ Սամվել Կարապետյանը տանն է ու, ենթադրաբար, ունի ձերբակալվածի կարգավիճակ։ Ոչ մի խոսք այն մասին, որ ընդամենը 2 ժամ առաջ չճշտված լուր են հաղորդել, կամ որ իրենց տեղեկությունները Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ սխալ էին։
Լրատվամիջոցները, որոնք երեկ շտապել էին ժամ առաջ հաղորդել Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին, ավելի շատ էին, քան վերևում թվարկվածները, որևէ լրատվամիջոց, սակայն, հարկ չհամարեց հաջորդիվ ներողություն խնդրել չճշտված ինֆորմացիա տարածելու համար։ Պարզ էր, որ ձերբակալություն լինելու է․ դրա մասին էին վկայում Նիկոլ Փաշինյան գրառումները, դրա մասին խոսում էր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։ Ակնհայտ էր նաև, որ ինչ-որ մարդկանց, շրջանակների պետք էր դեռևս չկայացած ձերբակալության մասին հնարավորինս շատ ու բարձր խոսել, ու լրատվամիջոցները դա արեցին լավագույնս՝ գուցե ակամա։