Արդեն մի քանի տարի է Հայաստանում շատ մոդայիկ է խոսել մեդիագրագիտության մասին։ Այո, մեդիագրագիտությունը նորաձև է։ Ուրիշ հարց, որ մինչև մարդ մինիմալ գրագետ չլինի, իրեն մեդիագրագետ դարձնելն անհնարին խնդիր է։ Բայց գրագետ մարդն էլ դեռ մեդիագրագետ չէ։ Երեք դիպլոմ ունեցող մարդիկ հաճախ ավելի հեշտ են տրվում խաբեություններին և ապատեղեկատվությանը, քան միայն դպրոցն ավարտած առողջ բանականության տերը։
Սակայն հարց է ծագում. եթե մենք որպես երկիր, պետություն, հասարակություն գերճիգերի շնորհիվ դառնանք ահավոր մեդիագրագետ հասարակություն, արդյո՞ք կլուծվեն, օրինակ, ապատեղեկավության տարածման հետ կապված խնդիրները։
Անկասկած, հնարավոր է մեդիագրագիտության լայնածավալ արշավների միջոցով նվազեցնել ապատեղեկատվության բացասական ազդեցությունը հասարակության և պետության վրա։ Մյուս կողմից, առաջանում են շատ ավելի բարդ խնդիրներ։
Հասկանալի է, որ հասնել նրան, որ հասարակության գերակշիռ մասը գոնե բազային մեդիագրագիտության մակարդակ ունենա՝ արդեն գերխնդիր է։ Այստեղ լուծումները հնարավոր են միայն բազմաշահառու մոդելների կիրառման դեպքում, երբ իսկապես իմաստալից, ռազմավարական և համապարփակ համագործակցություն է կա պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, բիզնեսների, կրթական հաստատությունների, մեդիա միավորների միջև։ Ու սա բարդ, բայց հասանելի բարձունք է։
Բայց նման ռազմավարական մոտեցումները միայն կնվազեցնեն վտանգները։ Առավելևս, որ արդյունքների հասնելու համար երկար ժամանակ է հարկավոր։ Իսկ մենք նույնիսկ չենք էլ սկսել։ Բացի դրանից, մենք պետք է հստակ գիտակցենք մի քանի կարևոր փաստ.
Ա. Ապատեղեկատվությունը վաղուց դադարել է լինել միայն ինքնաբուխ երևույթ։ Ապատեղեկատվության հետևում հիմնականում կանգնած են մեծ կառույցներ, որոնք ունեն լուրջ մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ։ Ապատեղեկատվություն ստեղծողները հաճախ շատ ավելի լավ պատրաստված, զինված են, քան դրա դեմ պայքարողները։
Բ. Ապատեղեկատվության գործիքակազմը տեխնիկապես զարգանում է ավելի արագ, քան դրա դեմ պայքարելու միջոցները։ Ավելին, ապատեղեկատվություն ստեղծելու համար հարկավոր են շատ ավելի ցածր տեխնիկական գիտելիքներ, քան հակառակ դեպքում։ Արհեստական բանականությունը էլ ավելի է խորացնում այս անջրպետը։
Գ. Ապատեղեկատվություն ստեղծողները նաև ավելի լավ են տիրապետում սոցիալական մեդիա ցանցերի կողմից կիրառվող ալգորիթմներին, ունեն ավելի մեծ հարավորություններ տարածելու իրենց կողմից ստեղծված կեղծ բովանդակությունը, քան ապատեղեկատվության դեմ պայքարող փաստերի ստուգման հարթակները։
Միայն այս հանգամանքները արդեն բավարար են, որպեսզի հասկանալի լինի, որ միայն մեդիագրագիտությունով զբաղվելը փակուղի է։ Հարկավոր են համալիր գործողություններ, որոնք ենթադրում են շատ ավելի լուրջ համագործակցություն, ինչպես արդեն նշվեց բազմաշահառու մոդելով։ Բացի դրանից, հարկավոր է շատ ավելի գործնական համագործակցություն միջազգային փաստերի ստուգման հարթակների, սոցիալական ցանցերի հետ։
Ցավոք, այս ամենը մոտակա ժամանակներում մնալու է միայն որպես հետաքրքիր մոտեցում։ Քանի որ Հայաստանում հաջորդ տարվա ընտրությունները, ինչպես նաև քաղաքական ու հասարակական ծայրահեղ բևեռացումը գրեթե անհնարին են դարձնում պետական մարմինների, լրատվամիջոցների և քաղհասարակության միջև իրական համագործակցությունը։ Այնպես որ, ապագան բավականին մռայլ է և կանխատեսելի։