–Դու լավ տղա չես։
–Լավ տղեն դու չես։
Այս կարճ երկխոսությունից սկսվեց Արթուր Չախոյանի 25 վայրկյան տևած ծեծը Նոր Նորքի թաղապետի ընդունարանում ապրիլի 30-ին։ Դրան նախորդել էին ապրիլի 29-ի դեպքերը՝ թաղապետը համացանցում նայել էր Չախոյանի տեսանյութը՝ համայնքում վատ վերանորոգված մանկապարտեզի, վատ փռած ասֆալտի վերաբերյալ, զանգել–հայհոյել էր ու հեռախոսն անջատել, Չախոյանն էլ ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ գնացել էր Նոր Նորքի թաղապետարան ու թաղապետի նկարի վրա յոգուրտ լցրել։
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը արժեքների կռիվ էր՝ դրանց կեղծ, սխալ, գերագնահատված ընկալումների պատճառով։ Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքների որակը սեփական նախաձեռնությամբ ու մեթոդներով պարբերաբար ստուգող Արթուր Չախոյանի համար արժեքը կոռուպցիոն գործարքների ու չարդարացված ծախսերի բացահայտումն է․ թվում է՝ ցանկացած գնով։ Նրա այս գործունեությունը քաղաքականացվեց, երբ կողքին հայտնվեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի համար արժեք է Նոր Նորքի թաղապետ, իր կուսակից Տիգրան Տեր–Մարգարյանը, որը ուղիղ եթերում ծեծում էր Արթուր Չախոյանին․ թաղապետը ֆիզիկական հատուկ պատրաստվածություն ունի՝ ավարտել է Ֆիզկուլտինստիտուտը։ Ինչպես պարզվեց լրատվամիջոցներին տված մեկնաբանություններից, նա ոչ մի բանի համար չի ափսոսում՝ «վերահաստատում է հայհոյանքը», ասում է՝ «Չախոյանը սադրել ու ստացել է», ինքն էլ վարվել է որպես հայ տղամարդ։ Նրա և Չախոյանին ծեծող մյուսների մասին Անի Խաչատրյանն ասաց՝ «հպարտացա իմ թիմով՝ որպես հայ տղամարդիկ»։ Խաչատրյանի «իմ թիմ» արտահայտությունից կարելի է հասկանալ, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում բոլորը, կամ գոնե այն տղամարդիկ, որոնք այդ պահին գտնվում էին թաղապետի ընդունարանում, իր թիմից են՝ «Հանրապետություն» կուսակցությունից։
Թաղապետարանում՝ կուսակցության կանոններով
«Հանրապետությունից» է միջադեպի ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի «լրատվության պատասխանատու» ու «լրատվության ղեկավար» ներկայացած Գևորգ Հովհաննիսյանը։ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ՖԲ էջերից պարզ չէ՝ պատասխանատո՞ւ, թե՞ ղեկավար․ նրա անունը որևէ տարբերակով նշված չէ, բայց կուսակցության խոսքը նրա համար օրենք է։
Թաղապետի աշխատասենյակի դուռը սեփական անձով լրագրողներից պաշտպանող Անի Խաչատրյանը նրանց անվանում է պատվեր կատարող «Քոչարյանի տուզիկներ» ու մտնում ներս։ Դրանից բորբոքված՝ «Եվրամեդիայի» լրագրող Սյուզի Բադոյանը փորձում է ուժով դուռը բացել, չի ստացվում, իսկ «Մեդիահաբի» լրագրող Վահե Մակարյանը «լրատվության պատասխանատու» Գևորգ Հովհաննիսյանին ուղիղ հարցնում է․ «Ասաց՝ Քոչարյանի տուզիկներ, Դուք համաձա՞յն եք»։ Նա պատասխանում է․
–Իհարկե, միանշանակ։
–Ինչի՞ հետ։
Հովհաննիսյանը, երևի մտովի պատկերացնելով, թե ինչպես կարձագանքեն իր դիմաց կանգնած լրագրողները, եթե ասի՝ «համաձայն եմ, որ դուք Քոչարյանի տուզիկներն եք», «դիվանագիտական» պատասխան է տալիս՝ ես մեր կուսակցության ցանկացած դիրքորոշման հետ համաձայն եմ։ Վահեն շարունակում է․
–Դուք այստեղ Քոչարյանի տուզիկ տեսնո՞ւմ եք։
–Էդ հարցով դիմեք Անի Խաչատրյանին, ինքն ասեց, ես էլ հաստատում եմ։
Հատկապես քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողները՝ հիրավի կամ հանիրավի, պատվեր կատարելու մեջ հաճախ են մեղադրվում՝ տարբեր ձևակերպումներով․ լսել ենք նաև «Նիկոլի զոմբի», «Սերժի լափամանից օգտվողներ» արտահայտությունները։ Բայց երևի առաջին անգամ Նոր Նորքի թաղապետարանում էր, որ «լրատվության պատասխանատուն» վերահաստատեց լրագրողների հասցեին հնչած վիրավորանքը՝ հղում անելով կուսակցությանը, ասես՝ կուսակցությունը այդ հարցը հատուկ քննարկել ու որոշում էր ընդունել։
Դեպի Եվրոպա՝ Նոր Նորքի թաղապետարանով
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում է, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է, որն ուղղորդվում է հայտնի կենտրոններից՝ ՀՀ–ԵՄ դիրքորոշման դեմ։ Նա կատարվածը որակում է «սադրանք» ու դրա համար մեղադրում է ռուսամետ ուժերին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
Այսինքն, Արթուր Չախոյանը սադրել է Նոր Նորքի թաղապետարանի աշխատակազմին, ու այդ սադրանքին տրվելով է աշխատակազմը՝ ղեկավարի գլխավորությամբ, ծեծել ակտիվիստին։ Կուսակցության տարբեր դեմքեր արդեն ասել են՝ եթե էլի սադրանք լինի, նույն կերպ կվարվեն։
«Հանրապետությունը» մեկն է այն երեք ուժերից, որոնց նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ ԵՄ–ին անդամակցման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ։
Թաղապետարանում քաղաքացուն ծեծած Տիգրան Տեր–Մարգարյանին, Արթուր Չախոյանին, Մեսպրոպ Մանուկյանին և ծեծին մասնակցած ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ վարչական շրջանի ղեկավար ունի՝ Ռոմիկ Մխիթարյանը՝ Մալաթիա–Սեբաստիայում։ Դեպքից մեկ օր անց նա հայտարարեց, որ եթե քաղաքապետը Տիգրան Տեր–Մարգարյանին ազատի աշխատանքից, իրենք՝ կուսակցությունով, վայր կդնեն մանդատները։
Բայց այսքանից հետո թաղապետին ազատել–չազատելը ոչ թե Տիգրան Ավինյանի, այլ Նիկոլ Փաշինյանի մակարդակով լուծվող հարց է։ Տիգրան Տեր–Մարգարյանը «Հանրապետությունից» է, բայց դրա մասին խոսվում է առիթից առիթ․ մեկը նրա Բուչա գնալն էր, մյուսը՝ մարդ ծեծելը։ Մալաթիա–Սեբաստիայի ու Նորք Նորքի թաղապետերն էլ են իշխանություն, ու Փաշինյանն է պատասխանատու ուղիղ եթերում քաղաքացուն ամբողջ ուժով ծեծած թաղապետի պաշտոնավարման համար։