Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը, հայկական սոցիալական մեդիայի քննարկման թիրախում այս անգամ ոչ թե որևէ օտարերկրյա առաջնորդի կողմից «ցեղասպանություն» բառն օգտագործելու փաստն էր, այլ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և լրագրողի միջև տեղի ունեցած կարճ հարցազրույցը։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը մի քանի անգամ խնդրում է, որ 86-ամյա կոմպոզիտորը մեկնաբանի երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։ Մանսուրյանը հակիրճ արձագանքում է, որ ծեր է, տանից դուրս չի գալիս, մեկուսի է ապրում, և իր ամբողջ ուշադրությունը նվիրում է երաժշտությանը՝ միանգամայն հասկանալի կերպով ակնարկելով, որ նախընտրում է չմասնակցել քաղաքական բանավեճին։
Հասարակական արձագանքն այս հարցազրույցին բաժանվեց երկու հակադիր բևեռների․ մի մասը կարծում էր, որ հանրային դեմքը չի կարող լռել նման հարցերում և քննադատում էր կոմպոզիտորին, մյուս հատվածը հրապարակայնորեն ներողություն էր խնդրում՝ քննադատելով լրագրողին՝ տարեց արվեստագետին անհարմար դրության մեջ դնելու համար։
Այս միջադեպը, ըստ իս, բազում խորքային խնդիրներ է բացահայտում՝ լրագրողական էթիկայի սահմանները, լրագրողի սոցիալական դերը, հասարակության տրավմատիկ ռեակցիաներն ու հանրային լռության հանդեպ անհանդուրժողականությունը։
Լրագրողը և մասնագիտական էթիկան
Վերջին տարիներին լրագրությունն ամբողջ աշխարհում, ու մասնավորապես Հայաստանում անցնում է ակտիվ վերակազմավորման փուլ։ Մեդիան դուրս է եկել հեռուստացույցի էկրաններից կամ թերթերի էջերից ու համացանցում, սոցիալական ցանցերում սկսում ու ծավալում է քննարկումներ հասարակական կարևոր ու անկարևոր թեմաների շուրջ՝ միաժամանակ ընդլայնելով ազատ արտահայտման դաշտը և բախվելով բովանդակության որակական խնդիրների։ 2018-ից հետո խոսքի ազատության ընդլայնումն առանց մեդիա կրթության և ինքնակարգավորման ուղեկցման դարձել է երկսայր սուր՝ դառնալով ինչպես ժողովրդավարացման կարևորագույն ձեռքբերում, այնպես էլ հասարակական պառակտումների տարածք։
Այս պայմաններում հատկապես կարևոր է հիշել լրագրողական մասնագիտական էթիկայի հիմնական սկզբունքները, որոնք սահմանված են Մասնագիտացված լրագրողների համայնքի (Society of Professional Journalists) Լրագրողների էթիկայի կանոնագրքում ՝ ճշմարտության հաղորդում, վնասի նվազեցում, անկախություն և թափանցիկություն։ Ավելին՝ Հայաստանում Էթիկայի դիտորդ մարմնի Լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը ընդգծում է նաև հարգանքը խոցելի խմբերի նկատմամբ և ազնիվ հաղորդման պարտավորությունը։
Մասնագիտական էթիկան պահանջում է, որ լրագրողը տեղեկություն փնտրելիս հաշվի առնի իրավիճակային զգայունությունը, հավասարակշռի հանրային հետաքրքրությունը մարդու հնարավոր անհարմարության կամ արժանապատվության խախտման հետ։ Լուրերի հետևից ընկնելը չպետք է վերածվի ամբարտավանության կամ անհամաչափ ներխուժման՝ նշվում է Մասնագիտացված լրագրողների համայնքի կանոնագրքում։
Նույնիսկ հանրային դեմքերը՝ ինչպիսին Մանսուրյանն է, արժանի են հարգալից մոտեցման, հատկապես երբ նրանք քաղաքական գործիչներ չեն ու հստակորեն նշում են, որ չեն ցանկանում մեկնաբանել այս կամ այն քաղաքական հարցը։
Մեղավոր փնտրելու հասարակական ռեֆլեքսը
Բարդ ու հետտրավմատիկ հասարակություններում՝ ինչպես Հայաստանն է, հանրային հիասթափությունը հաճախ վերածվում է մեղավորների որոնման։ Այդ մեղավորները կարող են լինել տարբեր՝ երբեմն քաղաքական գործիչներ, երբեմն՝ Կասկադում սուրճ խմող երիտասարդներ, իսկ երբեմն՝ չարտահայտվող ու լռող մտավորականներ։ Այս գործընթացը հոգեբանական պաշտպանական ռեակցիա է, երբ հասարակությունը փորձում է վերահսկողության զգացում ձեռք բերել՝ հստակեցնելով «ով է մեղավոր»։ Այսպես հասարակությունը փորձում է հաղթահարել հետպատերազմական տրավման։ Եթե ունենք մեղավոր, ապա ունենք պատճառ, եթե ունենք պատճառ, ապա ունենք լուծում ու վերահսկողություն իրավիճակի նկատմամբ։
Առաջնորդների ու փոփոխությունների փնտրտուքի մեջ հանրությունը չի հանդուրժում լռությունը, լռողներին անվանում է դավաճան ու անպատասխանատու, անգամ եթե նրանք չունեն որևէ քաղաքական ազդեցություն։ Այս միջադեպում՝ Մանսուրյանի լռությունը հենց այդպես էլ մեկնաբանվեց, թեև նա որևէ պաշտոնական դիրք կամ քաղաքական լծակ չունի։ Հանրային լռությունը մեկնաբանվում է որպես դավաճանություն՝ նույնիսկ եթե լռողը տարեց, մեկուսացած, անձնական վշտերով ու հոգսերով ապրող անձ է։ Սա վկայում է ոչ թե այդ մարդկանց մեղքի, այլ մեր հասարակության տրավմայի, անճարակության և վերահսկողության կարիքի մասին։
Լրագրողի պատասխանատվությունը հանրային ճնշման պայմաններում
Այստեղ է, որ լրագրողի դերը դառնում է վճռական։ Լրագրողը հասարակության անդամ է, բայց նաև պետք է կարողանա իր մասնագիտական վարքագիծը զատել հասարակական սպասումներից։ Նա չպետք է ենթարկվի հանրային, քաղաքական ճնշումներին և դառնա այդ ճնշման միջնորդ։ Այլապես լրագրողը պարզապես վերածվում է քաղաքական շահերի համար գործիքի։
Լրագրողը չի կարող և չպետք է ստիպի մարդուն խոսել, երբ վերջինս ակնհայտորեն հրաժարվում է։ Հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է տարեց, խոցելի մարդուն, որը փորձում է արժանապատվորեն պահպանել իր սահմանները։
Այն միտքը, թե «ամեն ինչ քաղաքական է», ճիշտ է, բայց մասամբ։ Ճիշտ է, որ հանրային խոսքը մեծ կշիռ ունի։ Բայց լրագրողական աշխատանքը պահանջում է ավելին՝ անաչառություն, հարգանք, զսպվածություն։ Դա կարևոր է ոչ միայն ճշմարտությունը բացահայտելու, այլ այն ճիշտ ձևով ու ժամանակին ներկայացնելու համար։ Չվնասելու սկզբունքը պետք է պահպանել և հանուն հասարակական բարօրության, և՝ լրագրողական աշխատանքի վարկի։
Պատասխանատվություն խոցելի խմբերի հանդեպ
Մանսուրյանի հարցազրույցը եզակի դեպք չէ։ Բայց այն հստակ ցուցիչ դարձավ՝ թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր լրագրողական համայնքը և հասարակությունը։ Այս միջադեպը կարելի է համարել նախադեպ՝ վերանայելու լրագրողի մասնագիտական մոտեցումներն ու հանրային խոսքի մշակույթը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է խոցելի խմբերին՝ տարեցներ, հիվանդներ, սգավորներ, և այլն։
Հասարակական տրավման չպետք է վերածվի քաղաքական ճնշման։ Մանավանդ՝ մամուլի դաշտում։ Որովհետև հենց այդ ժամանակ է սկսվում հասարակական արժեքների խեղաթյուրումը։ Լրագրողը պետք է լինի առաջիններից, ով պահպանում է պրոֆեսիոնալ սառնասրտությունը՝ անկախ հասարակության ցավից, իր համար ցավոտ թեմաներից կամ հուզական տրամադրություններից ու քաղաքական շահերից։
Ի վերջո, գուցե իսկապես արժեր պարզապես լսել Մանսուրյանին։ Ընդունել, որ այս պահին նա պարզապես ուզում է ապրել՝ ինչպես ինքը կհամարի արժանապատիվ։