2023.10.10,

Քննադատ

Լեգիտիմ ու այլևս պարտադիր Դոգը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանի ավագանու ընտրությունները մեծ հաշվով բերեցին ինտրիգ ու լարում, և մինչ ավագանու առաջին նիստը դեռևս պարզ չէր, թե ով, ում հետ ու ինչպես է համագործակցելու, հուշագիր կնքելու ու գտնելու (կորզելու կամ համոզելու) այն մի քանի ձայները (կամ դրանց ցուցադրաբար բացակայությունը), որոնք կլինեն վճռորոշ։ 

Վաղուց այսքան խառը ու անկանխատեսելի ընտրություններ չեն եղել։ Ընդ որում՝ անկանխատեսելի թե՛ իշխանական ուժի համար, որն ընդունեց, որ այլևս չի կարող միանձնյա խոսել ժողովրդի անունից։ Թե՛ երևանցիների, որոնք տեսան, որ իրենց քվեներից կառուցված ընտրության աղյուսակը արտացոլում է բավականին տարօրինակ պատկեր։ Չարաճճի ելքերով պատկերով։ 

Եվ այս ֆոնին միակ ու աներկբա շահողը Վարդան Ղուկասյան է՝ Դոգը, որը ներկա քաղաքական առևտրի մեջ է մտնում որպես լեգիտիմ ու լուրջ անձ, որն արդեն ոչ թե զուգահեռ մոլորակ է, այլ մեր օրինական քաղաքական մոլորակի ամուր շերտը՝ իրավաբանական ու բարոյական կարգավիճակով։ Եվ ավագանու մանդատներով, որոնցից իրականում և կախված է քաղաքապետ լինելու կամ չլինելու հարցը։

Արդեն վաղուց ոստիկանական համակարգի նախկին աշխատակից, բլոգեր ու կուսակցություններ ստեղծող Վարդան Ղուկասյանը եթերում է, որտեղ անում ու ասում է այն, ինչ խելքին փչի։ Եվ իր ռադիկալ ու հայհոյախառն բառապաշարով հավաքագրում հետևորդների, որոնք դժգոհ են, կարոտ ուղիղ խոսքի ու արդարության։ Հայաստանից դուրս գտնվող ու իր բնակատեղին գաղտնի պահող Դոգի համար իր լսարանը դարձավ կապիտալ, որը նա վերածեց քվեների ու ապահովեց տեղեր ավագանու կազմում։ 

Նա արդեն ոչ միայն ստվերային կոմպրոմատների աճպարար Դոգն է, այլ պարոն Ղուկասյանը, որի մտքերը, դերասանական ու երբեմն իրոք նողկալի խոսելաոճը ու սարսուռ առաջացնող հայհոյանքները լեգիտիմ են, քանի որ ոչ մի լրագրողական հոդված կամ վերլուծություն չի կարող չպարունակել նրանից մեջբերումներ, կարծիքներ ու հայտարարություններ։

Վարդան Ղուկասյանն իր եթերներից մեկում անգամ մեծահոգաբար հորդորեց բոլոր լրատվամիջոցներին ու ալիքներին (ավանդական, ցանցային ու անհատական) հանգիստ սրտով օգտագործել իր հեռարձակումներից հատվածներ կամ վերահեռարձակել ողջ եթերը, քանի որ նա ոչ մի հեղինակային պահանջ չունի։ Եվ աշխատում է ժողովրդի համար։

Նախկինում մեդիա դաշտում նրանից մեջբերում գրեթե չէինք տեսնում, ով ուզում սուզվում էր նրա հիստերիկ ու մեծ դերասանական վարպետությամբ կառուցված փերֆորմանսների մեջ, որոնց դիմանալը փխրուն հոգեկան հյուսվածքներ ունեցողների համար շատ բարդ էր։ Իսկ հիմա նա կամուրջ կառուցեց (ավելի ճիշտ մենք մեր ընտրությամբ նրա համար կառուցեցինք այդ կամուրջը) դեպի ավանդական տեղեկատվական խողովակներ։ 

Ու թող դա չհնչի տարօրինակ, բայց դա քայլ է իրականությունը տեսնելու, այլ ոչ թե այն քողարկելու ու ինքներս մեզ համոզելու, որ ավելիին ենք արժանի։ 

Եվ եթե մինչ ընտրությունները Վարդան Ղուկասյանին կարելի էր հանգիստ սրտով ու հաճույքով անտեսել, հիմա դա անել չի ստացվի։ Նա նստեց, տեղավորվեց ու սկսեց թելադրել որպես ոչ թե զուգահեռ նյուզմեյքեր, այլ քաղաքական լանդշաֆտի պարտադիր բաղադրիչ։ 

Օրինակ, լրագրողները ստիպված են լսել նրա հեռարձակումները, սղագրել ու մեջբերել մտքերը՝ պահպանելով հեղինակային ոճը։ Ծանր է, իհարկե։ Բայց արդարացի։ 

Որքան էլ ատելության ու ոչ պատշաճ խոսքը սահմանափակող որոշումներ ու օրենքներ հայտնվեն ու քարոզվեն, դրանք չեն գործելու, քանի դեռ կա Դոգի ֆենոմենը, որը գիտե, թե որքան մեծ է մարդկանց սրտում հայհոյելու ցանկությունը։ Եվ որը եթե ոչ քաղաքական, ապա մեդիա դաշտն է ներսից պայթեցնելու շատ շուտով։ 

Ի վերջո, մեր տկար մեդիա դաշտում կա մի գեղեցիկ միտում, թե կարևորը անմեղության կանխավարկածն է. թե՛ գլխավոր խմբագիրները, թե՛ լրագրողները նախընտրում են բացատրել, որ իրենք ընդամենը մեջբերում են և ոչ մի պատասխանատվություն չեն կրում հյուրերի, հերոսների ու փորձագետներ կոչվածների խոսքի համար։ 

Հիմա լրատվամիջոցների վիճակը դառնում է հետաքրքիր։ Պիտի կարողանան տակից դուրս գալ, այլապես կմնան Դոգի առաջացրած բառային փլատակների տակ։ Եվ դա, ամենայն պատասխանատվությամբ արդեն լրատվամիջոցների գործն է, ոչ թե խոսք ասողի։ 

Ի՞նչ պիտի անեն։ Օրինակ, խլացնե՞ն որոշ ծայրահեղ հայհոյանքներ կամ մոնտաժեն-կտրե՞ն։ Այդ դեպքում, Դոգը կարող է ասել (ու լավ կլինի, որ ասի), որ հեղինակային խոսքն իր համար սրբություն է ու եթե փորձեն իրեն խմբագրել, ընդհանրապես մոնտաժելու նյութ չեն ունենա։ Ի վերջո, միտք կարելի է արտահայտել բացառապես հայհոյանքով։

Քաղաքական դաշտում այնքան վատ ու ոչ պրոֆեսիոնալ դերասաններ էին, այնքան շատ էր հակառակորդներին սևացնելու, անիծելու, մեղադրելու ու պառակտելու վրա կառուցված խոսքը, որ Վարդան Ղուկասյանի աստեղային ժամը եկավ շատ հեշտ ու արագ։ Նա այդ դաշտում չունի մրցակիցներ։ 

Եկենք ընդունենք, որ ոչ ոք չի կարող գերազանցել նրան՝ ռադիկալ խոսույթի տիրույթում։ Եվ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը հակադրվելու է իշխանություններին հանրային սուր խոսքով, ի սկզբանե պարտված է Դոգին։ Դոգը թագավոր է, որը հանրային խոսք բերեց հեղինակային հայհոյախառն ոճը՝ սահուն հայերենով։

Մեդիան վերջին տարիներին մեզ հասցրել էր ընտելացնել ծայրահեղ ատելության լեզվին՝ համարելով, որ որքան շատ լինի սուր, բևեռացված ու ոչ նորմատիվ բառապաշարը, այնքան մեծ կլինեն դիտումներն ու քաղաքական շահը։ Շատ լրատվամիջոցներ ու մեդիա դեմքեր խնդիր չէին տեսնում, երբ մեջբերում էին տարբեր օդիոզ դեմքերի մտքերը՝ գոտկատեղից ներքև նշան բռնած բառապաշարով։ 

Եվ նաև դրա շնորհիվ բացվեցին դարպասները այդ ոճի մեծ վարպետի դիմաց։

Գոտեպնդվեք, մեդիա աշխատակիցներ, պարոն Ղուկասյանն է գալիս մեդիա տիրույթ՝ որպես օրինական ու պարտադիր խաղացող՝ ապադասակարգայնացված (լյումպեն) զանգվածի լեզուն սերտած ու մեծ դերասանական ամպլիտուդայով։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *