2022.03.28,

Քննադատ

Հատուկ տեղեկատվական դրություն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արդեն մեկ ամսից ավելի է` ողջ աշխարհը հետևում է Ուկրաինային, կարդում Ռուսաստանի զորքերի ներխուժման մասին լուրերն ու տեսնում ուկրաինական քաղաքների ավերվածությունների ու զոհերի պատկերները։ Կարդում ու տեսնում է նաև, թե ինչպես են արձագանքում պատերազմին տարբեր պետությունները, միջազգային կառույցները, հայտնիներն ու բիզնեսը։ Իսկ պատերազմը շարունակվում է։

Ամեն մի լուր կապվում է պատերազմի համատեքստին, անգամ եթե պատերազմի մասին չէ։

Ասենք, պրեմիերա է կամ մրցույթ, միևնույն է այդ լուրը ստանում է հատուկ կարգավիճակ՝ դառնալով պատերազմի մի մաս։ Մարզիկներն ու աստղերը, գիտնականներն ու նույնիսկ պետությունները այլևս չեն հարող լինել չեզոք, նրանցից պահանջվում է լինել կողմ։ 

Եվ այդ իրենց կողմ լինելու մասին լուրն է առաջինը մեջբերում մեդիան։ Դա է հետաքրքիր ու դա է պահանջված տեղեկատվական միջավայրում։ Այլ ոչ թե մրցույթը, ստեղծագործությունը կամ գիտական հայտանագործությունը։ 

Չեզոք լինելը հնարավոր չէ, քանի որ դա հավասար է անբարոյական կեցվածքի։ Հենց հիմա մարդիկ են մահանում, հողին են հավասարվում տները, քաղաքները, և ինչպե՞ս կարելի է լինել չեզոք։ 

Արդյունքում ստեղծվում է բարդ ու հազարավոր հանգույցներով տեղեկատվական կծիկ, որն ավելի է ծավալվում ու ուռճանում՝ ներգրավելով անգամ լրիվ անտեղյակ կամ ինֆորմացիայից միտումնավոր խուսափող մարդկանց։ Այսպիսի գլոբալ տեղեկետավական մթնոլորտ երբեք չի եղել։ 

Ռուս-ուկրաինական պատերազմն ամբողջովին փոխեց կյանքը։ Եվ ոչ միայն կռվի մեջ ներգրավված մարդկանց, այլև բոլորի։ Բոլորն են դերակատար, պասիվ թե ակտիվ, բայց այս պատերազմի մասնակից են։

Կարծես հսկայական էկրանի վրա տեղի է ունենում «Պատերազմ» կոչվող ուղիղ ու հատուկ եթերը, որը դիտում են բոլորը, սակայն յուրաքանչյուր դիտող ընկալում է այն յուրովի՝ կախված իր նախասիրություններից, իր մեջ դրոշմված մշակութային ու պատմական կոդերից և իր հայրենիքում տարվող պրոպագանդայի ուժգնությունից։

Եվ նշանակություն չունի, թե դա ինչ պրոպագանդա է՝ ամեն գնով (նույնիսկ մահվան) ծնկից վեր կենալու համոզմունք, ինչպես Ռուսաստանում է, թե պատժամիջոցների օղակի ստեղծում հանուն դեմոկրատական արժեքների, ինչպես միախմբված անում է Արևմուտքը։

Ռուս-ուկրաինական պատերազմը բացեց այնպիսի անդունդներ ու առաջ քաշեց այնպիսի քարոզչական հնարքներ, որոնք վաղուց արդեն անցյալում էին ու համարվում էին անընդունելի՝ իրենց պարզունակությամբ։ 

Ռուսաստանը անթաքույց անցնում է խիստ գրաքննության, իսկ պատերազմը Ուկրաինայում համարում գրեթե սխրանք, որով հարկավոր է հպարտանալ։ Գումարած դրան՝ ձերբակալում նրանց, ովքեր կողմ չեն պատերազմին։ Այսինքն, պահանջում է, որ իր քաղաքացիները ասեն «Այո՛ պատերազմին»։

ԱՄՆ նախագահը առանց վարանելու Ռուսաստանի նախագահին անվանում է «մսագործ», որին իշխանությունից պետք է զրկել։ Նա առանց վարանելու ընտրում է այնպիսի հանրային ուղերձ, որը ենթադրում է էլ ավելի կտրուկ պատասխան։

Այսինքն, ռազմական հռետորաբանությունը ավելի է ուժգնանում ու սկսում է իշխել ամեն տեղ։

Ուկրաինայում, օրինակ, կան մարդիկ, որոնք ողջունում են ցանկացած քայլ, որը թուլացնելու է ռուսական զորքը, հետևաբար նաև գոհ են, որ Ադրբեջանը դիրքեր է գրավում Արցախում։ Ստացվում է, որ այն երկիրը, որի վրա հարձակվել են, ողջունում է մեկ այլ հարձակվողի։ Եվ ուզում է պատերազմը ոչ թե ավարտվի, այլ տարածվի։

 «Պատերազմ» կոչվող հատուկ օպերացիան անընդհատ համալրվում է էսկալացիայի նոր կոչերով՝ դառնալով առօրյա աշխարհի համար։ Ուղիղ եթեր, որը ոչ մի րոպե չի անջատվում ու որի վերջը չի երևում։ 

Եթե մեզ վատ է, թող վատ լինի բոլորին. թերևս այսպիսի ուղերձներն են շատանում։ Ու նորմ է դառնում խոսելը, որ պատերազմը կարող է լինել արդար գործ, սովորական մի բան։

Պատերազմը առօրյա է։ Միայն պատկերացրեք, թե դա ինչ է նշանակում։ 

Դա նշանակում է, որ խաղաղության մասին խոսելը (թեկուզ կիսաձայն) արդեն ընդունելի չէ։ Խաղաղությունը դառնում է թույլերի զբաղմունք։ Ուժեղները հարձակվում են։ Կամ սպասում են հարձակման իրենց հերթին։

Սովորաբար, մենք տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել։ Ընդունում ենք այն ճշմարտությունը, որը մեզ թվում է ավելի հոգեհարազատ և որը կարող է մեզ բնութագրել որպես ազգ, համայնք կամ քաղաքացի։ Ու ընդունում ենք այն կողմը, որի հետ պատրաստ ենք մեզ նույնացնել։

Եվ եթե հիմա ընտրությունը զոհի ու դահճի միջև է, ապա դա ընտրություն չէ։ Դա ընդամենը արտակարգ ռեժիմի պայմաններում փորձելն է պատասխանել գոյաբանական հարցերին, որ գոնե ամոթի զգացումը չդառնա միակ զգացումը։

Չեզոք լինել պարզապես չես կարող՝ թեկուզ միայն այն պատճառով, որ ցանկացած բարդ հարցի (աղետի ու ողբերգություն, բռնության ու սպառնալիքի) պատասխանը մեկն է՝ պետք է հումանիստական լուծում։

Պետք է փորձել մնալ մարդ։ Կարեկցել, վերապրել, օգնել ու պատմել տեսածի մասին։ Որ աշխարհը (նույնիսկ ամենաապահով ու ինքնաբավ երկների անտարբեր քաղաքացիները) ևս տեսնեն, կարեկցեն, վերապրեն, օգնեն։

Թերևս երբեք այսքան կարևոր չի եղել լսարանի արձագանքը։ Արտակարգ տեղեկատվական դրության մեջ հայտնվելով, բոլորս խոսում ենք միայն պատերազմի մասին։ Ընտրում ենք, թե պատերազմողներից որն է ավելի ընդունելի։ Կամ որ պատերազմական ճակատն է բացվելու հաջորդիվ։

Կամ էլ հավատում ենք, որ կարելի է պատերազմել հանուն խաղաղության։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *