2021.12.28,

Քննադատ

Լրագրության անցյալից. սպանություն, հաշվեհարդար, ճնշումներ

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Նախորդ հոդվածներից մեկում գրել եմ, որ լրագրողների հեղինակության վրա շատ մեծ բացասական ազդեցություն ունեցավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. իբր քիչ էր՝ ոճրագործների պարագլուխը ներկայանում էր որպես լրագրող, նրա ուսանողական ընկերներից մի քանի հոգի էլ, որ արդեն իսկ ոլորտում ճանաչված անուններ էին,  հայտնվեցին կասկածյալի կարգավիճակում: 

Հասարակության տարբեր խավերի մեջ մինչ այդ էլ առանձնապես մեծ հարգանք չվայելող և վստահություն չներշնչող լրագրությունն, այսպիսով, դարձավ շատերի աչքի փուշը, և այդ ոճրագործության ֆոնին ակտիվություն ցուցաբերող որոշ լրագրողներ նրանց պատկերացումներում սկսեցին ասոցացվել իրական կամ պոտենցիալ քիլլերների հետ: 

Բացի այդ, մեծացավ անջրպետը իշխանամետ և ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչների միջև, ձևավորվեցին, այսպես ասած՝ քոչարյանական և հակաքոչարյանական ճամբարները, լրագրության լեզուն դարձավ առավել խայթող, առավել թշնամական, հաճախ անցնելով բարեկրթության սահմանները…    

2002-ի դեկտեմբերի 28-ին սպանվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Ձմեռային խստաշունչ ու մառախլապատ երեկո էր, ասես պատվիրված եղանակ՝ «զուտ անգլիական» սպանության համար:  

Ու թեև ժամանակ անց իրավապահ մարմինները պիտի բացահայտեին ոչ միայն սպանությունն իրագործողներին (ծագումով՝ ղարաբաղցիներ), այլև պատվիրատուին (հոկտեմբերի 27-ին գազանաբար սպանված Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն էր, որը, ի դեպ, մի քանի տարվա կալանքից հետո հայտնվեց ազատության մեջ, ապա նշանակվեց պետական բարձր պաշտոնի), որոշ հարցեր այդպես էլ համոզիչ պատասխաններ չստացան: 

Երբևէ գուցե նոր ի հայտ եկած փաստական հիմքերի անկողմնակալ քննությամբ կամ լրագրողական հետաքննությամբ ներկայացվեն առ այսօր խորհրդավորությունից վերջնականապես չթոթափված (ինչպես որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն է), դեռևս առեղծվածային տարրեր պարունակող այս սպանության բոլոր մանրամասները, և հանրության համար գուցե քողազերծվի սպանության մեկ այլ՝ ոչ պակաս իրական շարժառիթ, որը կարող է բոլորովին այլ տեսանկյունից առնչվել հոկտեմբերի 27-ին… Մանավանդ որ սպանության գործով դատարանի «բացահայտումը», թե պատճառը Տիգրան Նաղդալյանի աջակցությունն էր Ռոբերտ Քոչարյանին, որքան էլ աներկբա էր, որքան էլ անվիճարկելի, մեղմ ասած՝ հանրությանը չէր համոզում ու չէր ամբողջացնում շղթան, և առավել էական էր թվում հոկտեմբերի 27-ի գործում Տիգրանի՝ առանցքային վկա լինելու հանգամանքը, առավել իշխող էր հերթով վերացվող վկաների շարքում նրա սպանությունը «տեղավորելու» տրամաբանությունը… 

Այլ կերպ ասած, որքան էլ դատարանը պնդեր, թե սպանության պատճառը Քոչարյանին պաշտպանելն էր, շատերը հակված էին  սա բացատրել Տիգրանի՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործների հետ առնչություններով: 

Արտաքուստ իրարամերժ այս վարկածներն իրականում միմյանց չէին հակասում և կարող էին զուգակցվել առանց հավելյալ փաստարկների, եթե չմոռանանք, որ Քոչարյանին պաշտպանողների պակաս չկար, և Տիգրանի փոխարեն դա կարող էր անել մեկ ուրիշը:

Ինչ էլ լիներ, Տիգրան Նաղդալյանի սպանությունն ահազանգ էր լրագրողական հանրությանը՝ անապահովության, անպաշտպանվածության մասին, այն մասին, որ երկրում եղանակ ստեղծելու հավակնություն ունեցող ինչ-որ մեկին խանգարողներից յուրաքանչյուրը կարող է հերթական ահաբեկչության զոհը դառնալ: Դա ոչ միայն օրվա իշխանությանն անմնացորդ ծառայող, թվում է՝ այս առումով ամենապաշտպանված լրագրողի սպանությունն էր, այլև ամենքին ուղղված հաղորդագրություն՝ խելոք մնալու պատվիրանով: 

Ինչպե՞ս պիտի այս ամենին արձագանքեր լրագրողական հանրությունը, տեսնելով, որ իր առջև կարմիր գծերը սահմանվում են կամ եթերազրկումով, կամ կրակոցով, կամ էլ առաջին հայացքից աներևույթ խոչընդոտներով ու զուգահեռաբար լրագրողի մասնագիտության վարկաբեկմանը միտված քարոզչությամբ՝ ոլորտը լիակատար վերահսկողության տակ առնելու նպատակով: Բնականաբար, պիտի փորձեր ինչ-որ կերպ հակազդել, հաջորդ պահին հասկանալով, որ չունի հակազդեցության լծակ: Առժամանակ պիտի շփոթված մնար անելիքի կարևորության գիտակցման ու անելիքի անհնարինության սահմանին… Լրագրողական պրոֆեսիոնալիզմը ամեն քայլափոխի հանդիպում էր կամայականության և երեսպաշտության ամրակուռ պատերին: Մամուլի համար իշխանական կուլիսներում սահմանվում էին հստակ կանոններ, գծվում էին սահմանները ոչ միայն յուրայինների և օտարների, այլև կարելիի ու մերժելիի, նպատակահարմարի ու անթույլատրելիի միջև: 

Տիգրան Նաղդալյանի սպանությանն, ի դեպ, նախորդել էր մահափորձը Մարկ Գրիգորյանի դեմ: 2002 թվականի հոկտեմբերի 23-ին «Հայկական ժամանակի» առաջին էջում կարդում ենք. «Երեկ երեկոյան, մոտավորապես ժամը 20.20-ի սահմանում, անհայտ անձը պայթուցիկ է նետել հայտնի լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանի ոտքերի տակ եւ փախել անհայտ ուղղությամբ: Տեղի ունեցած պայթյունի արդյունքում Գրիգորյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել»: 

Մարկ Գրիգորյանի վրա հարձակման մասին լուրը «Հայկական ժամանակ»-ում

Մարկ Գրիգորյանի նկատմամբ մահափորձի շարժառիթի երկու վարկած կա. մեկը կապված է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ նրա ահազանգի, իսկ մյուսը՝ հոկտեմբերի 27-ի հետ: ՀԺ-ի վերոհիշյալ հրապարակման մեջ ասվում է.  «Մեր այն հարցին, թե ինքը կատարվածի վերաբերյալ ինչ վարկած ունի, Մարկ Գրիգորյանը սենսացիոն պատասխան տվեց: Նա ասաց, որ Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ հոդված է պատրաստում: Այդ հոդվածը գրելու համար Գրիգորյանը հարցազրույց է ունեցել մի շարք քաղաքական գործիչների եւ իրազեկ անձանց հետ: Այսպիսով Գրիգորյանը մահափորձը կապում է հենց այս հոդվածի պատրաստման համար իր կատարած աշխատանքի  հետ»: 

Հանրությանը ցնցած այս երկու դեպքերը, նաև՝ դրանց նախորդած բռնությունները մի քանի հանրահայտ լրագրողների նկատմամբ (Արմեն Բաղդասարյան, Արամ Աբրահամյան, Հակոբ Ավետիքյան և այլք), կոնկրետ անձանց հետ հաշվեհարդար տեսնելու ակնառու օրինակներ լինելուց բացի՝ միանգամայն իրական սպառնալիք էին խոսքի ազատությանը: Եվ տրամաբանական էր, որ միջազգային համապատասխան կառույցները, լրագրողական տեղական կազմակերպություններն ու ակումբները դատապարտում էին այդ դեպքերը, փորձում զգաստացնել իշխանություններին, որոշակի համերաշխություն ապահովել լրագրողական միջավայրում: 2003-ի հունվարին էլ ստեղծվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը պիտի ի մի բերեր լրագրողների հանդեպ բռնությունների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների դեպքերը, իրականացներ խոսքի ազատության վիճակի մշտադիտարկում, հրապարակեր համապատասխան զեկույցներ, փորձելով գոնե ինչ-որ կերպ զսպել մամուլը կատարելապես ձեռնասուն դարձնելու սանձարձակ վարքը:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *