2021.10.26,

Քննադատ

Թքած ունեմ, ուրեմն հերոս եմ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կորոնավիրուսից մահվան դեպքերի կտրուկ ավելացումը (Հայաստանում օրական մոտավորապես 40 մարդու կյանք ավարտվում է վարակի ծանր հետևանքների պատճառով) չի նպաստում պատվաստումների աճին։ Մարդիկ մեծամասամբ թքած ունեն պատվաստումների վրա ու նույնիսկ հպարտանում են, որ թույլ չեն տալու իրենց մարմնի մեջ օտարածին նյութ ներարկել։

Ու թեև հակապատվաստումային ալիքը տարածված է ողջ աշխարհում ու ունի հետևորդների կայուն քանակ, սակայն Հայաստանում այն արմատական է թափանցած ու ստանում է ազգային-պատմական երանգ։ Այն բոլոր կարծրատիպերը, որոնց ականատեսն ենք հետսովետական շրջանում, կարելի է գտնել ժամանակակից հայ անտիվաքսերների պահվածքում։ 

Կարծրատիպ 1. Եթե պատվաստումը լավ բան լիներ, իշխանությունները այն չէին քարոզի

Սովետական շրջանը սովորեցրել էր, որ գրեթե ամեն ինչը ձևական է ու եթե կա պարտադրանք հետևել կանոններին, ապա դա պիտի անել միայն այն ժամանակ, երբ վերահսկող որևէ մարմին գալիս ու կանգնում է գլխիդ։ Այդ դեպքում կարելի է մի կերպ ու կարճ ժամանակով (մինչև այդ պարտադրողը հեռանա տեսադաշտից) ենթարկվել։

Եվ հիմա էլ նույն տրամաբանությամբ նորմալ է համարվում, որ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը, կոնտակտավոր անձ լինելու մասին հայտնելը կամ, ի վերջո, պատվաստվելու փաստաթուղթ ձեռք բերելը, ընդամենը ձևական մի բան են։ Կարելի է դիմակ կրել, բայց դա անել առաջին (ու վերջին) հերթին, եթե կա դա ստիպող մարմին կամ մարդ։ Ընդ որում՝ դիմակ կրում ենք հաճախ ցուցադրաբար ձևական՝ ծնոտից կախած կամ որպես ականջօղ։

Կարծես բոլորիս մեջ նստած է, որ կատարել իշխանությունների ասածը դա նույնն է, ինչ ստորանալ։ Պատվաստումները, ինչպեսև կառավարության որոշումները, պետք է շրջանցել, քանի որ ոչ ոք ոչ մի ժամանակներում չի կարող լուրջ ընդունել վերադասին։ Նրան կարելի է միայն խաբել, մոլորեցնել, կամ լավագույն դեպքում՝ արհամարհել։

Եթե խաբում ենք պետությանը, ուրեմն խելացի ենք, խիզախ ու արժանապատիվ։ Սա ևս սովետական կացութաձևի արտահայտում էր, որը խորացել է ներկայիս քաղաքական ընդդիմադիրների (և հատկապես նրանց պատկանող լրատվական միջոցների) ջանքերով։

Արդյունքում, շատերը պատրաստ են իսկական ստվերային շուկայի մաս դառնալ՝ պատվաստման վկայական գնելով, կաշառքով թեստերի կեղծ արդյունքներ ձեռք բերելով և այլն։ Դա համարվում է ավելի հարգելի պահվածք, քան խոնարհաբար պատվաստվելը։

Ու թքած, որ արդյունքում հարվածի տակ են դնում սեփական ու հարազատների առողջությունը։

Կարծրատիպ 2. Եթե պատերազմ է, ուրեմն կա թշնամի, այս դեպքում դա ոչ թե վարակն է, այլ պատվաստանյութը

Կա ռուսական ասացվածք՝ զրկվելով գլխից, չեն լացում մազերի կորուստը։ Հաճախ կարելի է լսել՝ մենք հողեր ու երիտասարդ կյանքեր ենք կորցրել, ի՞նչ դիմակ, ի՞նչ պատվաստում։

Կորստի վերապրումը ենթագիտակցորեն տարածվում է կենցաղում՝ դառնալով ավելի ուժեղ միավորող գործոն, քան հանրային պատասխանատվության գաղափարը։

Պատերազմի ժամանակ փրկակար միտքն այն էր, որ կյանքը շարունակվում է, անգամ երբ մեզ ուզում են ոչնչացնել։ Մենք պայքարում ենք ապրելով այնպես, ինչպես սովոր ենք ապրել՝ անդրդվելի ծիսակարգով։ Այդ նույն տրամաբանությունը հիմա կարծես տեղափոխվում ենք պատվաստումների դաշտ ու ստիպում ապրել այնպես, ինչպես միշտ ապրել ենք՝ չհանձնվելով։ Եվ ուրեմն պատվաստվելը դառնում է պարտության հոմանիշ։

Հայ-ադրբեջանական պատերազմը, որի հետքերն ու վերքերը շատ թարմ են, փոխակերպեց մեր առօրյան։ Ու թեև անտիվաքսերների վարքագիծը ուղիղ կապ չունի պատերազմի հետ, բայց պատերազմի անբավարար արդյունքը խթանում է ու սնում այն միտքը, որի հիմքում պայքարն է չարիքի դեմ։ 

Պատվաստումը չարիք համարելն ու դրա դիմաց պատնեշներ դնելը իռացիոնալ զգացողությունները ռացիոնալ դաշտ տեղափոխելու փորձ է։ Չպատվաստվելը շատերը համարում են դիմադրողի, ուժեղի, հաղթանակածի վարքագիծ։

Համավարակը անհասկանալի ու անժամկետ մի երևույթ է, իսկ պատվաստանյութը շատ ավելի հեշտ թիրախ է, քանի որ այն կոնկրետ է։ Պատերազմների ժամանակ էլ է այդպես՝ պիտի իմանաս հստակ թիրախը, որ կարողանաս պաշտպանվել։

Եվ տարօրինակորեն չարիքը դարձավ ոչ թե կորոնովիրուսը, այլ պատվաստումները՝ կորոնավիրուսի դեմ։

Հերոսություն է չնկատելը վտանգը, անտեսելն այն։ Կարելի է հիշել ժամանակին վարչապետի ասած՝ «վարակն ու՞մ շունն է, որ վախենանք» միտքը, որն իրականում հիմնված է խորքային ժողովրդական-բանահյուսական իղձերի վրա։ Վտանգը չնկատելը համարվում է խիզախություն ու ուժ։ Ու նաև գենդերային առանձնահատկություն։

Կարծրատիպ 3. Իսկական տղամարդը/կինը չեն պատվաստվում

Չպատվաստվողը ուժեղ է, իսկ պատվաստվածը՝ թույլ։ Այս միտքը շատ ամուր արմատներ ունի ու լավ աշխատում է նաև «ավանդական» համարվող սիմվոլների փնջում։ 

Պատահական չէ, որ մի քանի օր է սոցցանցային հայաստանյան հատվածը քննարկում է մի կնոջ գրառում՝ պատվաստված աղջկան հարս չտանելու մասին։ Որ մաքուրն ու ճիշտը չպատվաստված կինն է, որին կնության կառնեն, իսկ հակառակ դեպքում (պատվաստված) նա արդեն շանս չունի հայ «ավանդական» ընտանիքի մաս կազմել։ Այդ սյուռեալիստական միտքը լավ աշխատում է կուսության գործոնի հետ մեկ միֆում։ Չպատվաստվածը նույն կույսն է, որը ամուսնական շուկայում բարձր գին ունի։  

Իսկ իսկական տղամարդը չի պատվաստվի, քանի որ եթե պատվաստվում է, ուրեմն վախկոտ է, իսկ վախկոտ տղամարդը հայրենիքին պետք չէ։ 

Ընդ որում՝ վախկոտ տղամարդու կերպարին գումարվում են նաև առօրեական այն քայլերը, ըստ որոնց նա չպիտի ենթարկվի ցանկացած կանոնների։ Օրինակ, փողոցն անցի կանաչ լույսի տակ, հերթ պահի խանութում։ 

Այդ բոլոր խոսակցությունները լրատվական դաշտում ու սոցցանցերում շատ մեծ ծավալի էներգիա են խլում։ Ու եթե հարցնես՝ կլինի՞ պատվաստվես ու առաջ անցնես քեզ համար կարևոր գործերի, կարող ես ստանալ պատասխան, որ չպատվաստվելու հիմնավորումներ գտնելը հիմա ամենակարևոր գործն է։

Եվ ստացվում է, որ պատվաստվելուց հրաժարվելը ոչ թե պասիվ հարմարվողականություն է (իրավիճակը ինքն իրեն կկարգավորվի, շատ բան անել պետք չէ, միայն սպասել ու զգուշանալ), այլ՝ ակտիվ անգործություն։

Այդ ակտիվ անգործությունը միշտ որոնելու է ապացույցներ, որ չգործելու որոշումը միակ ճիշտն է։ Եվ գտնելու է այդ ապացույցները ամենուրեք ու մեծ ավյունով։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *