2021.10.01,

Քննադատ

Հարցեր չունե՞ք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պատերազմից մեկ տարի անց հարցերը (ուղղված պետությանը, տարբեր կառույցներին, միջազգային ատյաններին, ինքներս մեզ ու նաև Աստծուն/ճակատագրին) կարծես ավելի շատ են, քան մեկ տարի առաջ։ Ավելին՝ դրանք հիմա էլ սթափ ձևակերպում չեն ստանում, մնալով հուզական դաշտում ու դառնալով առիթ կամ պաթետիկ գրառումների, կամ կամային լռության։ 

Ինչու՞ այդպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, և ի՞նչ ենք անելու, երբ խուսափել չստացվեց։ Այս հարցերը այսպես թե այնպես անընդհատ մեր ուղեղում են, կարդացած տեքստերում ու հանրային խոսքում։

Հաճախ դառնալով բազմատեսակ մանիպուլյացիաների ու գեղեցիկ ձոների առիթ։ Ոչ ավելին։

Պարտությունը բարդ է տեղավորել ուղեղում։ Այն ավելի հեշտ է բացատրել բախտի, պատահականության կամ դավադրության գործոնով (հետևաբար նաև, վերածել բանաստեղծական ոճի տեքստերի կամ ապագայում ռևանշի հույսով կոչերի), այլ ոչ թե գնահատել տրամաբանությամբ։ 

Ոչ ոք չի ուզում լինել պարտված, բայց առաջ գնալու համար անհրաժեշտ է ընդունել պարտությունը ու վերլուծել այն։ Ու այդ դիրքից  ձևակերպել հարցեր, որոնց կօգնեն չխեղդվել պարտության գիտակցման մեջ։ Հակառակ դեպքում անընդհատ հայտնվելու ենք ինքնախաբեության շղթայում։ Իհարկե, դա ծեծված միտք է, բայց դրանից չի դադարում լինել ճիշտ։ 

Եվ երբ պատերազմի առաջին օրը ՀՀ վարչապետն ասում էր, որ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի» կամ մեկ տարի անց, Հայաստանի անկախության օրն իր ելույթում խառը մտքեր կառուցում, թե «հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն», նա միայն ամրամպնդում է այդ արատավոր շղթան։

Ինչ-որ արանքներ, լուսանցքներ, հռետորական հնարքներ գտնել, խուսափելու համար պարտության գիտակցումից, այևս չի ստացվի։ 

Դա միայն նպաստում է լարվածության ու անօգուտ ճիգերի ավելցուկին, էներգիայի փոշիացմանն ու մեդիա հարձակումներին, որոնք առաջին հերթին հենց քաղաքական հարձակումներ են, առանց արդյունավետության նշույլի (հո՞ չի ստացվի անընդտահ ասելով «դավաճան» ու «կապիտուլյանտ» որևէ լուրջ խոսույթ ակնկալել)։

Պարտությունը մնացել է որբ, քանի որ քաղաքական էլիտաները, հասարակական կազմակերպությունները, մասնագիտական համայնքները, անգամ սոցցանցերի բնակիչները գործնականում չեն ձևավորում կարևոր հարցեր։

Իսկ հարցերի հասցեատերերը լռում են։ 

Խորհրդարանն այս վերջին կազմով ընդհանրապես ընդունակ չէ ստանձնելու որևէ դեր, բացի թամաշայի դաշտ լինելուց (շշեր շպրտելուց ու գրոտեսկային մարտերի բռնվելուց՝ նույն մարդուն հազարերորդ անգամ նույն պաշտոնում առաջարկելով, մերժում ստանալով ու նորից առաջարկելով)։ 

ՀԿ-ները, որոնց ներկայացուցիչներից մի քանիսը 2018-ին դարձան իշխանություն, մեծամասամբ համակերպվել են այն մտքի հետ, որ իրենց հարցերն ու մտահոգությունները մնալու են անարձագանք։ Բավական է հիշել, թե ինչ հեշտությամբ իշխանությունները անտեսեցին վիրավորանքը քրեականացնող օրենքի դեմ ձայները, և շարունակում են անտեսել արդեն Freedom House-ի կոչը։

Հասկանալի է, որ հարցերը շատ են, որ հնարավոր չէ դրանք խլեցնել միայն ոգեշնչման կոչերով կամ դատարկ կենաց-ճառերով, թե ամեն ինչ լավ է լինելու։ Բանակը, սպառազինությունը, տնտեսությունը, դիվանագիտությունը, սահմանների պաշտպանությունը և այլ կարևոր ոլորտներ հռետորական հարցեր չեն սիրում։ 

Հռետորական հարցերը լրատվական դաշտում պաթոսը սարքում են մեյնսթրիմ ու ձախողում քննարկման փորձերը։

Ինֆորմացիան, իհարկե, կարող է իր մեջ կրել դարմանելու ֆունկցիա, լինել դեղահաբ՝ հանգստացնող ու թմբիրի մեջ գցող։ Բայց դա արդեն ինֆորմացիա չէ, այլ պրոպագանդա է։

Իսկ այն, թե ինչ ծանր հետք է թողնում պրոպագանդան, շատ լավ հիշեցնում է հենց պատերազմը, որն իր հետ բերեց սահմանափակումներ ինֆորմացիայի հետ աշխատող ոլորտներում, առաջին հերթին մեդիային։

Հիմա, երբ գլխավոր լուր է ՊՆ նախկին նախարարի կալանքը, մեծ է հավականությունը, որ այդ լուրը նույնպես դառնալու է կամ դարմանի, կամ չարախնդության առիթ։ 

Ի վերջո, տապալված որոշումների պատասխանատվությունը պարտություն չի դառնա, եթե տեր ունենա ու չմնա պետության արխիվում՝ որպես բեռ։

Լրատվական դաշտն, իհարկե, հիմնականում ձայն է տալիս հոգեցունչ բովանդակություն ստեղծողներին։ Անգամ մեծ լսարան ու ազդեցություն ունեցող լրատվամիջոցներն են կառչել պաթոսից ու դրա հովանոցի ներքի հավաքում ամեն մի հիմարություն, բամբասանք կամ հերթական «խոնարհման» ժանրի նյութ։ 

Թերևս իմաստ չունի խոսել Հանրային հեռուստատեսության մասին, որը որոշել է, որ հենց ինքն է դարմանը՝ թույլ տալով, որ քննադատական բովանդակության մենաշնորհը անցնի պղտոր ակունքներ ունեցող մեդիա միավորումներին։ 

Ձոնի ու զվարճանքի տարածք լինելու որոշումը ոչ մի դեպքում արդյունավետ չէ, և, ի վերջո, հանգեցրեց այն բանի, որ մեկ տարվա ընթացքում այդպես էլ Հանրայինի եթերից չհնչեցին ազդակներ՝ պարտված հանրությանը։ Ուժերի մոբիլիզացիայի ու կիրառման մասին ինֆորմացիան փոխարինվեց այն ենթատեքստով, որ պարտություն չկա, և կյանքը շարունակվում է նույն կետից, ինչ մինչ 2020-ի սեպտեմբերի 27-ն էր, պարզապես հույզեր են շատացել և այդ հույզերը հարկ է գեղեցիկ փաթեթավորել, ցանկալի է՝ բանաստեղծության, աղոթքի կամ մախթանքների ոճավորմամբ։

Եկեք խոստովանենք, որ դա շատ վտանգավոր մանիպուլյացիա է։

Թմբիրն ու աղոթքը նվազեցնում են մեր ինֆորմացիոն իմունիտետը՝ տեղ բացելով անպտուղ հույսերի ու փակուղի տանող ենթադրությունների համար։ 

Նաև այդ դիրքրոշման շնորհիվ է, որ աճում են պատերազմի թեմայով շահարկումները այն մեդիա հարթակներում, որոնք իրենց անվանում են ընդդիմադիր։ Նման գոհարներից է, օրինակ, այն լրատվական ալիքը, թե պատվաստվել կորոնավիրուսի դեմ չի կարելի է, քանի որ վաղը, նոր պատերազմի ժամանակ,  զինվորների համար պետք է հավաքել արյան բազա։ Մաքուր արյան, այլ ոչ թե պղծված։

Այն լրատվամիջոցները, որոնք հաճույքով կրկնում են «դավաճան» բառը, հազվադեպ են եզրակացնում, որ դավաճանությունը պետության հանդեպ առաջին հերթին կոռուպցիան է (այսինքն, չափելի ու հաշվարկելի մի բան), այլ ոչ թե վերացական ու տհաճ պիտակ։ 

Եվ հարցերը կոռուպցիոն գործարքների, գաղտնի պայմանավորվածությունների կամ տապալված որոշումների մասին հիմա լավ կլինի ազատել ավելորդ հուզական շղարշից։ Ընդունել, որ այդ հարցերը հռետորական չեն կարող լինել։

Մեդիան է ձևակերպում կարևոր հարցերը (և ոչ, ասենք ԱԱԾ-ն)։ 

Պետությունը հիմա սառել է՝ անգործունակ կեցվածքով, փորձելով անտեսել, որ հարցերի հասցետարերը ինքն է։

Եվ ոչ մի թիզ էլ առաջ չի շարժվի, եթե հարցեր տվող մեդիան շարունակի նույն երգը՝ «կապիտուլյանտ» կրկներգով ու Աստծոն (միջազգային ատյաններին, վերին արդարությանն ու մոլորակի խղճին) դիմելով։

Պետությունը այդ հարցերին ու պիտակներին  արդեն ընտելացել է, իմունիտետ ձեռք բերել։ Եվ արդյունքում, թուլացել։

Հարց տալն իրականում բարդ գործ է։ Հարց տալու համար պետք է լինել տեղեկացված, համատեքստին ծանոթ ու իրադարձությունների կապերը տեսնող։ Եվ դրանից հետո գրել, ասենք, չեղած ուղերձի ժանրում կարևոր նյութ կամ պատրաստել ասելիք ունեցող մարդկանց հետ հարցազրույցներ, ինչպես անում է «Սիվիլնեթը»։ Կամ «Հետքի» նման վերականգնել պատերազմի պատկերը՝ անընդհատ համալրվող նոր մանրամասներով։ Ու բարձրացնելով հարցերի որակը։

Մի քանի իրոք անկախ ու պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ փորձում են անել ողջ ոլորտի գործ։ Բայց նրանց ձայնը կորչում է պաթոսի ու դարման բովանդակության մեջ։ 

Իսկ մնացածները հարց չունե՞ն։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *