2021.06.22,

Քննադատ

Ագրեսիվ քարոզարշավների հակառակ էֆեկտը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արտահերթ ընտրությունները Հայաստանում ցույց տվեցին, թե որքան կարևոր է հաշվի առնել պարզ ճշմարտությունները։ Օրինակ, այն որ, եթե հանրապետության ղեկին կանգնել ուզող քաղաքական ուժն իր քարոզարշավը կառուցում է իր ընտրողին նվաստացնելու վրա, տապալվելու է։

Կարող ես սպառնալ նվաստացնել հակառակորդին, բայց ընտրողին՝ ոչ։

Որքան էլ փող, կապեր ու ներքին համոզմունք ունենաս, որ լավն ես, միակը ու փրկիչը, միևնույն է ստիպված ես խոսել ընտրողի հետ, լսել նրան ու թող վերամբարձ չհնչի՝ փորձել հասկանալ նրան։ 

Չես կարող վարել աբստրակտ քարոզարշավ՝ որակյալ տպագրված պաստառներով, ահարկու մեդիա գովաբանմամբ ու տարբեր տեղեկատվական նետումներով՝ երգիչների, նոմենկլատուրային մտավորականների, տասնյակ մեդիա ռեսուրսների ու սոցցանցային ինֆլյուենսերների ներգրավմամբ, եթե ընտրողին բանի տեղ չես դնում։ 

Ավելին, հանգիստ ես ընդունում, որ արդեն իսկ վերնախավի դիրքերում ես ու ընտրողը քեզ համար ցածրակարգ զանգված է, «ժեխ», «ոչխար», «նախիր», «բոմժ», «անհայրենիք», «բիոզանգված» և այլն։

Հունիսի 20-ի ընտրություններում «Հայաստան» դաշինքի ու ՔՊ-ի միջև ընտրությունը նման էր գոյամարտի, համենայնդեպս այդպես ընկալվեց ու տեղի ունեցավ այդ մեկնակետից։ Եվ, ի վերջո, երբ ընտրողը տեսավ, որ գոյամարտ է, ընտրեց ՔՊ-ին։

Ընտրեց անգամ այն պարագայում, երբ մի քանի օր առաջ նման ցանկություն չուներ (չէր կողմնորոշվել, Փաշինյանի հետ ապագա չէր տեսնում ու տառապում էր պատերազմում պարտության բեռից)։ 

Բայց եթե գոյամարտ է, միանում են հիմնական բնազդները։ Եվ առաջնային բնազդը վախն է։ Մարդիկ այնքան սարսափեցին այն մտքից, որ կարող են վերադառնալ կիսագողական-կիսասովետական օրենքներով մտածող նախկին քաղաքական ուժերը, որ իրենց ձայները բերեցին ու հանձնեցին Նիկոլ Փաշինյանին՝ կապույտ եզրագծով սկուտեղի վրա։ Զուգահեռաբար էլ զրկեցին ավելի փոքր քաղաքական ուժերին ԱԺ-ում հայտնվելու շանսից։ 

Հեղափոխությունը կիսատ թողած ուժի օգտին ամենից լավ աշխատեցին հենց նախկին ուժերը։ Թերևս հենց այն պատճառով, որ իրոք նախկին են ու ինչպես ասում էր դասականը՝ շատ են կտրված ժողովրդից ու տարիների ընթացքում տեղի ունեցած հակառակ սելեկցիան թույլ չտվեց նրանց սթափ գնահատել ներկան։ 

Ագրեսիվ քարոզարշավ

Այս քարոզարշավը ծայրահեղ ագրեսիվ էր թե՛ բառապաշարով, թե՛ մանիպուլյացիաների ծավալով, թե՛ մեդիա գրոհներով։ Եվ ինչպես ցանկացած ագրեսիվ դիրքավորում, այն ունեցավ հակառակ էֆեկտը։ Ինչ-որ պահից էսկալացիան այլևս զարգանալու տեղ չուներ, այնքան էր սրվել, որ հասավ իր պարզագույն դրսևորմանը՝ այո կամ ոչ։ 

«Այո» ասելը պատերազմում պարտված քաղաքական ուժին, նշանակում է, որ մեծ է քաղաքացիների ցանկությունը լսելի լինելու։ ՔՊ-ն առաջարկեց լսել, «Հայաստանը» դաշինքը՝ նման նպատակ չուներ։

Եվ նշանակություն չունի, որ երկու ուժերն էլ իրենց քարոզարշավը կառուցել էին ատելության վրա։ Կարևորը, որ մի ուժը ատելությունն ուղղում էր ընտրողի վրա, իր բոլոր մեդիա արբանյակներով տրանսլյացիա անելով, որ «ժեխ» է, «նախիր», «զոմբի», «ոչխար»։ Իսկ իրենք ուժեղ են, խելացի, սևազգեստ ու հարուստ, այսինքն, իրենց կարծիքով՝ էլիտա։ 

Նիկոլ Փաշինյանը ապրիլին գնաց Սյունիք, թուք ու մուր կերավ, ինչ ասես լսեց իր հասցեին ու հանկարծ պարզվեց, որ Սյունիքն իրեն է ընտրել։ Բայց դա իրականում ոչ թե հանկարծ էր, այլ բնական, քանի որ ընտրողի հետ խոսելու ու լսելու ամենաբարդ իրավիճակում անգամ՝ հիշողության մեջ մնում են խոսելու փորձերը։ Մարդիկ տեսան, որ իրենց լսում են (թե ինչ է լինելու հետո, այլ հարց է)։ 

Ոմանք կարող են դա համարել պոպուլիզմ, բայց այդպես են հաղթում բոլոր ընտրություններում, եթե դրանք ընտրություններ են, այլ ոչ թե իմիտացիա։ 

Փիառ

Հարցն այն է, թե ում հետ ես քեզ նույնացնում ու ում վրա խաղադրույթ դնում։ Օսլայված սպիտակ շապիկներով տղամարդիկ, որոնք հազիվ են ժպտում (չեկիստների ու «գողականների» համար ժպիտը թույլատրելի չէ), բայց շատ փող ունեն, դարձան «Հայաստան» դաշինքի կորիզը։ Նրանց միացավ ամենավարկաբեկված խավը՝ մտավորականներ կոչվողներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնք միշտ կախված են բարձր հովանավորողներից ու ցուցակներով են հանդես գալիս՝ համարակալած։

«Հայաստան» դաշինքի քարոզարշավի առանցքներից էր նաև լրագրողների աջակցությունը։ Եվ հենց լրագրողների, ոչ միայն նրանց ներկայացրած լրատվամիջոցների։ Շատ լրագրողներ առանց վարանելու իրենց պատերին (սոցցանցերի) գրում էին ժեխի, նախիրի, զոմբիների մասին այնպես, կարծես դա կանոն է։

Երևի երբեք նման ակտվիությամբ ու ջանասիրությամբ լրագրողները չեն նետվել պայքարի՝ ուռճացնելով ու ավելի սրելով քաղաքական ուժերի առանց այն էլ ատելությամբ լի խոսքը։ Անգամ տպավորություն էր, որ «Հայաստան» դաշինքի փիառի համար պատասխանատուները լրագրողների մրցավազք էին սկսել ու խոստացել պարգևատրել նրանց, ովքեր ավելի շատ, կոպիտ ու ճակատային կգովեն Ռոբերտ Քոչարյանին ու ավելի զզվելի ու տհաճ բառերով կբնութագրեն Նիկոլ Փաշինյանին։

Եվ լրագրողները մտան այդ պայքարի մեջ այնպիսի պատրաստակամությամբ, որ իրականում միայն խանգարեցին իրենց առաջնորդին։ 

Վստահաբար կարելի է ասել, որ եթե ընդդիմադիր լրատվամիջոցներն ավելի զուսպ լինեին ու յուրահատուկ բուֆերի դեր կատարեին նախկինների ու ներկայի միջև, լսարանը (քվեարկողը) հակված կլիներ ընտրելու ոչ թե պարտություն բերածին, այլ կայունություն խոստացողին։

Բայց մեդիա աջակցության աննախադեպ ծավալը հանգեցրեց հակառակ էֆեկտի։ 

Հետաքրքիր է, որ լրագրողները՝ լինելով բականին կախյալ ու ֆինանսապես ոչ շատ ապահով մարդիկ, արագորեն յուրացրեցին էլիտայի կեցվածքը։ Այդպես են աշխատում պրոպագանդիստները, բայց այդպես չի կարող աշխատել լրագրությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ լրագրությունը միշտ մարդու մասին է, կոպիտ ասած՝ «ժեխ»-ի, բոմժի, գյուղացու, գործազուրկի և այլն։ 

Էլիտայի մասին պատմող լրագրությունը ֆեյք է, թեև, իհարկե, երբ ֆեյքը շատ ես կրկնում, օրերից մի օր անկեղծորեն սկսում ես հավատալ դրան։ Հետն էլ ներկայանում որպես ճնշումների զոհ ու ազատ խոսքի համար նահատակվող։ 

Ակնհայտ քարոզ անող լրագրողներն ու տարատեսակ փորձագետները սոցցանցային աղմուկ ստեղծեցին մեկ նպատակով՝ ցույց տալու, որ շուտով կլինեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական վերնախավ։

Եվ դա նույնպես վախեցրեց ընտրողին, որին մեծ հաճույքով «զոմբի» անվանողները ընդհանրապես չեն ճանաչում։ 

«Քաղաքացիական պայմանագիրը» շատ բան է տանուլ տվել, բայց նորից է ընտրվել։ Եվ դա ահռելի կանխավճար է, որը հիմա պետք է ընդունել ավելի զուսպ, քան երբևէ։ Ուրախությունը՝ հաղթանակից ավելի տհաճ է, քան այն բառապաշարը, որով Նիկոլ Փաշինյանը ծուկաղը գցեց իր հակառոկորդներին։ (Նրա ընդդիմադիրներն ավելի ուշ փորձեցին նույն լեզվով ստանալ ժողովրդի համակրանքը, բայց բովանդակությունը դրանից չփոխվեց, իսկ Փաշինյանը ավելի լավ հռետոր է, անգամ հայհոյանքներում)։ 

Փիառի տեսակետից ոչ պակաս կարևոր է, թե ում հետ է իրեն նույնացնում ընտրողը։ Եվ այստեղ դասակարգային բաժանումը կարևոր է։ 

ՔՊ-ն պաստառներին հանգիստ կարող է գրել «Նիկոլ», իսկ «Հայաստան» դաշինքը չի կարող գրել «Ռոբերտ», քանի որ ժողովրդի համար նա երբեք չի եղել Ռոբերտ (միգուցե եղել է «Ռոբ», բայց դա պաստառացու գրառում դժվար դառնար, այն ավելի շուտ ասոցացվում է տեռորի հետ, ոչ թե մտերմության ու հավասար զրույցի)։

Բոլոր դեպքերում՝ վախի գործոնը ամենակարևորն էր այս ընտրություններում։ Ընդ որում՝ վախը նաև հենց այս մեդիատեռորից ու ֆեյք սոցհարցումներից։

Պատվերով հարցումների փակուղի

«Հայաստան» դաշինքը թե՛ մինչ քարոզարշավը, թե՛ քարոզարշավի ընթացքում անընդհատ լսարանի մոտ ստեղծում էր համոզմունք, որ ունի հսկայական աջակցություն թ՛ե հանրապետության ներսում, թե՛ Ռուսաստանում։ Այդ մասին անընդհատ թմբկահարում էր ընդդիմադիր մեդիան՝ վստահեցնելով, որ նրա հաղթանակն անխուսափելի է։

ՔՊ-ին առանձնապես շատ բան անել պետք չէր, ամեն ինչ արեցին նրա փոխարեն հակառակորդ ուժերը։

Երբ ընդդիմադիր լրատվամիջոցները օրը քսան անգամ ցուցադրում են թվեր ու հղում անում իրենց նախընտրած ուժի հաղթանակը ցույց տվող հարցումներին, դա վկայում է միայն մեկ բանի մասին՝ նրանք ուզում են այդպես լինի, բայց այդպես կարող է և չլինել։

Սովորոբար երբ հայտնի է, թե ինչպես է քվեարկելու մեծամասնությունը, ընտրողը կամ գերադասում է դառնալ մեծամասնություն կամ ընդհանրապես չքվեարկել։ 

2021-ին Հայաստանում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Սկսվեց քվեարկություն՝ ի հեճուկս իրեն առաջնորդ հռչակող ուժի։

Դեռ մի քանի ամիս առաջ պարզ էր, որ այս ընտրություններում ահռելի մեծ տոկոս են կազմում չկողմնորոշված քվեարկողները՝ 47%։ Այդ տոկոսը, ի վերջո, բաժին հասավ Փաշինյանին, նաև շնորհիվ մեդիայում տարածվող հարցումների՝ սոցիոլագիական ու լրագրողական։  

Հայաստանյան Գելափի արդյունքները առաջատար էին ցույց տալիս «Հայաստան» դաշինքը (Գելափի հեղինակությունը հիմա լուրջ հարցականի տակ է)։ 

Նույնը ուզում էին համոզել թեև անհայտ ու մշուշոտ, բայց մեդիայով լավ շրջանառվող այն հարցումները, որոնց արմատները Ռուսաստանում էին:

Օրինակ, որպես Քոչարյանի ղեկավարած դաշինքի հաղթանակի երաշխավորողներ՝ մեդիա խաղի մեջ մտան ռուսաստանցի պրոպագանդիստներ Արամ Գաբրիելյանովն ու Մարգարիտա Սիմոնյանը, պնդելով, որ ունեն ռուսական կառույցների էկզիթփոլերն ու Քոչարյանը առաջատար է։ Անգամ գուժել էին, որ լինելու են բախումներ ու բողոքներ, ու Մոսկվայից դա լավ երևում է։ 

Ակտիվ, շատ ակտիվ էին լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք համոզում էին նաև իրենց ռեպորտաժներում, որ Նիկոլը պարտվում է, իսկ Ռոբերտը՝ հաղթում։ Շատ էին վոքս պոպուլիները՝ փողոցային հարցումները, որոնք դա էին համոզում՝ անիծում էին Փաշինյանին ու գովում Քոչարյանին։

Այդ հարցումներն ունեցան վճռական նշանակություն։ Չկողմնորոշված մարդիկ գնացին քվեարկելու ընդդեմ «Հայաստան» դաշինքի, լավ հասկանալով, որ միակ հակաշիռը ՔՊ-ն է։

Պրոպագանդայի համար քանակը կարևոր է, լրագրության համար՝ կործանիչ։ Նույն բանը հարյուր անգամ ու տարբեր ձևերով կրկնելով, միայն վանում ես, ոչ թե գրավում։

Իսկ մեզ մոտ լրագրությունը պարտվեց պրոպագանդային։ Ընդ որում՝ դա առաջին հերթին նկատվեց Քոչարյանի օգտին աշխատող լրատվամիջոցների դեպքում, քանի որ դրանք շատ են։

Սոցիոլոգիական հարցումներն ու մեդիա աջակցությունը կարող են լինել ազդեցիկ, և դարձան ազդեցիկ, բայց հակառակ նշանով այն պատվիրած ուժի համար։

Եթե անկեղծ լինեքն, ապա ֆեյք հարցումներն ու մեդիա մանիպուլյացիաները նույնպես վկայում են այն մասին, որ քաղաքական ուժը չի ճանաչում ժողովրդին և չի թաքցնում իր քամահրական վերաբերմունքը լսարանի/ընտրողի նկատմամբ։ Եվ նրանց համար ավելի հեշտ է ոչ թե իրական հարցում պատվիրել, այլ նկարել սրտի ուզածը։

Իսկ իշխող քաղաքական ուժը, որի պատճառով տեղի ունեցան ընտրությունները, ստացավ ձայների մեծամասնությունն ու երկրորդ շանս՝ վախի գործոնը փոխարինելու համերաշխ համագործակցությամբ։

Իրականում ժամանակը հիմա ամենավախենալու գործոնն է։ Այդ թվում նաև՝ հասկանալու, թե ինչպես գոյացան քվեները։ Երրորդ շանս ոչ մեկին չի տրվում։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *