2021.06.15,

Քննադատ

Անկում․ նախընտրական մտորումներ հետընտրականի մասին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ընտրություններին մնացել է մի քանի օր։ Թե ինչ արդյունք կունենան դրանք, երևի ոչ ոք տվյալ պահին հարյուր տոկոսով կանխատեսել չի կարող։ Էլ ավելի բարդ է կանխատեսել, թե ինչ կլինի հունիսի քսանից հետո։ Սակայն, արդեն ինչ-որ բաներ ակներև փոխվել են հենց շնորիվ ընտրությունների։ Եվ դեռ շատ բան կփոխվի։ Հենց դրանց մասին ուզում եմ խոսել։ Եվ ավելի շուտ որպես հասարակ քաղաքացի, որն այս ամենը տեսնում է։ Ավելին, այս ամեն մեջ մինչև կոկորդն ընկղմված է։ 

Ժանտախտ

Երբեք մեդիան այսքան ներգրավված չի եղել  քաղաքական գործընթացների մեջ որպես կողմ։

Ավելին, որպես հակամարտության կողմ։ 

Նման իրավիճակ էր 2007-ի աշնանից մինչև 2008-ի գարուն։ Այսօր տարբերությունն այն է, որ լրագրողներից շատերը ոչ թե սպասարկում են հակամարտության կողմերին, այլ իրենք են հանդիսանում առաջամարտիկ։ 

Նկատվում է ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, վերևից չթելադրված ագրեսիա։ 

Ավելի վատ բան ասեմ․ քաղաքական գործիչների վարվելակերպն է լրագրողական՝ վատ իմաստով։ Լաչառության հեռարձակումն է ինքնուրույն սկզբունքն ու վարվելագիծը։ 

Դեղին մամուլի աշխատաոճը դարձել է հիմնական քաղաքական Modus Operandi: Դուք կասեք՝ սա անդուր է, բայց դե․․․ Իսկ ես կասեմ, որ սա վտանգավոր է։ Շատ վտանգավոր։ 

Մամուլի հնարավոր բացասական ազդեցությունը հաճախ թերագնահատվում է։ Բերեմ մի վառ օրինակ։ Ռուանդայի ցեղասպանությունից հետո առանձին ուշադրության արժանացավ «Հազար բլուրների ռադիո» անվանում ունեցող ռադիոկայանը, որը ջարդերի օրերին շատ ակտիվորեն տարածում էր ատելության խոսք։ Տնտեսագետ Դեյվիդ Յանագիզավա-Դրոթը մաթեմատիկորեն ապացուցեց, որ սպանություններն ավելի զանգվածային են եղել այն տարածքներում, որտեղ այդ ռադիոկայանն ունեցել է ավելի լայն ծածկույթ։ Ցանկացողները կարող են կարդալ տվյալ հոդվածը։ 

Հիմա ծածկույթի խնդիր չկա էլ։ Ինչը մարդիկ չեն տեսնի Ֆեյսբուքի լայվով, հետո իրենց կհասցնեն ԹիքԹոքով։ 

Ունենք քաղաքական գործիչներ, որոնք դարձել են վատ լրագրողներ։ Ունենք վատ լրագրողներ, որոնք դարձել են էլ ավելի վատ քաղաքական գործիչներ։ 

Եվ բոլորը թևերը քշտած անում են «Հազար բլուրների ռադիո»-ի գործը։ 

Օտարը

Երբեք մենք այսքան շատ չենք տրվել օտար աղբյուրներին։ «Օտար» ասելով՝ նկատի ունեմ բառիս բուն իմաստը․ օտար երկրների, օտար աշխարհքաղաքական շահերը հետապնդող ուժերի, օտար քաղաքական գործիչների, այլ երկների նախագահների ու վարչապետերի և այլն, և այլն, և այլն։ 

Այնպես չէ, որ մինչ այս օրը մենք հեռու էինք զանազան օտարերկրյա հեռուստաալիքներից կամ բազմապիսի փորձագետներից։ Բայց հիմա գլխներիս վրա դրած ման ենք ածում ադրբեջանական լրագրողներից սկսած, ինչ-որ մանրապճեղ ու տափակ տելեգրամյան ալիքների ադմիններով վերջացրած։ 

Ու այս ամենը շատերիս դուր է գալիս։ Զուտ այն պատճառով, որ սրանք մեր ուզածն են ասում գրում, բարբաջում։ 

Վատ բան ասեմ․ հետո շատ բարդ է լինելու գլխներիս վրայից սրանց հանելը։ Տիզը որ տիզ է, գոնե արյունը խմելուց հետո վայր է ընկնում։ Սրանք տիզ չեն։ 

Առաջին մարդը

Բարդ է ասել, թե երբ է սկսվել այս ամենը։ Հնարավոր չէ մատնանշել այն առաջին մարդուն, որից սկսվեց ապատեղեկատվության, մանիպուլյացիաների, ատելության խոսքի այս ալիքը։ Ալիլքն էլ չէ, ցունամի։ Սա սկսեց շատ վաղուց և քայլ առ քայլ։ Մերթընդմերթ։ 

Խնդիրն այն է, որ չի երևում, չի էլ նշմարվում այն մարդը, որը կկարողանա այս ամենի վերջը տալ։ 

Քաղաքական էլիտան անկում է ապրել շրիշակից ցածր մակարդակի։ Մեդիան այս ամենը մուլտիպլիկացնում է դրայվով, ստեղծում ալիքներ, տարածում հազար բլուրներով։ Հետո քաղաքական վերնախավը գնում է հաջորդ պտույտի, ընկնում ավելի ցածր։ Եվ այլն, և այլն։ Եվ այսպես շարունակ։

Անդու՞ր է այս ամենը։ Անկասկած։ Բայց դեռ անդուր է։ Իսկ հետագայում, եթե անկման գործընթացը չավարտվի, իրավիճակը կարող է հանգել իր տրամաբանական ավարտին, որի անունը քաղաքացիական պատերազմ է։ 

Ու մեդիան այս ամենը սնում է։ Ժամանակին դա մաթեմատիկորեն ապացուցել է տնտեսագետ Դեյվիդ Յանագիզավա-Դրոթը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *