2021.04.22,

Քննադատ

Խոսքը և լռությունը Արցախյան I և II պատերազմների մեդիայում-10

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ո՞վ պետք է … չափ դնի խոսքին և լռությանը։
Մովսես Խորենացի

Գ. Մտավորականության խոսույթները 

«Գոլոս Արմենիի» հրապարակումներից մեկը վերնագրված է «Սպիտակուցային քաղցը կենսաբանական ցեղասպանության ահեղ ախտանիշ է»։ Թերթը մեջբերում է Հայաստանի ագրարային-ժողովրդավարական կուսակցության «նորաստեղծ վերլուծական կենտրոնի» հետազոտության տվյալները՝ թերսնման նվազագույն շեմի վերաբերյալ, որը հասցնում է մահվան։ Արդեն 1994-ն էր, հետին թվով կարելի է հանգիստ լինել, որ դա ժողովրդի հանդեպ իշխանության քաղաքականությունը չէր, քանի որ պարենային ճգնաժամը շուտով հաղթահարվեց, բայց Արցախյան I պատերազմի մեդիան հաճախ էր հղում անում անցյալ դարասկզբի ողբերգությանը, որպեսզի ահազանգի՝ մեզ սպասվում է նոր

Ցեղասպանություն

«Խաղաղության» խոսույթին նվիրված շարքում արդեն հիշատակել եմ Կտրիճ Սարդարյանի «Եթե չսթափվենք այսօր, դարը կփակենք այնպես, ինչպես սկսել ենք» («Հայք», 1991, նոյեմբեր) հոդվածը, որը կոչ էր անում «օր առաջ գնալ Բաքու»։ Մամուլի նրա ընդդիմախոսները հիշեցնում էին, որ 1908 թ.-ին Դաշնակցությունը համագործակցել է թուրքերի հետ, բայց դա չի կանխել Ցեղասպանությունը։

Ըստ էության, նոր ցեղասպանության վտանգը դարձել էր ներքաղաքական հակառակորդներին ճնշելու գործիք, իսկ Հայաստանի քաղաքացին դժվար դրության մեջ էր հայտնվում՝ խոշոր քաղաքական ուժերի մեծ մասի տեսակետին չհամաձայնելու դեպքում։  

Մեր պատմագիտությունը կոտորած է կոչում մինչև 1915-ը հայ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված արյունալի հարձակումները, որոնց զոհ են գնացել հարյուր հազարավոր մարդիկ։

1988-ից սկսած նույնպես եղան նման հարձակումներ։ Զոհերի թիվը մի քանի տասնյակ կամ հարյուր էր, բայց մամուլում դեպքերը ցեղասպանություն կոչելու միտում առաջացավ, որը շարունակվում է առ այսօր։ Դա վերաբերում է Սումգայիթի, Բաքվի ջարդերին, 1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղ ադրբեջանական զինուժի ու ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների ներխուժմանը։ Սա մի կողմից զգացմունքային մոտեցում էր, մյուս կողմից ուներ քարոզչական թիրախներ՝ ի դեմ միջազգային հանրության։  

Երբ 1992-ին հայկական ուժերը գրավեցին Խոջալուն, շատ զոհեր եղան ադրբեջանցի քաղաքացիական բնակչությունից։ Հայկական աղբյուրների համաձայն, հայ կամավորականները զգուշացրել էին բնակչությանն ու միջանցք թողել, ինչը հաստատել է նաև այդ պահին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը։

Բայց ընդօրինակելով հայկական լոբբիստական պայքարը՝ Ադրբեջանը Խոջալուի սպանված բնակիչներին ցեղասպանության զոհ ճանաչելու աշխատանք ծավալեց։ Արդյունքում հինգ պետություն և ԱՄՆ 19 նահանգ ճանաչել են Խոջալուի իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Այս մասին իր լսարանին չի իրազեկում հայկական մեդիան, լռում է Վիքիպեդիան։

Հայկական մամուլում հատուկենտ են նաև մարտի 31-ի՝ որպես «Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» հիշատակությունները, որը 1998-ին հայտարարել է Հեյդար Ալիևը։ Ըստ տարբեր աղբյուրների, 3000-ից մինչև 50.000 մուսուլման է կոտորվել 1918-ին՝ Բաքվի կոմունայի կազմավորման շրջանում։ Իսկ Կոմունայի զինված ուժերի մեծամասնությունը Առաջին աշխարհամարտի Արևմտյան ճակատից Հայաստան վերադարձող հայ զինվորներն էին և դաշնակցական գումարտակներ։  

Այս բոլորը կարևոր է իմանալ, որպեսզի Հայաստանի քաղաքացին պատկերացում ունենա, թե ինչ հենքի վրա են ձևավորվում ադրբեջանցիների զգացումները դեպի հայերը, և որքանով են դրանք անցողիկ։ Որպեսզի նաև մտավորականները տեղյակ լինեն, թե քաղաքակիրթ երկրները… կամ նրանցից «որոշները» «44-օրյա պատերազմի» ինչպիսի պատմական հետնանկար կարող են տեսնել։

Արցախյան II պատերազմի մեդիայում ցեղասպանության խոսույթը ծագեց առաջին օրերից։ Սեպտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հազարամյա կռվի մի հերթական հանգրվան» կոչեց Ադրբեջանի հարձակումը։ Այստեղ արդեն կա ենթատեքստ, որ «կռիվը» թուրքերի դեմ է՝ Ադրբեջանը երբևէ «հազարամյա» չի ընկալվել հայկական հանրային գիտակցության, պատմական գրականության մեջ։ Իսկ հոկտեմբերի 2-ին «The Globe and Mail»-ին տված հարցազրույցում Փաշինյանը ուղղակիորեն շեշտեց, որ «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը», հաջորդ օրվա իր ուղերձում զարգացնելով այդ թեզը. «Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր»:

Ճիշտ է Փաշինյանը կարևոր վերապահում է անում՝ «Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլեւս հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին, Դեր Զորի ճամփորդը չէ», բայց, ազդանշանը կարծես տրվել էր։ Մեդիայում ցեղասպանության սպառնալիքը պարբերաբար արծարծեցին հանրային դեմքերը, ինչպես, օրինակ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը.

«Երբ պատերազմը նոր էր սկսվել, ես ասում էի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է ոչ միայն Արցախը գրավել ու Արցախի հայությանը ցեղասպանության մատնել, այլև թուլացնել Հայաստանը և շարունակել ցեղասպանության քաղաքականությունը»։

Արցախի հայերի ցեղասպանության վտանգի մասին ահազանգեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը։

Այս հայտարարությունները թերևս նպատակ ունեին՝

ա. պատերազմին Թուրքիայի մասնակցությունը զսպելու,

բ. միջազգայնորեն հայտնի ոճրագործությունը որպես հայկական կողմի արդարացիության կռվան օգտագործելու։

Առաջինը տեղի չունեցավ, երկրորդը նպատակային առանձին ուսումնասիրություն է պահանջում։ Բայց կարծում եմ ներքին լսարանի համար ցեղասպանության խոսույթի վերարծարծումը վտանգավոր էր, առնվազն՝ անարդյունավետ։ Քանի որ կոտորած չէր, այլ պատերազմ, որին իսկապես մասնակցում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», զինվորները, որոնք, որպես կանոն, չպոռոտախոսեցին և խուճապ չտարածեցին։

Արդյոք «ցեղասպանություն» եզրույթը մարտական գործողությունների ընթացքում ընկճող չէ՞ր ավելի, քան քաջալերող, արտագաղթի տրամադրություններն էլ, որոնցով մտահոգվում է այսօր մեդիան, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված չե՞ն երկրի բնակչության ամբողջական բնաջնջման այսպիսի սպառնալիքների տարածմամբ։ Մանավանդ որ դրանց գումարվում էին դավաճանների, օտարերկրյա գործակալների թեմայով մեծաթիվ հրապարակումները։

Այս հետազոտության ընթացքում վերջին տեսակի նյութերի ստվար թղթապանակ հավաքվեց։ Որպես բացառություն իմ լրագրողական գործունեության մեջ՝ որոշեցի զերծ մնալ դրանց անդրադառնալուց, որպեսզի ևս մեկ անգամ շրջանառության մեջ չվերադարձնեմ Արցախյան I պատերազմի ընթացքում հնչած մեղադրանքները և II-ի մեդիադաշտում ակամա չթեժացնեմ տեղի ունեցող հաշվեհարդարները։

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *