2020.09.12,

Քննադատ

Լրագրության անցյալից. բարև և հրաժեշտ «Հայլուրին»

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

98-ի իշխանափոխությունից հետո գործընկերներիցս շատերը գրեթե ցնծությամբ ընդունեցին «Հայլուրը» վերակենդանացնելու լուրը: 

Ավագ և միջին սերունդը հավանաբար հիշում են, որ անկախ Հայաստանի լրատվական դաշտի առաջին սկանդալներից մեկը կապված էր հենց  «Հայլուր» անվանումով գործակալության հետ. 90-ականների սկզբին «Հայլուրը» Պետական հեռուստաընկերությամբ (այն ժամանակ Հ1-ը այդպես էր կոչվում) հեռարձակվող այլընտրանքային լրատվական թողարկում էր, որի մի ռեպորտաժը ցնցեց հանրապետությունը: 

Այդ ռեպորտաժում Հ1-ի հանրածանոթ մեկնաբանը դեմքի գրեթե ողբերգական արտահայտությամբ գուժում էր, թե ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել ու քաշվել Սևանա թերակղզի: 

Ամենքը, բացառությամբ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի և ոչ այնքան մեծաթիվ ողջամիտ մարդկանց, սա լուրջ էին ընդունել՝ հասարակության մեջ դեռևս պատկառանք կար հեռուստատեսության, թերթերի, առհասարակ լրագրության ու լրագրողների հանդեպ… Սկսվեց խայտառակ մի իրարանցում: Դա պատերազմի թեժ շրջանն էր, երբ նույնիսկ Երևանում զինված մարդ տեսնելը սովորական բան էր… Այդ ռեպորտաժից հետո, ահա, բազմաթիվ զինված մարդիկ թափվեցին փողոցները, ոմանք՝ պաշտպանելու և վերադարձնելու նախագահին, ոմանք՝ երկիրը անտեր չթողնելու, ոմանք էլ՝ պարզապես խառնաշփոթից օգտվելու: 

Իրավիճակը հաջողվեց լիցքաթափել մեծ ջանքերով: «Հայլուրը» փակվեց: Սաստիկ ազատամիտներն ու ազատատենչները դա անմիջապես որակեցին որպես խոսքի ազատության ճնշում և բռնապետության հաստատման փորձ:

…Եվ ահա, Քոչարյանի գալով, ըստ գործընկերներիս պատկերացումների՝ իրենց վերադարձվեց խոսքի ազատությունը. «Հայլուրը» ոչ միայն վերաբացվեց, այլև դարձավ  հիմա էլ Ազգային վերանվանված հեռուստատեսության գլխավոր ու միակ լրատվական թողարկումը, հիմա արդեն՝ միանգամայն լուրջ ու ծանրակշիռ, առանց չարաճճիությունների: 

Մինչև «Առավոտից» հեռանալը՝ 98-ի վերջերին, առաջարկություն ստացա աշխատել վերաբացված «Հայլուրում» որպես խմբագիր: Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն էր նշանակվել Տիգրան Նաղդալյանը, որը եղել էր հին «Հայլուրի» մեկնաբան, ապա ղեկավարը, և «Կայմ» հեռուստաընկերությունն էլ, որի գլխավոր խմբագիրն էր, 97-98-ին հանգրվանել էր Մամուլի շենքի նույն 15-րդ հարկում՝ «Առավոտի» հարևանությամբ: 

Առաջարկությունն ինչ-որ չափով անսպասելի էր: Տիգրանը և «Հայլուրի» նոր տնօրեն Արմեն Արզումանյանը նպատակադրվել էին լրատվական ծրագիրը թողարկել շուրջօրյա: Գեղարվեստական ղեկավար էր նշանակվել ռեժիսոր, օպերատոր, իմ ընկեր Գագիկ Սիմոնյանը, որը ստանձնել էր ինձ համոզելու առաքելությունը:

Նրանք հասկանում էին, որ ոչ մի կերպ չէին կարող ինձ պոկել «Առավոտից», և ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց համատեղել «Առավոտն» ու «Հայլուրը»: Տիգրանը խոստացավ ապահովել լիակատար ստեղծագործական ազատություն: 

Կարճ ժամանակ անց տեղի ունեցավ այն, ինչի մասին գրել եմ նախորդ հոդվածում՝ հեռացա «Առավոտից»: Շատ սահուն եղավ այս մի փոփոխությունը՝ մինչև հեռանալը փաստորեն արդեն հայտնվել էի նոր տեղում: 

Օրերի ընթացքում կարողացանք սուղ ռեսուրսներով առաջին եթերը ապահովել ժամը 13-ին: Առավոտյան տեղի ունեցած և օրվա ընթացքում սպասվող իրադարձությունների մասին սյուժեները օպերատիվ էին, դինամիկ, հետաքրքիր: Պակասը լրացվում էր միջազգային ամենաթարմ ինֆորմացիայով: 

Հետագա թողարկումները, բնականաբար, առավել հագեցած էին: Հին ինֆորմացիան չէր մնում եթերում: Ռեպորտաժները խմբագրում էինք երկուսով՝ մյուս խմբագիրը Բաղդասար Մհերյանն էր: Լրագրողների տեքստերը խմբագրում էի իրենց ներկայությամբ, հաճախ նաև նրանց տեսանյութերի մոնտաժմանն էի մասնակցում Գագիկի հետ: 

Գրեթե բոլոր լրագրողների հետ փոխըմբռնումը կատարյալ էր՝ մենք, կարելի է ասել, հայտնվել էինք ստեղծագործական էյֆորիայի մեջ, որքանով դա հնարավոր է լրագրության մեջ: Այս ամենից բացի գրում էի նաև եթեր մտնող մեկնաբանի հակիրճ, տրամաբանական անցումներով տեքստերը, որոնք զերծ պիտի լինեին ավելորդ բառից, սխալ շեշտից, անգամ մեկնաբանների դեմքի արտահայտությունն էի երբեմն «խմբագրում»՝ բնականությունն ու անմիջականությունը չկորցնելու, հեռուստադիտողին չխրտնեցնելու և նրա համակրանքը վայելելու համար:

Շուրջ երեք ամիս՝ 98-ի վերջին ու 99-ի սկզբին, «Հայլուրը» պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշ էր հայկական եթերում: 

Բայց ամեն ինչ չէր կարող իդեալական լինել, և գերկարճ այդ ժամանակահատվածում տեղի ունեցած ցնցումները սրբագրումներ պիտի մտցնեին նաև մեր աշխատանքի մեջ: 

Խոսքը իշխանական վերնախավում միմյանց հաջորդած  ցնցումների մասին է: Դրանցից մեկը 98-ի դեկտեմբերին Պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խոռխոռունու սպանությունն էր, մյուսը՝ երկու ամիս անց՝ 99-ի փետրվարի 9-ին, Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունը, որը անհապաղ որակվեց ինքնասպանություն…  

Այս սպանությունները մեծ իրարանցում առաջացրին հատկապես ուժային կառույցներում: Զինված ուժերի հրամկազմը հանդես եկավ ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Աննկուն նախարարը, սակայն, ոչ միայն  հրաժարական չտվեց, այլև Հ1-ի եթերում հանդես եկավ հայտարարություն-աչքալուսանքով, թե շուտով աշխարհը ցնցվելու է դարի հայտնագործությունից, որի շնորհիվ Հայաստանը դառնալու է հարուստ ու բարեկեցիկ երկիր… Նկատի ուներ «Արմենիկում» անվանումն ստացած դեղամիջոցը, որը իբր բուժում է ՍՊԻԴ-ը: 

«Արմենիկումի» բլեֆը շատերին էր հիմարացնելու երկար ժամանակ, ստվերելով  տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Ողջամիտ մարդիկ, սակայն, քմծիծաղով էին վերաբերվում այս գավառական հնարամտությանը, որը եկել էր քողարկելու մեկ այլ հնարամտություն՝ միմյանց հաջորդած երկու մահացու կրակոցով ինքնասպան լինելու հնարավորությունը… Արծրուն Մարգարյանն, ի դեպ, դրանից ավելի քան մեկ տարի առաջ խորհրդավոր փորձության էր ենթարկվել ու ողջ մնացել՝ չգիտես ինչու կրակել էր իր ոտքերին, և «ինքնասպանության» փորձը ձախողվել էր: Այս անգամ, սակայն, նա կրակել էր իր սրտին ու գլխին, ասես վաղօրոք «ապահովագրվելով», որ հանկարծ ողջ մնալու տարբերակ չունենա: 

Ես չէի կարող բացահայտ անհեթեթություն սփռել եթերում, և եթերում հնչեց այդ վարկածի հավաստիությունը հեգնող տեքստ… Քանի դեռ «Հայլուրը» վերելքի մեջ էր, քանի դեռ ոչ ոք չէր կարող պրոֆեսիոնալ դաշտում խոցելի կետեր գտնել՝ ես ոչնչով կաշկանդված չէի: Բայց մի կետում, այնուամենայնիվ, վրիպեցի. ես չհաշվարկեցի, որ Արծրուն Մարգարյանի սպանության պաշտոնական վարկածը ներկայացնող ռեպորտաժի խմբագրումը կարող է անհետևանք չանցնել, թեև գոնե առժամանակ դա չնկատելու տրվեց՝ ոչ ոք յուղ չլցրեց կրակի վրա: Ըստ երևույթին Հ1-ի գրաքննիչները կամ ամենանախանձախնդիր հեռուստադիտողները խորը շունչ էին քաշել ու կուլ տվել հեգնանքը, մինչև որ բթանար զգոնությունս: 

Հ1-ում աշխատելու խիստ կարճ, բայց գերհագեցած ժամանակահատվածում ոչ մեկի հետ որևէ կոնֆլիկտ չեղավ, անգամ տարաձայնություն գրեթե չեղավ: Բացառություն էր թերևս մեկնաբանի համար գրածս մի դարձվածք, որը չգիտեմ ինչպես հասցրել էին Տիգրան Նաղդալյանին, և նա շտապ եկավ ստուդիա ու դեմքի մեղմ արտահայտությամբ պարզապես խնդրեց հանել այդ դարձվածքը, պատճառաբանելով, թե խայթոց կա դրա մեջ, չարժե եթերում հեգնել մարդկանց (կանցնի շատ կարճ ժամանակ, և «Հայլուրը» կդառնա իշխանության համար անցանկալի գործիչների հասցեին անձնական վիրավորանքներ և ամբաստանություններ սփռող բարոյական ոչնչացման զենք): 

Մյուսը, որ տհաճ նստվածք թողեց, թռուցիկ զրույցն էր Ազգային ժողովում «Հայլուրի» թղթակից Տիգրան Նազարյանի հետ: Նա գալիս էր վերջին պահին, եթերից մի քանի րոպե առաջ, անմիջապես խուժում ձայնագրման ստուդիա և իր երգեցիկ ելևէջներով դայլայլում. «Այսօ՞ր Ազգայի՞ն ժողովո՞ւմ…»: Ձայնագրվում էր մի թափից, կադրերը մոնտաժվում էին աներևակայելի արագությամբ, և ռեպորտաժը պատրաստ էր: Մի օր ասացի՝ Տիգրան, միակ լրագրողն ես, որի տեքստը չեմ կարդում ձայնագրվելուց առաջ, լավ կլինի՝ մի հինգ րոպե շուտ գաս ԱԺ-ից: Տարակուսած նայեց դեմքիս, բացատրեցի, որ տեքստերը խմբագրելը իմ գործն է, լավ կլինի՝ իր տեքստերը ևս խմբագրվեն, քանի որ դրա կարիքն իսկապես լինում է: Նա չառարկեց, բայց նաև կարծես չոգևորվեց իր համար շատ տարօրինակ իմ առաջարկից:

Ո՞վ իմանար, որ դա իմ առաջին ու վերջին շփումն էր լինելու մոտ ինն ամիս անց տեղի ունենալիք հոկտեմբերի 27-ի ահաբեկչության առանցքային վկայի՝ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպայի հետ:

…Օրեր անց Գագիկ Սիմոնյանը լայն ժպիտով դիմավորեց ինձ Նորքի բարձունքում՝ Հ1-ի  գաղջ ու սովետահոտ միջանցքում, առաջարկեց միանգամից իջնել բուֆետ, որտեղ ավետեց՝ աչքդ լույս, գնում ենք արձակուրդ: 

«Ինչ արձակուրդ,- շշմեցի,- ինչի՞ համար»: «Չեմ կարող ասել,- ծիծաղեց,- բայց, իմ կարծիքով՝ չվերադառնալու պայմանով»: 

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *