2018.09.24,

Քննադատ

Ընտրություններ, որոնց մասին գրելու բան չկա

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ էին, բայց ոչ արտառոց: Անգամ կարելի է ասել, անհետաքրքիր էին, քանի որ չկային ցնցումներ, բախումներ, լարված իրավիճակ, զանգվածային կեղծիքների համար մեղադրանքներ ու ավանդապես ընտրությունները ուղեկցող լրագրողների աշխատանքի խոչընդոտումներ:

Լրահոսում չօգտագործվեցին նաև նախկինում սովորական դարձած բառերը՝ լցոնումներ, կարուսել, ընտրակաշառք, գազելներով մարդիկ, տասովշիկներ և այլն:

Լրագրողները մարտի դաշտում ու դեպքերի առաջնագծում չէին, քանի որ ինքնին առաջնագիծ ու ռազմաճակատ չկար: Հետևաբար չկար նաև թեժ ու օպերատիվ ինֆորմացիա՝ տարբեր տեսակի խախտումների, ծեծկռտուքի, կասկածելի տղամարդկանց խմբերի ու անհապաղ միջամտություն պահանջող իրադարձությունների մասին:

Ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր, անգամ՝ ձանձրալի, և մեկ քաղաքական ուժի ակնհայտ առաջատար դիրքը չհամարվեց տարօրինակ:

Արտառոցը թերևս ընտրատեղամասերի մոտ հավաքվող մարդկանց սակավությունն էր:

Նախկինում ընտրությունների բնապատկերի անբաժան մասն էին սևազգեստ կամ սպորտային հագուստով երիտասարդների կուտակումները, նրանց ելումուտը ընտրատեղամաս ու լուրջ դեմքով «հարց լուծելու» պատրաստակամությունը: Հիմա այդ նույն մարդիկ ընտրատեղամասամերձ տարածքում խաղաղ ու նրբանկատ խաղում էին նարդի կամ թղթախաղ: Անելու այլ բան չունեին:

Մեծ հաշվով անելու բան չունեին նաև լրագրողները: Նրանց հաղորդած տեղեկությունը նույնքան արդիական էր, որքան հաշվառող կամ վիճակագրությամբ զբաղվող ցանկացած այլ մասնագետների գործը: Թվեր ու տոկոսներ էին պետք, իսկ դրանք հրապարակելը լրագրողների մենաշնորհը չէին:

Թեև Երևանի ավագանու ընտրությունները դասական չէին (մինչ այդ դասականը այլ էր համարվում), բայց դարձան դասական այն իմաստով, որ թվերի ու տոկոսների տակ թաքնված պատմությունները բոլորովին էլ հետաքրքիր չէին, քանի որ բաց էին ու ներկայացված առանց ստվերային կրքերի ու աժիոտաժի: Եվ նույնիսկ պիտանի չէին որպես վերլուծություն:

Երևանի բնակչության 43%-ը, մասնակցելով ընտրություններին, ընտրեց «Իմ քայլը» դաշինքը, տալով իր քվեների 82%-ը:

Իհարկե, որոշ ոչ միանշանակ քաղաքական գործիչներ ու բլոգերներ փորձեցին ստվերային թեմա դարձնել ընտրողների ոչ ակտիվ մասնակցությունը: Շեշտադրվում էր հիմնականում այն կշտամբանքը, որ իշխանության եկած ուժի առաջնորդի կոչը տեղ չհասավ, ու երևանցիները չշտապեցին ընտրատեղամասեր: Եվ ուրեմն, առաջնորդը չունի աջակցություն:

Եվ սա միակ թեման էր, որը մեդիա դաշտում տեղ գտավ որպես ընդդիմության տեսակետ:

Եվ նույնքան արագ էլ մարեց, քանի որ մասնակցությունը կարելի էր համեմատել միայն նախորդ ընտրությունների մասնակցության հետ ու թվերով էլ համոզվել, որ այն ավելի բարձր էր:

Եղան ինտրիգներ որոնելու մի քանի այլ փորձեր՝ պիցցա բաժանելու, ընտրախցիկին մոտ կանգնելու, ընտրախցիկի ետևում բաց պատուհան լինելու և այլն: Բայց դրանք մեծ հաշվով՝ մանր ու կրկին ձանձրալի դետալներն էին, որոնք դեր չխաղացին հանգիստ անցած այս ընտրությունների պատկերը հասկանալու գործում:

Ինչպես չխանգարեցին նաև քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած մի քանի կոնֆլիկտային դրվագները՝ մոնիթորինգային խմբի ասուլիսի խափանումը, ընտրակաշառք բաժանելու կասկածանքով քննությունը և նույնիսկ չլսված ձևաչափը՝ հանրային հեռուստատեսության բանավեճը ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ, որը նույնպես դասական-ձանձրալի էր:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *