Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսի պայթյունի մասին առաջինը գրեցին սոցիալական ցանցերի օգտատերերը: Հետո, տեղափոխվելով նորությունների կայքեր, պայթյունի լուրը դարձավ պաշտոնական: Այն հաստատեց արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հեռուստատեսությունը («Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «Արմենիա»-ն, Հանրայինը) սկսեց աշխատել արտակարգ ռեժիմով: Ընդ որում՝ հեռուստատեսային այս ալիքներն այնքան արագ ու համակողմանի էին լուսաբանում Հալաբյանի պայթյունը, որ առնվազն իմ շրջապատի «հեռուստացույց չդիտող» մարդիկ խոստովանում էին՝ այդ ժամերին հեռուստացույց են միացրել՝ ավտոբուսի պայթյունի մասին մանրամասներ իմանալու համար:
Սա այն դեպքն էր, երբ միայն լրատվական կայքերն ու սոցիալական մեդիան բավարար չէին, ու հեռուստատեսության աշխատանքը շատ կարևոր էր մարդկանց տեղեկացնելու համար:
«Երկիր մեդիա»-ի ու «Արմենիա»-ի լրատվական թողարկումները անընդհատ եթերում էին: Նրանք թղթակիցներ ունեին պայթյունի վայրում՝ Հալաբյան փողոցում և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էին պայթյունից տուժածները:
«Շանթ»-ը ոչ միշտ էր եթերում, սակայն լրատվական թողարկումներում հաղորդում էր հնարավորինս թարմ տեղեկություն, ինչպես նաև դեպքի վայրում աշխատում էր ականատեսների հետ ու նրանց օգնությամբ պայթյունի մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդում:
Հեռուստատեսությունը թիմային աշխատանք է, ու այս հեռուստաընկերությունների լրագրողները իրենց աշխատանքով ապացուցում էին դա:
«Երկիր մեդիա»-ն շատ արագ պայթյունի մասին գլխագիր պատրաստեց, պարբերաբար առանց մեկնաբանության դրվագներ էր եթեր հեռարձակում, յուրաքանչյուր թողարկումն ամփոփում էր այդ պահին հասանելի տեղեկատվությունը՝ հնարավոր վարկածների, տուժածների առողջական վիճակի մասին:
«Արմենիա»-ն կարողանում էր յուրաքանչյուր նոր միացման ժամանակ նոր մանրամասն կամ նոր հյուր ունենալ եթերում (օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով հաստատեց, որ ավտոբուսը սարքին վիճակում է եղել ու դիզելով է աշխատել):
«Ժամ»-ի լուրերը վարող Արտակ Հերիքյանի աշխատանքը հեռուստատեսային լրագրողների համար ուղղակի օրինակելի էր՝ նա ընթացքում թուղթ ու գրիչով նշումներ էր անում և յուրաքանչյուր հարցազրույցի, լրագրողի հետ ուղիղ միացումից հետո հեռուստադիտողի համար կարճ ու հասկանալի ամփոփում էր ստացված տեղեկատվությունը:
Հալաբյանը փողոց է, որը մոտ է մի քանի հեռուստաընկերությունների: Դեպքի վայրին մոտ լինելու հանգամանքը օգտագործեցին «Շանթ»-ն ու «Արմենիա»-ն:
Հալաբյան փողոցին մոտ տեղակայված մյուս երկու հեռուստատեսային ալիքները՝ «հ2»-ն ու «Կենտրոն»-ը, որոշեցին նորությունների արտակարգ թողարկումներ չունենալ ու Երևանում 2 զոհի ու 7 վիրավորի կյանք արժեցած ավտոբոսի պայթյունի լուրը հաղորդել հաջորդ օրը:
Գեղամ Վարդանյան