2015.06.25,

Քննադատ

Կարճ միացում ուղեղում՝ #ElectricYerevan-ի մասին ռուսական ռեպորտաժները դիտելուց հետո

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այն փաստը, որ ռուսական կարեւոր լրատվամիջոցները (հիմնականում հեռուստատեսությունը) վաղուց արդեն վերածվել են քարոզչական դինոզավրերի, նորություն չէ:

Բայց Հայաստանում հանդուրժում են այդ դինոզավրին, հարազատացել են նրա հետ, քանի որ ՌԴ հիմնական հեռուստաալիքներն անխափան հեռարձակվում են մեր հանրապետության ողջ տարածքում, եւ որոշ շերտի համար ռուսական մատուցմամբ լրահոսը դիտելը ծեսի պես բան է:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում արդեն մի քանի օր տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ցուցարարների հանդեպ տեղի ունեցած բռնությունները Ռուսաստանի պետական աջակցությունը վայելող լրատվամիջոցները լուսաբանեցին դինոզավրերին հատուկ ճկունությամբ: Դմփդմփոցով ու ճռռոցով:

Երբ «РЕН ТВ» ալիքը հունիսի 22-ին իր լսարանին (ու նաեւ մեզ) հայտնեց, որ ցույցերի հետեւում հնարավոր է կանգնած լինի ԱՄՆ Պետդեպարտամենտը, քանի որ Չեխիայում գործող ցուցարարների պատրաստման կենտրոնից հատուկ աջակցություն է գալիս Հայաստան, որտեղ ամերիկացիներն ուզում են երկրորդ ուկրաինական Մայդան սադրել, դա առաջին հայացքից այնքան շինծու բեմադրված թվաց, որ անգամ ժպիտ առաջացրեց:

Նույն օրը ռուսական պետական քարոզչության հիմնասյունը՝ պետական «Россия» ալիքն իր «Վեստի» լրատվական թողարկման ընթացքում վստահությամբ նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ստիպված է դիմել բռնության, քանի որ նստացույցի մասնակիցները «զինված էին դանակներով, մահակներով, կաստետներով եւ մետաղական ձողերով»: Եվ ընդհանրապես, ըստ հեղինակի, եթե սա դեռ ուկրաինական Մայդան չէ, ապա շատ մոտ է դրան:

Ռուսաստանի նորագույն մեդիա բառապաշարի համաձայն՝ Մայդանը հակառուսականի հոմանիշն է: Հակառուսականի հոմանիշն է նաեւ ամերիկյան հետքը: Եվ երբ Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքը համեմատվում է Մայդանի հետ, ու պնդվում ամերիկյան ֆինանսավորումը, ստացվում է, որ Երեւանում տեղի ունեցածը հակառուսական է: Սա, իհարկե, ըստ ռուսական պետական մեդիայի:

«Վեստի»-ն կրկին ռեպորտաժ նկարահանեց, որտեղ շեշտեց, թե «ոստիկանները ստիպված էին ջրցան մեքենաներով ցրել ցուցարարներին այն բանից հետո, երբ կատաղած ամբոխը փորձեց հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա»: Նաեւ նշվեց, որ «առավել ռադիկալ տրամադրվածներին բերման ենթարկեցին»:

Ոստիկանների գործողությունների արդարացմանը գումարվեց, իհարկե, ամերիկյան հետքի փնտրտուքը: Ասվեց, որ ցուցարարներին տաքացնել են փորձում հասարակական կազմակերպությունները, որոնց մեծ մասը ապրում է ամերիկյան դրամաշնորհների հաշվին:

Հետաքրքիր է, որ ռեպորտաժի հեղինակի պնդմամբ՝ Ազատության հրապարակից Բաղրամյանի պողոտա տանող ճանապարհին «առանցքային եվրոպական երկրների դեսպանատներն են» (երեւի, Սիրիան, Չինաստանը «առանցքային եվրոպական» են «Россия»-ի համար):

Ռուսաստանի մեդիան չի թաքցնում, որ իր թիրախը արտասահմանյան ուժերն են (շատ դեպքերում՝ մշուշոտ): Եվ Երեւանի փողոցում ծագած բողոքն ու ոստիկանների կողմից կիրառված բռնությունը ներկայացնում է որպես օտար ուժերի կողմից կազմակերպված սադրանք, որն ուղղված է Ռուսաստանի դեմ:

«Россия24» ալիքի այս երկար ռեպորտաժում, օրինակ, միանգամից փաստեց ԱՄՆ ու Երեւանի ցույցերի կապը, գաղտնի դավադրության տեսության համաձայն՝ պեղվեցին ամերիկյան սատարման օրինակներ (չգիտես ինչու հիշեցին, որ ՀԱԿ-ը գրասենյակ ունի Լոս Անջելեսում):

Ասվեց նաեւ, որ ամերիկյան կազմակերպությունը գնել է Որոտանի ՀԷԿ-ը, եւ ուրեմն պարզ է, թե ինչ նպատակներ են հետապնդում ցուցարարներին դրդող օտար ուժերը (տպավորություն է, որ եթե անգամ պարզ չէ, դա երկրորդական է, կարեւորը ասվածի կիրքն է):

Ցույցերի բուն պատճառի ու ՌԴ ունեցվածքի մասին ռուսական «պատասխանատու» ռեպորտաժներում խոսք չկար, քանի որ սա լրատվություն չէ, այլ մաքուր քարոզչություն:

«Ուշադիր դիտեք այս կադրերը»,- բանիմաց արտասանում է հաղորդավարուհին,- Տեսա՞ք»: Կադրում ջրցան մեքենաների ջրային շիթերին դիմադրող երիտասարդներն են: Հաղորդավարն ասում է, որ նրանք նստած են ուս-ուսի տված, բայց ձեռքերը բարձր պահելով, որպեսզի բջջային հեռախոսներով նկարահանեն տեղի ունեցածը: Դա պետք է նրանց … հաշվետվության համար, որը նրանցից պահանջում են օտար ուժերը:

Տրամաբանության մասին կարելի է մոռանալ, դինոզավրային նրբագեղությամբ պատրաստված ռեպորտաժներում առաջնայինը հավատն է առ այն, որ Ռուսաստանին ամեն կողմից վտանգ է սպառնում, իսկ Ռուսաստանը դիմակայում է:

«Զվեզդա» ալիքը զգուշացրեց իր լսարանին, որ եգիպտական ու ուկրաինական փորձը վկայում է՝ Երեւանի խաղաղ ցույցերը կարող են վերածվել արյունալի ջարդերի: Նորից հիշատակվեց Մայդանն ու այնտեղ զոհվածները: Նորից՝արտասահմանը:

Եվ հարց է առաջանում՝ ինչու՞ է դա պետք Ռուսաստանին:

Թերեւս, հիմա այն պահն է, երբ այդ հարցն արդեն ժամանակավրեպ է: Ռուսական մեդիան աշխատում է որպես լավ յուղած քարոզչամեքենա, որը ծրագրավորված է ոչնչացնել ամեն հակառուսկան բան: Ու սկզբից ստեղծում է այդ «հակառուսականը», հետո հարձակվում:

Դա ներքին սպառման թրենդ է. ողջ աշխարհն է Ռուսաստանի դեմ, բայց Ռուսաստանը դա չի հանդուրժում ու վեր է կենում ծնկներից:

Հայաստանն ու իր քաղաքակացիական-տնտեսական ընդվզումը ռուսական մեդիան տեղադրում է այդ թրենդի մեջ: Եվ իմաստ չունի զայրանալ կամ զարմանալ, իրականությունը անճանաչելիորեն վերափոխված է։

Պաստառ #ElectricYerevan ցույցին հունիսի 24, 2015

Ծանոթ լինելով ռուսական քարոզչական մեդիայի աշխատանքին, կարելի է ենթադրել, որ երբ «Ոչ թալանին» շարժումը երկարի ու ավելի մեծ թափ հավաքի, մեծ սփռում ունեցող ռուսական մեդիա դաշտում ցուցարարներին (ու ընդհանրապես հայերին) կարող են անվանել «ֆաշիստներ», «Գեյրոպայի կամ Ամերիկայի դուդուկի տակ պարողներ»: Եվ ի վերջո, գործի կդրվի ամենացավալի զենքը՝ Լեռնային Ղարաբաղի գործոնը: Արդեն իսկ հայտնվում են ակնարկներ, որ եթե Հայաստանում շարունակվեն «հակառուսական» ցույցերը, Ղարաբաղը անպաշտպան կմնա:

Եվ իմաստ չունի փորձել հասկանալ, թե ինչու են դրանք «հակառուսական»:

Տեղեկատվական կիսաճշմարտությունը, որը պաթետիկ ու հիստերիկ երանգներ է ստանում ռուսական լրահոսում, իրոք դինոզավր է հիշեցնում: Դինոզավրը դանդաղ է որսում եւ ուշ էլ մարսում է տեղեկատվությունը: Արդյունքում՝ չմարսված տեղեկատվական կույտեր են դուրս գալիս մեդիա դաշտ:

Եվ հիմա կարծես թե եկել է այն պահը, երբ կարելի է առանց ափսոսանքի անտեսել ռուսական քարոզչական մեդիան, ինչպես մոռացության գիրկն անցավ նշված խոշոր կենդանիների ոչնչացած ենթակարգը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *