2015.05.19,

Քննադատ

Ինչու՞ չեն խոսում հայերի մասին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հիշու՞մ եք` դեռ մի քանի շաբաթ առաջ Հայաստանը գտնվում էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Միայն մեր մասին էին գրում բոլորը։ Պատճառները հասկանալի էին եւ բազմիցս վերլուծված։ Եվ այս ամենում նաեւ Հայաստանի հանդեպ ընդհանուր հետաքրքրության աճի միտում էր նկատվում։ Արդեն քննարկվում էր, թե որքանով կաճի տուրիզմը դեպի Հայաստան։ Եվ այլ դուրեկան հանգամանքներ։

Իսկ ինչպիսին է հիմա իրավիճակը լրատվական եւ տեղեկատվական դաշտում։ Հիմա իրավիճակն ամբողջությամբ ընկել է հին հունի մեջ։ Օրինակ` եթե նայենք Թվիթերում Հայաստանի վերաբերյալ գրառումների թվին, ապա այս պահին դրանց քանակը վերադարձել է մոտավորապես նույն մակարդակին, ինչ կար մինչեւ Քարդաշյանների այցը Հայաստան։

02dcd212-bfb0-447e-6876-5d022170ac5f.png

Եկեք տեսնենք, թե ինչ ենք կարողանում արտադրել տեղեկատվական դաշտում՝ այն, ինչ կարող է սպառվել Հայաստանից եւ աշխարհասփյուռ հայերի շարջանակից դուրս։ (Աշխարհասփյուռ հայերի վերաբերյալ նույնպես շատ խիստ վերապահումներով կգրեի, քանի որ հայերը, որոնք վերջին քսան տարուց ավելի վաղ են սփյուռքացել, հայաստանյան լրահոսը սպառելու տեսանկյունից միանշանակ պետք է դասվեն մնացած աշխարհի շարքում): Գրեթե ոչինչ։ Մենք հիմնականումայնքան անհետաքրքիր ենք մեզ ներկայացնում աշխարհին, որ աշխարհը միայն հորանջելով է կարդում մեր մասին լուրերը։

Մեր խնդիրը թե’ լրատվականները, թեւ’ նորությունների հերոսները` նյուզմեյքերներն են։ Բոլորը խոսում են ներքին լսարանի համար, կարծես բոլորիս փակել են մի փոքր սենյակում, եւ ուրիշ տեսնող չկա։

Մեր լրատվական դաշտը շատ նման է հայոց պատմության դասագրքերին․ երբ թվում է, թե գոյություն ունի առանձին մի աշխարհ եւ դրան զուգահեռ Հայաստան, որը գրեթե աշխարհի հետ կապ չունի` չհաշված մի շարք դավադիր չուզողների, որոնք պարբերաբար ներխուժում են ասպարեզ` հայերի կյանքը թունավորելու համար։ Մեր լրատվական դաշտն էլ արտաքին աշխարհի հետ գրեթե չի առնչվում։

Պատգամավորների կամ քաղաքական այլ գործիչների մեծ մասի ելույթների թիրախային լսարանը ոչ միայն Հայաստանը չէ, նույնիսկ Երեւանը չէ․ ինչ-որ մի թաղամասի ներքին բարբառով եւ դրա խնդիրներից են խոսում։

Բիզնեսի՞ վերաբերյալ տեղեկատվություն։ Հիմնականում ինչ-որ կազմակերպությունների մասնաճյուղերի բացման վերաբերյալ նյութեր են, որոնք հետաքրքիր չեն նույնիսկ կազմակերպությունում աշխատողներին։ Մշակութայի՞ն նորություններ։ Բավականին շատ։ Բայց հիմնականում հայերեն եւ առանց մարդավարի ներկայացնելու, կապելու մյուս մշակութային իրադարձությունների, ընդհանրապես մշակույթի հետ։

Ընդհանրապես, բացեք հայաստանյան լրատվամիջոցների անգլերեն եւ ռուսերեն լրահոսները։ Եվ փորձեք գտնել Հայաստանին վերաբերող նյութեր։ Կգնտեք, անկասկած։ Ամեն տասներորդը կլինի Հայաստանից։ Բայց դրանք հիմնականում կրկին «շտամպած», տխրագույն մամուլի հաղորդագրություններ են, որոնք ոչ մի լեզվով ընթեռնելի չեն առողջ, իրեն հարգող մարդու համար։ (Քանի՞ հոգու եք ճանաչում, ով հետաքրքրությամբ կարդում է մամուլի հաղորդագրությունները, որոնք չեն վերաբերում շատ ուշագրավ եւ այդ պահին կարեւոր թեմայի)։

Հիմա եկեք հասկանանք։ Ո’չ նյուզմեյքերերն են իրեն աշխարհի մաս զգում ( եւ նորություններ են արտադրում, որոնք նույնիսկ իրենց բարեկամներին հետաքրքիր չեն), ո’չ էլ լրատվականների մեծ մասն է հետաքրքրված` Հայաստանի մասին պատմելու ոչ հայաստանաբնակներին։ Սրանից հետո մնում է ամիսը մեկ Քարդաշյաններին բերել Հայաստան, որ մեր մասին չմոռանան։ Կամ էլ մեր մասին, հեռու տնից-տեղից, հիշելու են միայն վատ դեպքերից հետո։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *