2013.10.21,

Քննադատ

«Տղամարդավարի բանավեճ». գենդերային երանգով նոր թրենդ լրահոսում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի մեդիա դաշտում ամենաընթերցվողն ու մեկնաբանվողը ներքաղաքական խոհանոցն է: Եվ որքան այդ խոհանոցում սկանդալային, ինտրիգային եւ փնթի միջադեպեր են գրանցում, այնքան ուժգնանում ու կոնկրետանում է մեդիայի արձագանքը:

Կոնկրետանում է, քանի որ անհրաժեշտություն է առաջանում կա՛մ «սեւացնել», կա՛մ «սպիտակեցնել» այն քաղաքական գործիչներին ու գործարարներին, որոնք տվյալ մեդիա միավորի տեսակետից արժանի են կա՛մ նվաստացման, կա՛մ գովասանքի: Երկու դեպքում էլ տեղեկությունը հարմարեցվում է տվյալ մեդիայի ֆինանսավորողների (հաճախ՝ անտեսանելի) շահերին, որոնք, ի դեպ, գրեթե միշտ արագ կռահելի ու ճակատային են:

Եվ թքած ընթերցողի վրա:

Քաղաքական կոնյունկտուրան վաղուց արդեն հայաստանյան մեդիայի գլխավոր զբաղմունքն է: Եվ հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի դիմավորելու եկած ԲՀԿ առաջնորդի ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի միջեւ տեղի ունեցած ընդհարումը (որը սկզբում հերքվում էր, հետո մասամբ հաստատվեց, իսկ օրվա վերջում էլ սկսեց պաշտոնական մեկնաբանություններով համալրվել) դարձավ այն լուրը, որը մեդիա դաշտը մի ծայրահեղությունից մյուսն էր նետում:

1-in.am-ը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը թեժ կռվի ժամանակ իրար «մեր ու կնիկ» են հայհոյել»:

Դրանից հետո տեղեկատվական տարբեր խողովակներով բարձրացան ալիքներ, որոնք այդ ինֆորմացիան մեկ աջ, մեկ ձախ էին ճոճում՝ զուգահեռ նոր հարցեր առաջ քաշելով (եղե՞լ է վեճ, թե՞ չի եղել, ինչի՞ց է այն սկսվել եւ ո՞ր հարցի շուրջ է ծագել):

7or.am-ը օրվա լուր դարձրեց «Սերժ Սարգսյանի «ախք»-ոտ հենարանը» հոդվածը, որտեղ պատմական էքսկուրս կատարեց դեպի Արթուր Բաղդասարյանի անցյալ՝ հիշատակելով նաեւ ՀՀ նախագահի ոչ լեգիտիմ լինելը:

Zham.am«ԱԽՔ»-ոտ միջադեպ օդանավակայանում» հրապարակման մեջ հղում արեց «իր ունեցած հավաստի աղբյուրներին» ու հայտնեց, որ «Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը»:

Asekose.amը իր հրապարակումը վերնագրեց «Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը վիճել ու հայհոյել են իրար»: Times.am-ը փոքր-ինչ թեժացրեց այդ թեժ լուրը՝ իր հրապարակումը վերնագրելով «Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը թեժ կռվի ժամանակ իրար հայհոյել են»:

Mardik.am-ը էլ ավելի հեռու գնաց ու հայտնեց, որ «բանը հասել է նրան, որ Ծառուկյանը սկսել է հայհոյել Բաղդասարյանին, իսկ այնուհետև ձեռնամարտի են բռնվել, ինչն էլ կարողացել է կանխել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ թույլ չի տվել, որպեսզի այդ ամենը շարունակվի»:

Իշխանական «թեքում» ունեցող մեդիան ջանում էր ապացուցել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Իր արագահաս լուման, օրինակ, ներդրեց Slaq.am-ը՝ հայտնելով, որ հայհոյանք չի եղել, փոխարենը «Ծառուկյանն ու Բաղդասարյանը քաղաքակիրթ բանավիճել են»:

Իրականությունն անընդհատ դուրս էր մնում լրահոսից ու փոխարինվում ենթադրություններով ու երկու քաղաքական ուժերի հավակնություններով:

Այդ միջադեպը հնարավորինս անվնաս ու առանց լուրջ հետեւանքների ներկայացնելու համար առաջ քաշվեց նոր տերմին «տղամարդավարի բանավեճ», որը եկավ փոխարինելու «քաղաքակիրթ բանավեճին»:

News.amը գրեց «Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի մեջ «տղամարդկային բանավեճ է եղել»: Նույնը արեց նաեւ Tert.am-ը: Մեջբերվեց ՕԵԿ խմբակցության մամուլի քարտուղարի պնդումը, որ օդանավակայանում տեղի է ունեցել «տղամարդկային բանավեճ՝ քաղաքակիրթ ավարտով», խոսք գնաց նաեւ «կոռեկտության սահմաններ ունեցող տղամարդկային բանավեճի» մասին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ տարակուսելի ձեւակերպման բացատրությունը տվեց: «Եթե բանավեճը տղամարդկային է, ավելի գովելի է, որովհետև տղամարդիկ պետք է տղամարդավայել բանավիճեն, ոչ թե այլ կերպ»:

Եվ այս պահից սկսած՝ ընթերցողին առաջարկվում էր լուծել գենդերային երանգ ստացած մի քաղաքական ռեբուս, որի իմաստը մութ ու անորսալի էր: Առավել անհասկանալի էր, թե որն է «այլ կերպը»:

Դատեք ինքներդ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «չկա եւ չի կարող լինել Հայաստանում որեւէ քաղաքացի, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ»:

Զուգահեռ հայտարարություն արեց նաեւ Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը եւ գրեթե նույն բառապաշարով. «Չկա մի մարդ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, որը կարող է անհարգալից խոսել պարոն Բաղդասարյանի հետ եւ մնալ անպատասխան»:

Այսպիսով մեդիա դաշտում ստեղծվեց բավական տգեղ իրավիճակ, երբ տարածվում էր ոչ հավասարակշռված, անգամ հիստերիկ հնչերանգներով ինֆորմացիա, որը ինֆորմացիա էլ չէր, այլ զուտ սպասարկման ոլորտի ծառայություն էր:

Մեդիան սպասարկում է իր հովանավորներին եւ այս դեպքում՝ խախտելով իր թվացյալ չեզոքությունը:

Իսկ ընթերցողին մնում էր միայն հետեւել այս լոկալ մեդիա պատերազմին ու գուշակել, թե ինչ է տղամարդկային բանավեճը եւ արդյոք դա լավ բան է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *