2013.09.04,

Քննադատ

Մաքսային միությանը միանալու լուրի առաջին ժամերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարությունը ինֆորմացիոն ռումբի էֆեկտ ունեցավ, քանի որ պարզվեց, որ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միություն, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը:

Այդ լուրն առաջինը հաղորդեցին ռուսական կայքերը: «Ռիա-նովոստի»-ն գրեց, որ Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշումը Վլադիմիր Պուտինի հավանությանը արժանացավ: Հետո «Լենտա»-ն տարածեց այդ նորությունը՝ նշելով, որ Հայաստանը «խնդրել է» իրեն ներգրավել Մաքսային միության մեջ:

Եվ թեեւ ՀՀ նախագահի ապարատը պաշտոնապես ոչ մի փաստաթուղթ դեռ հայերենով չէր հրապարակել, հայկական մեդիա դաշտն արագորեն սկսեց ինքնուրույն թարգմանել այդ վճռորոշ հայտարարության տեքստը՝ կիրառելով տարբեր բնորոշումներ (Սարգսյանը «մտադիր» է, «որոշել» է, «ցանկություն է հայտնել», Պուտինը «ողջունեց», «պատրաստակամություն հայտնեց աջակցել», «սատարել», «օժանդակել»):

ՀՀ նախագահի կայքը մի քանի ժամ շարունակ լռում էր, լռում էին նաեւ Հայաստանի պաշտոնյաները (շատերը շվարած էին ու գերադասում էին խուսափել հարցերից), փոխարենը բարկացած մեկնաբանություններ ու հոռետեսական ենթադրություններ էին արվում սոցցանցերում:

Մաքսային միության (որի անդամներ են Հայաստանի հետ ընդհանուր սահման չունեցող Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը) կազմում Հայաստանի ապագան կապելու միտքը թեեւ վաղուց էր թեւածում օդում, սակայն շոկային իրավիճակ ստեղծեց իր արագ ու հանպատրաստից ձեւակերպմամբ:

Հանրությունը հնարավոր զարգացումների մասին էր ուզում տեղեկանալ, հատկապես կարեւոր էր հասկանալ երկու ամիս հետո սպասվելիք ԵՄ Ասոցիացման համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն անդամակցելու շանսերը անհետացե՞լ են, թե՞ ոչ: Եվ որքանո՞վ է անբեկանելի Մաքսային միությանը միանալու մտադրությունը (ցանկությունը, որոշումը):

Այդ հարցերը չվերացան անգամ, երբ հրապարակվեց Սերժ Սարգսյանի պարզաբանումը: «Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ»,- ասել էր նա:

Այս իրավիճակում շատ լրատվամիջոցներ (հատկապես հեռուստատեսությունը) ստիպված էին մանեւրել: «Հ1»-ը իր լուրերի հիմնական թողարկումը սկսեց շատ հեռվից՝ երկու նախագահների քննարկած տարբեր կետերից, դիվանագիտական տեքստերի մեջբերումից՝ Մաքսային միությանը միանալու տեղեկությունը թողնելով ծավալուն ռեպորտաժի վերջին րոպեներին՝ ներկայացնելով այն որպես ընթացիկ ու շարքային ինֆորմացիա:

Այլ հեռուստաալիքներ իրենց ռեպորտաժների հիմք դարձրին Սերժ Սարգսյանի բառերը՝ կարծես փորձելով դրանով իսկ անխոցելի կամ չեզոք դիրքում հայտնվել: «Երկիր մեդիա»իր լուրերում մի քանի անգամ ընդգծեց «ըստ Սերժ Սարգսյանի», «Սերժ Սարգսյանի կարծիքով» ՝ ցուցադրաբար դիստանցիա պահպանելով եղածի հանդեպ:

«Արմնյուզը» հիմք դարձրեց այն պնդումը, որ թեեւ միանում ենք Մաքսային միությանը, բայց շարունակում ենք եվրոպական երկխոսությունը:

Իհարկե, բոլորի համար էլ ակնհայտ է, որ հեռուստատեսությունը ամենակախյալ մեդիան է Հայաստանում, ու նրանից ավելի ճկուն ու օբյեկտիվ վերլուծություն սպասելն ապարդյուն գործ է, սակայն հեռուստալուրերի հիմնական թողարկումները հեռարձակվեցին այն ժամանակ, երբ արդեն իսկ շատ կայքեր Եվրամիության պաշոտնյաներից հրատապ մեկնաբանություններ էին ստացել:

«Ազատություն»-ը «Ռուսաստանը Հայաստանին շանտաժի է ենթարկում» հարցազրույցն էր հրապարակել, որտեղ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը բացառել է հնարավորությունը, որ Հայաստանը կարող է միաժամանակ անդամակցել եւ՛ Կրեմլի առաջարկած միությանը, եւ՛ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին ու ազատ առեւտրի գոտուն:

Եվրամիության ներկայացուցիչները շեշտել են, որ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել:

Հիմա, երբ արդեն պարզ է, որ ՀՀ իշխանությունները Կրեմլի նոր կայսերապաշտական քաղաքականության մասնիկն են դառնում, մեդիա դաշտում սկսեցին ավելի հաճախակի հայտնվել այդ որոշման առավելությունները ընդգծել փորձող կարծիքները, թեեւ կես տարի առաջ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի համար նպատակահարմար չէ. «Մեզ համար դա իմաստ չունի»,- ասել էր նա:

Եվ քանի որ իմաստները մեզ մոտ շատ արագ են փոխվում, մեդիան էլ փորձում է հարմարվել այդ երկիմաստ իրավիճակին, երբ հարկ է արդարացնել իշխանությունների որոշումները:

Գրեթե նույն կերպ վարվեց ռուսական մեդիան, երբ տարածեց ավտովթարի մեղադրանքով կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով ու հողաթափերով պատկերած կադրերը: Երբեմն որոշում ընդունելն ավելի հեշտ է, քան այդ որոշումը արդարացնելը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *