2013.05.30,

Քննադատ

Ինչու՞ էր եկել արքայազնը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այդ հարցը վերջին օրերի գլխավոր առեղծվածն էր, որը բավական դժվարացրեց լրատվամիջոցների աշխատանքն ու ակամայից դրդեց նրանց անորոշ ու խճճված լրահոս կազմել:

Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Հայաստան ժամանած Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի այցը ներկայացվեց բազմազան համատեքստերում՝ քաղաքական, սոցիալական, մշակութային, էկոլոգիական, խոհարարական, կրթական, տուրիստական:

Տարբեր լրատվամիջոցներ ընտրում էին այն համատեքստը, որն առավել հարմար ու նպատակային էր իրենց սեփականատերերին: Մենք էլ՝ շարքային մեդիա սպառողներս, այդպես էլ չհասկացանք, թե ո՞րն էր այս արքայական այցի իրական նպատակն ու որո՞նք են լինելու դրան հաջորդող քայլերը:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ բրիտանական արքայական տոհմի թագաժառանգը Հայաստան էր ժամանել մասնավոր այցով՝ Արմեն Սարգսյանի բարեգործական «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հրավերով:

Այդ հայտարարությունից պարզ էր դառնում, որ այցը բարեգործական է, սակայն մյուս կողմից շրջանառվեց նաեւ հիմնադրամի կապը Ամուլսարում հանքարդյունաբերության ծրագրի, հատկապես՝ ոսկու հանքի շահագործան հետ: Իսկ այդ համատեսքտում արքայական ընտանիքի անդամի ներկայությունը ընկալվում էր արդեն որպես ոսկի պարունակող ընդերքի շահագործմանը միտված գովազդային այց:

Հատկապես երբ պարզ դարձավ, որ «Երեւան, իմ սեր» հիմնադրամից բացի՝ Արմեն Սարգսյանը նաեւ հանքավայրի շահագործման իրավունք ստացած Lydian International խորհրդի անդամ է: 

Մայիսի 28-30-ը արքայազն Չարլզը այցելեց համերգ, Մատենադարան, եկեղեցիներ, հանդիպեց նախագահի, վեհափառի հետ, ազգային ուտեստներ համտեսեց, նրան բաց նամակ գրեցին ու Մատենադարանի դռների մոտ ապարդյուն սպասեցին բնապահպան ակտիվիստները՝ ցանկանալով տեղեկացնել Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործումը ուղեկցող էկոլոգիական ու օրենսդրական խնդիրների մասին:

Որոշ լրատվամիջոցներ այդ մասին հայտնեցին (Ազատություն, ԲիԲիՍի), իսկ որոշ լրատվամիջոցներ՝ առանց վարանելու՝ խուսափեցին անդրադառնալ խնդրահարույց էկոլոգիական թեմաներին:

Ի վերջո, այդպես էլ անհայտ մնաց արքայազնի ու ոսկու հանքի կապի ծավալներն ու հեռանկարները:

Ինչպես նաեւ անհայտ մնաց, թե ինչո՞ւ ճարտարապետական կառույցների վերականգնմամբ զբաղվող ու դրանց հանրային կյանք պարգեւող «Երեւան, իմ սեր» հիմնադրամը Ուելսի արքայազնին չհրավիրեց այցելելու իրենց հայտարարած թիրախային տարածքները՝ կիսավեր Կոնդը, որտեղ նախատեսվում է Մոր եւ Մանկան ապաստան ու խուլ եւ համր երեխաների մսուր հիմնել ու ընչազուրկ մայրերին թույլ տալ արհեստավարժ օգնություն ստանալ:

Եթե այցի նպատակներն իրոք սոցիալական ու բարեգործական էին, ապա դրանք հանրության համար թաքուն մնացին, քանի որ լրահոսում արքայազնը հայտնվում էր միայն վերականգնման կարիք չունեցող տարածքներում՝ Օպերայի թատրոնում, Մատենադարանում, Սուրբ Էջմիածնում ու նախագահական նստավայրում:

Մի քանի օրերի ընթացքում մեդիան տեղեկացրեց, որ արքայազնը պատրաստ է աջակցել երիտասարդ գործարարներին, մասնակցել կրթական ծրագրերին (Դիլիջանի միջազգային դպրոցի պուրակում նրա անվամբ ծառուղի հիմնվեց, իսկ այդ արարողության հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին հանձնեցին դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը), նպաստել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կյանքի պայմանների բարելավմանը, ճարտարապետական կառույցների պահպանմանը, սատարել անապահով ընտանքիների կարիքները հոգալու ծրագրին:

Խոսք գնաց նաեւ լոնդոնյան Հայդ Փարքի նմանությամբ Հայ փարք (Ազգային Զբոսայգի) հիմնելու մտադրության մասին, որը պետք է ներառեր Սփյուռքի թանգարանն ու տարբեր այլ համալիրներ:

Մենք իմացանք, որ արքայազնը կերել է գառան միս, իշխան, ծառի սունկ, չի հավանել սխտորը:

Հայաստանի եզակի լրատվական ալիքը՝ «Արմնյուզը», մի քանի հետաքրքիր ռեպորտաժներ պատրաստեց. արքայազնի այցի նախօրեին պատմեց, որ Անգլիայում թեյ խմել են սիրում ու տեղեկացրեց, որ թեյն, այնուամենայնիվ, ոչ թե Անգլիայում, այլ Հնդկաստանում է աճում:

Արագ ու ստեղծարար ոճով աշխատող «Արմնյուզը» բացի այդ պարզունակ ու չափազանց երկար ռեպորտաժից բացի նաեւ շատ օպերատիվ, օրիգինալ ու խորը մտորելու առիթներ տվող մեկ այլ նյութ առաջարկեց:

Այս ռեպորտաժից, օրինակ, կարելի է տեղեկանալ միանգամից երկու իրարամերժ կարծիքների մասին, որոնք հնչեցնում են բրիտանական պաշտոնյաները: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսն ասում է, որ իրենք տպավորված են Lydian International կազմակերպության ներկայացրած Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրով: Իսկ «Երեւան, իմ սեր» ծրագրի լրատվամիջոցների խորհրդատու Թոնի Հալփին շեշտում է, որ արքայազնի այցը մասնավոր է եւ միայն բարեգործական, այլ ոչ թե գործնական նպատակներով:

Իրականում սա այն դեպքն է, երբ լրատվամիջոցը ակնարկում է խնդիրը, մի հարթության վրա է դնում մակերեսն ու ենթատեքստը: Ավելի խորը խնդրի մեջ չի ցանկանում սուզվել, սակայն չի էլ բացառում ոսկու ու արքայազնի հնարավոր կապը:

Եվ այդպես էլ չբացառելով, բայց ենթադրելով՝ մենք սկսեցինք կռահել, թե, ի վերջո, ինչու՞ էր մեզ հյուր եկել արքայազնը: Եվ ամենակարեւորը՝ ինչո՞ւ ոչ մի լրատվամիջոց (այդ թվում՝ ծայրաստիճան պատասխանատու) չէր կարողացել արքայազնի կենդանի խոսքը «որսալ» ու օգտագործել տեսանյութերում:

Եթե նկատել եք, արքայազնը միայն դռնփակ միջոցառումների ժամանակ է խոսել: Միգուցե Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը մեզ ասելու բան չունե՞ր:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *