2012.12.25,

Քննադատ

Հայաստանը ենթարկվում է գրաքննության ՌԴ տարածքից

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Երկու տարի առաջ նկատեցի, որ չեչեն անջատողականների kavkazcenter.com կայքը Հայաստանի տարածքից չի բացվում, չնայած, պրոքսի սերվերների օգնությամբ կայքը հնարավոր էր դիտել։

Անցավ ժամանակ, եւ մի օր բլոգումս հայտնվեց մեկնաբանություն, որից պարզ էր, որ կայքը կրկին արգելափակված է։ Մի քանի վայրկյանը հերիք էր համոզվելու, որ իսկապես․ կայքը արգելափակված է։ Կայքի հասցեն հավաքելիս, բերում է Ռուսաստանի Corbina Telecom պրովայդերի էջը, ուր հղում է տրվում ՌԴ իշխանությունների որոշման վրա, ըստ որի կայքը արգելափակված է – «Ресурс по данному IP-адресу заблокирован по решению органов государственной власти»։

Ֆեյսբուքի քննարկումներից պարզ դարձավ, որ արգելափակումը գործում է գրեթե բոլոր հայաստանյան ինտերնետ պրովայդերների համար։ Պարզապես մի մասի մոտ արգելափակումը իրականացվում է Rostelecom-ի հանգույցներում։
kavkaz-blocked

Kavkazcenter.com-ը տեղադրված է Ռուսաստանից դուրս: ՌԴ իշխանությունները պարզապես արգելում են Հայաստանի ինտերնետ օգտատերերին մուտք ունենալ այդ կայքի բովանդակությանն այն դեպքերում, երբ մենք օգտվում ենք Ռուսաստանի տարածքում տեղադրված ինտերնետային մալուխներից։ Այս կայքը ինքնին հայաստանցիների համար առանձնապես հետաքրքիր չէ։ Նաեւ, եթե այն իրական ահաբեկիչների լրատվամիջոց է, գուցե եւ պետք է իսկապես արգելափակվի։ Սակայն, ինչու՞ այդ որոշումը մեր փոխարեն պետք է կայացնեն Ռուսաստանի իշխանությունները։  

ՌԴ-ում այսօր բազմաթիվ կայքեր սահմանափակված են դատական որոշումներով։ Բացի դրանից, իշխանությունները իրավունք ունեն արգելափակել կայքերն ըստ իրենց հայեցողության, առանց դատարանի որոշման՝ ելնելով մի շարք չափանիշներից։ Այս համակարգը ժամանակ առ ժամանակ արգելափակում է նույնիսկ անմեղ կայքեր՝ գրադարաններ, որոնող մեքենաներ եւ այլն։ Եվ երբեք չգիտես, թե Հայաստանում ինչ կայք կարգելափակվի միայն այն պատճառով, որ որեւէ ռուսաստանյան չինովնիկ այն վնասակար կհամարի։

Եվ ստացվում է. Հայաստանը ինտերնետ ստանալու համար օգտվում է ՌԴ տարածքից եւ ստիպողաբար ենթարկվում է համացանցային գրաքննության։ Երեւի չարժե ասել, որ սա պարզապես անընդունելի է։ Պետք է գտնել լուծումներ, առավելեւս, որ Ռուսաստանը հիմա դիմում է ինտերնետի կառավարման ավելի կոշտ միջոցների։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *