2012.09.28,

Քննադատ

Լուր չկա. վաղը կստանա՞նք

«Այբֆե»-ն վերադարձել է մեծ եթեր ու արդեն քանի օր է, անտառում հայտնված մարդու նման, Երեւանի ուրբանիզացված ու չափից ավելի աղտոտված օդից թմրած՝ քթում թթվածնային այրուկներից, շնչահեղձ եմ լինում: Իհարկե, ժամանակի ընթացքում կսովորեմ, բայց այս պահին ազատ լրատվությունն անգամ իր ոճով հանգիստ չի տալիս: «Այբֆե»-ի լուրերում լրագրողներից զատ խոսում են տվյալ իրադարձության հիմնական դերակատարները, որպես կանոն՝ կողմերին խոսքի իրավունք է տրվում, ու դա հնչում է եթերում:

Արդեն շատ վաղուց նման բան չէր եղել, ու անգամ առանց գիտակցելու այն ականջ է շոյում: Վստահ եմ՝ մասնագետները շատ թերություններ կարող են մատնացույց անել, բայց ես, որպես քաղաքացի, արդեն մի քանի օր է, ինքնակամ ընտրում եմ «անտառ գնալն» ու միանգամից միացնում եմ Արմնյուզ: Այդ ալիքն այլեւս դարձել է լրատվության հիմնական աղբյուրն ու հավակնում է տան անդամի կարգավիճակ ստանալ:

Հետաքրքրությունից դրդված որոշեցի դիտարկել մյուս հեռուստաալիքների հիմնական լրատվական եթերը եւ համեմատական անցկացնել: Իհարկե, այդտեղ չներառեցի «Առաջին լրատվականը» Հանրային հեռուստատեսության առաքելության լրջությունից բխող խորքային վերլուծության անհրաժեշտության հիմնավորմամբ:

Միտումնավոր որոշում կայացրի դիտարկել երկուշաբթի օրվա եթերը, քանի որ այդ օրը առաջին ատյանի դատարանում լսվելու էին «Հարսնաքարում» տեղ գտած հայտնի միջադեպի մանրամասները: Ավելին՝ այդ ամենին հնարավորինս մոտից ծանոթ էի որպես շարժման անդամ եւ կարող էի դատել լրատվության ազատության մի քանի չափանիշների վերաբերյալ:

Վերջապես այն պետության համար կարեւոր իրադարձություններից մեկն էր, քանի որ հանցագործության շուրջ միահյուսվել էին ՀՀ ԱԺ, ՀՀ պաշտպանության նախարարության ու բանակի, ոստիկանության, դատախազության շահերը: Ավելին՝ հանրային վտանգավորության տեսանկյունից քննվում էր հավանական սպանության դեպք, որտեղ կյանքից զրկվել էր բանակի սպա:

Աննախադեպ իրադարձություն էր ու մնում էր հուսալ, որ լրատվամիջոցները պատշաճ լուսաբանում կապահովեին: Եթե ոչ, ապա շատ բան կարելի կլիներ բացահայտել:

Բնական է, որ յուրաքանչյուր հեռուստաալիք իր հռչակած արժեքներին հավատարիմ ու օրենքի սահմաններում պետք է փորձի ապահովել անաչառ եթեր, որտեղ բարձրորակ լրատվության առկայությունը զերծ կպահի քաղաքացիներին միակողմանի, կարճ ու ոչինչ չասող, հաճախ իրադարձություն չլուսաբանող, կեղծ տեղեկատվություն տարածելու դյուրին ու չգիտակցված գայթակղությունից:

Բացի այդ՝ բարձրակարգ լրատվության շարունակական ձգտման ճանապարհին լրատվամիջոցը չի դառնա տարբեր քարոզչական հնարքներ գործածող ներքին ու արտաքին քաղաքական տեխնոլոգների զոհը ու չի ախտահարի հանրությանը: Հետեւաբար որեւէ հեուստաալիքի լրատվական թողարկում պետք է ամենայն հավանականությամբ բխի իր հայտարարած արժեքներից, ունենա որոշակի հաստատուն տրամաբանություն ու ձեւաչափ:

Փաստը, որ հեռուստաալիքները անգամ իրենց կայքէջում հստակ չեն սահմանել սեփական գործունեության առաքելությունն ու նպատակները արդեն մատնանշում է հնարավոր կամայական, հետեւաբար եւ անպաշտպան եթերի ու լրատվության մասին: Այդպիսի պայմաններում գործող ալիքը, որպես կանոն, ունի հայտարարված տեր՝ կուսակցության կամ անհատի տեսքով (չնայած՝ այն չի արձանագրվում, բայց բոլորը գիտեն) եւ կատարում է պատվեր ու սպասարկում նեղ խմբային շահեր:

Բայց դա, թերեւս, ամենաանվնաս հատվածն է, քանի որ մյուս դեպքերում էլ լրատվություն ապահովող առանձին անհատներ ու լրագրողներ, չունենալով որեւէ շրջանակ ու հորիզոն, անկախ իրենց կամքից կամ էլ որոշ դեպքերում միտումնավոր, գործածվում են այլոց կողմից ու սպասարկում այլ շահեր:

Երկուշաբթի երեկոյան եթերից պարզ դարձավ, որ միտումնավոր շեղումներից զատ, տարբեր ալիքներում ստեղծագործական թիմի, խմբագրակազմի եւ միգուցե այլ պատճառներով կան տարբերակումներ:

Օրինակ` «Երկիր Մեդիա»-ն ուշադիր է այլ պետություններում ապրող հայերի ու դրանց փոխկապակցված իրադարձությունների նկատմամբ, «Շանթ»-ում լրատվականի ժամանակ գովազդում են սեփական ժամանցային հաղորդումները, «Ա1Պլյուս»-ում հավանաբար կարեւորում են մարզային կյանքը եւ այլն: Mijazgayin_lrahos

 Ծանոթագրություն. Գրաֆիկում հորիոզոնական առանցքը մատնացույց է անում, թե ինչ հերթականությամբ է տվյալ լուրը հեռարձակվել: Ըստ գույների կարելի տեսնել, թե որ ալիքն է հաղորդել այն:

Որոշ լրատվամիջոցներ առավել զգայուն են միջազգային լրահոսի նկատմամբ,եւ տարօրինակ չէ, որ սփյուռքահայության հարցերով մտահոգված «Երկիր Մեդիա»-ն դրանց շարքում առաջին տեղն է զբաղեցնում: «Ա1Պլյուս»-ում թվում է, թե հետաքրքրված չեն միջազգային անցուդարձով, հավանաբար առաջնայինը երկրի ներսում անաչառ լրատվության ապահովումն է:

Մյուս ալիքների միջազգային լրահոսի ծաղկաքաղից,անկեղծ ասած,պարզ չդարձավ, թե ինչու՞ էին հատկապես առանձնացրել այդ իրադարձությունները, ի՞նչ աշխարհաքաղաքական հետաքրքրություն կամ հիմնավորում ունեն կամ էլ ինչպե՞ս է այն սպասարկում իրենց առաքելությանը: Անգամ անզեն աչքով կամայականությունը զգացվեց, մինչդեռ կարելի էր ավելի լավ լուսաբանել ներքին ու տարածաշրջանային իրադարձությունները եւ լուրերի բազմազանության կրճատման հաշվին խուսափել ֆրագմենտարությունից:

Հետաքրքիր է՝ «Հարսնաքարի» դեպքերի դատական լսումների մասին լրատվություն էր տրամադրել միայն երկու ալիք: Եթե «ԱյբՖե»-ն միակողմանի փորձել էր լուսաբանել իրադարձությունը եւ մի կողմի փաստաբաններից մեկի հարցազրույցը ներառել, ապա «Հորիզոն»-ում հաղորդավարը միայն ընթերցեց նիստի հետաձգման մասին:

«Լրաբեր»-ն էլ իր՝հիմնականում ասուլիսային լրատվության պատճառով զոհ էր գնացել «հասարակական հարցումների մանիպուլյացիոն» հարձակմանը, եւ առանց այլընտրանքային մասնագիտական կարծիքների հաշվառման ու հավասարակշռված համադրման՝ եթեր հեռարձակել Ահարոն Ադիբեկյանի հարցման արդյունքները:

Դրանց համաձայն`Գագիկ Ծառուկյանը նախագահի ամենանախընտրելի թեկնածուն էր: Այս ամենը բավարար չէր, մյուս ալիքներով էլ ցույց էին տալիս «Արարատ» գինու կոնյակի գործարանում գյուղացիներից խաղողի մթերման գործընթացը եւ փառաբանում Գագիկ Ծառուկյանի պետականաստեղծ գործունեությունն ու անկեղծ հոգածությունը գյուղացիների նկատմամբ:

Հետո ուղիղ խոսքով հուզառատ ու երախտապարտ ժողովրդին դիմեց բարերարն ու ասաց, որ «իր խոսքը գործ է»:

Այդ բառերը քանիցս լսել էի անձամբ իր ու իր կուսակիցների բերանից: Եթե առաջիկա ընտրություններին պարոն Ծառուկյանը իսկապես որոշի մասնակցել, ապա «ԻՄ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է» կարգախոսը պատրաստի ու ազդեցիկ գործիք կհանդիսանա ու կամրապնդի «ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է» խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ական կարգախոսի վերջնական հաղթանակը:

Ո՞վ գիտի, միգուցե դրանով է պայմանավորված այս աննկատ նախապատրաստական աշխատանքը: Տեսնես լրատվությունը հաղորդած ալիքները տեղյա՞կ են:

Lureri_aghyusaky

Աղյուսակում թվերը մատնացույց են անում, թե ինչ հերթականությամբ է տվյալ լուրը հեռարձակվել: Մանրամասն կարող եք ուսումնասիրել այստեղ:

Նվարդ Մանասյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *