«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը հեռուստադիտողին ներկայացավ նոր տաղավարով: Մինչեւ նոր տեսքով առաջին եթերի օրը մեկ շաբաթ շարունակ հեռուստաալիքից հնչում էր. «Հայ իրականության մեջ լրատվությունը դեռ այդպիսի հարթակում չի եղել, եւ այսպիսի բազմաֆունկցիոնալ տաղավար ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում չկա»: «Ժամի» ղեկավար Արտակ Հերիքյանն էլ ավելացրեց, որ «ինչ-որ իմաստով Հայաստանում այդպիսի տաղավար ստեղծելը խենթություն է, եւ մեծ ռիսկ է լրագրողների համար նման տաղավարին արժանի բովանդակությամբ հաղորդումներ պատրաստելը եւ եթեր հեռարձակելը»:
Ամիսներ տեւած մանրակրկիտ աշխատանքը ավարտված է: Ըստ մտածվածի՝ «ժամանակակից տաղավարը պետք է նոր ռիթմ եւ նոր ոճ թելադրեր, նոր ձեւաչափ, քանի որ հաղորդավարը դառնում է զրուցակից, շարժման մեջ է եւ տեղեկատվությունը ներկայացնում է նաեւ դիդակտիկ միջոցներով եւ գրաֆիկաներով»: Panarmenian Media Holding-ի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, որի մասն է «Արմենիա»-ն, նշեց. «Երբեւիցե Հայաստանը չի օգտագործել նման տաղավար. թողարկման ընթացքում շարժվում են հաղորդավարը, պատերը, սեղանը, կան որոշակի տեխնոլոգիակական հետաքրքիր տրանսֆորմներ»:
Հեռուստադիտողը, իրոք, «Ժամի» եթերում տեսավ նոր տեխնիկական լուծումներ. երկու հսկայական շարժական գոգաձեւ LED[[wysiwyg_imageupload:223:]] էկրաններին, ըստ փոփոխվող հեռուստասյուժեների,հայտնվում էին դիդակտիկ նյութեր: Մեկնաբաններ Արտակ Հերիքյանն ու Լիլիթ Դավթյանը մեկ ժամ տեւող լուրերի թողարկման ընթացքում ստուդիայում քայլում էին, կանգնած զրուցում էին Մոսկվայում գտնվող իրենց թղթակցի հետ:
Հայաստանի համար այս նոր ձեւաչափը տարբերվում է նրանով, որ հաղորդավարը ֆիքսված տեղ չունի եւ կարող է թույլ տալ իմպրովիզներ`քայլել, կանգնել: Նման ձեւաչափով նորություններ է հաղորդում նաեւ ռուսական НТВ հեռուստակերությունը: Հայաստանում հիմնականում նորությունների մատուցման դասական ոճն է գերակշռում, որտեղ հաղորդավարը նստած է հաղորդման սկզբից մինչեւ վերջ`«Շանթ», «Առաջին լրատվական», «հ2», «Ար», «Երկիր մեդիա»: Ընդ որում՝ քայլելու հնարավորություն էլ չունի, քանի որ տաղավարը նախատեսված չէ տեղաշարժվելու համար:
«Ժամի» տաղավարը նախագծվել է իսրայելցի եւ ամերիկացի գործընկերների հետ, սակայն դրան «միս ու արյուն» են տվել հայ մասնագետները`դիզայներ Բագրատ Դիվանյանը եւ գրաֆիկական աշխատանքների հեղինակ Ժոռ Բելոյանը: Փոխվել է նաեւ երաժշտական ձեւավորումը, «Ժամը» լրատվականի գլխագրի երաժշտության նոր հեղինակը հայկական «Ապրիկոտա» խումբն է: Եւս մեկ փոփոխություն. «Արմենիա»-ի լրատվականի տեւողությունը կրկնապատկվել է եւ կազմում է մեկ ժամ: «Ժամի» գլխավոր թողարկումը հեռարձակվում է ոչ թե նախկինի պես 19:30, այլ 20:00:
«Գերժամանակակից սարքավորումները նոր հնարավորություններ եւ նոր բովանդակություն են թելադրում, լրատվական ծրագրի բոլորովին նոր կոնցեպտ համալրված թիմով եւ մատուցման նոր ձեւով»,- ասում է «Ժամի» ղեկավար Արտակ Հերիքյանը: Նոր ստուդիայում առաջին մեծ եթերի ընթացքում, ըստ երեւույթին, ոչ բոլոր տեխնիկական հնարավորություններն օգտագործվեցին: Կար փորձ գրաֆիկական պատկերներով հեռուստադիտողին ԵՎՐԱԶԵՍ-ի աշխարհագրությունն ու առաքելությունը ներկայացնելու: Ստացվեց, բայց կարելի էր ավելի պարզ ու ազդեցիկ անել:
Նույն թողարկման մեջ առնվազ երկու թեմա կար, որ կարելի էր գրաֆիկորեն, վիզուալ տեսակետից շատ ավելի պարզ ներկայացնել հեռուստադիտողին: Մեկը դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր ճանապարհն էր: Այս հատվածում ստուդիայի LED էկրաններին ակնհայտորեն պակասում էր քարտեզը: Մյուսը ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներն էին: Այստեղ ակնհայտ է՝ անուններից բացի հեռուստադիտողը պատկերների կարիք ունի: Էկրաններին ցուցակների առաջին համարների գեղեցիկ դասավորված նկարները կօգնեին «Ժամի» լսարանին ճանաչել, թե ում ընտրել կամ չընտրել:
Մի խոսքով՝ գոնե ես ավելիին էի սպասում:
Եւ, ամենակարեւորը, պահաջկոտ հեռուստադիտողը լրատվական հաղորդում դիտելիս ուզում է լսել օպերատիվ, հավասարակշռված եւ անաչառ լրատվություն, այլ ոչ թե իրականությունից կտրված եւ նախապես «սանրված» լուրեր, ինչը հաճախակի մատուցում են մեզ «վերեւներից» վերահսկվող մեր պատասխանատու էլեկտրոնայինլրատվամիջոցները: Այնպես որ, արտաքին փայլը լավ է, սակայն գլխավորը որակական ներքին բովանդակությունն է, որը դեռ չի նկատվում հայրենի հեռուստաեթերում:
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: