2012.01.10,

Քննադատ

Ամանորի հեռուստածրագրերում մեզ նորից պարտադրեցին իրենց ճաշակը

Գաղտնիք չէ, որ ամանորի հեռուստաեթերը դարձել է նոր տարվա մեր տոնական ընթրիքի անբաժանելի մասը: Իհարկե կուզենայինք ամանորյա տրամադրությանը հարիր  հեռուստահաղորդումներ լինեին, քանի որ այդ օրերին ուտել-խմելու գործընթացը համեմվում է տոնական  հեռուստահաղորդումներ դիտելով, որտեղ ակնկալվում է հումոր, երգ ու պար:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեինք այդ օրվա հեռուստաեթերից մենք` հասարակ մահկանացուներս: Միամտաբար այս անգամ էլ էինք հույսեր փայփայում, որ հայրենի հեռուստատեսության եթերի բովանդակությունն էլ կփոխվի, այն կդառնա իսկապես տոնական, եւ ամանորի գիշերը «ռաբիսը» չի հայտնվի գերիշխող դիրքերում:

Բայց որակական փոփոխություն գրեթե չտեսանք ամանորյա հեռուստածրագրերում: Նորից առաջատար դիրքերում էին ռաբիսի «արքաները», բացակայում էին սրամիտ կատակները, ամանորյա հաղորդումները նկարահանվել էին մեծ մասամբ տարածքներում, որտեղ  չկային հատուկ ձեւավորում կամ լուսավորում: Ինչպես եւ նախորդ տարի, հեռուստաընկերությունները շարունակեցին ցուցադրել իրենց «նեղ կռուգով» անցկացվող ուտուշխմուշները` իրենց իսկ աշխատակիցների եւ քիչ թե շատ հայտնի երգիչների մասնակցությամբ:

Իհարկե այս առումով ավելի հեռուն գնաց «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որի Նոր տարվա հաղորդման նկարահանումները անցնում էին ինչ-որ մի ռեստորանում: Ընդ որում  ռեստորանային մթնոլորտը պահպանվել էր մինչեւ վերջ, քանի որ ծխողների թիվն այնքան շատ էր, որ երեւում էին դեպի առաստաղ բարձրացող ծխի քուլաները: Սա նույնիսկ կարելի էր դիտել որպես ծխախոտի իսկական ակտիվ քարոզ, ինչը օրենքով արգելված է մեր հեռուստատեսությունում:

Այդ նոր տարվա «քեֆ-հաղորդումը» երբեմն ստանում էր պարտիական բնույթ, քանի որ օպերատորը, մոռանալով երգիչների կատարումները, ցուցադրում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, երբ նրա կողմնակիցները մոտենում էին նրան շնորհավորելու:

«Երկիր մեդիան» ամանորի հաղորդումը նույնպես նկարահանել էր ռեստորանում, եթե չեմ սխալվում, «Նոր ձորաբերդում»:

«Երեւան» ալիքով ինչ-որ մի գողտրիկ օբյեկտում, չգիտես ինչու, հայ երգիչները  կատարում էին բացառապես արտասահմանյան հայտնի երգիչների երգերը:

«Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները ավելի շքեղ եւ մեծ թափով էին տոնում Ամանորը եթերում:  «Արմենիա»-ի հաղորդումը վարում էին Ֆելիքս Խաչատրյանը եւ  Քրիստինե Պեպելյանը: Այստեղ կար ստուդիայի եւ՛ լուսավորում, եւ՛ ձեւավորում, ճաշակով կատարումներ եւ հումոր:

«Շանթ» -ն էլ գումար չէր խնայել ամանորի հաղորդման համար, որը ավելի շատ համերգային բնույթ էր կրում` երգում էին «Հայ սուպերսթար» նախագծի երգիչները:

Կարծում էինք՝  ծրագրերը կկազմվեին ավելի մանրակրկիտ եւ կտարբերվեին նախորդ տարվա անճաշակությունից: Երեւի թե, ցանկության դեպքում կարելի էր պատրաստել լավ տոնական ծրագիր, մի՞թե չունենք խելքը գլխին սցենարիստներ  եւ ռեժիսորներ:

Եթե նախկինում ունեինք հումորի եւ երգիծանքի դերասանների մի փայլուն շարան, որոնք իրենց վարպետությամբ կարողանում էին ամանորյա հեռուստահամերգները դարձնել անկրկնելի եւ զվարճալի, իսկ մյուս օրը ամբողջ քաղաքը վերարտադրում էր այդ հաջողված կատակները, ապա այսօր պատկերն այլ է:

Եթերից մեծ մասամբ հնչում է գռեհիկություն եւ տափակություն, իսկ հումորը սովորաբար փողոցային մակարդակից վեր չի բարձրանում:

Մի խոսքով՝ ամանորի հեռուստաեթերից ակնկալիքները շատ էին, բայց նորից հեռուստաընկերության տերերը պարտադրեցին մեզ իրենց ճաշակը:   

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *