«Թվապատում 2022» լրագրողական մրցույթը բաց է հայտերի համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2022»  լրագրողական մրցույթը: Մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, մարդու իրավունքների, ճգնաժամերի, մարդասիրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, երկրի կայունացման ճանապարհների և հնարավոր տնտեսական լուծումների վերաբերյալ։

«Թվապատում 2022» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ անվանակարգերի պայմաններին`

Անվանակարգեր և մրցանակներ

Homo Agendi (Գործող անձ)

Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու հնարավորությամբ ու փորձով: Այս անվանակարգի նյութերը կարող են ներկայացնել մրցույթի թեմաներից ցանկացածը։

Homo Agendi անվանակարգում պարգևատրվում է թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:

Դիտակ

Այս անվանակարգում ներկայացված նյութերը կարող են՝

  • պատրաստված լինել լրագրողական հետաքննության ժանրում, պարունակել  լրագրողական հետաքննության տարրեր;
  • հիմնված լինել քողարկված, կամ անորոշ տեղեկատվության բացահայտման, փաստերի ստուգման ու ճշգրտման, ապատեղեկատվություն և մանիպուլյացիա բացահայտման վրա;
  • պատրաստված լինեն բացատրական լրագրության ժանրի ձևաչափով։

Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն, տվյալների լրագրության, փաստերի ստուգման և այլ նոր մեդիա գործիքների օգտագործումը:

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Արտակարգ Գրություն

Լրագրողական աշխատանքները կարող են անդրադառնալ Հայաստանում ճգնաժամերի՝ պատերազմի, համավարակի (Covid 19), ներքաղաքական լարվածությունների  հետևանքով առաջացած  խնդիրներին:

Այս անվանակարգի նյութերը կարող են առնչվել մարդու իրավունքներին, ոլորտում առկա սուր խնդիրների բացահայտմանը, մարդկային ճակատագրերի պատմություններին, իրավունքների պաշտպանության գործում արդյունավետ պայքարի օրինակներին և այլն։

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում

Նյութերում պետք է օգտագործված լինեն նորարար մոտեցումներ, ժամանակակից մուլտիմեդիա  տեխնոլոգիաներ և գործիքներ, սթորիթելինգի (պատումների) ժամանակակից ձևաչափեր, ինչպիսիք են լոնգրիդը, ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը ապահովող հնարքներ և այլն:

Մրցանակը՝ 200 000 դրամ:

Ժամկետներ և պայմաններ

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2021 թ օգոստոսի 31-ից 2022թ. օգոստոսի 30-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր, փոդքասթ և այլն):

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2022 թ. օգոստոսի 31-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թ-ի հոկտեմբերին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել
Մանե Գրիգորյանին` [email protected] էլ. հասցեով, 010 58 36 20, 095 58 36 35 հեռախոսահամարով:

Անի Դարբինյանին՝ [email protected] էլ. հասցեով, 010 583620 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *