(1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս, 4-րդ մաս, 5-րդ մաս, 6-րդ մաս, 7-րդ մաս, 8-րդ մաս)
9. Սովետական մամուլը` երկրաշարժին դեմ հանդիման
«Ինչպե՜ս գրել այս ամենի մասին… Ոչ մի նյութ չի ծնվել այսպիսի դժվարությամբ ու ցավով։ Երբեմն թվում էր, որ տվյալ խմբագրական հանձնարարությունը կատարելն ուժից վեր բան է` չափազանց ծանր բեռ է ընկել վրադ»… Ահա այսպես «Պրավդա Ուկրաինի» թերթի թղթակից Վ. Նիկիպելովն անկեղծորեն խոստովանել է այն, ինչն, անշուշտ, լրագրողներից շատերն էին զգացել («Փորձությունների դժվար ժամին», դեկտ. 14)։
Մեկ ուրիշ լրագրող էլ պարզապես ենթադրում է, որ ցնորվել է. «Ամենաշքեղ (միթե ես էլ եմ բանականությունս կորցրել, որ նման բաներ եմ գրում) թաղումը, որ այդ օրերին տեսա, ուներ յոթ հոգուց բաղկացած թափոր» (այն տարիներին ընդունված էր գնալ նույնիսկ ամենահեռավոր ազգականների ու ծանոթների հուղարկավորությանը)։ Հոդվածն ինքն էլ կոչվում է «Ցավի ու վշտի դեմ հանդիման» (Հ. Մաղաքյան, «Երեկոյան Երեւան», դեկտեմբերի 15)։
Քիչ են դեպքերը, երբ լրագրողները նկարագրում են իրենց ու գործընկերների աշխատանքի բարդությունը, առավել հազվադեպ գնահատում կամ քննադատում են այն, բայց երկրաշարժի հետ կապված այդպիսի դեպքեր էլ կան։ «Ֆոտո- եւ հեռուստալրագրողներն աշխատում են խղճի մտոք։ Չեն վախենում փլատակների մեջ սողոսկել փրկարարների հետ, պարեկների հետ գյուղերն են գնում։ Բայց ոմանց համար կարեւորը ֆոնն է»,- գրում է բելառուսական «Զնամյա յունոստի» թերթի թղթակից Օլեգ Գրուզդիլովիչը (1988, դեկտեմբերի 18 – ճիշտ է, հասկանալի չէ, թե ինչով է հիշարժան «պարեկների հետ գյուղեր գնալը»`որեւէ վտանգ լրագրողին… եւ պարեկին այնտեղ չէր սպասում)։
Կարելի է եւ պետք է հասկանալ լրագրողներին` արտասահմանում նրանք հոգեբանի օգնությանն էլ կարժանանային։ «6 խորհուրդ լրագրողներին՝ լուսաբանելու ողբերգություն, ինչպիսին, օրինակ, Կոլորադոյի թատրոնի հրաձգությունն է» հոդվածում Բեթ Ուայնգարները պատմում է, որ մի դեպք «լուսաբանելիս սարսափելի մանրամասներ» է հավաքել: «Դրանք չերեւացին իմ հոդվածում, բայց խրվեցին մեջս:
Դրանից հետո մի քանի օր ցնցված էի: Երբ ես մեր մարդկային ռեսուրսների դեպարտամենտից խորհուրդ խնդրեցի, իմացա, որ լրագրողներին ընդամենը երեք անվճար խորհրդատվություն է տրամադրվում տարվա մեջ»: Հոդվածագիրը ճշտում է, որ նման ծառայություն միայն խոշոր լրատվամիջոցներն են մատուցում, իսկ աշխարհի մեր կողմում ոչ ոք չէր լսել նման հնարավորության մասին։
Աղետից 24 տարի անց ես փորձեցի պարզել, թե ինչպես են դիմացել իրենց տեսածին, ավերված «ամենաչխոսկան» լրագրողները` լուսանկարիչները։ Նաեւ այն մասին, թե ինչպես են աղետի գոտի հասել առաջին անգամ, ինչն է մնացել կադրից դուրս, ինչպես են ստեղծվել լավագույն լուսանկարները։
Սպիտակի երկրաշարժն աննախադեպ էր ոչ միայն աշխարհի կարեկցությամբ, այլ նաեւ (կամ շնորհիվ) արտասահմանյան մեդիայի անդրադարձների առատությամբ։ «Թերեւս, երբեք ամերիկյան մամուլն այսքան ուշադրություն չի դարձրել որեւէ թեմայի, եթե նույնիսկ խոսքը վերաբերել է սարսափելի աղետին»,- գրում է Նյու-Յորքից «Սովետսկայա կուլտուրա» թղթակիցը Մ. Կուզնեցովը «Հուդզոնից մինչեւ Սեւան» հոդվածում (1988, դեկտ. 18)։
ՍՍՀՄ-ում եւս, իհարկե, թեման շաբաթներ շարունակ առաջնային էր մամուլում, որն անհամեմատ ազդեցիկ էր, տպաքանակներն էլ` բազմապատիկ ավելի, քան այսօր։ Այսպես, օրինակ, երեւանյան «Կոմսոմոլեցի» «Աղետի գոտի» հրապարակումը տեղեկացնում է, որ «լույս տեսավ «Կայծ» թերթի հերթական համարը: […] Տուժած տպարանում հաջողվեց տպագրել ընդամենը 10 հազար օրինակ» (Ա. Գազազյան, Մ. Դիլոյան (1988, դեկտ. 18)։
Ընդամենը 10 հազար օրինակով լույս տեսած «Կայծը» 200 հազարից պակաս բնակիչ ունեցող Կիրովական (ներկա` Վանաձոր) քաղաքի պաշտոնաթերթն էր (Հայկական ՍՍՀ երրորդ քաղաքի թերթի անունը փոխառված էր լենինյան «Իսկրայից», որից, ըստ սովետական պատմաբանների, բռնկվել էր բոլշեւիկյան հեղափոխության հրդեհը), մինչդեռ հայաստանյան մամուլի համար 1990-ական թթ.-երի վերջից երազանք է դարձել այսպիսի տպաքանակ ունենալը։ Մամուլի այն օրերի կարեւորության վկայություններից է նաեւ այն, որ «Ավանգարդ» թերթի փոխխմբագիր Այդին Մորիկյանի` Շարժման գաղափարները լրատվամիջոցներում արծարծող առաջատար լրագրողներից մեկի գլխավորությամբ Սպիտակում աղետից օրեր անց վերընծայվեց տեղի «Լուսարձակ» թերթը։
Երեւանյան, այն օրերի բառապաշարով ասած, «դեսանտի» կազմում էին նաեւ բանաստեղծ Աղվան Վարդանյանը, լրագրող Մեսրոպ Հարությունյանը, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, այլք։
Տեղին կլինի նկատել, որ հայ մամուլի վիճակն ու խնդիրները առանձնահատուկ էին մի քանի առումով։ Շատ լրագրողներ կորցրել էին իրենց ազգականներին, եւ զբաղված էին նրանց հուղարկավորմամբ կամ ողջերի տեղափոխությամբ, մյուս կողմից՝ վերոհիշյալ «Կոմսոմոլեցը», օրինակ, «հասարակական հիմունքներով» լույս էր ընծայում «Ինֆորմացիոն բյուլետեն» թերթոնը, որի նպատակը բացառապես աղետյալների որոնումն էր։
Լուրջ խնդիր էր գրաքննությունը` ի դեմ թե՛ այն իրականացնող պաշտոնական մարմնի` «գլավլիտի», թե՛ խմբագիրների եւ իրենց իսկ` լրագրողների, ներքին գրաքննության։ Քանի որ գրաքննության ենթակա էին նաեւ… գրաքննության ենթարկված նյութերի մասին տեղեկությունները, դժվար է տարիների հեռվից որոշել` ինչն է արտոնվել հրապարակման, ինչը` ոչ։ Բարեբախտաբար կան վկայություններ, որ պատկերացում են տալիս նույն 1988-ին գրաքննության բնույթի մասին։
«Բացահայտորեն ոչ դյուրին պայմաններում էր հայտնվել (ՍՍՀՄ – Վ. Մ.) Հեռուստառադիոպետկոմն այդ տարվա փետրվար-մարտին։ Նյութերը, որ ցույց էր տալիս «Օստանկինոն», հանրապետություններում ոչ միայն բացասական արձագանք էին առաջացնում, այլ ուղղակի վրդովմունքի պոռթկումներ։ Լրագրողներին ուրիշ կերպ չէին կոչում, քան դավաճաններ։ Դա այն դեպքում, երբ տեղի հատուկ թղթակիցները ջանում էին ռեպորտաժներն անել առավելագույնս բաց ու անկեղծ, բայց էկրանից տեսնում էին ճիշտ հակառակ պատկերը»,- պատմում է 1988-ին Հայաստան ու Արցախ գործուղված հեռուստալրագրող Վլադիմիր Մուկուսեւը («1988, Սպիտակի հուշահամալիր…», էջ 341)։
Մի ուրիշ փորձանք էին սովետական մամուլի համար «կլիշեները»` կաղապարները, որոնց գոյությունը նույնպես մեծ չափով պայմանավորված էր ստեղծագործական անազատությամբ։ Բավական է միայն հոդվածների վերնագրերը համեմատել. «Վերք Հայաստանի», Վան Բայբուրդյան, «Սովետական Վրաստան» (1988, դեկտ. 16), «Հայաստանի վերքերը», «Լիտերատուրնայա գազետա» (խորագիր, 1988, դեկտ. 16), «Հայաստանի վերքերը», Վիկտոր Լոշակ, Անդրեյ Պրալնիկով, «Մոսկովսկիե նովոստի» (1988, դեկտ. 18), «Հայաստանի վերքերը», Մ. Մելքոնյան, «Մեդիցինսկայա գազետա»։ Ռուսալեզու հեղինակներին շատ էր դուր եկել «ցավդ տանեմ» արտահայտությունը, որը տարբեր ձեւափոխություններով նույնպես վերնագրային կաղապար է դանում. «Առ ուրիշի ցավը» (Возьми Чужую Боль, դեկտ. 16), Վ. Կսենոֆոնտով, «Վոզդուշնիյ տրանսպորտ», «Կտանեմ քո ցավը» (Возьму Твою Боль, դեկտ. 16), Ի. Վերդիյան, «Սովետսկայա կուլտուրա», «Կտանեմ ցավը քո», Դավիդ Գայ, «Վեչերնյայա Մոսկվա» (Унесу Боль Твою, հետագայում սա դարձել է նաեւ գրքի վերնագիր)։
Իրար նման վերնագրեր է ծնել ամերիկյան հայտնի գրող Ջոն Սթեյնբեքի «Մեր տագնապների ձմեռը» վեպը. «Մեր տագնապների հողը», Ա. Աբդուլին, «Ռաբոչայա գազետա» (Земля Тревоги Нашей, դեկտ. 10), «Մեր տագնապների օրերը», ՏԱՍՍ (դեկտեմբերի 9), իսկ մի քանի հոդված էլ կոչվում են հենց «Մեր տագնապների ձմեռը»։
Շատ են չարչրկվել նաեւ «դժբախտություն» ու «գթություն» բառերը, «Ուրիշի վիշտ չի լինում» բառակապակցությունը։ Հոդվածից հոդված է անցնում երկրաշարժի ու ռմբակոծության ավերածությունների համեմատությունը. «Ընդհանուր առմամբ Լենինականի թաղամասերը հիշեցնում են քաղաք բազմաթիվ ռմբակոծություններից հետո» («Փորձությունների դժվար ժամին»…), բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը վերհիշում է «Ստալինգրադի ավերումը, Կուրսկ-Օրյոլ աղեղի կործանված գյուղերի սարսափը» («Խոսք ցավի եւ առնականության», «Գրական թերթ», դեկտ. 9) եւ այլն։
Ավելի վաղ նշել եմ, որ սովետական մամուլի հրապարակումների զգալի մասը գերատեսչական հաշվետվությունների են նման։ Դրա հակառակ ծայրահեղությունը ճոռոմաբանությունն է. «Մարդկանց անհուն վիշտը, սրտակտուր հառաչանքը ալիքվեց հայոց հինավուրց հողում»,- գրում է Վան Բայբուրդյանը «Վերք Հայաստանի» հոդվածում։ «- …Հայ եւ վրաց ժողովուրդների, բոլոր ժողովուրդների դարավոր բարեկամությունն էլ թեեւ թաղված չէր… բայց այս օրերին կարծես եւս մեկ անգամ պեղեցինք»,- Վրաստանի ԼԿԵՄ Թբիլիսիի առաջին քարտուղար Գիգլա Բարամիձեի խոսքն է մեջբերում Էմմա Խաչատրյանը «Լեգենդները մարդիկ են ստեղծում» («Սովետական Վրաստան», դեկտ. 17) հրապարակման մեջ։ Թվում է՝ վերջին օրինակում լրագրողի մեղքը չկա, բայց իրականում նրա ուղղորդմամբ զրուցակիցը կարող էր ավելի պարզ ու մարդկային արտահայտություններ օգտագործել հարցազրույցում։
Այն, որ մարդկայինը, մարդու գործոնը նվազագույնի էր հասցված սովետական մամուլում երեւում է մեկ ուրիշ մանրամասնից։ Հոդվածների ճնշող մեծամասնությունը ստորագրված է հեղինակների ազգանվամբ ու… անվանատառով, ինչն անհնար է դարձնում որոշել նույնիսկ նրանց սեռը… Հոդվածագիրներն իրենք եւս նյութի հերոսի անունը չեն նշում, միայն ազգանունը… կամ, հնարավոր է, ազգանուն էլ չլինի, նույնիսկ երբ խոսքն իսկական հերոսությանն է վերաբերում։
Մամուլում սակավ են կործանված քաղաքների ողբերգության ստվերում մնացած գյուղերի վիճակի մասին հրապարակումները։
«Մենք մոտեցանք ավերված դպրոցին։ Այստեղ զոհվել է 53 գյուղական երեխա»,- Նալբանդ գյուղի օրինակով Դավիդ Գայի «Մեկ շաբաթ անց» հոդվածը պատկերացում է տալիս, թե ինչ ահավոր հարված է հասել նաեւ փոքր ու ցածրահարկ տներով բնակավայրերին («Վեչերնյայա Մոսկվա», դեկտ. 14)։ «Ջաջուռի սեւ օրերն» էլ նկարագրում է Ա. Մորգաչովը, բայց նա «Սելսկայա ժիզն» «մասնագիտական» պարբերականի թղթակիցն է։
Դեռեւս 88-ի դեկտեմբերի մի փորձ է արվել գնահատել այդ օրերի սովետահայ լրագրության, ավելի ստույգ` հրապարակախոսության որակը։ Միայն թե «Կամուրջներ եւ վիհեր. Հայաստանի հրապարակախոսությունը ժողովրդական դժբախտության դրամատիկական օրերին» վերնագրով հոդվածում «Իզվեստիայի» հատուկ թղթակիցներ Վ. Բոյարկինը եւ Գ. Կիլոսիձեն հիմնականում անդրադարձել են նրան, թե ինչպես է հայկական մամուլը դատապարտում ազգային շարժումն ու «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։
Իբր նրանք խանգարում են փրկարարական աշխատանքներին։ Մինչդեռ այդ կարգի հոդվածները կոչված էին արդարացնելու կոմիտեի տասն անդամների ու ակտիվիստներից շատերի ձերբակալությունը Մոսկվայի հրահանգով եւ նրանց լույսընծայումն ինքնին հնարավոր էր դարձել Շարժման մեջքը կոտրելու` նույն այդ ձերբակալությունների արդյունքում։
Իսկ ի՞նչ էր փոխվել, այնուամենայնիվ, ի՞նչն էր «երկրաշարժ սովետական մամուլում»։ «Վերակառուցումն» առաջին հերթին դժբախտության մասին խոսելու ազատություն էր տվել, քանի որ մինչեւ այդ ՍՍՀՄ տարածքում տեղի ունեցած տարերային աղետներին հետեւում էր պաշտոնական հաղորդագրություն, թե… «զոհեր եւ ավերածություններ չկան»։ Նոր ժամանակների շունչն էին նաեւ մամուլի ասուլիսները, որ Հայաստանում տվեցին ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովն ու Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Ճիշտ է՝ տպավորություն կա, որ հարցերի բովանդակությունը համաձայնեցված է։
Առաջընթաց էր այն, որ լրագրողները հետեւում էին աղետյալների ճակատագրին ոչ միայն տեղում, այլեւ այն վայրերում, ուր նրանք ժամանակավոր ապաստան էին գտել։ «Մեծ տան ջերմությունը» հոդվածում Յու.Բելանովը պատմում է, թե ինչպես են Դոնի Ռոստովում լենինականցի Նաիրա, Արմեն, Ռազմիկ Հակոբյանների համար հայերենի թոշակառու-ուսուցիչներ գտել։ Ռոստովից եւ Հյուսիսային Կովկասի բնակավայրերից ու առողջարաններից աղետյալների առօրյայի մասին թղթակցություններ էր ուղարկում Սիմոն Հակոբյանը։
Մամուլի հաջորդ կարեւոր ձեռքբերումը քննադատելու ազատությունն էր, ինչպես երեւում է սույն հոդվածաշարի 4-րդ` «Ինչու՞», վերնագրված մասի օրինակներից։ Ճիշտ է՝ քննադատությունը հետեւողական չէ, մասնավորապես` լրագրողները ծանոթ չեն եղել կամ չեն հրապարակել այն հանձնաժողովի եզրակացությունները, որը զբաղվում էր շինարարական խոտանի, երկրաշարժակայունության ցածր աստիճանի սահմանման համար մեղավորների հայտնաբերմամբ։
Պատճառներից մեկն այն էր, որ ժամանակն արագացել էր` Հայաստանը ներքաշվում էր պատերազմի մեջ, եւ երկրաշարժն անընդհատ դուրս էր մղվում հրատապ թեմաների շարքից։ Բացի այդ՝ մտայնություն կար, թե մեղավորներին դատարանի առջեւ կանգնեցնելը նոր հարված կհասցներ հայ ընտանիքներին։ Թող այս հոդվածաշարի ընթերցողներն արձագանքեն. ես կողմ եմ եղել ու հիմա էլ կողմ եմ, որ գողությունը, հանցավոր անփութությունը բացահայտվեին, որպեսզի դա դաս հանդիսանար բոլորի համար։
Հետերկրաշարժյա շրջանի հանցագործությունների դեմ լրագրողների պայքարը նույնպես բավարար չի եղել, ինչպես երեւում է, ասենք, ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Օլեգ Լոբովի հուշերից, որտեղ պատմվում է բնակարանների բաշխման աղաղակող խախտումների մասին («1988. Սպիտակի հուշահամալիր»…, էջ 40)։ Այդ հայտնութենական մթնոլորտում օգնությունների յուրացումը սովորական բան էր, եւ նույնիսկ մարդասպանություն էր կատարվել ու կոծկվել, որի մասին բարձրաձայնվել է Երկրաշարժի 20-ամյա տարելիցի «առթիվ»։
Իր հարազատներին հուղարկավորելու համար արձակուրդ ստացած կես հայ-կես ռուս զինվորը նկատել է, թե ինչպես մի կին,
դագաղից դագաղ անցնելով, մահացածների մատանիներն է հանում` կծելով թե կտրելով մատները։ Տղան իր մոր դագաղի մոտ սպանել է այդ կնոջը` մուրճով գլխին հարվածելով։ Նրան ազատ է արձակել գեներալ-լեյտենանտ Վ. Ֆ. Մասենկոն. «- Քո բախտն հիմա քո ձեռքերում է։ Ապրիր ու միշտ հիշիր. չկա ոչինչ ավելի ահավոր ու անուղղելի, քան մարդ սպանելը։ […] Ահա այդպիսի ծանր մեղք առա ես հոգուս վրա։ Իմ արարքն արդարացնում է միայն այն, որ զինվորի հարցում ես չէի սխալվել» («1988. Սպիտակի հուշահամալիր»…, էջ 57)։
Մամուլի, ընդհանրապես մեդիայի ուժեղ եւ թույլ կողմերը դրսեւորվում են հատկապես «ֆորս մաժոր» վիճակներում։ Սպիտակի երկրաշարժի լուսաբանման պատմությունը, որ ներկայացրի ձեզ այս հոդվածաշարի միջոցով, ցույց է տալիս, թե ինչ կարեւոր է մեդիան, ինչ կարող էր եւ չի արել մինչեւ աղետն ու աղետից հետո, եւ ինչ ազատություններ ու գործառույթներ են, որ հասանելի են դարձել նոր քաղաքական իրողությունների շնորհիվ`թույլ տալով ավելի լիարժեք ծառայել հանրությանը, երկրին։
Տեղն է, որ երախտագիտությունս հայտնեմ լուսանկարիչներ Մարտին Շահբազյանին, Մխիթար Խաչատրյանին, Հակոբ Բերբերյանին (Հակբեր), Վահան Քոչարին, Արմեն Մուրադխանյանին, Պողոս Պողոսյանին, Վռամ Հակոբյանին, «Ռուբեն Մանգասարյան» հիմնադրամին, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանին։
Նրանք Երկրաշարժին նվիրված իրենց լավագույն ստեղծագործությունները տրամադրեցին «Ինտերնյուս» հ/կ «Լրատուն» նախագծին, որի շրջանակներում է կատարվել «Երկրաշարժ սովետական մեդիայում» հետազոտությունը։ Լրատունը» նպատակ ունի ներկայացնել հայկական ԶԼՄ-ների պատմության վերջին քառորդ դարը խոշորագույն իրադարձությունների լուսաբանման օրինակներով` ազգային-ազատագրական շարժում, նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, անկախություն, պատերազմ, Սահմանադրության ընդունման ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեներ, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի արյունալի իրադարձություններ:
«Լրատունը» լինելու է մեդիայի յուրատեսակ թանգարան, որը ցուցահանդեսներ է կազմակերպելու Հայաստանի մարզերում, որոնք պատկերացում կտան դիտողին, թե ինչպես է ստեղծվում լուրը, լրատվական արտադրանքը, ինչպես է այն արտացոլում մեր ողբերգական ու բարդ ժամանակը:
Ինչպես որ Սպիտակի երկրաշարժի դեպքում։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: