2024.12.20,

Նյուսրում

Հայտնի են «Ճամպրուկ»-ի հաղթողները

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Այս տարի «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխությանը ներկայացված նյութերի գերակշիռ մեծամասնությունը վերաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության պատմություններին։ Մրցանակային տեղեր ու խրախուսական մրցանակի արժանացած աշխատանքներում ևս քիչ չէին Արցախին ու տեղահանությունից հետո արցախցիների կյանքի մասին պատմող հրապարակումները։  

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասում է, որ փորձել են արցախցիների տեղահանությանը վերաբերող մարդկային պատմությունները միգրացիոն այլ խնդիրների մասին պատմող նյութերի հետ մրցակցության մեջ չդնել։  

«Ստացվում է, որքան ողբերգական է պատմությունը, այնքան տպավորիչ է, այնքան ազդեցիկ է։ Մենք այս աչքով չենք նայել։ Արձանագրել ենք, որ կա որակյալ մեդիաբովանդակություն տեղահանության թեմայով և անցել ենք առաջ։ Բայց կար մի նյութ, որը ազդեցիկ էր նաև կատարված աշխատանքի ծավալի իմաստով։ Նյութում կար ժամանակագրություն, հույզեր, և մենք որոշեցինք այդ աշխատանքը, որպես տեղահանության թեմայով հավաքական և սիմվոլիկ նյութ` երրորդ մրցանակի արժանացնել»,- ասում է Նելլի Դավթյանը։ 

Հանձնաժողովականներին տպավորել էր «Հետքի» լրագրողներ Արմեն Ղազարյանի, Լենա Սահակյանի և Սեդա Գրիգորյանի «Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն» 19-րոպեանոց ֆիլմը։ Ֆիլմը պատմում էր 2023-ի մեկօրյա պատերազմի ժամանակ զոհված 6 երեխաների մասին։  

Ֆիլմի հեղինակներից Արմենն ասում է, որ նախքան զոհված երեխաների մասին առանձին ֆիլմ պատրաստելը հանդիպել ու զրուցել են քաղաքացիական բոլոր զոհերի հարազատների հետ ու լսել նրանց պատմությունները։ Հետո որոշել են առանձին ֆիլմով պատմել նաև 2023-ին զոհված երեխաների մասին։  

Արմեն Ղազարյան։ Լուսանկարը՝ People in Need-ի ՖԲ էջից

«Ես աշխատանքի ընթացքում հիմնականում կարողանում էի պահպանել մասնագիտական սառնասրտությունս, սակայն մի պատմություն կար, որը ինձ չափից շատ էր հուզել ու երկար ժամանկ դեռ էդ պատմության ազդեցության տակ էի։ Դա իննամյա Գոռի պատմությունն էր։ Նա զոհվել էր Ստեփանակերտում՝ արկի պայթյունի ժամանակ երեխայի սիրտը վախից կանգ էր առել։ Մենք ֆիլմը հրապարակեցինք 2024-ին հենց սեպտեմբերի 19։ Այն նաև թարգմանվել է անգլերեն։ Մեր նպատակն էր, որ այս երեխաների պատմությունը հասանելի դառնա նաև ամբողջ աշխարհին»,- ասում է Արմենը։  

Տեղահանության ու արցախցիների մասին պատմող նյութերից բացի լրագրողները ներկայացրել էին նաև իմիգրացիոն հոսքերին, միգրացիոն տարբեր գործընթացներին վերաբերող հրապարակումներ։ 

Օրինակ երրորդ տեղի համար հաղթող ճանաչված երկրորդ հրապարակումը պատմում էր հնդիկ միգրանտների մասին։ «Հնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի թաքնված և տեսանելի կողմերը՝ փաստերով» հոդվածի հեղինակը News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանն էր։  

Երկրորդ մրցանակային տեղը գրավեց Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանը «Փախստականի կարգավիճակը Եվրոպայում ապաստանի հի՞մք է․ ինչ միֆեր են տարածված արցախցիների շրջանում» տեսանյութի համար։ 

Լրագրողների ուշադրությունից դուրս չէր մնացել նաև Հայաստանում ապաստան հայցողների թեման։  

Գլխավոր մրցանակին արժանացած Արշալույս Բարսեղյանի EVN Report-ում հրապարակած «Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում» հոդվածում ներկայացված էին ինչպես Հայաստանում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների, այնպես էլ Հայաստանից դուրս ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդիրները։ Արշալույսը պատմում է, որ ապաստան հայցել արտահայտությունը նախքան նյութը գրելը միշտ միակողմանի է պատկերացրել՝ Հայաստանից դուրս։ Իսկ ովքեր են գալիս դեպի Հայաստան ու ապաստան խնդրում․ հենց այս հարցերի պատասխաններն է փորձել իր նյութում տալ Արշալույսը։ 

Արշալույս Բարսեղյան

«2023 թվականի վերջից սկսած հաճախակի էին դեպքերը, երբ տարբեր երկրներից, այդ ժամանակ հատկապես Բելառուսից եկած մարդիկ Հայաստանում ապաստան էին հայցում։ Այդ դեպքերը կրկնվում էին ու ինձ հետաքրքիր էր։ Դրա համար որոշեցի ուսումնասիրել տվյալները, հասկանալ վերջին տարիներին ինչպիսի դինամիկա է նկատվում Հայաստանում։  Ես ուսումնասիրել եմ, նաև թե Հայաստանում առհասարակ ինչ զեկույցներ կան ապաստան հայցողների պահման պայմանների վերաբերյալ ու ինչ խնդիրների են նրանք բախվում մեր երկրում»,- ասում է Արշալույսը։  

Արշալույսը պատմում է, որ ՄԻՊ-ի, Հելսինկյան կոմիտեի զեկույցներն ուսումնասիրելով, նկատել է բազմաթիվ խնդիրներ։ Նա ասում է, որ հաճախ թարգմանիչների բացակայությունը դժվարացնում ու երկարաձգում է գործընթացը, համապատասխան մարմինների աշխատակիցները երբեմն անզգուշաբար խախտում են ապաստան հայցողի իրավունքները և այլն։  

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասում է, որ լրագրողական այս նյութերը շատ կարևոր են․ հենց նրանց միջոցով է ձևավորում հանրային ընկալումը։ Միգրացիոն թեմաներին առնչվող խնդիրները, արհեստավարժ, խորքային ու բազմակողմանի ներկայացնելու արդյունքում մեդիան օգնում է ինչպես հասարակությանը, այնպես էլ պետական մարմիններին տեսնելու ու լուծելու մի շարք խնդիրներ, որոնք ոլորտը կդարձնեն ավելի կայացած։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *