2024.12.12,

Նյուսրում

Լրագրողները դրամահավաք են անում՝ Planet-ին բաժանորդագրվելու համար 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանի հետաքննող ու փաստեր ստուգող լրագրողները դրամահավաք են նախաձեռնել արբանյակային լուսանկարների Planet հարթակի բաժանորդագրության համար։  

Planet-ը արբանյակային լուսանկարների միջոցով ցույց է տալիս ու մոնիթորինգի է ենթարկում Երկիր մոլորակի ցանկացած կետում տեղի ունեցող փոփոխությունները։  

Դրամահավաքը նախաձեռնել է Հայաստանում փաստեր ստուգողներին միավորող InFact/Փաստացի ցանցը և Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն՝ Հետքը։  

«Փաստացի»-ում համագործակցում են հայաստանյան 15 լրատվամիջոցներ՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։  Ցանցը նպատակ ունի Հայաստանում զարգացնել փաստերի ստուգման լրագրության ժանրը ու աջակցել փաստեր ստուգող լրագրողների ու հարթակների համագործակցությանը։ 

Հետքի տնօրեն, Քիստինե Բարսեղյանն ասում է, որ առցանց աղբյուրներն ու գործիքները՝ մասնավորապես արբանյակային լուսանկարներն այսօր առանցքային նշանակությունն ունեն փաստերի ստուգման ու հետաքննական լրագրության մեջ։ Planet-ին բաժանորդագրվելու միջոցով լրագրողները կունենան հավաստի ու թարմ տվյալներ, որոնք կարող են նաև որպես փաստական հիմք ծառայել նրանց հետաքննությունների համար։ 

«Planet-ը ոլորտում առկա ամենահզոր գործիքներից մեկն է, որը կարելի է դիտարկել ոչ միայն որպես արբանյակային հետազոտության, այլ նաև որպես վիճակագրական տվյալներ ունենալու և վերլուծելու գործիք։ Այն շատ բարձր ճշգրտությամբ թույլ է տալիս դիտարկել Երկիր մոլորակի ցանկացած կետ, թույլ է տալիս դիտարկել օդային ու ջրային տարածքներում տեղի ունեցող շարժերը՝ հետևել ինքնաթիռների ու նավերի շարժին»,- ասում է Քրիստինեն։  

Planet-ից օգտվում են արևմտյան շատ հեղինակավոր լրատվամիջոցներ։ Օրինակ Bellingcat հետաքննական կայքը հաճախ է այս հարթակն օգտագործում իր հետաքննությունների համար։ Արևմտյան շատ երկրների կառավարություններ ևս օգտագործում են այս գործիքը ռազմավարական որոշումներ կայացնելու համար։  

Ոլորտները, որտեղ կարելի է օգտագործել հարթակի տրամադրած ինֆորմացիան շատ տարբեր են ու բազմազան։ Սահմանային անվտանգությանը վերաբերող խնդիրների, կոռուպցիայի դեմ պայքարի, բնապահպանությանն ու ուրբան զարգացմանը վերաբերող տարբեր թեմաների մասին կարելի է խոսել` օգտվելով Planet–ի միջոցով արված արբանյակային լուսանկարներից ու ժամանակի ընթացքում եղած փոփոխությունները համեմատելու արդյունքում ստացված մոնիթորինգային տվյալներից։ 

«Օրինակ, բոլորիս համար շատ կարևոր ու ցավոտ թեմա է Արցախյան մշակութային ժառանգության ճակատագիրը։ Լրատվամիջոցներն անընդհատ ահազանգում են, որ ոչնչացվում է հայկական հետքը։ Այս գործիքի օգնությամբ մենք հնարավորություն կունենանք ամենօրյա ռեժիմով տվյալներ ունենալ ու դիտարկել, թե ինչ է կատարվում Արցախում մեր մշակութային ժառանգության հետ»,- ասում է Հետքի տնօրենը։ 

Planet-ն ունի արբանյակային լուսանկարների արխիվ, որը ևս կարելի է օգտագործել լրագրողական հետաքննությունների ժամանակ։ Օրինակ, կարելի է դիտարկել հանքերի պոչամբարների տարածքների փոփոխությունները, մոնիտորինգ անել  կանաչ տարածքների օգտագործումը։  

Planet հարթակի արբանյակային պատկերների մեկ տարվա բաժանորդագրության և դրա արխիվին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է 4 միլիոն 670 հազար դրամ։ Սա նախաձեռնող թիմի առաջնային նպատակն է։ Սակայն առավել թիրախային լուսանկարներ ունենալու և հարթակից առավելագույնս օգտվելու համար, լրագրողները ցանկանում են հավաքագրել 9 միլիոն 340 հազար դրամ, որը նրանց հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում SkySat արբանյակին 60 լուսանկարի անհատական պատվեր տալ, այսինքն կարող են պատվիրել հենց լրագրողական աշխատանքի համար անհրաժեշտ տեղանքի լուսանկարը։ 

Քրիստինեն ասում է, որ մեր հասարակությունը կամաց-կամաց սկսում է հասկանալ, որ որակյալ տեղեկատվության համար ևս պետք է վճարել։ Սկսում է հասկանալ անկախ մեդիայի կարևորությունը, իսկ մեդիայի անկախության առաջին նախապայմանը ֆինանսական կայունությունն է։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ ցանկացած մեդիասպառող գիտակցի փաստահեն լրագրություն ունենալու գործում իր՝ թեկուզ փոքրիկ ներդրման կարևորությունը։  

Rearmenia հարթակում սկսված դրամահավաքի արդյունքում 2024թ․ դեկտեմբերի 12-ի դրությամբ հավաքվել է 2 միլիոն 211 հազար 729 դրամ։ Դրամահավաքը կավարտվի 109 օրից։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *