Երկրաշարժ սովետական մեդիայում, մաս 2

23.11.2012, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Տես հոդվածաշարի 1-ին մասը

 

2. Զոհեր, փրկարարներ
 

ՍՍՀՄ-ն իր խոսքի տերը եղավ` առաջին անգամ Երկրորդ Աշխարհամարտից հետո երկիրը մարդասիրական օգնություն է ընդունում արտասահմանից։ Որն ավելի քան տեղին է, եթե նկատի առնվի երկրաշարժի ահագնությունը: Հակառակ նրան, որ ՍՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեն, ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Նյու-Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցնում է. «Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, շինարարական եւ այլ նյութերին ու միջոցներին, որ անհրաժեշտ են երկրաշարժի հետեւանքների վերացման համար, այդտեղ մենք խնդիրներ չենք ունենա», առաջին իսկ ժամերից զգացվում է ամբարձիչների կամ, ասենք, արհեստական երիկամների պակաս։ 

Այսպիսի հայտարարությունների պատճառով, թե ըստ սովորության սովետական պաշտոնյաներին երկրի ներսում ու դրսում չեն հավատում։  Բոլորին հուզող հարցերից են զոհերի մասին տվյալները, որ շատ երկար անտեսում կամ չեն ստանում սովետական թերթերը։ «Ինչու՞ պետք է աղետից հետո ժամերով սպասենք իմանալու համար, թե մեր փոքրիկ հանրապետությունում ինչ է կատարվել, ինչու՞ աղետի միայն 7-րդ օրը պիտի ճշտվի, որ երկրաշարժից զգալիորեն տուժել է ոչ թե 28, այլ 48 բնակավայր»,- հարցնում է «Ճանապարհ ցավի միջով» հրապարակման հեղինակ  Նովիկ Դարբինյանը («Ավանգարդ», 1988, դեկտեմբերի 18)։

Լուսանկարը՝ Մարտին Շահբազյանի

Արտասահմանյաններից «Նյու-Յորք թայմսը» (1988, դեկտեմբերի 16) հղում է սովետական պաշտոնյաներին, որոնք նշում էին 55 հազար թիվը։ Մինչդեռ նույն թերթին ֆրանսիացի փորձագետները հայտնում են, որ իրենց կարծիքով միայն Լենինականում զոհվել է 100.000 մարդ... Մեծ թվերն ավելի մեծ հավատ են ներշնչում, բայց դրանք պակաս հեռու չէին իրականությունից։

Աղետից քսան տարի անց Հայաստանի պետական արխիվի հրապարակած տվյալների համաձայն`երկրաշարժն ամբողջությամբ ավերել էր Սպիտակ քաղաքը, որի 16 հազար բնակչից զոհվել էր 4000-ը, որոնց կեսը` երեխա։ Քանդվել էր Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի բնակմակերեսի 80%-ը։ Կիրովականի շենքերի կեսն էր կանգուն մնացել։ Տուժել էր 400  գյուղ, որոնցից 58-ը լիովին քանդվել էին։ Հանրապետության մասշտաբով զոհվել էր 25 հազար, վիրավորվել` 17 հազար մարդ։ Անօթեւան մնացածների թիվը կես միլիոնից ավելի էր։ Տուժած քաղաքները 21-ն էին։       

Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արտադրական ներուժի 40 տոկոսը։ Վթարված դպրոցներում սովորում էր 210 հազար աշակերտ, մանկապարտեզներում` 42 հազար, տուժել էր 416 բուժհաստատություն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ ու մշակույթի տուն։ Շահագործման համար անպիտանի էր դարձել 600 կիլոմետր ավտոճանապարհ, 10 կմ երկաթգիծ։

Ըստ երկրաշարժագետների, երկրակեղեւի պատռվածքի հատվածում արտազատված էներգիան հավասար է եղել Հիրոսիմայի վրա գցված տասն ատոմային ռումբի։

Կարող է թվալ, որ  25 հազար զոհը քիչ է։ Բայց Նյու Յորք թայմսը պատմում է մի տղամարդու մասին, որն ինքնասպանություն է գործել  հիվանդանոցում, որովհետեւ կորցրել էր բոլոր հարազատներին։ Այդպիսի ընտանիքները շատ էին։ Սովետական թերթերը զոհերի մասին տեղեկությունները զուգակցում են փրկության պատմություններով։

«Լենինականի փողոցներից մեկում ես տեսա սեւազգեստ մի կնոջ։ Նա շաղված հայացքով հարցնում էր` ի՞նչ է եղել, ինչու՞ եք եկել։ Մեկը հուշեց` երեխեքին կորցրել է, ցնորված է». սա Լ. Շվեդովայի թղթակցությունից է (ՏԱՍՍ, դեկտեմբերի 16)։ «Քիմիայի դասաժամն էր։ Մեր դասարանի 29 աշակերտներ, ընկեր Մարգո Ավետիսյանի հետ, մնացին ծածկի տակ, չգիտեմ, նրանցից ինչ լուր կա»,- պատմում է լենինականցի մի դպրոցական («Երեխաները շրջապատվում են գուրգուրանքով», Ա. Բաղդասարյան, «Երեկոյան Երեւան», դեկտեմբերի 14)։ Ընկեր Մարգոյի եւ դասարանում ամենայն հավանականությամբ եղած Վարդանիկ անունով տղայի փլատակների տակ զոհվելուց հետո ժողովրդի հավաքական բարեգթությունը փոխում է ներհայկական հումորի հերոսին` ընտրվում է «ապարանցին»։

Միայն թե երկրի (ու մամուլի) գլխավոր հոգսը, զոհվածների թիվը ճշտելուց ավելի փլատակների տակ մնացածների փրկությունն է։ Ինչու՞ չկա սովետական փրկարարական ենթակառուցվածք, չկան մասնագետներ` նորից «Ավանգարդի» լրագրողի հարցն է («Բիլը, Ժան Մարին, Ֆիլիպը եւ մյուսները», 1988, դեկտեմբերի 18)։ «...Ու՞ր են մեր փրկարար ջոկատները, վարժեցրած շները, հատուկ մասնագետները: Մինչեւ ե՞րբ խոսենք այդ մասին»,- վրդովվում է հոդվածագիր Գ. Կորժը:

Ֆրանսիան բացի մեծ նյութական օգնությունից ուղարկել է հինգ հարյուր փրկարարների։ Իսրայելն ուղարկում է փրկարարների խումբ, երկու զրահամեքենա, ամբարձիչով հզոր տրակտոր։ ԱՄՆ-ը ահռելի օգնությանը զուգահեռ` փրկարարների։

Լուսանկարը՝ Մարտին Շահբազյանի

Սա աննախադեպ օգնություն է, քանի որ հաճախ օգնողներն իրենք են շնորհակալություն հայտնում, որ իրենց այդ հնարավորությունն ընձեռնվել է. «Ամերիկյան փրկարարները վերադառնում են տուն (45 հոգի)» վերնագրով նյութի հերոսները իրենց երախտագիտությունն են հայտնում ՍՍՀՄ իշխանություններին, որ առաջին անգամ 60 տարուց ի վեր ԱՄՆ-ին հնարավորություն է տրվել «մարդասիրական օգնություն ցուցաբերել Սովետական Միությանը» եւ ուրիշ երկրների հետ միասին թեթեւացնել հազարավոր մարդկանց տառապանքները («Իզվեստիա», դեկտեմբերի 17)։

Փրկարարների խնդիրը հետագայում բազմիցս արծարծվում է հայ եւ այլազգի սովետական լրագրողների կողմից, որոնք որպես թերթերի սեփական թղթակիցներ ականատես են դառնում արտասահմանցի կամավորների ցուցաբերած արդյունավետ փրկարարական օգնությանը։ Միաժամանակ կուսակցական ու սովետական բյուրոկրատիայի աշխատանքի առարկայական քննադատությունը շատ հազվադեպ է տեղական ու «կենտրոնական» մամուլում։

Այս առումով համարյա եզակի է «Դժբախտության ֆոնին» հոդվածում «Պրավդայի» դեկտեմբերի 15-ի քննադատությունը «Հայաստանի Նախարարների խորհրդի կողմից տեղ հասնող բեռների խայտառակ վատ կազմակերպած հաշվառման» կապակցությամբ։ «Շպիգել» հանդեսը, սակայն, կոծկելու խնդիր չունի. այն գրում է, որ փրկարարական աշխատանքները Սպիտակում երեք ժամով դադարեցվեցին, որպեսզի քաղաքը «նախապատրաստեն» ընկ. Գորբաչովի այցին։ Դա այն դեպքում, երբ, ինչպես հայտարարել էր ՍՍՀՄ առողջապահության նախարար Եվգենի Չազովը, ուշացման ամեն ժամը խլում էր փլատակների տակ մնացած հազար հոգուց 20-ի կյանքը։

Քննադատության սահմանափակումն ուներ հստակ նպատակներ։  Հայաստանում Կենտրոնական հեռուստատեսության եւ Հայաստանի հեռուստատեսության թղթակիցներին տված հարցազրույցում, որը 1988-ի դեկտեմբերի 11-ին տարածեց ՏԱՍՍ-ը, Հայաստան ժամանած ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովը զայրանում է. «Այդտեղ ստեղծվել են սեւ բաճկոնավորներ, սպիտակ բաճկոնավորներ, մորուքավորներ` թե Ադրբեջանում, թե Հայաստանում»։ Այսօրվա նոր սերնդին երեւի թե անհասկանալի այս նախադասությունը վերաբերում է Ադրբեջանի Ազգային ճակատին եւ Հայաստանի «Ղարաբաղ» կոմիտեին, որի շուրջը 1988-ին ինքնակազմակերպվել էր ժողովուրդը: Ադրբեջանում ծավալված ջարդերի հետեւանքով պարետային ժամ էր սահմանվել... նաեւ ամբողջ Հայաստանում։ Կոմիտեի այդ օրերի ամենամեծ մեղքը համարվում էր պարետային ժամը չեղյալ համարելու պահանջը («Գլխավոր մայրուղիներում, խաչմերուկներում` տանկեր, զրահամեքենաներ են», Դավիդ Գայ, «Վեչերնայա Մոսկվա», դեկտեմբերի 9), որի արդարացիությունը ապացուցվում է նրանով, որ պարետային ժամի գործողության  ընթացքում չէր գրանցվել ոչ մի խոշոր միջադեպ, իսկ աղետի գոտուն օգնելուն խոչընդոտում էին պահանջվող անհեթեթ անցագրերը։ Գորբաչովին վրդովվեցնում է, որ աղետյալները հետաքրքրվում են Արցախի ճակատագրով. «...Նման փոքր մարզի (Ղարաբաղի – Վ. Մ.) համար հատկացրինք 500 միլիոն»,- ասում է նա` առանց նշելու, որ գումարը տնօրինելու էր Ադրբեջանի ղեկավարությունը, որի դեմ էլ հենց ընդվզել էր ինքնավար մարզը։

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի

«Ղարաբաղ» կոմիտեն զբաղված էր  փրկարարական աշխատանքների կազմակերպմամբ` ավտոբուսներ էր հանում երթուղիներից եւ, իր կնիքով կնքելով, փրկարարական ջոկատներ ուղարկում աղետի գոտի: Մինչդեռ Կրեմլն ուներ իր ծրագիրը. օգտվելով այն հանգամանքից, որ ժողովուրդը կոտրված է, երկրաշարժից ընդամենը օրեր անց ձերբակալեցին կոմիտեի բոլոր անդամներին եւ շատ ակտիվիստների։ «Դժբախտության ժամ եւ պատասխանատվության ժամ» անստորագիր հոդվածում, որը լույս տեսավ ռուսալեզու «Կոմունիստ» եւ «Խորհրդային Հայաստան» թերթերում դեկտեմբերի 16-ին եւ արտատպվեց «կենտրոնականներում», ասվում էր, որ կոմիտեն անում է գործողություններ, «որոնք իրականում արդեն ձեռնարկում են իշխանությունները»: Իրականում շարժման մասնակիցներն անում էին այն, ինչը չէր կարողանում իշխանությունը, ի ցույց դնելով նրա անգործունակությունը։ Բնութագրական է, որ առ այսօր ստույգ հայտնի չէ, թե ով էր վերոհիշյալ հոդվածի հեղինակը։

 

(շարունակելի)

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?