Երկրաշարժ սովետական մեդիայում

21.11.2012, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

1. «Օրինական» երկրաշարժը
 

Սպիտակի երկրաշարժից հետո Սովետական Միության կոմունիստական կուսակցության օրգան «Պրավդայի» գլխավոր խմբագիր Աֆանասեւը ցավակցական հեռագիր ուղարկեց Հայաստանի կոմկուսի կենտկոմին, որն այսպիսի կոչ էր պարունակում. «Մոռանանք մեր երկպառակությունները, թերասությունները, անըմբռնողությունը։ Մեր մեծ Միությունը դժբախտության մեջ չի թողնի, կօգնի ձեզ, կազատի դժբախտությունից»։ ՀԿԿ կենտկոմի ու «Պրավդայի» միջեւ փոխադարձ վիրավորանքներ չեն եղել։  Սա կոչ էր ուղղված  հայ ժողովրդին։ Այսինքն, մի կողմից թերթն է, իշխող եւ միակ կուսակցության օրգան, մյուս կողմից` մի ամբողջ հանրապետություն-ժողովուրդ, որին այն մեծահոգահաբար կոչ է անում մոռանալ «երկպառակությունները»։ Խոսքը մի կողմից հանուն Արցախի ինքնորոշման զանգվածային ցույցերի ու գործադուլների մասին է, որ ցնցում էին Հայաստանը 88-ի փետրվարից, մյուս կողմից լրատվական շրջափակման կամ ապատեղեկատվության, որ շարժումը ենթարկում էին «կենտրոնական»` մոսկովյան լրատվամիջոցները, ինչն, իր հերթին, վրդովմունքի, ծաղրի ու վիրավորանքների ալիք էր հարուցում «ապստամբ» հանրապետությունում։

Հակառակ իր կոչի, «Պրավդան» դեկտեմբերի 8-ի համարում ՈՉ ՄԻ ԲԱՌ ՉԻ ԳՐՈՒՄ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին...
«Վոլոդյա,- ես աղերսական նայում եմ մեր ֆոտոթղթակից Վլադիմիր Գովորուխինին,- սա պետք է նկարել»։ ...Սա պետք է ցույց տալ բոլորին։ Բոլոր նրանց,  ով  տալիս է ամեն ինչ, որ կարող է, Հայաստանին... Եվ բոլոր նրանց, ով անթաքույց քմծիծաղով նետում է. «Աստված պատժեց»։ Այդպիսիք շատ քիչ են, բայց կան»,- գրում է «Ռաբոչայա գազետայի» «Վշտին դեմ հանդիման» նյութի հեղինակ Ա. Աբդուլինը, երբ տեսնում է աղետից հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած մարդկանց։ Մեջբերումը պատկերացում է տալիս այն մասին, թե մինչեւ երկրաշարժը ի՜նչ ատելություն էին ներշնչել սովետական ԶԼՄ-ները հայերի հանդեպ, որ կային «անթաքույց» ուրախացողներ...

Այսպիսի անակնկալների հանդիպեցի ես, երբ սկսեցի «Ինտերնյուս»«Լրատուն» նախագծի համար նախապատրաստել ցուցահանդես նվիրված ԶԼՄ-ներում Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը...    

«Պրավդայի» լռությունը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը ԱՄՆ-ում էր այդ օրերին եւ պատրաստվում էր ելույթ ունենալ ՄԱԿ-ում։ Եթե թերթը հայտներ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետի ծավալների մասին, ընթերցողը պետք է հարցներ, թե ինչու՞ նա իսկույն չի վերադառնում։

Դեկտեմբերի 8-ի հայաստանյան թերթերը տպագրել էին երկրաշարժի մասին հաղորդագրություն եւ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ելույթը հեռուստատեսությամբ նվիրված աղետին: Բայց Գորբաչովի այցելությունը ԱՄՆ զբաղեցնում է թերթերի առաջին էջերի վերեւի հատվածը, 362սոսկալի «տեղական» երկրաշարժը կարեւորությամբ... երկրորդն է։ Նույնիսկ դեկտեմբերի 9-ի «Գրական թերթի» առաջին էջի նյութերի էջադրումն է նույն տրամաբանությամբ արված, 2-3-րդ էջերը Գորբաչովի ճառն է, 4-րդ էջում  իսրայելցի գրող Հանոհ Բարտովի «Օտարը» պատմվածքի թարգմանությունն է։ Շաբաթաթերթում լույս է տեսել նաեւ երկու հայ գրողի հուսադրող շեշտադրությամբ հրապարակախոսական նյութ:

Դեկտեմբերի 9-ի գլխավոր հայկական օրաթերթերի էջերի մեծ մասը զբաղեցնում է ՍՍՀՄ օրենքը ՍՍՀՄ ժողովրդական դեպուտատների ընտրությունների մասին («Ավանգարդ», «Սովետական Հայաստան»)։

Չնայած ողբերգությունը թարմ է, եւ սգո օրեր են հայտարարված Հայաստանում, սովետական մամուլը չի մոռանում հայ-ադրբեջանական հակամարտությունը «շիջելու» իր գործառույթը։ «Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա» թերթը տեղեկացնում է Բաքվից ուղարկված վառելանյութի էշելոնի մասին, «Տրուդը» պատմում է, որ Ադրբեջանում պատրաստ են առողջարաններում տեղավորել չորս հազար աղետյալների («Աղետի հանդիման»)։ Շաբաթներ, նույնիսկ օրեր առաջ Ադրբեջանում կատարված հայկական ջարդերի ու բռնի տեղահանումների համապատկերին դա որպես ծաղր է հնչում` ոչ մի հայ չի գնա այնտեղ։ Բայց ծաղրը միայն հայերին ու ադրբեջանցիներին է հասկանալի։ ՍՍՀՄ բնակչության մնացած 290 միլիոնը կարող են լուրն ընդունել հալած յուղի տեղ` որպես «սոցիալիստական ինտերնացիոնալիզմի» վառ դրսեւորում։

Նույն օրերի արտասահմանյան թերթերի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես պետք է լուսաբանել աղետը, եթե նույնիսկ այն քո ժողովրդի պատուհասը չէ։ «Հեռուն» չգնալու համար համեմատենք վերոհիշյալ լուսաբանումը Ֆրանսիայի նույնպես կոմունիստական թերթի` «Յումանիտեի» հետ։ Դեկտեմբերի 9-ի համարի 1-5 էջերը նվիրում է Հայաստանին։ «Ողբերգություն Հայաստանում»` առաջին էջ, «Հայաստանը փլատակների տակ»` երկրորդ-երրորդ էջեր, Ռոյթերի եւ Ֆրանս պրեսի լուսանկարների ուղեկցությամբ։ «Ահռելի կարեկցություն Ֆրանսիայում»` չորրորդ էջ, ինչպես նաեւ` տեղեկատվություն այն մասին, որ Նոբելյան մրցանակի 363դափնեկիր Անդրեյ Սախարովը, որ գտնվում է ԱՄՆ-ում, կոչ է արել ՍՍՀՄ իշխանություններին թույլատրել միջազգային մարդասիրական կազմակերպություններին օգնություն ցուցաբերել աղետյալներին։ Հինգերորդ էջում գիտական աբդրադարձ է կովկասյան երկրաշարժներին։  

«Կիրակնօրյա Յումանիտեն» վաճառվում է սովորականից բարձր գնով` հասույթն ուղղվելու երկրաշարժից տուժածների օգնության գործին։ Նույն նպատակով թերթը նախաձեռնել է նաեւ Մարտիրոս Սարյանի նկարներով բացիկների բարեգործական վաճառք, սովորականից շատ ավելի բարձր գներով, որպեսզի Սուրբ ծննդյան տոներին ֆրանսիացի երեխաները գնեն եւ ուղարկեն իրենց հայ հասակակիցներին։ Էջով մեկ կամ քառորդ էջ զբաղեցնող մի քանի համար շարունակ հրապարակվող ազդն ուղեկցվում է «Սպիտակի «Մադոննայի»` Մարինե Նորոյանի լուսանկարով (հեղինակներ` Միքայել Քալանթար, Մխիթար Խաչատրյան)։

Միայն թե «Պրավդայի» ու Հայաստանի թերթերի պահվածքը ավելի շատ բնորոշում էր սովետական մամուլի երեկվա օրը։ Սկսվել էր «այսօրը», զգալի չափով պայմանավորված նաեւ Սպիտակի երկրաշարժով, որը քանդեց սովետական սովետական գրաքննության բազմամյա պատնեշները։

Ի տարբերություն «Պրավդայի», ավելի «վերակառուցողական» «Իզվեստիան» երկրաշարժի մասին լուրը հայտնում է, 3-րդ էջում` լռելով աղետի իրական չափերի մասին։ Նյութի վերնագիրն է`«Երկրաշարժ Անդրկովկասում» (թարգմանում եմ այնպես, ինչպես ընդունված էր այն օրերին, երբ մենք մեզ, Մոսկվայից նայելով, կոչում էինք Անդրկովկաս), երբ որ Վրաստանում ու Ադրբեջանում որեւէ լուրջ ավերածություն չէր եղել։

Բայց «Կոմսոմոլսկայա պրավդան» արդեն, որի թղթակիցները հասել են «Լենինական վեց ժամ անց այն բանից հետո, երբ քաղաքում խաղարկվել էր ողբերգությունը», հայտնում է սարսափելի ավերածությունների մասին։ «Վեչերնայա Մոսկվան» դեկտեմբերի 9-ին լույս է տեսնում 32 էջով` սովորականից մի քանի անգամ ավելի ծավալուն, գինը` 32 կոպեկ, սովորականից համարյա տասն անգամ թանկ` հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով (արդյո՞ք սա նախատինք չէ հայ խմբագիրներին)։ Այդ թերթի լրագրող Դավիդ Գայը երկար ժամանակ գտնվում էր աղետի գոտում, եւ նրա թղթակցությունները հետագայում լույս տեսան առանձին գրքով։

Սա հսկայական առաջընթաց է 1985 թ. տեղի ունեցած չեռնոբիլյան ատոմակայանի պայթյունի լուսաբանման համեմատ, որի մասին սովետական լրատվամիջոցներն իրենց ժողովրդին ու աշխարհին հայտնեցին, երբ ռադիոակտիվ ամպերն արդեն հասել էին Սկանդինավիա` չորս-հինգ օր ուշացումով:

Մամուլը հղում է անում միջազգային իրավունքին։ «Լենինգրադսկայա պրավդան» գրում է, որ «միջազգային կանոնների համաձայն, քաղաքը, որտեղ ութ բալից ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, դառնում է բաց միջազգային Կարմիր խաչի համար»։ «Երբ քարերն են արտասվում» հոդվածի հեղինակ Յուրի Տրեֆիլովը զուգահեռ է անցկացնում Տաշքենդի հետ, որտեղ կատարված երկրաշարժի ուժգնությունը, զոհերի ու ավերածությունների ծավալները Սովետական Միությունը թաքուն պահեց աշխարհից, որպեսզի Արեւմուտքին թույլ չտա իր քաղաքացիների հետ շփվել։

Հապաղելով Նյու-Յորքում` Գորբաչովը ելույթ ունեցավ ՄԱԿ-ում` հայտարարելով, որ ՍՍՀՄ-ը ավելի բաց է լինելու աշխարհի հետ հարաբերություններում։ Աշխարհն ընկալեց նրա ուղերձը եւ իր օգնությունն առաջարկեց։ Նրա ելույթի հաջորդ օրը Մեծ բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը զանգահարում է առավոտյան վեցին սկսվող, բայց մեծ ժողովրդականություն վայելող ռադիոծրագիր եւ խորը ցավ հայտնում տեղի ունեցած աղետի առթիվ ու պատրաստակամություն` ամենայն օգնություն ցուցաբերել Հայաստանին («Ու՞մ մահն են գուժում Բիգ Բենի զանգերը», Վլադիմիր Սիմոնով, ԱՊՆ-ի եւ «Լիտերատուրնայա գազետայի» հատուկ թղթակից)։ Միայն միջազգային աննախադեպ օգնությունն ընդունելու համար պարզեցվում է սովետական մաքսային ու անցագրային կարգը։

Անարգել աղետի գոտի են ժամանում արտասահմանցի լրագրողները։

(շարունակելի)

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?