Երկրաշարժ սովետական մեդիայում, մաս 5

01.12.2012, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

 

(1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս, 4-րդ մաս)

5. Հերոսներ

Երկրաշարժի առաջին վայրկյաններից մինչեւ փլատակների տակից հանված վերջին մարդը հերոսության բազմաթիվ դրսեւորումներ են եղել, որոնց մի մասը տեղ է գտել մամուլի հրապարակումներում։ Մամուլի հերոսների շարքում առաջին հերթին ուսուցիչներն են։ «Սպիտակի շրջանի Գոգարանի դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Պողոսյանը... լուսամուտից դուրս է նետել իր յոթ սաներին, իսկ ինքը մնացել է փլատակների տակ` երկու դստեր հետ» («Հայերն ապրել են, ապրում են, կապրեն...», Լյուդվիգ Կարապետյան, Սովետական դպրոց, դեկտեմբերի 15)։ Լենինականի թիվ 16 դպրոցի երիտասարդ ուսուցչուհին փրկել է երեխաներին` «շտապ դուրս կորեք» գոռալով։ Երեխաները, որ երբեւէ նրան կոպիտ խոսելուց չեն տեսել, դուրս են նետվել։ Ամբողջ դպրոցից փրկվել է միայն այս երկրորդ դասարանը։ Ցավոք սրտի, ամբողջ ծավալուն հոդվածում տեղ չի գտնվել այս ուսուցչուհու անուն-ազգանվան համար («Հինգ ժամ մանկական ֆոնդում», Վ. Դոլգանով, «Ավանգարդ», դեկտեմբերի 18)։

Մեկ այլ անանուն հերոսի սահմռկեցուցիչ պատմության ենք հանդիպում «Վրացի» նշանակում է եղբայր» հոդվածում. հայրը բժիշկների մոտ է հասցնում հինգամյա երեխային` զրկված լինելով մի ոտքից, որն ինքն է կացնով կտրել, որպեսզի դուրս պրծնի փլատակներից ու զավակին փրկի («Միխայիլ Ջինջիխաշվիլի, Թամազ Լոմսաձե, «Զարյա Վոստոկա» թերթի «Շարժական թղթակցակետ», դեկտեմբերի 14)։ Փլատակների տակ իրեն իսկական հերոսի պես է պահել մի դպրոցական` «Գուգարքի շրջանի Լեռնապատ գյուղի վեցերորդ դասարանի աշակերտ Ավագ Գասպարյանը, դպրոցական շենքի ավերակների մեջ, բետոնե հսկայական ծածկասալի տակ պառկած, իր նման կենդանի մնացած, բայց սոսկալի ցավից տառապող իր դասընկերների խնդրանքով ոտքը չի շարժել... Քանի որ այն հետ քաշելիս պանելը ավելի էր սեղմում մյուսներին» («Երկրաշարժի հարկում. ռեպորտաժ հիվանդանոցից», Վ. Ոսկանյան, «Խորհրդային Հայաստան», դեկտեմբերի 16)։ 

Լուսանկարը՝ Մարտին Շահբազյանի

Աղետից տասն օր հետո վերահրատարակված Լենինականի «Բանվոր» թերթը պատմում է անձնազոհության մեկ այլ օրինակի մասին։ «Էլեկտրակարգաբերող Ասլոյան Վարդանը... իր տուն-տեղը մոռացած (կինն աշխատում է հաստոցաշինական գործարանում), Սպանդարյան փողոցի բնակելիներում էր։ Օրը թեքվել էր երկրորդ կեսի վրա, երբ նա սթափվեց, հիշեց կնոջը, մանկապարտեզահասակ երեխաներին»։ Բարեբախտաբար, նա կնոջն ու երեխաներին ողջ է գտնում եւ կես ժամից վերադառնում է նույն տեղը, ուր մասնակցում էր փրկարարական աշխատանքներին («Կարող ենք ավելին անել», Ս. Ղումաշյան, Բամբակագործական արտադրական միավորման գլխամասային ֆաբրիկայի կուսբյուրոյի քարտուղար, դեկտեմբերի 16)։

Բազմաթիվ են զինվորների սխրանքները, ովքեր ընդհանուր քաոսի ու շվարածության մեջ հսկայական օգնություն են ցուցաբերել աղետյալներին։ «Սովետսկայա Ռոսիա» թերթի հրապարակումներից մեկը կոչվում է «Հերոսի անունն է` Բանակ» (Ստանիսլավ Կոստերին, դեկտեմբերի 16)։ Այն ներկայացնում է լենինականցի 28-ամյա Սուսաննայի հնգօրյա «Գողգոթան»։ Զինվորականները թունել են փորել դեպի նա, կերակրել, ցավազրկող դեղեր սրսկել։ Ի վերջո երիտասարդ կնոջը  ոտքը անդամահատել են, որ ազատեն։ Մահացել են նրա երկու զավակները, որոնց գրկած է եղել փլատակների տակ։ 

Լուսանկարը՝ Մարտին Շահբազյանի

«Կոմսոմոլսկայա պրավդան» պատմում է սահմանապահ Վալերի Վարենիցայի մասին, ով մի քանի հոգու կյանք է փրկել, բայց վերջին անգամ երեք մետր չի բավականացրել, որ կարողանա ինքն էլ դուրս պրծնել փլուզվող շենքի միջից («Երեք մետր մինչեւ կյանքը», դեկտեմբերի 20)։ Նույն թերթը «Օգնում է Չեռնոբիլը» վերնագրով նյութում (դեկտեմբերի 16) նկարագրում է նաեւ Կիեւի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր ավագ լեյտենանտ 27-ամյա Դմիտրի Սամիյլիկի դրաման, որը «փրկվել է Սպիտակում, բայց մազերը ճերմակել են 6 օրում»։ Մարդկանց փրկելու ընթացքում երկու անգամ կիսաքանդ շենքերը փլվել են նրա վրա։ Մի հնգամյա տղայի խնդրանքով նա վեց ժամվա ընթացքում փլատակների տակից հանել է նրա մորը, ով մահացել է ավագ լեյտենանտի ձեռքերի վրա։ Դմիտրին ուշաթափվել է։ «Բժիշկները պնդել են, որ նա գնա Ժիտոմիր` ծնողների
 տուն, ուշքի գալու իր ապրածից հետո»։  

Ինչքան էլ որ հերոսությունը քիչ էր կապվում սովետական միլիցիոների կերպարի հետ, զարմանալի անձնվիրություն է ցուցաբերել նաեւ Երեւանի Սպանդարյանի շրջանի միլիցիայի սերժանտ Արտաշես Ալեքսանյանը, ով դեկտեմբերի յոթին 400 գրամ արյուն է հանձնել մայրաքաղաքում, հետո գնացել է Սպիտակ, բազմաթիվ երեխաների փրկել ու մնացել... երկու ամիս` ընդհուպ մինչեւ նրան նվիրված նյութի հրապարակումը: Ալեքսանյանը Սպիտակում փրկել է նաեւ մի կնոջ 17 հազար ռուբլին, ով սերժանտին խաբել է, թե իր որդին է փլատակների տակ: Իսկ որդին այդ պահին գտվել է Երեւանում, որտեղ սովորելիս է եղել ՊՏՈՒ-ում («Շատերից մեկը՝ ասենք այսպես«», Վահրամ Մարտիրոսյան, «Գրական թերթ», փետրվարի 10, 1989թ.): 

Թերեւս չի սխալվել Մեքսիկայի երկրաշարժի ականատես, «Լայֆ սթար ինթերնեյշնլ» կորպորացիայի նախագահ Ջեյմս դ'Օրտան` հայտարարելով, թե Հայաստանում «տեսել եմ իսկական սուպերմենների... Այդ մարդիկ արժանի են ֆիլմերի հերոսներ լինելու» («Փրկարարական ճեղքում», Ն. Դոմբկովսկի, հատուկ թղթակից, «Սովետսկայա Ռոսիա», դեկտեմբերի 16)։  

Առանձնահատուկ հիշատակման է արժանի նաեւ զանգվածային օրինավորություն մի դեպք, որը ես նույնպես կորակեի հերոսություն։ 1988 թ. դեկտեմբերի 27-ի «Իզվեստիան» պատմում է այն մասին, որ Լենինականի քննչական մեկուսարանի պատը փլվել է, բայց ոչ մի կալանավոր չի փախչել։ Իշխանությունն աղետի օրերին մարդկայնություն է դրսեւորել` կալանավորների հանդեպ. «...286 դատապարտյալ է ազատ արձակվել հարարազատների թաղմանը մասնակցելու համար» («Բանտից ազատված են... մի շաբաթով», Ա. Իլեշ)։ Նրանց ճնշող մեծամասնությունը նյութի հրապարակման պահին արդեն վերադարձած են եղել պատժի կրման վայրեր, իսկ կալանավոր Լ. Մարտիրոսյանը հանձնել է իր գտած 38.000 ռուբլին` այն ժամանակվա համար պատկառելի մի գումար` «Ժիգուլի» մակնիշի չորս ավտոմեքենայի արժեք, մեկ հոգու մոտ քսան տարվա աշխատավարձ։ Նրան այդ արարքի համար Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանը ոչ շատ անց ազատ է արձակել բանտից։

Լուսանկարը՝ Մարտին Շահբազյանի

Իսկական հերոսներ էին բժիշկները։ «Իզվեստիայի» թղթակից Սերգեյ Բաբլումյանը իր ռեպորտաժներում պատմում է բժիշկների մասին, ովքեր փրկվել են փլված հիվանդանոցի անվնաս մնացած հատվածում եւ տեղում անմիջապես անցել են վիրահատություն կատարելուն` մոռացած իրենց հարազատների մասին։ Գեներալ-մայոր Ն. Դ. Տարականովը հիշատակում է անեստեզիոլոգ Ա. Բարիշեւին, ում «նույնպես դժբախտությունը վրա է հասել վիրահատական սեղանի մոտ. նրան հաղորդել են, որ Օլեչկային ճզմել է հենասյունը։ Մի ժամ անց նա վերադարձավ դստերը ձեռքերին առած եւ երեխային դրեց հատակին, ընդհանուր հերթում։ Աղջնակը չդիմացավ մինչեւ վիրահատությունը` մահացավ երիկամային անբավարարությունից» («Սպիտակի հուշահամալիր։ 1988-2008», 157)։

Հերոսներ էին օդաչուները, ովքեր, ակնթարթների «միջանցքներ» ունենալով, վայրէջք են կատարել գերբեռնված օդանավակայաններում։ Ա. Դավիդյանի «Ծայրահեղ իրավիճակում» հոդվածում հանդիպում ենք տպավորիչ թվերի. «Ավագ ենթակարգավարներ Ս. Շաբոյանն ու Գ. Մարգարյանը, որ նախկինում սպասարկում էին օրական 4-5 չվերթ, այդ իրավիճակում ստիպված եղան սպասարկել 132-ը» («Կրասնայա զվեզդա», 1988, դեկտեմբերի 11)։ 

Գեներալ-մայոր Լիպունցովն էլ իր հերթին հիշում է, որ օդում միաժամանակ գտնվում էին տասնյակ ինքնաթիռներ։ Հայ երթակարգավարները համապատասխան փորձ չունենալու, կայանատեղերը 4 ինքնաթիռի համար հաշվարկված լինելու պայմաններում «օդաչուները հաջողեցնում էին կառամատույց «խցկել» մինչեւ 15 «Իլ-76»` վարելով թեւ-թեւի, անելով երբեմն, թվում է, անհնարինը» («Սպիտակի հուշահամալիր։ 1988-2008», 194)։  

Հերոսներ էին հազարավոր ուսանողները, ուրիշ կամավորներ, որ մեկնեցին աղետի գոտի փրկարարական աշխատանքներին մասնակցելու` առանց վրաները տաք հագուստ ունենալու։ Արյուն հանձնելու համար հերթ կանգնողները Հայաստանում եւ ամբողջ Սովետական Միությունում։ 

Հերոսական գործ էին կատարում օգնություն կազմակերպողներն ու ցուցաբերողները` ոչ միայն ՍՍՀՄ-ում, այլեւ` աշխարհով մեկ։

(շարունակելի)

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?