3. Հրաշքներ
Աղետից տուժել էր կես միլիոնից ավելի մարդ։ Այդ թվի համեմատ սովետական մամուլում քիչ են մարդկային պատմությունները։ Բազմաթիվ թղթակցություններ գերատեսչական հաշվետվություն են հիշեցնում։ Որտեղից ինչքան տեխնիկա է եկել, վրաններ, տնակներ։ Ի տարբերություն գերատեսչական հաշվետվությունների, այս հոդվածները պատկերացում չեն տալիս, թե այդ օգնությունը հոգսերի ինչ մասն են հոգում։ Բարեբախտաբար եղել են նաեւ թղթակցություններ, որոնք քառորդ դարի հեռավորությունից պատմում են հրաշքով փրկվածների մասին։ Իսկ հրաշքով փրկված ու ճակատագրի սիրեցյալ կարող էր համարել իրեն յուրաքանչյուրը, ով ողջ էր մնացել։ Քանի որ բավական չէր, որ երկրաշարժակայուն լիներ նրա տունը կամ աշխատավայրը, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի 11:41-ին միայն նախախնամության տնօրինությամբ տվյալ մարդը պետք է գտնվեր անվտանգ վայրում։
«07.12.88. Ականատես Գոհար, հանրախանութի աշխատակցուհի. «…Ոչ էլ հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Երեւի ռմբակոծում են անտեր շները: Վերեւից ամեն կողմից փլվում, բաժինը տակնուվրա է լինում: Տեսա, որ մեկը շարժվում է, ձեռքը ճանկելով, քաշեցի մոտեցրի ինձ: Հայկուշն էր: Իրար կպած չոքել ու սպասում էինք, թե ինչ է լինելու: Ուղիղ մեր դիմաց՝ մի երկու քայլի վրա, մեկն ինքն իրեն սեղմված նստած է: Աչքերը վրաս է չռել: […] Տեղից չի էլ շարժվում: Մի կերպ ձեռքս երկարելով բոթում եմ: Լրիվ անշարժ է: Աչքերը՝ չռած: Հասկացա, որ մեռած է: Վախից սիրտը պայթել էր, թե ինչ… […] Մեկ էլ ձայներ ենք լսում: Կանչում են. մամա, մամա, հայհոյում են, ծղրտում են: Անհնար է տարբերել, թե ու՞մ ձայնն է, ո՞վ է կանչում, ո՞վ է հայհոյում: Ժամանակից գաղափար չունենք: Իրար սեղմված նստել ու զանազան բաներ ենք խոսում: Ինչքա՞ն անցավ, քանի՞ օր անցավ՝ չգիտենք: Դրսում ի՞նչ է կատարվում, էլի հարձակում կա՞, չկա՞… […] Մի անգամ էլ ձայները մոտեցան: Չոր խշրտոց, հռնդոց… Ինչ-որ տեղից լույս ներս ընկավ… […] մեզ էդ գերեզմանից դուրս քաշեցին: Նայում եմ քաղաքին ու լեզուս բռնվում է: Քաղաքն ո՞վ է քանդել: Ժաժքը, էլ ո՞վ, ժաժք եղավ: Իսկ մենք գիտեինք, թե հարձակում է: Երեխեքս եկան հասան: Որ գոռում էինք մամա, մամա, ինչու՞ չէիր պատրասխանում: Մղկտում են: Մենք երկու օր քեզ էինք կանչում… Գիտե՞ս քանի օր է անցել: Ես ինչ գիտեմ: Երեք… Երեք օր»… (Վահան Թամարյան, Գոյության առեղծվածին մերձ, «Նորք» ամսագիր, 4, 1989), 76-77 էջեր)։
Լենինականցի ականատեսի այս վկայությունը պատկերացում տալիս է, թե ինչ մթնոլորտ էր Հայաստանում 07.12.88-ի երկրաշարժից առաջ` փլատակների տակ մնացած կինը մտածում է, որ հարձակում է եղել։ Լրագրողը չի ճշտել, բայց ժամանակակիցների համար պարզ էր, որ ռմբակոծությունը կատարված պետք է լիներ ադրբեջանցիների, թուրքերի կամ… սովետական բանակի կողմից։
ՍՍՀՄ երկաթուղայինների «Գուդոկ» թերթի դեկտեմբերի 14-ի համարը («Գլխավորը մարդկանց փրկելն է», Ս. Բաբայան, ) պատմում է վեցամյա Խաչիկի փրկության մասին, որը հոր հետ մեկտեղ հայտնվել է երկու բետոնե սալի արանքում. «Տխուր ու սարսափելի էր… պապան գլխիվայր կախված էր ու պինդ բռնել էր ինձ»… Հայրը հինգ ժամ շարունակ, ուսը` մինչեւ ոսկորը ծվատված, պահել է երեխային, որ ցած չսահի, մինչեւ որ նրանց փրկել են։
Ռուս մի կուրսանտ չորրորդ հարկի «լենինյան սենյակից» ընկել է ցած ու բետոնե սալերի գերության մեջ հայտնվել… նկուղում։ Լենինականցիները, որոնցից յուրաքանչյուրը փլատակների տակ մնացած հարազատ ուներ, աղետից 40 րոպե անց փրկել են նրան`պատմում է “Իզվեստիայի” թղթակից Սերգեյ Բաբլումյանը աղետի գոտու մասին իր թղթակցություններն ամփոփող «Վշտի եւ արիության օրեր» գրքում (էջ 60)։
«Կոմունիստ» թերթի «48 ժամ» (1988, դեկտ. 15) հոդվածում «Սեւանշին» տրեստի աշխատակիցների օգնությամբ Անահիտ Էլչուջյանի փրկությունը նկարագրվում է նրա հոր, ամուսնու եւ իր` Անահիտի պատմությունների միջոցով. «ԱՆԱՀԻՏ. Հստակ, հենց կողքիս քլունգի հարված լսեցի։ Հետո` եւս մեկը, երկրորդը։ Պատի մեջ տեղաշարժվեց քարը։ Բացված անցքից մարդու տեսա։ Ավելի ուշ իմացա, որ իմ փրկչի անունը Դավիթ է։ […] Լսեցի, թե ինչպես իմ հետեւից ընկավ փլվեց չարաբաստիկ սալը։ Վերջինը, որ տեսա, հորս ու ամուսնուս ինձ մեկնված ձեռքերն էին»։
«32 ժամ արգելանքի մեջ» հոդվածում (Ռ. Բաղդադյան, դեկտեմբերի 9, «Կոմունիստ»), պատմվում է Մարինե Նորոյանի մասին, ով, լենինականյան 9-հարկանու հինգերորդ հարկում լինելով, ողջ է մնացել, որովհետեւ շենքը փլվել է, երբ իր երկու աղջնակների հետ դռան մոտ է եղել, եւ դրանդին ու բարեհաջող դասավորությամբ իրար հենված բետոնե հենասյուները պաշտպանել են նրանց հարվածներից։ Այս ընտանիքի հայրը` Սերոն նույնպես ողջ էր մնացել. «Հրաշքով դուրս պրծնելով Կարի ֆաբրիկայի փլված մասնաշենքից, որտեղ աշխատում եմ… վազեցի մեր տան կողմը։ Անմիջապես անցանք փրկարարական աշխատանքներին։ Ամբարձիչ բերեցինք ու սկսեցինք բետոնե սալերը զգույշ պոկել-հանել։ Կյանքովս մեկ պարտական եմ «Նաիրիտ» արտադրական միավորման տղաներին, ովքեր 32 ժամ պայքարեցին իմ ընտանիքի կյանքի համար։ Նրանց հաջողվեց 15 մարդ փրկել։ Երբեք չեմ մոռանա Բորիս անունով տղային ու նրա ընկերոջը, ում «Մայոր» էին ասում… […] Իմ ընտանիքը երախտապարտ է նաեւ 37 դպրոցի ուսուցչուհի Թովմասյան Մարգոյին։ Նա փրկել է ամբողջ դասարանը, այդ թվում եւ` իմ ավագ դուստր Աննային»։
Թերթերը գրում են քառասունհինգամյա Լուսիկ Սուրենի Կյուրեղյանի մասին, ում աղետից 11 օր անց փրկել են չեխերն ու կամենագորսկցիները։
Ականատեսների հուզիչ պատմություններ կան նաեւ երկրաշարժից օրեր անց լույս տեսած «Կոմսոմոլսկայա պրավդայի» «Քարեր եւ մարդիկ» (1988, դեկտեմբերի 13), «Սովետսկի սպորտ» թերթի «Հույսն օգնում է ապրել» (1988, դեկտեմբերի 17), «Սովետսկայա Մոլդավիա» օրաթերթի «Դժբախտությունը մի դեմք ունի» (1988, դեկտեմբերի 17), «Զարյա Վոստոկայի» «Քարե գերությունից» (1988, դեկտեմբերի 20) եւ այլ հոդվածներում։
«Զավակներս, ամոթ է ուրախանալ, երբ մեր շուրջ-բոլորը սուգ է»,- ասել է իր մերձավորներին փրկված Մարինե Նորոյանի հայրը։ Հրաշքով փրկվածների պատմություններն էլ մթագնվում են այն անմեղ զոհերի մասին մտքերով, ովքեր կարող էին ողջ մնալ, եթե նրանց խնայեր ոչ թե նախախնամությունը, այլ մարդիկ։ Վերոհիշյալ «48 ժամ» հոդվածի հերոսուհի Անահիտը փլատակների տակ ունեցած ապրումները եւս մի, շատ հետաքրքիր տեղեկություն են պարունակում. «Բայց վերջն ի՞նչ է պատահել։ Պայթյու՞ն։ Պատերա՞զմ։ Աշխարհի վե՞րջն է։ Իսկ գուցե երկրաշա՞րժ է։ Հիշեցի, ինչպես չորս ամիս առաջ քաղաքում խոսում էին, որ Նալբանդ գյուղի մոտ մի հորատանցքից ծխի քուլաներ են սկսել դուրս պրծնել, եւ եկվոր երկրաշարժագետների խումբը հանգստացրել է, թե ոչ մի վտանգավոր բան չկա»։
Նալբանդը, որ հիմնահատակ կործանվել էր երկրաշարժից նրա էպիկենտրոնից շատ քիչ էր հեռու։ Ինչու՞ այդ նախանշանը հարկ եղած ուշադրությունը չի հարուցել։ Սա մեկն էր բազմաթիվ «ինչու»-ներից, որ պետք է տանջեին երկրաշարժից փրկվածներին ու ամբողջ Հայաստանին դեռ երկար տարիներ։
(շարունակելի)
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: