2012.11.28,

Քննադատ

Երկրաշարժ սովետական մեդիայում, մաս 4

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

(1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս)

4. Ինչու՞

Երկրաշարժից շատ չանցած մամուլը սկսում է հարցեր առաջադրել. աղետը` աղետ, բայց 

ի ն չ ո ւ ՞   է այդքան շատ շենք փլվել։ «Տուրկմենսկայա իսկրա» թերթում («Մտածելու բան կա», 1988, դեկտեմբերի 17) գրող Սեյնտնիյազ Ատաեւը դատապարտում է սովետական շինարարության սկզբունքը. «Կառուցելով «արագ ու էժան», մենք լուծում ենք այսրոպեական սոցիալական խնդիրներ», մինչդեռ անտեսվում է մարդկանց կյանքի անվտանգությունը։ Այս թեմային մամուլն անդրադարձել է, բայց ոչ արժանի չափով. մարդասպան-շինարարներին ի հայտ բերելու եւ գոնե բարոյական պատասխանատվության ենթարկելու գործընթացը կասեցվում է անհայտ պատճառներով։ Մինչդեռ հանցագործության ծանրության մասին պատկերացում է տալիս Երկրաշարժի առաջին իսկ օրերից աղետի գոտում ծառայած գնդապետ Ռ. Ի. Մեդինսկու վկայությունը, ով  «Սպիտակի հուշահամալիր։ 1988-2008»  ժողովածուի մեջ պատմում է, որ իր աչքերով տեսել է «երկաթբետոնե սալի վրա գործարանային որակի վերահսկողության բաժնի «խոտան» կնիքը։ Բայց չէ որ շենքն ընդունել էին հանձնաժողովները, որոնց մասնակցում էին կուսակցական ու պետական աշխատողներ։ Հարց է առաջանում. «Ու՞ր էր նայում հասարակայնությունը, հայ ընտրախավը, երբ ըստ էության իր ժողովրդին գերեզման էր քշում» (Մոսկվա, «Դոսսոմ» հրատարակչություն, 2008, էջ 58)։

Ի ն չ ո ւ ՞  են պատկան մարմիններն անտեսել մինչեւ երկրաշարժը հնչած զգուշացումները։  «..Դեռեւս 1986 թ. ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի եւ սեյմադիմացկուն շինարարության միջճյուղային խորհուրդը տեղյակ է պահել Լենինական-Սպիտակ-Կիրովական հատվածում ութ բալանոց երկրաշարժի հավանականության մասին: Ավելին առաջարկվել են մի շարք պաշտպանական միջոցառումներ, այն է՝ սահմանափակել շինարարությունը նշված տարածքներում, ամրապնդել թույլ շինությունները, դեմոնտաժել փլման ենթակա շենքերը… փակել ատոմակայանը եւ քիմիական թունավոր նյութերի արտադրությունը: Խորհուրդ է տրվել մշակել հնարավոր իրադրության սցենար եւ բնակչությանը սովորեցնել կողմնորոշվել այդ պայմաններում»,- գրում է ակադեմիկոս Գրիգոր Ավագյան «Ցավը՝ սրտներումս, հայացքներս՝ վաղվա օրվան» հոդվածում («Գրական թերթ», 1989, փետրվարի 3)… Այս խորհուրդները որպես ձայն բարբառո հանապատի են հնչել աղետից առաջ, բայց աղետից հետո էլ հայտնի չէ, ինչ ուշադրության է արժանացել, օրինակ, «Իզվեստիա» օրաթերթի հունվարի 10-ի «Տունը կաուչուկի վրա» հրապարակումը, որտեղ ներկայացվել են սեյսմակայուն շինարարության ճապոնական նվաճումները. հայկական մամուլը, համենայն դեպս, այն չի նկատել։

Ի ն չ ո ւ ՞  են պետական մարմինները թույլ տվել, որ երկրաշարժից տուժած դժբախտներից կաշառք կորզեն այն օգնության համար, որ անհատույց տրամադրել է կարեկից աշխարհը։ Այս տագնապը հնչեցնում է ամերիկյան կին-գրող  Լոիս Ֆիշեր-Ռուգեն, ով մշտապես բնակվում է ԳՖՀ-ում («Սիրո խոստովանություն», «Սովետսկայա կուլտուրա», 1989, հունիսի 17): Նա գիրք է գրում  «Իմ հայ երեխաները» վերնագրով (Lois Fisher-Ruge, Meine Armenischen Kinder, Hoffmann und Campe) եւ ապշած է, որ այդ նույն երեխաների ծնողներից, եթե նրանք ողջ են մնացել, կամ ազգականներից հայ կոմունիստ պաշտոնյաները 1000 ռուբլի կաշառք են պահանջում տնակ տրամադրելու համար:

Լուսանկարը՝ Հակբերի

Ի ն չ ո ւ ՞  է արտասահմանյան օգնությունն ուղղվել երրորդական նշանակություն ունեցող ոլորտներին։ Սահմռկեցուցիչ փաստեր են մեջբերում գրող Սեդա Վերմիշեւան, ԵՊՀ դասախոս Լեւոն Հակոբյանը, ինժեներ-շինարար Աշոտ Խաչատրյանը «Քայլ դեպի նորը» հոդվածում («Գրական թերթ», 1989, օգոստոսի 4). «…պետշինը ընդամենը կազմել է… մի վիթխարածավալ ցուցակ: Անհատույց օգնության 78 առաջարկներից 22–ը անգամ չեն քննարկվել: Համատեղ ձեռնարկություն ստեղծելու 36 առաջարկից չի քննարկվել 20–ը»։  Մինչդեռ «բարեգործական հատկացումներից» 600 միլիոն ռուբլի նախատեսվում է ծախսել… վարսավիրանոցներ, լվացքատներ սարքելու վրա»։ Իսկ օտարերկրացիների առաջարկների մեջ եղել է ընդհուպ մինչեւ «քարքարոտ հողեր յուրացնող լեռնային տրակտորների գործարանի» կառուցում։ Խոսվում է հսկայական միջոցների մասին, որ քամուն են տրվել, այն դեպքում, երբ «հանրապետությունը երկրաշարժի հետեւանքով կորցրել է 13 միլիարդ ռուբլու ազգային հարստություն»։

Ձախից աջ` Երկրաշարժի հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովի նախագահ, ՍՍՀՄ մինիստրների սովետի նախագահ Նիկոլայ Ռիժկով, ՀԿԿ կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան, ՀԿԿ Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյան: Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Ի ն չ ո ւ ՞  աղետյալ Լենինականի վերականգնման վայրը որոշելիս հաշվի չեն առնվել կարեւորագույն չափանիշներ` ընդերքի ամրությունը, բերրի հողերը շինարարության համար չօգտագործելու անհրաժեշտությունը. քաղաքի վերականգնումը որոշվել էր կենտրոնից չսկսել, որպեսզի փլատակների մաքրման աշխատանքներն ու նոր շենքերի կառուցումը զուգահեռ ընթանային։ «Չի կարելի խաղալ Լենինականի բախտի հետ» հոդվածում  (1989, մարտի 31, «Գրական թերթ») ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Գեւորգ Տեր-Ստեփանյանը վիճարկում է Լենինականը Մարմաշեն գյուղի հարթ, շինարարության համար դյուրին, բայց ոչ երկրաշարժակայուն ու արգավանդ հողերում վերականգնելու տարբերակը, որին հակված են իշխանությունները։ Նա պաշտպանում է փաստացիորեն քիչ տուժած Այգաբաց գյուղի քարքարուտ հողերի յուրացումը ։ Հոդվածից տեղեկանում ենք նաեւ, որը ՍՍՀՄ կառավարության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը տեղի ընտրությունը թողել էր Հայաստանին: Ցավալի է, որ թեմային չնչին քանակով անդրադարձեր են եղել, հատկապես լրագրողների կողմից։ Արդյունքում նախապատվությունը տրվել է Մարմաշենին, որը նաեւ քամոտ տարածք է։

Ի ն չ ո ւ ՞  էին մոսկովյան` «կենտրոնական», ԶԼՄ-երը շեշտը դնում դիակապտության դեպքերի վրա, երբ դրանք աղետի գոտում հատուկենտ էին, իսկ անձնազոհությունն ու հերոսությունը` զանգվածային։  Գրիգոր Ջանիկյանը իր «Փյունիկ թռչունի սլացքը» (1988, դեկտեմբերի 23, «Գրական թերթ»)  ռեպորտաժում կիրովականցիների մի ամբողջ զրույց է մեջբերում այս թեմայով.  «Սկսվել է «Ժամանակ» ծրագիրը, էկրանին լենինականցի ջահել բենզավաճառն է, նրա գողացած հրացանը, սուրը, դրամի կապոցը…

– Ամբողջ Հայաստանում ուրիշ մարդ չգտա՞ն: Թող մեր վարորդ Անդրեին ցույց տային, որի տնից միաժամանակ վեց դագաղ հանեցին, բայց խեղճը չգժվեց, հաջորդ օրն իր բեռնատարով գնաց փլատակ մաքրելու:
– Թող ստեփանավանցի ինժեների մասին պատմեին, որ մի ամբողջ դասարան փրկեց ու վերջում զոհվեց ինքը»:

Հոդվածագիրը չի մեկնաբանում կիրովականցիների ասածը, բայց այն օրերին բոլորի համար հասկանալի էր, որ «ձեռքի հետ» վարկաբեկվում էր ՍՍՀՄ ամենաըմբոստ հանրապետությունը` Հայաստանը։

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

Ի ն չ ո ւ ՞  հայ հոգեւորականները ժողովրդի կողքին չէին օրհասից հետո։ Այս հարցն է  «Օրհնանք եւ զայրույթ» (Էդուարդ Միլիտոնյան, «Գրական թերթ», 1989, օգոստոսի 11) թղթակցության առանցքում։ Ընդ որում, հարցադրման հեղինակը… Հայաստանի կոմկուսի Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար ՆորիկՄուրադյանն է։ Նա այցելության գնացած գրողներին պատմում է, որ Մայր Թերեզայի չորս կույսերի դռանը հերթ է, իսկ մեր հոգեւորականներն այդ կողմերում չեն էլ երեւացել։ Ժամանակի մամուլը լռում է, իսկ ավելի ուշ տարիների աղբյուրներից տեղեկանում ենք, որ ոչ առանց Նորիկ Մուրադյանի ջանքերի Երկրաշարժի առաջին տարելիցին Սպիտակում ղողանջել են նոր եկեղեցու զանգերը, որը պետք է օգներ հայ հավատացյալներին մխիթարվելու լուսավորչական հոգեւորականների միջոցով։

Ի ն չ ո ւ ՞  հստակ պատասխան չէր տրվում ժողովրդի անհանգստությանը, թե երկրաշարժն արհեստական էր, կամ էլ վարկածը համարվում էր անհեթեթություն  («Դեպի Լենինական»,  Վահրամ Մարտիրոսյան, «Գրական թերթ», 1989, դեկտեմբերի 8)։ Վերը հիշատակված Նորիկ Մուրադյանը, օրինակ, աղետից 20 տարի անց խոսում է ատոմային ռումբի ստորգետնյա պայթեցման, «տեկտոնային» զենքի հնարավոր կիրառման մասին։  Նրա կարծիքով, «բոլորովին պատահական չէ, որ ողբերգության նախօրեին Հայաստանում հայտնվեց Բ. Ե. Շչերբինը, որը Սովետական Միությունում ատոմային զենքի փորձարկման վայրերում ռազմական շինարարության եւ գիտա-տեխնիկական սարքավորումների հարցերով պատասխանատուն էր։ Նրա հետեւից թռավ-եկավ Դ. Տ. Յազովը` ՍՍՀՄ պաշտպանության նախարարը գլխավոր ռազմակայանի մի խումբ սպաների հետ, իսկ Հյուսիսային Հայաստանից շտապ կարգով վերատեղաբաշխվեցին հրասայլային միավորումներն ու բոլոր շարժական հրթիռային կայանքները»։ Ն. Մուրադյանն արտառոց է համարում նաեւ ՍՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեի խոսքերը` արտասանված ՄԱԿ-ի նստաշրջանում, Նյու-Յորքում. «Մենք չէինք սպասում, որ հետեւանքները կլինեին այդքան աղետալի»։ Միգուցե մասնագետների համար «դավադրության տեսության» ծիծաղելի դրսեւորում թվա երկրաշարժի արհեստածին բնույթի կամ նրա արհեստական հրահրման վարկածը, բայց Հայաստանի բնակչության մեծ մասը համոզված էր, որ սովետական ղեկավարությունը կուզենար եւ ընդունակ է մեր երկրի  հանդեպ տարերային աղետ «կիրառել», ինչի պերճախոս վկայությունն են շրջկոմի  քարտուղարի խոսքերը:

Ի ն չ ո ւ ՞  ընդամենը տասնհինգ բնակարան է կառուցվել Լենինականում ՍՍՀՄ բարձրագույն ղեկավարության խոստացած ութսուն հազար քառակուսի մետրի  փոխարեն, ինչու՞ աղետի գոտին «Ղարաբաղ» կոմիտեի կազմակերպած համազգային հանրահավաքների գլխավոր թեմա չդարձավ` նաեւ այս հարցերն են արծարծված տողերիս հեղինակի «Դեպի Լենինական» հոդվածում («Գրական թերթ», 1989, դեկտեմբերի 8), որտեղ ներկայացվում է երկրաշարժից մեկ տարի անց քաղաքում տիրող անմխիթար վիճակը։

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

Ինչպե՞ս է պատահել, որ ոչ մեկը Հայաստանում չի ըմբոստացել, երբ շինարարությունը էժանացնելու նպատակով ՍՍՀՄ համապատասխան քարտեզներում իջեցվել է աղետի գոտու երկրաշարժակայունության աստիճանը, ինչի մասին տեղեկացնում է դեկտեմբերի 18-ի «Մոսկովսկիե նովոստին» («Ինչ դեռեւս չենք կարող, որ արդեն պարտավոր ենք անել», ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՍՍՀՄ-ում երկրաշարժերի կանխագուշակման փորձագիտական խմբի նախագահ Գենադի Սոբոլեւ)։ Նույն հեղինակն ապշած է, որ Հայաստանում (Կովկասում) չեն անցկացվել կանխարգելիչ աշխատանքներ, զննումներ ու ստուգումներ, հատկապես` դպրոցներում ու հիվանդանոցներում, ինչպես հրահանգվում է երկրաշարժագիտական քարտեզների  պարզաբանումներում։ Գործողություններ, որ արվել են, ասենք, Վլադիվոստոկում։

Այս ամենից հետո հակվում ես այն մտքին, թե զոհերի թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե չլինեին հերոսները։

(շարունակելի)

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *