Երկրաշարժ սովետական մեդիայում, մաս 6

03.12.2012, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

(1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս, 4-րդ մաս, 5-րդ մաս)

6. Օգնություն

Օգնությունն ահռելի էր։ Առաջին օրերին ամենակարեւորը ամբարձիչներն էին... դագաղները, աշխատող ձեռքերը, արյունը: «Միեւնույն զգացումով համակված» հոդվածը տեղեկացնում է, որ «դոնորական կետերում հսկայական հերթեր են գոյացել», որ երկու ոտքից հաշմանդամ մարդ է եկել արյուն տալու, որ պատանիները նեղանում են, երբ արյուն հանձնելու հերթերում իրենց մերժում են` ի վերջո, բժիշկները համաձայնում են, բայց քիչ են արյուն վերցնում նրանցից (Պ. Սարուխանյան, «Երեկոյան Երեւան», դեկտեմբերի 9)։ Նույն օրվա  «Մահ եւ ծնունդ» («Սովետական Հայաստան») հոդվածում Ռ. Շառոյանը մեջբերում է կլինիկաներից մեկի գլխավոր բժիշկ Գագիկ Ավագյանի խոսքերը. «...մարդիկ երեխաների փրկության համար առաջարկում էին սեփական արյունը։ Մենք վերստին հասկացանք, թե ինչ արյուն է հոսում մեր ժողովրդի երակներում»։ Բժշկի քաջալերանքը կարող էր տարածվել ոչ միայն հայ ժողովրդի վրա։ Նույն դեկտեմբերի 9-ի «Սելսկայա ժիզն» թերթն, օրինակ, հայտնում է, որ Հայաստան 1,65 տոննա արյուն է ուղարկվել … Իվանովոյից («Արյամբ հարազատանանք», Վ. Գլադիշեւա)։

Իվանովոն էլ բացառություն չէր. սովետական մամուլը գրում էր ՍՍՀՄ-ով մեկ դոնորական կետերում առաջացած հերթերի մասին։ Մեծ պատրաստակամությամբ արյուն էին հանձնում նաեւ սոցիալիստական ու կապիտալիստական երկրների տասնյակ հազարավոր բնակիչներ... Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։
 

Լուսանկարները` Իգոր և Լարիսա Շիրյաևների

Աշխատող ձեռքերի մասին պատմող լրագրողական հրապարակումներում իր ազդեցիկությամբ առանձնանում է… Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան պետական հայկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Միքայել Գրիգորյանի «Հույսի ու լույսի ճամփան» հրապարակումը «Սովետական Վրաստան» (դեկտեմբերի 13) թերթում. «Սպիտակի ճանապարհին մեր մեքենայի առաջը կտրեց երիտասարդ մի կին, բացականչելով. «Քրիստոնյա չեք, օգնեք թաղեմ զավակներիս»։ Մերկ ձեռքերով ու սուր քարերով գերեզման փորեցինք. մայրն անարցունք, անխոս հողին հանձնեց երկու փոքրիկներին, իսկ մենք գնացինք օգնելու մյուսներին»։

ԲԵԼՏԱ գործակալության հատուկ թղթակից Պ. Մարցեւը նկարագրում է բելոռուս փրկարարների ժամանման պահը. «Ճամբարից վերեւ, լեռնալանջին, գերեզմանոցն է։ Ամբողջ օրը էքսկավատորն այստեղ գերեզման է փորում։ Շատ ընտանիքներում մեկական մարդ է մնացել։ Եւ «աղֆանցիները» գնացին այդ մարդկանց օգնելու։ Այդպես սկսվեց բելոռուսական հատուկ ջոկատի առաջին աշխատանքային օրը» («Բելոռուսկայա պրավդա», «Սպիտակ։ Մաս 3», դեկտեմբերի 18):

Շատ թղթակցություններ ներկայացնում են կամավորների հոսքը դեպի հավաքագրման կետեր, քչերը`անձնական պատմությունների միջոցով... շատ բան էլ պահպանվել է միայն արխիվային փաստաթղթերում. «14 դեկտեմբերի, 1988 թ.: Բարեւ ձեզ: Ես Տաշքենդի թիվ 228 դպրոցի 2-րդ «ա» դասարանի աշակերտ Գաբրիելյան Արտյոմն եմ: Ես շատ եմ ուզում օգնել իմ եղբայրներին ու քույրիկներին, տատիկներին ու պապիկներին: Խնդրում եմ, ինձ վերցրեք։ Ես քարեր կհավաքեմ, կկառուցեմ:» («Սպիտակի երկրաշարժը. աղետի գոտին երեկ եւ այսօր։ Հայացք 20 տարի անց», Հայաստանի պետական արխիվ, Երեւան, 2008, էջ 78-79)։

Երկրաշարժից համարյա անմիջապես հետո ծագել էր նաեւ հարյուր հազարավոր մարդկանց ծածկով ապահովելու խնդիրը։ ՍՍՀՄ տարբեր հանրապետություններում ձեռնարկությունները իրենց հանգստյան տներն անհատույց տրամադրում էին տուժածներին։ Հայկական թերթերում տպագրվում են հայտարարություններ, թե Կիրովական կայարանից որ օրը որ ժամին են մեկնում ծնողներին երեխաների հետ տեղափոխող գնացքները.
              «Դեկտեմբերի 15-ին
              9-ին` Ադլեր,
              13-ին` Ադլեր,
              15-ին` Ադլեր,
              21-ին` Սուխում,
              24-ին` Տուափսե։
Ցանկացողները կարող են առանց հերթագրման, առնվազն կես ժամ շուտ ներկայանալ կայարանում գտնվող շտաբ»։     

Լուսանկարները` Իգոր և Լարիսա Շիրյաևների
Անհաշիվ էին անհատները, ովքեր պատրաստ էին իրենց տանն ընդունել երեխաների։ Այդ թեմայով բազմաթիվ հրապարակումների շարքում ՏԱՍՍ-ի «Մեր տագնապի ձմեռը» նյութը (դեկտեմբերի 10) Մոսկվայում Վ. Ի. Լենինի անվան Սովետական մանկական հիմնադրամին դիմած մարդկանց մասին է պատմում, մասնավորապես` նկարչուհի Իրինա Միխայլովնա Շիլովայի, ով իր երկու սենյակում արդեն երեք երեխա է պահում, բայց պատրաստ է եւս մի քանիսին ընդունել Հայաստանից։ Կարեկցության ոգու մասին, որ տիրում էր ամենուրեք, պատկերացում կտա ՀՀ պետական արխիվում պահպանված նամակներից մեկը. «10 դեկտեմբերի, 1988: Հայաստանի փոքրիկ աղջիկներ ու տղաներ: Ես 5 տարեկան եմ եւ ես գիտեմ, որ երկրաշարժն ավերել է ձեր տները, եւ ձեզնից շատերի մայրիկներն ու հայրիկները հիմա չկան: Որպեսզի ձեզ համար շուտ կառուցեն, ես մայրիկի ու հայրիկի հետ ուղարկեցի ձեզ իմ դրամը, որ հավաքել էի, որպեսզի հեծանիվ առնեմ: Ինձ այն հիմա պետք չի: Որովհետեւ ես ձեզ հրավիրում եմ ինձ մոտ՝ մեր տուն, որտեղ մենք կապրենք միասին, մինչեւ որ ձերը սարքեն: Մեզ մոտ բոլորի համար լավ կլինի: Միասին մանկապարտեզ կգնանք, անտառ ու գետակի ափ: Եկեք, խնդրում եմ, մի քաշվեք: Ուզում եք չորս հոգով, ուզում եք՝ հինգով: Մենք սպասում ենք ձեզ: Դաշա: Պապա: Մեր հասցեն է. Վորոնեժի մարզ, Ռամոնսկյան շրջան, գյուղ Իվնիցի, տուն 1, Բորովիկովներ» («Սպիտակի երկրաշարժը...», 61-62)։

Զանգվածային է նաեւ որբ երեխաների որդեգրելու ձգտումը ՍՍՀՄ եվրոպական տարածքներից մինչեւ Միջին Ասիա։ Երեւի թե լավ չիմանալով հայերի ընտանեկան ամուր կապերի ու երեխաների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի մասին, Ուզբեկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի շտաբ են եկել «տղայատերեր` աղջա ետեւից, աղջկատերեր` տղայի» («Մենք` մի ընտանիք», Ե. Եֆիմով, ՈւզՏագ գործակալության մեկնաբան, «Պրավդա Վոստոկա», 1988, դեկտեմբերի16)։

Աղետի գոտի մեկնող կամավորներից ընտրում էին համապատասխան մասնագետների, որդեգրելու ցանկություն ունեցողներին բախտ չէր վիճակվում հայ մանուկի բերել տուն` ողջ մնացած ազգականներն իրենք էին վերցնում խնամքի տակ, բայց բոլոր բարեսերներին հասանելի օգնության ձեւ էր դրամ ուղարկելը։

Հերթեր էին սովետական խնայդրամարկղերում՝ երկրաշարժից տուժածների հաշվեհամարին փոխանցումներ անելու համար: Երկրով մեկ` Թուրքմենիայից մինչեւ Մոլդավիա, ձեռնարկությունները տասնյակ ու հարյուր հազարավոր ռուբլիներ էին նվիրաբերում: Բացի այդ, ծավալվել էր շարժում` մեկ օր աշխատել աղետյալների օգտին: Կային այնպիսի հիմնարկություններ, որ ավելին էին պատրաստ անել՝ Վրաստանի «գլավլիտը»(1), դիցուք, նվիրաբերեց երկու օրվա աշխատավարձը։ Կարելի է կատակել վրաց գրաքննիչների թեմայով, բայց, եթե խոսենք ամենայն լրջությամբ, վրացիներն առաջինն էին հասել աղետի գոտի՝ բժիշկները, կամավորները, հացով լի մարդատար մեքենաները:

Լուսանկարները` Իգոր և Լարիսա Շիրյաևների

ՍՍՀՄ-ի մեծ մասում օգնությունը կազմակերպում են հիմնականում պետական ու կուսակցական (կոմերիտական) մարմինները, բայց մամուլ սպրդած տեղեկություններից պարզ է դառնում, որ մերձբալթյան սովետական հանրապետություններում եւ սոցիալիստական ճամբարում»` նաեւ ազգային-ազատագրական շարժումները։

«Կապիտալիստական» արտասահմանի օգնությունը նույնպես աներեւակայելի չափեր էր ընդգրկել: Ըստ «Պրավդայի» (դեկտեմբերի 11), օգնության առաջարկներով Լոնդոնում ժամում մինչեւ 100 զանգ է եղել հեռուստատեսությամբ հայտարարված հեռախոսահամարով… Ի թիվս այլ օգնության, Լենինականում «անգլիական» դպրոց կկառուցվի, եւ Մարգարետ Թետչերը կլինի մեծ պետության միակ ղեկավարը, ով կայցելի Հայաստան, աղետի գոտի` դպրոցի բացմանը ներկա լինելու։

Անգլիացի հռչակավոր գրող Գրեհեմ Գրինն ապշած էր մարդկային համերաշխության դրսեւորումից։ Նրա կարծիքով, «ամերիկացիները, անգլիացիներն ու ֆրանսիացիներն իրենց հրաշալի են պահում»։ Գրողն ընդգծում էր, որ խոսքը կարեկցության մասին է` հավասարների միջեւ առկա զգացմունքի, որն «ավելի բարձր է, քան` խղճահարությունը»։ Նա համոզված է, որ «ռուսները ճիշտ են վարվել՝ համաձայնելով ընդունել միջազգային օգնությունը», որն ըստ նրա՝ ՄԱԿ-ում Գորբաչովի ելույթի արդյունքն է («Գրեհեմ Գրին. «Ինձ ապշեցրել է մարդկային համերաշխությունը», «Իզվեստիա», դեկտեմբերի 16)։

ՍՍՀՄ վարչապետ եւ աղետի գոտու վերականգնման կառավարական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը վերհիշում է, որ «մեզ օգնեցին նույնիսկ երկրներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեին Սովետական Միության հետ, ինչպես, օրինակ՝ Իսրայելը, Հարավային Կորեան, Չիլին, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը» («Սպիտակի հուշահամալիր...», էջ 22): Չորս միլիոն բնակիչ ունեցող Նորվեգիայում հանգանակվեց 21 միլիոն դոլար: ԱՄՆ-ից Հայաստան ժամանեց Արմանդ Համերը (2), որն աղետի գոտու կարիքներին նվիրաբերեց մեկ միլիոն դոլար եւ խոստացավ բժշկակական սարքավորումներ ուղարկել («Արմանդ Համեր. Ցնցված եմ իմ տեսածից», Արմենպրես)... Միայն նշանակալի գումարների թվարկումը կզբաղեցնի բազմաթիվ էջեր։

Սփյուռքահայ մեծ ու փոքր համայնքները լծվել էին հայրենիքին օգնելու եւ օտարազգիների օգնությունը համակարգելու գործին։ Շառլ Ազնավուրի մասնակցությունը երկրաշարժից տուժածներին օգնության կազմակերպմանը Ֆրանսիայում եւ աշխարհում կարող է համեմատվել մեծագույն մարդասերների գործունեությանը: Այդ առաջին օրերին մամուլը համեմատաբար քիչ է անդրադարձել մեծ «շանսոնյեին», բայց ժամանակի հետ Հայաստանում յուրաքանչյուրը գործով կճանաչի ու կգնահատի նրան:
Լուսանկարները` Իգոր և Լարիսա Շիրյաևների

Արտասահմանյան մամուլը ոչ միայն լուսաբանում, այլեւ կազմակերպում էր օգնությունը։ Իրենց ընթերցողներին օգնության կոչով դիմողների թվում են իտալական «Ռեպուբլիկան», արեւմտագերմանական «Էքսպրեսը», ուրիշ թերթեր։ Անգլիական «Դեյլի միրորը» իր ընթերցողներին է դիմում Հայաստանին օգնելու կոչով, եւ արդյունքում մեկ ինքնաթիռ սննդամթերքից, դեղերից ու բժշկական սարքավորումներից բաղկացած բեռ ուղարկում աղետյալներին։ Այն տեղ է հասցնում «Միրորի» առաքելության ղեկավար, մեդիամագնատ, անգլիական խորհրդարանի նախկին անդամ Ռոբերտ Մաքսվելը։ Մոսկվայում նա հանդիպում է «վերակառուցման» գաղափարախոս, ՍՄԿԿ Քաղբյուրոյի անդամ Եվգենի Յակովլեւի հետ, որը խոսում է ամբարձիչների պակասի մասին, իսկ ավելի ուշ, Լենինականում, ՍՍՀՄ առողջապահության նախարար Չազովն է նրան խնդրում արհեստական երիկամներ հայթայթել։ Այս բոլոր մանրամասները «Մոսկովսկիե նովոստի» թերթից են` «Դեյլի միրորը»` աղետի զոհերին» (հարցազրույցը Մաքսվելի հետ, որը ներկայացվում է որպես «հայտնի իրավաբան ու գիտնական», վարել է «ՄՆ» մեկնաբան Լյուդմիլա Ենյուտինան, դեկտեմբերի 18)։ Համարը դեռ տպարանում է, երբ Մաքսվելը հեռախոսով հաղորդում է թերթին, որ Նյու-Յորքում հանդիպել է Թուրքիայի վարչապետին եւ համոզել նրան ծանր ուղղաթիռներ եւ ամբարձիչներ ուղարկել աղետի գոտի։ Թուրքիայից ուղարկվում է տասնյակ տոննաներով սննդամթերք, 25 հազար ծածկոց, 20 ուղղաթիռ, 12 ամբարձիչ։ Այս մասին տեղեկացնում է «Զարյա Վոստոկա» թերթը («Բեռ Թուրքիայից», դեկտեմբերի 15)։ Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սամիմ Շահինը սա համարում է «սովետական մարդկանց օգնելու անկեղծ ցանկության արտահայտություն»։ Օգնությունն ինքնին սենսացիոն է` նկատի ունենալով, որ «սովետական մարդիկ» տվյալ դեպքում հայերն են։ Նրա նախապատմությունը, որին տեղյակ ենք «ՄՆ»-ից, արծարծված չէ  «Զարյա Վոստոկայի» հրապարակման մեջ։

Սովետական թերթերը տեղեկացնում են բազմաթիվ բարեգործական համերգների մասին ՍՍՀՄ-ում եւ արտասահմանում։ Մամուլը հաղորդում է նաեւ մարզիկների նախաձեռնությունների մասին։ Արեւմտագերմանական «Վերդեր» ֆուտբոլային ակումբն առաջարկում է ընկերական խաղ անցկացնել «Արարատի» հետ, հասույթը փոխանցել աղետյալներին (ՏԱՍՍ)։ Մարադոնայի թիմը` իտալական «Նապոլին» բարեգործական ընկերական խաղի է հրավիրում Թբիլիսիի «Դինամոյին» («Մարադոնայի թիմի վեհանձն ժեստը», Ա. Քավթառաձե, «Սովետսկի սպորտ», դեկտեմբերի 18)։ Ֆրանսիացիները միաժամանակյա խաղի սեանս են կազմակերպում Գարի Կասպարովի մասնակցությամբ (խաղի արդյունքը` 89:0), ով իր հոնորարը հատկացնում է աղետյալներին (ՏԱՍՍ)։ 

Բազմաթիվ են արտասահմանյան շինարարական, սարքաշինական, դեղագործական ընկերությունները` գործարաններ կառուցելու եւ նվիրաբերելու կամ համատեղ շահագործելու առաջարկներով։

Ըստ մամուլի, օգնության գումարներ են հանգանակվում նաեւ Ադրբեջանական ՍՍՀ-ում։ Հայ-ադրբեջանական ազգային զտումներից օրեր են անցել։ Օգնության այս դրսեւորումը թվում է «վերեւից»` Մոսկվայից թելադրված, քանի որ այն, ինչ կատարվում է անմիջականորեն Կովկասում, «սոցիալիստական ինտերնացիոնալիզմի» ոգուց չի բխում։ «Ու՞մ է դա ձեռնտու»`վերնագրով «Սոցիալիստիչեսկայա ինդուստրիայի» (դեկտեմբերի 16) հատուկ թղթակից Դ. Մելիքովը Բաքվից հայտնում է, որ «Ազնեֆթ» ձեռնարկության վարորդներից խլել են տեխնիկան, իսկ իրենց քշել։ Վարորդներից մեկը եղել է հայ` Արեշեւ ազգանունով, մեկը` ռուս, մյուսը` թաթար։ Ադրբեջանական մամուլի հրապարակումներից («Դժվար պահի», Վ. Ազիմով, «Բակինսկի ռաբոչի», դեկտեմբերի 10) երեւում է, որ Հայաստանին օգնելու մեկնողները բացառապես ոչ-ադրբեջանցիներ են։ Նույն դեկտեմբերի 16-ին նույն «Ու՞մ է դա ձեռնտու» վերնագրով հոդված է տպագրվում  «Տրուդում» «կոմիտետչիկների»` «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ու ակտիվիստների դեմ, ովքեր իբր թե ազգամիջյան թշնամանք են հրահրում (հեղինակը փոխգնդապետ է` Ա. Գուզ)։ Այս բովանդակությամբ հոդվածները կրում են ինչպես ավելի ցասումնալից վերնագրեր` «Ամո՜թ հրահրիչներին» (մայոր Վ. Ջավադյան, «Կրասնայա զվեզդա», դեկտեմբերի 16), այնպես էլ մեղմ` «Գթասրտություն» (Լ. Կովալենկո, «Կոմսոմոլսկայա պրավդա», դեկտեմբերի 16)։ Հեղինակները (կամ, ավելի ստույգ` պատվիրատուները) անտեսում էին այն փաստերը, որ Հայաստան եկող բեռնատար գնացքները Ադրբեջանում զարդարում էին վիրավորական մակագրություններով... որ աղետի առթիվ ադրբեջանցիները բազմաթիվ «շնորհավորական» հեռագրեր էին հղել հարեւան ժողովրդին, ինչը եւ բավարար պատճառ կարող էր դառնալ հայկական հակազդեցության։

Բայց 1988-ին ադրբեջանական թշնամանքը (հետագայում է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումը խոչընդոտելու էր, որ աղետի գոտին կարճ ժամկետներում վերականգնվի) աննշան կաթիլ էր աշխարհը համակած գթասրտության ալիքի մեջ։ Մենք հաճախ ենք դժգոհում պատմական անարդարությունից, միջազգային հանրության անտարբերությունից. ազգային աղետի` երկրաշարժի առթիվ Հայաստանին ցուցաբերած աննախադեպ օգնությունը մեզ պարտավորեցնում է երախտագիտության զգացում ունենալ միլիոնավոր մարդկանց եւ հարյուրից ավելի երկրների հանդեպ։

(շարունակելի)

Վահրամ Մարտիրոսյան

(1)- «Գլավլիտ» (Главлит — главное управление по делам литературы и издательств) – պետական մարմին ՍՍՀՄ-ում, որ կոչված էր պահպանելու պետական գաղտնիքները, բայց իրականացնում էր խստագույն քաղաքական գրաքննություն:

(2)- Արմանդ Համեր, 1898–1990 - ամերիկյան մեծահարուստ գործարար, որն իր ունեցվածքը ձեռք է բերել կերպարվեստի արժեքների ու խավիարի դիմաց բոլշեւիկներին հացահատիկ եւ անհրաժեշտ այլ ապրանքներ մատակարարելով սովետական իշխանության առաջին տարիներին:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?