Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

«Գենդերային ապատեղեկատվություն» եզրույթը հաճախ թյուրընկալումների տեղիք է տալիս, և դրա պատճառով դժվար է այն հաղորդակցել, հատկապես, լրատվամիջոցների հետ։ Սրան զուգահեռ դժվար է նաև հատկորոշելն ու դիմագրավելը։

Ինչու՞։ Բացի նրանից, որ գենդերային ապատեղեկատվությունն ինքնին ներառում է ոչ միայն ապատեղեկատվության այնպիսի դեպքեր, որոնք փաստերի ստուգման գործիքներով հնարավոր է ստուգել, այլ նաև տեղեկատվական մանիպուլացիաների զանազան ձևեր, այն նաև կիրառման մեջ է բազմաշերտ։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գենդերային ապատեղեկատվություն գեներացնողներն ավելի ու ավելի «առաջադեմ» գործիքակազմ են կիրառում։ Այդպիսի գործիքներ են փաստերի «պտտեցումն» ու քողարկումը։ Այս մեխանիզմները հաճախ զուգորդվում են տրամաբանական սխալի հնարքով։

Փաստերի «պտտեցումը» (անգլ․ spinning) տեղեկության ընտրողական ներկայացումն է, փաստերը ցանկալի պատճառահետևանքային կապերով հանգուցելը՝ անտեսելով հակադրվող փաստերը և դրանով ձևավորելով ցանկալի պատմույթ։

Այս մեխանիզմով նույն իրադարձությունը կարող է ներկայացվել տարբեր ձևերով՝ կախված նրանից, թե որ փաստերն են ընդգծվում, որոնք՝ անտեսվում, և ինչպես են դրանք մեկնաբանվում։

Այսպիսի մոտեցման դեպքում տեղեկությունը պարտադիր չէ, որ ամբողջությամբ կեղծ լինի․ հաճախ օգտագործվում են իրական փաստեր, սակայն դրանք ընտրվում, վերադասավորվում կամ մեկնաբանվում են այնպես, որ լսարանը հանգի ցանկալի եզրակացության։ Արդյունքում ձևավորվում է իրականության ոչ ամբողջական, խեղաթյուրված պատկեր։

Փաստերի «պտտեցումը» կարող է իրականացվել տարբեր եղանակներով, օրինակ՝

  • ընդգծել միայն այն փաստերը, որոնք նպաստում են տվյալ դիրքորոշմանը,
  • անտեսել կամ նվազեցնել հակասող տվյալների նշանակությունը,
  • օգտագործել մեկնաբանություններ, որոնք փաստերին տալիս են ցանկալի իմաստ,
  • ստեղծել պարզունակ կամ ուղղորդող պատճառահետևանքային կապեր։

Օրինակ՝ երբ կին պաշտոնյայի կենսագրությունից մի հատված է վերցվում և ներկայացվում այնպիսի համատեքստում, որը ուղղորդում է լսարանին գալ հենց այն եզրահանգման, որը ցանկալի է տեղեկությունը գեներացնողի համար, գործ ունենք փաստերի «պտտեցման» հետ։

Այսպիսով՝ «spinning»-ը տեղեկատվական մանիպուլյացիայի ձև է, որը չի պարտադրում բացահայտ կեղծիք, բայց կարող է էապես փոխել ընկալումը՝ տեղեկատվությունը ներկայացնելով միակողմանի կամ կողմնակալ ձևով։

Փաստերի քողարկումը (անգլ․ concealing) փաստերը միտումնավոր դուրս թողնելն է, անցանկալի, բայց առանցքային տեղեկատվության քողարկումը՝ իրականության աղճատված պատկեր ստեղծելու համար։

Այս դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է թերի կամ մասնակի ձևով, երբ կարևոր հանգամանքները դիտավորյալ դուրս են մնում բովանդակությունից, ինչի հետևանքով լսարանը չի ստանում ամբողջական պատկեր իրավիճակի մասին։

Այս մեխանիզմի կիրառման դեպքում հաճախ այն, ինչ չի ասվում, երբեմն նույնքան ազդեցիկ է, որքան այն, ինչ ասվում է։ Երբ որոշ փաստեր կամ համատեքստային տվյալներ բացակայում են, ներկայացված տեղեկատվությունը կարող է ստեղծել սխալ տպավորություն կամ ուղղորդել լսարանին դեպի գեներացնողի համար ցանկալի եզրակացություն։

Փաստերի միտումնավոր դուրս թողնելը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, օրինակ՝

  • չնշել կարևոր թվեր, պայմաններ կամ ժամանակային համատեքստ,
  • անտեսել հակադիր կարծիքները կամ լրացուցիչ տվյալները,
  • ներկայացնել միայն իրադարձության մի հատվածը՝ առանց ամբողջական պատկերի,
  • շրջանցել այն տեղեկությունը, որը կարող է փոխել ներկայացված եզրակացությունը։

Օրինակ՝ երբ տեղեկություն է հաղորդվում կանանց իրավունքներին առնչվող օրենսդրական առաջարկի մասին և այն ներկայացվում է միայն մի մասով՝ դիտավորյալ փոխելով նաև բառաբանությունը՝ անտեսելով օրենսդրական առաջարկի առանցքային մասը, գործ ունենք փաստերի քողարկման հետ։

Այսպիսով՝ փաստերի միտումնավոր քողարկումը տեղեկատվական մանիպուլյացիայի մեթոդ է, որի միջոցով ճշմարտության մի մասը պահպանվում է, սակայն ամբողջական պատկերը թաքցվում է, ինչի հետևանքով ձևավորվում է իրականության մասնակի կամ խեղաթյուրված ընկալում։

Այլաբանության կիրառումը։ Գենդերային ապատեղեկատվությունը գեներացնելիս հաճախ կիրառվում են ժողովրդական բանահյուսության տարրեր, հատկապես՝ անեկդոտներից հատվածներ, որոնք քաջածանոթ են հանրությանը, և միայն մեկ բառը կամ ակնարկը հասկանալի է դարձնում՝ ինչի մասին է խոսքը։

Առաջին հայացքից սա կարող է անմեղ կատակ թվալ կամ ժողովրդին հասկանալի բառապաշարի կիրառում, սակայն իրազեկ աչքով դիտարկելիս նկատում ենք, որ սա քողարկված ձևով վերարտադրում է կարծրատիպեր կամ նպաստում խտրական այլ մոտեցումների ձևավորմանը։

Օրինակ՝ որևէ երևույթ (կանանց հետ կապ չունեցող) նկարագրելիս կամ բացասաբար գնահատելիս կարող են կիրառվել կանանց վերաբերյալ հիշատակումներ պարունակող ասացվածքներ, դարձվածքներ կամ անեկդոտներ։

 Այս ամենը գենդերային ապատեղեկատվությունը հատկորոշելը չափազանց բարդացնում է։ Բայց գործիքակազմին ծանոթ լինելը հնարավորություն է տալիս բովանդակությունը դիտարկելու և գնահատելու նաև այդ առանցքով, և խնդրահարույց տարրեր հայտնաբերելու դեպքում խորհրդակցելու մասնագետների կամ ոլորտին առնչվող փորձառություն ունեցող գործընկերների հետ։

Նարինե Եգանյան
Գենդերային ապատեղեկատվության հետազոտող