Ծանո՞թ իրավիճակ է. առավոտյան բացում ես հեռախոսդ՝ «միայն մի քանի րոպե լուրեր նայեմ» մտքով։ Բայց մի քանի րոպեն դառնում է կես ժամ, երբեմն՝ ավելի երկար։ Վերնագրերը մեկը մյուսին են հաջորդում` կտրուկ, սենսացիոն, հաճախ՝ վախեցնող, անհանգստություն, լարվածություն ու անզորություն առաջացնող կամ պարզապես զայրացնող։
Երբեմն մեդիա բովանդակության սպառումը դառնում է փորձություն, որի միջով անցնում ենք ամեն օր։ Եվ հենց այստեղ է առաջանում այն հարցը, որն այսօր շատերին է անհանգստացնում․ ինչպե՞ս սպառել մեդիան առանց ներքին խաղաղությունը խաթարելու և «տոքսիկ» մեդիա բովանդակությունից պաշտպանվելով։ Այս նպատակին հասնելու գործում երկու կարևոր դերակատար` մեդիա արտադրողն ու սպառողը պետք է վերանայեն իրենց մոտեցումներն ու դիտարկեն ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներն ամենօրյա կիրառման համար։
Ի՞նչ է ասում մեդիա սպառողը
Մեր կատարած փոքրիկ ուսումնասիրությունը, որն իրականացվել է 2025 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2026թ․ փետրվար ամիսը և որին մասնակցել է 67 մարդ (սկզբնական նախատեսված՝ 50) մեզ հիմք է տալիս ասելու, որ նրանց մեծ մասը տեղեկությունները ստանում է ու սպառում հիմնականում ոչ թե բուն լրատվական կայքերից, այլ սոցիալական մեդիայի հարթակներից։
Սոցիալական մեդիայի միջոցով լուրը կամ մեդիա բովանդակությունը ավելի արագ է հույզեր ու զգացմունքներ փոխանցում սպառողին՝ զգացմունքային տեղեկատվության մշակման արագութան շնորհիվ (անգլերեն emotional processing speed): Լուրը հայտնվում է քո էկրանին ոչ միայն որպես տեքստ, այլև որպես պատկեր, մեկնաբանություն և իհարկե հարյուրավոր արձագանքներ։ Մինչ դու կհասցնես մտածել թե «ի՞նչ է սա», նյութն արդեն ունեցել է իր էմոցիոնալ ազդեցությունը։ Ուսումնասիրության մասնակիցների պատասխաններում հաճախ էին կրկնվում նույն բառերը՝ «ամեն օր», «շատ հաճախ», «անհանգստություն եմ զգում», «խուսափում եմ քննարկումներից», «անմիջապես հակադարձում եմ»։
Արդյո՞ք մեդիա սպառողները շատ զգացմունքային են, թե՞ սոցիալական մեդիան կրճատում է մեդիա բովանդակության և դրանում արտացոլված իրադարձության և մարդկանց միջև եղած տարածությունը, ինչի արդյունքում մեծանում է էմոցիոնալ ազդեցությունը։
Ինչու՞ ենք այդքան արագ բարկանում կամ վախենում
Մեդիա բովանդակությունը հաճախ հրամցվում է սուր վերնագրով, գնահատողական, երբեմն նաև մեղադրական, դատապարտողական կամ ծաղրանք պարունակող տոնայնությամբ, կարճ ասած` հույզերի լեզվով։ Արդյունքում մարդը հաճախ չի հասցնում տարբերել՝
- ինչը տեսավ (փաստը)
- և ինչը զգաց (իր արձագանքը)։
Ի՞նչ է տեղի ունենում արդյունքում։ Առաջանում են հույզեր և մեդիա սպառողը արձագանքում է հույզերի լեզվով. գրում է բարկացած մեկնաբանություններ, տարածում է նյութը դատապարտող գրառմամբ, գեներացվում են ագրեսիա տարածող մեկնաբանություններ։ Ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) տեսանկյունից այս հույզերի առաջացումը հիմնարար տարբերություն է տեսած ինֆորմացիայի և զգացած հույզի միջև:
Ոչ բռնի հաղորդակցությունը (ՈԲՀ ՈԲՀ գրքույկ), որի հիմնադիրը ամերիկացի հոգեբան Մարշալ Ռոզենբերգն է, հաղորդակցության մոտեցում է, որը կենտրոնանում է մարդու հույզերի և կարիքների գիտակցման վրա։ Այն առաջարկում է չորս պարզ քայլ՝ դիտարկել իրավիճակը առանց դատողության, ճանաչել առաջացած զգացմունքը, հասկանալ դրա հիմքում գտնվող կարիքը և ձևակերպել հստակ ու խաղաղ խնդրանք։ ՈԲՀ-ի նպատակն է նվազեցնել մեղադրական և բևեռացնող խոսքը՝ փոխարինելով այն պատասխանատու, կարեկցանքի վրա հիմնված հաղորդակցությամբ:
Մեդիան այս դաշտում կարող է կամ սրել այդ հույզերը, կամ օգնել, որ մարդը դրանք գիտակցի ու կառավարի։ Արդյո՞ք ժամանակակից մեդիա սպառողը զինված է ՈԲՀ հմտություններով, որպեսզի կանգ առնի ու չտրվի հույզերի լեզվին։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ փորձում են ինքնուրույն գտնել դրանք։
Ինքնակարգավորում․ կիսվել, խորանալ, կամ «անջատվել»
Երբ նորությունը հուզում է, շատերն ընտրում են երկու առողջ արձագանքներից մեկը. կամ կիսվում են ուրիշների հետ (որպեսզի թեթևանան), կամ փորձում են խորանալ թեմայի մեջ, հասկանալ պատճառները (որպեսզի վերահսկման զգացում ունենան)։ Սակայն կա նաև երրորդ՝ շատ տարածված արձագանքը․ մարդիկ պարզապես փորձում են «չմտածել դրա մասին»։ Ոմանք դադարեցնում են լուրեր կարդալը, ոմանք գերադասում են սպառել ժամանցային ու զվարճալի մեդիա բովանդակություն, ոմանք «թերթում են լուրերի դաշտը» մինչև հոգնեն ու փակեն։
Սա կարող է խոսել տեղեկատվական հոգնածության մասին, բայց, միևնույն ժամանակ, լրատվական հոսքից դուրս գալն էլ հեշտ չէ․ այն դարձել է թե՛ սովորություն, թե՛ սոցիալական պատկանելության ձև։ Եթե չես հետևում լուրերին, կարծես դուրս ես մնում «բոլորի խոսակցության» դաշտից։
Այս հակադրությունը՝ մասնակցություն և խուսափում, հենց այն տեղն է, որտեղ մեդիագրագիտությունն ու ՈԲՀ-ն կարող են դառնալ ոչ թե «տեսություն», այլ ինքնապաշտպանության մշակույթ։
Երբ մարդիկ սկսում են մտածել կարեկցանքի լեզվով
Ուսումնասիրության մեջ շատ կարևոր միտում է նկատվել․ հարցին՝ «երբ կարդում եք որևէ նորություն, ինչի՞ վրա եք կենտրոնանում», պատասխանողների մի մասը նշել է՝ «զգացմունքների վրա», իսկ մյուս զգալի խումբը՝ «փորձում եմ հասկանալ՝ ինչ կարիք է կանգնած դրա հետևում»։ Սա նորությունների ընկալման մեխանիզմների հսկայական տարբերություն է։ Սա նշանակում է, որ մարդիկ սկսում են հարցնել ոչ թե միայն «ո՞վ է մեղավոր», այլ «ի՞նչ է պետք», «ինչի՞ պակաս կա», «ի՞նչ ցավ կա այստեղ»։ Իսկ դա հենց ՈԲՀ-ի հիմքային մեխանիզմն է՝ դատողությունից դեպի կարիք, մեղադրանքից դեպի ընկալում։ Կարող ենք վստահաբար նշել, որ երբ մարդը ճանաչում է իր հույզը և հասկանում սեփական զգայական կարիքը, նա կարող է ընտրել իր արձագանքը, ոչ թե լինել հակարձագանքի գերի։ Այս փոքր փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ հանրային լեզվի, հետևաբար՝ նաև խաղաղության մշակույթի վրա։
Մենք ուզում ենք տեղեկացված լինել, բայց նաև անվտանգ զգալ
Մասնակիցների մեծ մասը նշել է, որ նորություններին արձագանքելիս զգում է տեղեկացված լինելու և անվտանգության կարիք։ Սա կարևոր դիտարկում է, որովհետև ցույց է տալիս, որ խնդիրը միայն «տեղեկության պակասը» չէ։ Խնդիրը նաև վստահությունն է։ Երբ մարդը չի վստահում իրեն մատուցված նորությանը, նա կորցնում է վերահսկման զգացումը։ Իսկ երբ վերահսկման զգացումը կորչում է, աճում է տագնապը։
Այստեղ մեդիայի դերը կրկնակի է․ այն կարող է կամ ամրապնդել վստահությունը՝ հավասարակշռված, հստակ, պատասխանատու տեղեկությամբ կամ խորացնել անվստահությունը՝ սենսացիոն լեզվով, «միշտ սև-սպիտակ» մատուցմամբ։
«Չեմ վստահում ոչ մեկին»․ վստահության նոր քարտեզը
Մեր իրականացրած հարցման պատասխաններում հաճախ էր հանդիպում մոտավորապես նմանօրինակ արտահայտություն՝ «չեմ վստահում ոչ մի լրատվամիջոցի ամբողջությամբ»։ Սա արդեն առանձնապես անհատական դժգոհություն չէ․ սա հասարակությունում տարածվել սկսվող երևույթի մասին է խոսում։
Վստահությունը ինստիտուցիոնալից վերածվել է անձնականի․ մարդիկ կարծես ասում են՝ «ավելի շատ նայում եմ՝ ով է գրում, ոչ թե՝ որտեղ»։ Այսինքն՝ վստահությունը դարձել է հարաբերություն՝ մարդու և տեղեկատվության միջև, ոչ թե «լրատվամիջոցի անվան» նկատմամբ։
Միևնույն ժամանակ հետաքրքիր է նաև Telegram-ի դերը։ Շատերն այն նշել են որպես ամենահաճախ օգտագործվող աղբյուր՝ հիմնականում արագ հասանելիության պատճառով։ Բայց այստեղ կա վտանգավոր միտում․ արագը հաճախ սկսում է նույնանալ ճշմարիտի հետ՝ պարզապես որովհետև առաջինն է։ Մարդն առաջին ազդակն ընդունում է որպես ճշմարտություն, հետո արդեն դժվար է փոխել նրա ներսում ձևավորված զգացողությունը, նույնիսկ եթե հետագայում պարզվի, որ այդ տեղեկատվությունը սխալ էր։
Ուսումնասիրության մասնակիցների մի մասը նշել է, որ օգտվում է անկախ ու հետաքննող լրատվամիջոցներից: Դրանք ընկալվում են որպես «հավասարակշռություն», «փաստ», «վերլուծություն»։ Բայց կան նաև դիտարկումներ, համաձայն որոնց նման նյութերը երբեմն «բարդ են ընթերցողի համար» կամ քիչ են հասնում լայն հանրությանը։ Այսինքն՝ վստահելի բովանդակությունը միշտ չէ, որ հասանելի է՝ լեզվի ու ձևաչափի պատճառով։
Ոչ բռնի հաղորդակցությունը մեդիայի դաշտում․ ինչ է դա նշանակում
ՈԲՀ-ն հաճախ ընկալվում է որպես «հաղորդակցական տեխնիկա» կամ «կոնֆլիկտ լուծելու միջոց», բայց իրականում դա նաև խաղաղության պրակտիկա է։ Ինչպես արդեն ասացինք՝ այն առաջարկում է չորս պարզ քայլ՝
- դիտարկում (ինչ եմ տեսնում)
- զգացում (ինչ եմ զգում)
- կարիք (ինչն է ինձ համար կարևոր)
- խնդրանք (ինչ եմ ուզում, ինչ քայլ եմ առաջարկում)
Եթե այս քայլերը տեղափոխենք մեդիա սպառման դաշտ, հնարավոր է անել մի փոքր, բայց կարևոր փոփոխություն. անցում կատարել հուզական արձագանքից գիտակցված արձագանքի։
Օրինակ՝ ոչ թե «այս ամենը սարսափելի է», այլ՝ «տեսա այս լուրը, դա վախ առաջացրեց իմ մեջ, որովհետև ինձ համար կարևոր է անվտանգությունը, և ուզում եմ հասկանալ՝ ինչ աղբյուրից է դա և ինչ քայլ կարող եմ անել»։ Միայն այս լեզվական փոփոխությունն արդեն նվազեցնում է բևեռացումը, որը կարող է առաջանալ մարդու մտքում սենսացիոն բովանդակությամբ նյութեր սպառելիս։ Այն վերջինիս վերադարձնում է ընտրության դիրք։
Ի՞նչ է պետք փոխել, որ մեդիան չդառնա «լարվածության գործարան»
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակության մեջ կա ոչ միայն դժգոհություն, այլ նաև լուծումների հանդեպ հստակ պահանջ: Մասնակիցների մեծ մասը տարբեր ձևերով կրկնել է նույն միտքը՝ «կրթությունը կարող է փոխել իրավիճակը»։
Խոսքը միայն դպրոցական «մեդիագրագիտություն» առարկայի մասին չէ։ Մարդիկ նշում էին նաև զգացմունքային ինտելեկտ, ապրումակցում, լսելու կարողություն, խաղաղ հաղորդակցություն։ Սա նշանակում է, որ մեդիայի խնդիրն այսօր նաև հոգեբանական է։ Բևեռացվածությունը սկսվում է ոչ թե նորության բուն տեքստից, այլ այն պահից, երբ մարդը չի ճանաչում իր հույզը և անմիջապես արձագանքում է։
Ամփոփում
«Գիտակցված մեդիա» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեդիա խաղաղարարությունը սկսվում է անհատի ներսում։ Երբ մեդիասպառողը սովորում է տարբերել իր հույզերն ու կարիքները, նա դադարում է լինել պարզապես բովանդակություն սպառող և դառնում է գիտակցված հաղորդակից։ Իսկ լրագրողը, ով ընտրում է կարեկցանքի և պատասխանատվության լեզուն, դառնում է ոչ միայն պատմող, այլ նաև խաղաղության միջնորդ։
Այսպիսով, ուսումնասիրությունը բացում է նոր հորիզոն՝ որտեղ մեդիան այլևս միայն տեղեկություն փոխանցող համակարգ չէ, այլ խաղաղ հաղորդակցության տարածք, որտեղ բառերը դառնում են կամուրջներ, ոչ թե պատնեշներ։
Գրիշա Գասպարյան,
Բանասիրական գիտությունների թեկնածու, մեդիա հետազոտող, Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի ասիստենտ)
(Նյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ և International Alert կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում)։