Նարինե Եգանյան

Ամիսներ առաջ հետազոտություն էի իրականացնում կին բնապահպանների վերաբերյալ գենդերային ապատեղեկատվության թեմայով։ Դրա շրջանակում զրուցեցի մեծ ու փոքր նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։

Մի բան, հատկապես, գրավեց ուշադրությունս։ Երբ խոսում էի փոքր համայնքներում ակտիվ կանանց հետ, գրեթե բոլորը նշում էին, որ գենդերային ապատեղեկատվության դրսևորումների չեն հանդիպել․ ըստ նրանց, շատ դժվար է իրենց մասին բամբասանք տարածել, թիրախավորել որպես կին, որովհետև ողջ գյուղն իրենց ճանաչում է․ գիտեն՝ ում թոռն են, ում դուստրը, ում մայրը կամ կինը։

Փոքր համայնքներին բնութագրական է նաև կանանց՝ որպես հանրային միջոցառումների ժամանակ հնարավոր լարվածությունը թուլացնող, զսպող դեր վերագրելը։ Այս՝ առաջին հայացքից դրական թվացող ազդեցությունը կրկին կանանց «տեղավորում է» հասարակական նորմերի շրջանակում՝ մի կողմից տղամարդկանց աչքերում, մյուս կողմից՝ հենց իրենց՝ կանանց աչքերում։

Կանայք լռելյայն գիտեն, որ իրենց թույլատրված չէ այս կամ այն գործողությունը, որոշակի սահմաններ հատելը, որովհետև «համայնքը չի ընդունի»։ Դա հաճախ խոսքային ձևով չի դրսևորովում, այլ դաջված է որպես մի կանոն, որն ընդունված չէ խախտել։

Ամերիկացի մարդաբան Ռոբերտ Լևինը կոնֆլիկտի ուսումնասիրության համատեքստում նշում է, որ «Փոքր համայնքներում պատժիչ միջոցների կարիք կամ չկա, կամ էլ շատ քիչ կա։ Լավ վարքը մեծապես սովորույթի արդյունք է, վաղ մանկությունից անհատին որոշակի պայմաններում դաստիրակելու հետևանք»։ Եվ իրոք, հայրիշխանական, կարծրատիպային համայնքներում, կանայք, որպես կանոն, արդեն իսկ իրենց պահում են այնպես, որ հանկարծ ասեկոսեի տեղիք չտան։ Ինչ-որ մեկի թոռը, դուստրը, կինը, քույրը լինելը ծառայում է որպես յուրահատուկ հասարակական զսպօղակ՝ խուսափելու ինքնարտահայտվելուց, որը թիրախավորման ռիսկ է պարունակում։ Սա դրսևորվում է ինքնագրաքնությամբ, ինքնազսպմամբ և մշակութային կանոններին հարմարեցմամբ։

Փաստորեն այն, որ փոքր համայնքներում դժվար է գենդերային ապատեղեկատվություն տարածել և դրանով թիրախավորել կանանց, իրոք այդպես է։ Բայց դա ամենևին նրա մասին չէ, որ հասարակությունը առողջ ձևով է ընկալում կանանց ակտիվությունը։ Իրականում յուրաքանչյուր կին գծել է իր՝ ակտիվ լինելու սահմանները, բայց միևնույն ժամանակ՝ հասարակական նորմերի շրջանակում մնալու, որովհետև թիրախում հայտնվելու են ոչ միայն իրենք, այլ նաև՝ իրենց հետ կապ ունեցող այլ մարդիկ, հատկապես՝ տղամարդիկ։ Իսկ դա անընդունելի վարք կդիտարկվի համայնքում:

Նարինե Եգանյան
Գենդերային ապատեղեկատվության հետազոտող