«Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից, ոռբացությունից, ծախված դիրքերից…»
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ / «ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ»
Նրա մասին խոսելը միաժամանակ հեշտ է և բարդ, որովհետև հղումները շատ են, իսկ իրականը` քիչ, նա ավելի շատ պատմություն է կամ հերոսացված պատում, միրաժ, կերպար, սիմվոլ, սակայն ոչ իրական մարդ: Վազգենը մեր պատմության արքետիպային հերոսական մոդելներից է, աղերսներ ունի Վարդան Մամիկոնյանի հետ, քանի որ հայ ժողովրդի ռոմանտիկ հերոսի նարատիվում շատ լավ է տեղավորվում։ Միֆական հերոս, որ անցավ հերոսական ճանապարհ, հաղթեց իր զինակիցների հետ Արցախյան առաջին գոյամարտը, հետո եղավ դասական հին հունական ողբերգության սցենարը՝ հերոսը կամ պետք է մահանար, կամ պետք է սպանեին։ Հոկտեմբերի 27` ահա Վազգենի դրամատուրգիայի վերջին արարը:
Նա հիմա ֆրագմենտար իրականություն է և մեր հասարակական գիտակցության մեջ լողում է որպես ֆոլկլոր, իսկ մենք մեր աշուղների նման երգում ենք նրան մեր ուղեղներում, սրտում, պատմության դասագրքերի էջերում և դոկումնետալ ֆիլմերում… Մեր պատմությունը հավատում է իր միֆերին և շատ անգամ առաջնորդվում է դրանցով, մի տեսակ լատինոամերիկյան մոգական ռեալիզմի է նմանվում՝ Վազգենն իր կերպարով հենց դա է խորհրդանշում:
19-րդ դարից սկսած մեր ազգային-ազատագրական պայքարը վավերագրելու և հաջորդ սերունդներին փոխանցելու, ոգևորելու համար գրեցինք պատմավեպեր՝ «Սամվել», «Պապ Թագավոր», «Արշակ արքա» և այլն, սակայն 20-րդ դարի վերջին միֆական հերոսի մասին չգրվեց գեղարվեստական էպիկ պատմավեպ։ Ինչու՞…Այդ ամենին փոխարինելու կամ փրկելու եկավ կինոլեզուն, որի օգնությամբ ևս մեկ անգամ մենք փորձեցինք թարմացնել, վերընթերցել Վազգենին կամ մեր հիշողությունը:
Սպարապետների երկիրը կամ Վերջին Սպարապետի ֆիլմը
2013թ. էկրան բարձրացավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որը նվիրված էր մեր ազգային հերոսի հիշատակին։ Ժողովուրդը նորովի իմաստավորեց ու միֆականացրեց իր հերոսին։ Ռեզոնանսը շատ մեծ էր, քննարկումները՝ նույնպես։ Ի վերջո, ֆիլմի լեզվով խոսեցին մեր հայտնի երկրորդ սպարապետի մասին, որը Սյունիքի պաշտպանն էր, Լեռնահայաստանի հիմնադիրը: Իսկ ո՞վ էր Վազգենը՝ մեր երրորդ հայտնի սպարապետը, երրորդ հանրապետության առանցքային կերպարներից և Արցախյան գոյամարտի խորհրդանիշներից մեկը, Հոկտեմբերի 27-ի զոհը, որի մասին դեռ խոսում են, և որը մնում է մեր ժողովրդի սոցիալական հիշողության մեջ որպես անեծք, իրադարձություն, տրավմա, որից հետո Հայաստանը այլևս առաջվանը չէր:

«Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի պաստառը
2025թ. մարտի 5-ին Վերջին Սպարապետի ծննդյան օրը էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին սպարապետը» կենսագրական ֆիլմը, որը նկարահանել է Genetic Production-ը, իսկ ռեժիսորը նրա եղբոր աղջիկ Նոնա Սարգսյանն էր, որը փորձեց ռեմիֆականացնել ոչ միայն իր, այլև մեր հավաքական հիշողությունը։ Սա կինոժապավենի ամենասուբյեկտիվ պահն է․ կարո՞ղ է եղբոր աղջիկը նկարել ֆիլմ, որտեղ չի լինի մեր ճանաչած Վազգենը, թե՞ լինելու է հայտնի առասպելի վերապատումը նորովի: Ո՞վ էր լինելու Վազգենը ֆիլմում՝ գաղափա՞ր, կերպա՞ր, սովորական մա՞րդ, թե՞ այդ երեքը միասին:
Դիտելու ընթացքում այնպիսի զգացողություն էր, որ Վազգենի հանրային կերպարը պետք է երկրորդական լինի, նրան պետք է նորից ճանաչենք։ Այնուամենայնիվ, մեր աչքերը սովոր են սովորույթի ուժով գնալ և նորից միֆականացնել միֆականացվածը: Ֆիլմը նայում էի դիստանցավորված՝ նրա մարդ լինելու էությունից այն կողմ, որովհետև իր անձի հետ կապված հղումները շատ էին իմ գլխում` մանկությունից մինչև մեր օրեր։ Նա հայկական Հերակլեսն էր, որը իր 12 սխրագործությունները կերտել է Արցախյան առաջին գոյամարտի ընթացքում, որի մասին բազմաթիվ ասքեր են հյուսվել, (ա՛յ, որ Վազգենը ողջ լիներ, Հայաստանը սենց չէր լինի, Վազգենը բոլորին կլռեցներ…) սակայն ես փորձում էի հայտնագործել, բացահայտել նոր Վազգենին՝ երեխային, դեռահասին, սիրահարվածին, եղբորը, հորեղբորը, ռազմական ու պետական գործչին, որին սիրում էին, որն ուներ երազանք՝ Հայաստանը տեսնել 21-րդ դարում ինքնուրույն ու զարգացած երկիր։ Բայց ֆիլմը փոխանցե՞ց այդ ամենը:
Ֆիլմում նա մի տեսակ ուրիշ էր։ Գրեթե միշտ հասուն եմ տեսել նրան տեսանյութերում, նկարներում, գրվածքներում նույնպես։ Մի երկու ջահել խարիզմատիկ նկար ունի, ու վերջ, դրա համար չէի պատկերացնում, թե ինչպես է եղել մանուկ ու դեռահաս տարիքում, իսկ էդ շրջանից շատ քիչ բան չկար, ու պատմական ճշմարտությունը նրան ծածկել էր մորուքով և ամրակազմությամբ: Գալիս է ֆիլմը՝ փորձում վերականգնել կորսվածը, բայց ի զորո՞ւ է, ստացվե՞ց։ Չեմ կարծում։ Որպես դիտող՝ ես դա չտեսա։ Իհարկե, Խորեն Լևոնյանը Վազգենի կերպարում շատ գրավիչ էր ու խարիզմատիկ, սակայն կային պահեր, որոնք պետք է արտացոլեին հերոսի վերելքներն ու անկումները։ Չկային Վանոն, Լևոնը. վրիպե՞լ է ռեժիսորը, թե՞ այդ ամենը արտացոլելու կարիք չկար: Մեր հիշողության մեջ դաջելով նրան որպես դյուցազնի՝ փորձելով նրան պատկերացնել միշտ ուժեղ, առնական, խնդիր լուծող, բայց ոչ խոցելի, ընկճված՝ հասկանում ենք, որ հայը իր հերոսին չի ուզում տեսնել այնպիսին, ինչպիսին նա իրականում կա:
Վազգենի կյանքի միակ լուրջ դիալոգը Հայաստանն էր՝ իր խնդիրներով, և ֆիլմում նրան հանգիստ չէր տալիս փաստը, թե ինչպես հելլենիստական Մեծ Հայքից մենք դարձանք ավազահատիկի չափ Հայաստան։ Մտորումների մի մեծ շղթա է գալիս դեռահաս Վազգենի գլխում, այրում սիրտը՝ ինչու՞, ինչպե՞ս, ե՞րբ փոքրացավ էդքան, պատմական Մեծ Հայքը՝ մինչև չհանդիպեց Արցախյան պայքարին և Երրորդ հանրապետության գալուստին, մոտիկից չշփվեց ժողովրդի հետ, զգաց նրանց ցավը, բռնության հանդեպ ատելությունը և տեսավ Հայաստանը փոշոտված մարտահրավերներով ու փորձություններով սպառված։
Ֆիլմում գեղարվեստական ու գեղագիտական պաթոս կար: Կինոժապավենի մեջ Վազգենը ընտանեկան էր և հանրային (ֆիզկուլտուրայով զբաղվելը, Գրետա մայրիկի հետ զրույցները, եղբոր հետ կոնֆլիկտը, զոհված զինվորի մորը հանդիպելը, անբարոյական զինվորականին պատժելը)։ Երբևէ չեմ պատկերացրել, որ մի օր կտեսնեմ, թե ինչպես է նա խոսում տնեցիների հետ, սիրահարվում, ջղայնանում ֆուտբոլ խաղալու ժամանակ, բեռ կրում սովորական մարդկանց հետ, հետո նստում բեռնատար КАМАЗ-ը, դաշտային ծաղիկներ քաղում մոր համար ու կատակներ անում հոր տարիքի մարդու հետ։ Իսկ տանը խոսո՞ւմ էր, թե՞ ավելի շատ լռում, փակվում սենյակում` մնալով իր մենության մեջ կամ Հայաստանի, որը կնճռոտված էր, վիրավորված, շրջապատված, խոցված՝ շատ անգամ տարբեր տերությունների կողմից․ Աստված գիտի, թե նրա մտքում ինչ էր, սակայն ֆիլմում Նա Արցախին ու Հայաստանին մոլեռանդորեն սիրողն էր, որը փորձում էր ելք գտնել, ճանապարհ, փրկություն՝ դեպի խաղաղ ու կայուն ապագա և կշրջանցեր փակուղին։ Ստացվե՞ց… կինոլեզուն համոզիչ չէր, մեկուկես ժամանոց ֆիլմով դժվար է պատմել Վերջին Սպարապետի մասին, պետք էլ ավելի դետալիզացված լիներ այդ ամենը, որպեսզի ժողովուրդը վիզուալ մանրամասնությամբ հիշեր:
Հին հայկական ավանդույթը կամ ողբերգությունը հայի
Գրետա մայրիկը նրա զինակիցն էր, հայրենի հողի պաշտպանի թիկունքը, ոգևորողը` բոլորի երեխեքի արյունն էլ հավասար է. ֆիլմում այսպես է արձագանքում իր ամուսնուն Վազգենի ռազմաճակատ մեկնելու կապակցությամբ։ Գրետան դառնում է Մայր Հայաստանը, որ իր զավակների հետ միասին կռվում է՝ բարոյահոգեբանորեն աջակցելով իր տղաներին: Առասպելականացված էր նաև Գրետա մայրիկը, չէ՞ որ լույս աշխարհ է բերել ընտրյալ զինվորի: Վազգենին անպատասխան սիրում է մի աղջիկ, իսկ Վազգենը՝ Հայաստանին: Նա մարդ-գաղափար է, մարդ-կերպար, որը ներառում է վճռականությունը, քաջությունը, կամքը, հաստատակամությունը, ուժը և վերածվում մի նոր ավանդազրույզի:
Տեսախցիկը Վազգենին փորձում է մարդ պատկերել, իսկ ես փորձում եմ հասկանալ առասպելական հերոսի իրական դեմքը, թաքնված երեսը, որն իրեն երեսապատել էր հայրենիքով, դարձել պատմական անհրաժեշտություն, ճակատագրականություն հին հունական ողբերգության նման, որը ավարտվեց չարաբաստիկ հոկտեմբերին…
Մեր ազգային հիշողությունը ներծծված է սպարապետներով, որոնք անձնազոհ են, ոչ մի բանի դիմաց կանգ չառնող, հանուն վեհ գաղափարի՝ այս դեպքում ժողովրդի փրկության, ինքնության, պետության ստեղծման, նրանք միշտ պետք է Ռուբիկոնը անցնեն, որովհետև այլ տարբերակ չկա, մեր պատմությունը ոսկե միջիններ, կոմպորմիսներ չի սիրում, միայն դեպի միֆականացում, դեպի մեր ուզած ԵՐԿԻՐԸ ՆԱԻՐԻ, որտեղ կլինեն նոր Վազգեններ, որոնք կհայտնվեն ճիշտ պահին ճիշտ տեղում ու կկառուցեն նոր աշխարհ, նոր երկիր։ Այդ ամենը չհասցվեց ո՛չ կյանքում, ո՛չ էլ ֆիլմում։ Երկուստեք կիսատություն:
Հետպատերազմյան շրջանում նրա դերը ավելի է կարևորվում, որովհետև նա խորհրդանշում էր հաղթանակած բանակը, երկրի անկախությունը, որը Բացարձակ արժեք է և քննարկման ենթակա չէ, և ֆիլմը գալիս է մեզ ասելու, որ մենք պետք է վերադառնանք մեր մոտակա անցյալ, հասկանալ, թե ինչու՞ կորցրինք մեր հերոսին, որը դաշտային ծաղիկներ էր քաղում մոր համար և ֆուտբոլ խաղում ընկերների հետ, որը քրքրում էր հայոց պատմության էջերը, նեղվում իր անկողնում պառկած՝ լուսամփոփի տակ երազելով մեկ այլ Հայաստանի մասին: Բայց արդյո՞ք ճիշտ է ֆիլմում վերակառուցել արդեն իսկ կառուցված միֆը։ Գուցե Վազգենի գաղտնիքն այն է, որ նա առասպելից դուրս չի կարող իրականություն լինել…