2021.04.05,

vox populi

Մեդալի դարձերեսը. երբ պաշտոնյան մասնագիտությամբ լրագրող է

Լրագրությունը մասնագիտություն լինելուց զատ նաև ազատություն է. մտքի, ասելիքի ու քայլերի ազատություն: Սա եզակի մասնագիտություն է՝ իր տեսակով, իր կանոններով, իր ընդգրկունությամբ ու ընձեռած հնարավորություններով: Լրագրությունն այն դաշտն է, որը տալիս է եթե ոչ անսահմանափակ, ապա բավականին մեծ հնարավորություններ աշխատելու համար:

Եվ յուրաքանչյուր լրատվամիջոց, լրագրող ինքն է որոշում իր ազատության սահմաններն ու աշխատանքի կանոնները, որոնք հատկապես այսօր չափազանց տարբեր են:

Ու գուցե սա է պատճառը, որ հաճախ պաշտոնյաները զգուշանում, զգաստանում են լրագրողների հետ շփումից: Գիտեմ՝ կլինեն կարծիքներ, որ եթե պաշտոնյան թաքցնելու բան չունի, ապա զգուշանալու կարիք էլ չունի: Ես ինքս էլ տարիներ շարունակ այդպես եմ մտածել (մինչև Լոռու փոխմարզպետի պաշտոնն զբաղեցնելը 13 տարի աշխատել եմ որպես լրագրող)։ Բայց մի՞շտ ու բոլո՞ր դեպքերում է այդպես:

Լրատվական դաշտում երբեմն հանրության շահի ու հանրային իրավունքի պաշտպանության հետ ոչ մի եզր չունեցող որևէ մանրուք, դիպված կարող է արհեստականորեն ուռճացվել ու դառնալ սենսացիա՝ առանց փաստերի ստուգման, առանց խորանալու՝ ուղղակիորեն վնաս հասցնելով հանրային որևէ դեմքի հեղինակությանը, արժանապատվությանը, անձնական կյանքի անձեռնմխելիությանը: Դա կարող է լինել անհաջող պահի ֆիքսված հայացք կամ լեզվի սայթաքում: 

Պետական կառավարման համակարգիբացերը լրատվական դաշտից լավ են երևում. լրագրողը տեսնում է և՛ արվածը, և՛ թերությունները, և՛ այն, ինչը պիտի հրատապ արվեր, բայց չի արվում: Հետադարձ պատկերում, երբ ես հայտնվեցի պետական կառավարման համակարգում, ակնհայտորեն երևացին ոչ միայն համակարգի, այլև լրատվական դաշտի բացերը: 

Երբ լրագրողական աշխատանքի տարիների փորձառությունն օգնում է հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ՝ մեդիադաշտում, որտեղ մի ժամանակ ինքդ էլ առաջամարտիկ էիր, ամեն ինչին սկսում ես նայել նորովի: 

Ժամանակի ընթացքում  որպես պաշտոնյա, սկսում ես առավել բծախնդրորեն մոտենալ ինքդ քեզ՝ լրագրողների հետ շփվելիս: Լավ իմանալով, թե միտքդ ինչպես կարող է ընկալվել, խոսքդ ինչ տարակարծությունների տեղիք կտա, փորձում ես հնարավորինս հստակ ու կոնկրետ ձևակերպել ասելիքդ տեսախցիկների առջև՝ խուսափելու համար հնարավոր լրագրողական մանևրերից։

Փորձում ես լրագրողի՝ նույնիսկ անհաճո կամ անձնականացված հարցերին պատասխանել հնարավորինս զուսպ, հնարավորինս հանգիստ ու որ ամենակարևորն է՝ ժպիտով, որովհետև որպես նախկին լրագրող (իսկ լրագրողի նախկինը չի լինում) գիտես, որ քո ցանկացած վրիպում, ցանկացած անհաջող արտահայտություն կարող է դառնալ լրատվականի գլխագիր: 

Ու այն թեման, հարցը, հիմնախնդիրը, ինչի շուրջ ընթացել էր հարցազրույցը, կմղվի հետին պլան, չի նկատվի կամ որ ավելի վատ է, կարող է ընդհանրապես տեղ չգտնել լրատվական նյութում՝ իր տեղը զիջելով լրագրողի «կարևորած» գլխագրի ակտիվ շրջանառմանը:

Հատկապես լրագրողական ազատ ու անկաշկանդ աշխատանքից հետո դժվար է տեղավորվել պետական պաշտոնյայի պատյանում, որտեղ կաղապարները չափազանց շատ են թե՛ ասելիքի, թե՛ պահվածքի ու անելիքի, թե՛ սոցհարթակների անձնական էջերում արտահայտման, թե՛ շատ հաճախ նաև անձնական/ընտանեկան կյանքի ազատության ու անձեռնմխելիության առումով:

Որպես պաշտոնյա հաճախ ստիպված ես զսպվածություն ցուցաբերել՝ քեզ ուղղված անձնական վիրավորանքին չտալով համարժեք պատասխան նույն բառամթերքով, ստիպված ես բարեհամբույր ժպիտով պատասխանել նույնիսկ ամենաանհեթեթ թվացող հարցին։

Ստիպված ես ամենայն մանրամասնությամբ ներկայացնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հետաքրքրում են լրագրողին, եթե նույնիսկ դա նրա անձնական կամ րոպեական/պահի տակ առաջացած հետաքրքրասիրության, այլ ոչ թե մասնագիտական պարտականությունների կատարման անհրաժեշտության դաշտից է:

Պետական կառավարման համակարգում պաշտոնավարման ողջ ժամանակաշրջանում ես երազեցի լրագրողական ազատության մասին ու հասկացա՝ պաշտոնը դա այն գինն է, որը կյանքի այս կամ այն փուլում պաշտոնն ստանձնողը ստիպված է լինում վճարել խոսքի, մտքի, ասելիքի ու անելիքի ազատության սահմանափակման դիմաց: 

Դա գինն է, որի կանոնները չպահելու դեպքում գիտակցում ես, որ կարող ես չափազանց թանկ վճարել:

Ու մի կողմից զարմանալի, մյուս կողմից օրինաչափ է, որ այդ գինը վճարողը ոչ միայն պաշտոնյան է, այլև նրա ընտանիքի բոլոր անդամները՝ մեծից փոքր: 

Մի անգամ ավարտական դասարանում սովորող դուստրս անկեղծացավ. «Երբ պաշտոնյա էիր, անընդհատ լարված էի, որ եթե մի բան այն չանեմ, երեսով կտան թե՝ փոխմարզպետի աղջիկ ես… Հիմա ավելի հանգիստ եմ ապրում»: 

Սա մի փոքր դրվագ է, որը, սակայն, լիովին արտացոլում է այն զսպաշապիկներն ու հասարակական անտեսանելի ճնշումները, որոնք տարածվում են հանրային պաշտոն զբաղեցնողների ու նրանց ընտանիքների վրա: Այդ մասին, սակայն, մեծ մասամբ ընդունված չէ խոսել:

Մեզնից յուրաքանչյուրը նախևառաջ մարդ է, ում նյարդերն ինչ-որ պահի կարող են նաև տեղի տալ: Բայց եթե դա կարող է ներվել կամ հասարակական հնչեղություն չստանալ լրագրողի դեպքում, բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում այն հաճախ դառնում է աններելի կամ նվազագույնը՝ հանրային պարսավանքի առարկա: 

Ու քանի դեռ հանրային ընկալումներն ու մոտեցումները նույնը չեն լրագրողի ու պաշտոնյայի դեպքում, կշարունակեն գործել անկանոն խաղի կանոնները, երբ պաշտոնյաները զգուշանում են լրագրողներից, իսկ լրագրողներից ոմանք համառորեն շարունակում են ոչ թե վերլուծել, հետաքննել ու փաստարկված շեշտադրել պաշտոնյայի/պետական կառավարման համակարգի աշխատանքի թերություները, այլ՝ րոպեական սայթաքումները: 

Իսկ գուցե արժե՞ նայել մեդալի դարձերեսից, երբ կգործեն խաղի նույն կանոնները և՛ պաշտոնյայի, և՛ լրագրողի համար:

Գայանե Սարգսյան (Մարկոսյան)
Լոռու նախկին փոխմարզպետ, լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *